Գլխավոր տեղեկություն
Номер
N 131
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.1996-24.02.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.03.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.03.1996
Дата вступления в силу
12.03.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 1996 թվականի N 131

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը` 15 մարդ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 471 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է 
ՀՀ վարչապետի 1996 թ.
մարտի 12-ի N 131 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Նախարարությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության, շուկայական հանրապետությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման և ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդրման գործունեության ապահովման համար:

Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

2. Նախարարության խնդիրներ ու գործառույթներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տնտեսության, բնակչության տրանսպորտային և հաղորդակցության կարիքների բավարարման նպատակով ավտոմոբիլային, երկաթուղային օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտի, մետրոպոլիտենի ու հաղորդակցության ուղիների փոխկապակցված զարգացման ապահովումը.

բ) իր իրավասության սահմաններում տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

գ) պետական պատվերների կատարման ապահովումը.

դ) աշխատանքի և կառավարման արդյունավետ համակարգերի արմատավորումը, կառավարման կառուցվածքի ու կազմակերպման ձևերի կատարելագործումը.

ե) աշխատանքի սոցիալական պաշտպանավածության, աշխատանքի անվտանգ պայմանների ապահովում.

զ) տրանսպորտի և հաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաների տրամադրումը, փոխադրումներում սեփականության տարբեր ձևերի կոորդինացման և զարգացման ապահովումը.

է) տրանսպորտի և հաղորդակցության բնագավառում սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության առաջադրած պահանջներին համապատասխան նպատակային և երկարաժամկետ ծրագրերի կազմումն ու դրանց իրականացման ապահովումը.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության համակարգի ձեռնարկությունների արտաքին տնտեսական գործունեության կոորդինացումը.

թ) տրանսպորտի երթևեկության կազմակերպման բարելավումը, երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը և կենսոլորտի վրա տրանսպորտի վնասակար ազդեցության նվազեցումը.

ժ) բեռների փոխադրումների և օբյեկտների ռազմականացված պահպանության կազմակերպման ապահովումը.

ի) պետական գույքի սեփականաշնորհման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

լ) հանրապետական զարգացման ծրագրերից, հանրապետական բյուջեից, պետական նպատակային հատուկ ֆոնդերից կամ այլ աղբյուրներից նախարարության համակարգի ձեռնարկություններին սահմանված կարգով հատկացված միջոցների նպատակային ու արդյունավետ ծախսման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

խ) միջազգային տրանսպորտային կազմակերպություններին նախարարության համակարգի ձեռնարկությունների անդամակցմանն աջակցումը.

ծ) ուղևորների և բեռների փոխադրումների զարգացման նպատակով համատեղ ձեռնարկությունների, ընկերությունների և միավորումների ստեղծմանն աջակցումը.

կ) տրանսպորտի տարբեր տեսակների օգտագործման միջոցով բեռների «դռնից դուռ» փոխադրումների կազմակերպմանը նպաստումը.

հ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա ձեռնարկությունների անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

 

III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

3. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ավտոմոբիլային, երկաթուղային և վերգետնյա էլեկտրական տրանսպորտի, մետրոպոլիտենի և հաղորդակցության ճանապարհների շինարարության ու շահագործման ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետև` վարչություն) և նրան ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ամբողջությունը:

4. Նախարարությունը տրանսպորտային և հաղորդակցությանը վերաբերող հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա վարչությանը, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

Նախարարությունը մյուս նախարարությունների հետ իրականացնում է գործարար կապեր և համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:

5. Նախարարությունը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է իր գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

6. Նախարարությունը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ենթակա վարչության, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ) մյուս նախարարությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող տրանսպորտի և հաղորդակցության հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) կասեցնում, վերացնում է համակարգի վարչության, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու հրահանգները:

7. Նախարարությունը տրանսպորտի և հաղորդակցության կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծարումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

8. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

 Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

9. Նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` նախարարությանը ենթակա վարչության, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.

գ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

դ) Հայաստանի հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

ե) հավանություն է տալիս նախարարությանը ենթակա վարչության կանոնադրության նախագծին.

զ) հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների նախարարությանը ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.

է) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թիվը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի կազմը.

ը) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

թ) անհրաժեշտության դեպքում վարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության խորհրդի հերթական նիստերը և հրավիրում արտահերթ նիստեր.

ժ) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ:

10. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը:

11. Նախարարությունում ստեղծում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ:

12. Նախարարության կոլեգիան իր նիստերում քննության է առնում ոլորտի գործունեության և զարգացման հիմնական հարցերը, քննարկում է համակարգի վարչության, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների վերաբերյալ ընդունում է որոշումներ, լսում նախարարության վարչությունների և բաժինների