041.0551.03.09.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 1999 թվականի N 551
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը (կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 7-ի N 335 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով. «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 160 - 4 - 1»: |
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:
2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:
Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:
3. Նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:
4. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:
5. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. Նախարարության հիմնական խնդիրները
6. Նախարարության խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության տնտեսության և սոցիալական համակարգի զարգացման հեռանկարային ծրագրերի ու կանխատեսումների մշակումը, գործադիր իշխանության մարմինների հետ համագործակցելով` տնտեսության առանձին ոլորտների զարգացման համապարփակ ծրագրերի կազմման համակարգումը.
բ) Հայաստանի Հանրապետության տնտեսության և առանձին ճյուղերի պետական կառավարման հայեցակարգի, կառուցվածքային վերափոխումների մշակումն ու նորմատիվների միջոցով կարգավորումը.
գ) Հայաստանի Հանրապետությունում գործարարության և ազատ ձեռներեցության զարգացման, ներքին ու արտաքին ներդրումների խրախուսմանն ուղղված օրենսդրական և այլ իրավական ակտերի, ինչպես նաև արտաքին առևտրի կանոնների նախագծերի կազմումը.
դ) իր իրավասությունների սահմաններում օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների, միջազգային ոչ կառավարական հաստատությունների հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական համագործակցության ծրագրերի մշակումը, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացման նպատակներով ստեղծված միջպետական և միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների համար հայեցակարգային մոտեցումների մշակումը:
III. Նախարարության գործառույթներն ըստ ոլորտների
7. Հայաստանի Հանրապետության տնտեսության և սոցիալական համակարգի զարգացման հեռանկարային ծրագրերի ու կանխատեսումների մշակման, գործադիր իշխանության մարմինների հետ համագործակցելով, տնտեսության առանձին ոլորտների զարգացման համապարփակ ծրագրերի կազմումը համակարգելու ոլորտում`
ա) Հայաստանի Հանրապետության ներդաշնակ զարգացման գերակայությունների մշակումը.
բ) մակրոտնտեսական հետազոտությունների իրականացումը, հիմնական տնտեսական ցուցանիշների հեռանկարային ծրագրավորումը և այս ոլորտում գործադիր իշխանության մարմինների աշխատանքների համակարգումը.
գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համագործակցության ապահովումը.
դ) գործադիր իշխանության մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության տնտեսության առանձին ճյուղերի, արտադրական և ոչ արտադրական ենթակառուցվածքների միջինաժամկետ ու հեռանկարային զարգացման ծրագրերի մշակումը և կանխատեսումներ կատարելը (ներառյալ կառուցվածքային վերափոխումները և ֆինանսական առողջացման ծրագրերը), ինչպես նաև դրանց հետագա կատարման մոնիտորինգի իրականացումը.
ե) Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի, աղետի գոտու, սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը մասնակցելը.
զ) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության հետ համատեղ տնտեսության արտադրական և ոչ արտադրական ոլորտներում պետական սեփականության մասնավորեցման հայեցակարգի և ճյուղային քաղաքականության մշակումը.
է) միջազգային ֆինանսական կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման ծրագրերի առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համագործակցությանը մասնակցելը:
8. Հայաստանի Հանրապետության տնտեսության և առանձին ճյուղերի պետական կառավարման հայեցակարգի, կառուցվածքային վերափոխումների մշակման ու նորմատիվների միջոցով կարգավորման ոլորտում`
ա) պետական կառավարման համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակման կազմակերպումը.
բ) տնտեսական գործընթացներում պետության դերի անմիջական մասնակցից կարգավորող կողմ վերափոխման ռազմավարության մշակումը.
գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում, տնտեսության արտադրական և ոչ արտադրական ոլորտներում տարբեր ժամկետայնության ծրագրերի կազմման մեթոդաբանության, նորմատիվների բազայի մշակումն ու Հայաստանի Հանրապետության տնտեսության, ճյուղային ու տարածքային ծրագրերի կազմման գործում գործադիր իշխանության մարմինների աշխատանքների համար հայեցակարգային մոտեցումների մշակումը.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տնտեսության արտադրական և ոչ արտադրական ոլորտներում պետական ընթացիկ կարգավորման գործառույթների իրականացումը,
ե) Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրական և ոչ արտադրական ոլորտներում պետական տնտեսական քաղաքականության, երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի, այդ ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացման, կառավարման համակարգի բարելավման և ֆինանսական առողջացման ծրագրերի մշակմանը մասնակցելը.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում առանձին արտադրանքների և ծառայությունների սակագնային քաղաքականության, սակագների պետական կարգավորման սկզբունքների մշակումը.
է) իր իրավասությունների սահմաններում օտարերկրյա ֆինանսավորմամբ պետական ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատանքների համակարգումը.
ը) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ Հայաստանի Հանրապետության անունից Առևտրի համաշխարհային կազմակերպությունում, ինչպես նաև այլ կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը:
9. Հայաստանի Հանրապետությունում գործարարության և ազատ ձեռներեցության զարգացման, ներքին ու արտաքին ներդրումների խրախուսմանն ուղղված օրենսդրական և այլ իրավական ակտերի, ինչպես նաև արտաքին առևտրի կանոնների նախագծերի կազմման ոլորտում`
ա) Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության զարգացման միտումների հայեցակարգի մշակումը.
բ) արտաքին առևտրի ոլորտում տարիֆային և ոչ տարիֆային քաղաքականության մշակումը.
գ) փոքր և միջին ձեռնարկատիրությունը խթանող և օժանդակող հայեցակարգի մշակումը և դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
դ) առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերի, նրանց և սպառողների շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ համագործակցելը.
ե) օտարերկրյա ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի մշակումն ու դրանց սահմանված կարգով ներկայացնելը.
զ) արտահանման և ներմուծման հետ կապված քաղաքականության մշակումն ու դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
է) ներդրումներն ու արտահանումը խթանող և կարգավորող միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախապատրաստման ու այդ պայմանագրերից (համաձայնագրերից) բխող պարտավորությունների կատարմանն առնչվող գործընթացներին, ինչպես նաև իր իրավասությունների սահմաններում միջազգային հանձնաժողովների, միությունների, խմբերի և այլ միավորումների, այդ թվում` օտարերկրյա պետություններում ներկայացուցչությունների աշխատանքներին մասնակցելը.
ը) ներդրումների խթանման համար անհրաժեշտ մեթոդիկայի մշակումը և այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
թ) Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրումների ներգրավման քաղաքականության և ներդրումային ծրագրերի մշակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ծրագրեր և առաջարկություններ ներկայացնելն ու դրանց իրագործմանը մասնակցելը.
ժ) շահագրգիռ պետական մարմինների ու այլ կազմակերպությունների հետ զարգացման և ներդրումների աջակցման ծրագրերի մշակումն ու դրանց իրագործմանը մասնակցելը.
ժա) Հայաստանի Հանրապետության առանձին առևտրային կազմակերպությունների վերակառուցման, ֆինանսական առողջացման ծրագրերի, անհրաժեշտ ներդրումների ներգրավման նպատակով օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը.
ժբ) 51 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների (ընկերությունների խմբերի) ֆինանսական առողջացումը նախատեսող ծրագրերի մշակմանն աջակցելը.
ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, գործադիր իշխանության մարմինների ու Հայաստանի Հանրապետության առևտրային կազմակերպությունների մասնակցությամբ, Հայաստանի Հանրապետության տնտեսության համար նշանակալի դեր ունեցող անվճարունակ ընկերությունների ֆինանսական առողջացմանն ուղղված ծրագրերի մշակումը և այդ ծրագրերի իրականացմանը մասնակցելը.
ժդ) անվճարունակության (սնանկացման) հարցերով միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը մասնակցելը.
ժե) հակամենաշնորհային քաղաքականության մշակման աշխատանքների համակարգումը:
10. Իր իրավասությունների սահմաններում օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, միջազգային ոչ կառավարական հաստատությունների հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական համագործակցության ծրագրերի մշակման, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացման նպատակներով ստեղծված միջպետական և միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների համար հայեցակարգային մոտեցումների մշակման ոլորտում`
ա) միջազգային (այդ թվում` երկկողմ և բազմակողմ միջպետական) տնտեսական համագործակցության պետական միասնական քաղաքականության, այդ ոլորտում գերակայությունների և պետական ծրագրերի մշակումը.
բ) միջազգային (միջպետական) երկկողմ և բազմակողմ տնտեսական հանձնաժողովների աշխատանքների համար հայեցակարգային մոտեցումների մշակումը.
գ) միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը կամ վերջինիս երաշխավորությամբ տրամադրվող նպատակային փոխառությունների, վարկերի, նվիրատվությունների պայմանների և ծրագրային նպատակների ուսումնասիրությունը, վերլուծությունն ու համապատասխան լիազորությունների առկայության դեպքում բանակցությունների վարումը.
դ) միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների ու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանն առաջարկվող օգնության կամ տնտեսական համագործակցության ծրագրերի, երկկողմ և բազմակողմ պայմանագրերի նախագծերի մշակման ու դրանց իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության համար հայեցակարգային մոտեցումների մշակումը, բանակցությունների կազմակերպումը և համապատասխան լիազորությունների առկայության դեպքում դրանց վարումը.
ե) Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական բնույթի միջազգային երկկողմ և բազմակողմ պայմանագրերից բխող` պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիտորինգը, դրանց վերաբերյալ վերլուծությունն ու առաջարկություններ ներկայացնելը.
զ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ստեղծման ռազմավարության և կոնկրետ խնդիրների վերաբերյալ ծրագրեր ու առաջարկություններ ներկայացնելը, այդ ներկայացուցչությունների աշխատանքների կազմակերպմանը մասնակցելը:
IV. Նախարարության աշխատանքների կազմակերպումը
11. Նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը և կոլեգիայի կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
12. Նախարարությունը սույն կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող ծրագրերի քննարկումներին փորձագետների, այլ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մշտական մասնակցությունն ապահովելու նպատակով կարող են նախարարությանն առընթեր ստեղծվել հանձնաժողովներ, որոնց կազմը, աշխատակարգը, իրավասությունների շրջանակը, իրականացման ենթակա ծրագրերի և հետազոտությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
14. Նախարարությունն ընդհանրացնում է բնագավառի օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
15. Նախարարությունը մյուս նախարարությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար: Իր իրավասությունների սահմաններում համակարգում է տնտեսական ծրագրերի մշակման և արտաքին առևտրատնտեսական կապերի ոլորտում գործադիր իշխանության մարմինների աշխատանքները:
16. Նախարարությունը սահմանված կարգով մասնակցում է իր իրավասությունների մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը:
17. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
18. Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
19. Նախարարի բացակայության (ժամանակավոր անաշխատունակություն, գործուղում, արձակուրդ, պաշտոնը թափուր լինել) կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհրաժեշտության այլ դեպքերում նրան փոխարինում է առաջին տեղակալը կամ տեղակալներից մեկը:
20. Նախարարը`
.ա) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է նախարարության` սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) նախարարության իրավասությունների սահմաններում ընդգրկված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, գործադիր իշխանության տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից.
գ) սահմանում է իր տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները, հաստատում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա բյուջետային հիմնարկների, ինչպես նաև համակարգի 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.
դ) ներկայացնում է նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
զ) մասնակցում է միջազգային միջպետական հանձնաժողովների աշխատանքներին.
է) նախարարության, իսկ հատուկ լիազորությունների առկայության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր.
ը) տալիս է լիազորագրեր, կնքում քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ու աշխատողներին, ենթակա բյուջետային հիմնարկների ղեկավարներին.
թ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, կոլեգիայի կազմն ու կենտրոնական ապարատի աշխատողների թիվը.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, հրահանգներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների համար.
ժա) հաստատում է նախարարության կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման, անցկացման և որոշումների ընդունման կարգը.
ժբ) իրականացնում է իրավաբանական անձանց մասնակցի (բաժնետիրոջ) իրավասությունները` Հայաստանի Հանրապետությանը պատկանող և նախարարության կառավարմանը վերապահված փայամասնակցության (բաժնետոմսերի) մասով, կամ նախարարության պաշտոնատար անձանց լիազորում է իրականացնել այդ իրավասությունները.
ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
21. Նախարարությունը կառավարման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:
22. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որպես նախարարին առընթեր խորհրդակցական մարմին: Կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալները, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համակարգի հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ: Կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել քննարկվող հարցերին առնչվող այլ անձինք:
23. Կոլեգիայի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որոնցում քննարկվում են նախարարության հիմնական խնդիրները և գործունեությանը վերաբերող հարցեր, նախարարության գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, լսվում են նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, դրանց գործունեության վերստուգման արդյունքները և այլ հարցեր:
24. Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով:
25. Նախարարի և կոլեգիայի անդամների միջև կոլեգիայի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
26. Նախարարությունում նախարարին առընթեր ստեղծվում են հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական, գիտավերլուծական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհուրդ, այլ խորհուրդներ: Իրավաբանական անձանց լիցենզավորման հետ կապված հարցերի քննարկման համար նախարարությունում կարող են ստեղծվել լիցենզավորման մշտական հանձնաժողովներ:
27. Նախարարությունը կազմակերպում է կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման, նրանց վերապատրաստման աշխատանքները, անցկացնում կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորում, համակարգում է ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման և տեղաբաշխման աշխատանքները:
28. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը, միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած խախտումների և թերությունների վերացման համար:
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի
Նախարարի աշխատակազմ
Պետական տնտեսական քաղաքականության և երկարաժամկետ ծրագրավորման գլխավոր վարչություն
Տնտեսության ճյուղերի զարգացման ծրագրերի համակարգման վարչություն
Արտաքին առևտրի և տնտեսական գործարար կապերի գլխավոր վարչություն
Ներդրումային քաղաքականության վարչություն
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության վարչություն
Սպառողների շահերի պաշտպանության քաղաքականության վարչություն
Հակամենաշնորհային քաղաքականության և սնանկացման մեթոդաբանության գլխավոր վարչություն
Տնտեսության ընթացիկ կարգավորման գլխավոր վարչություն
Գործերի կառավարչություն (գլխավոր վարչություն)
Իրավաբանական վարչություն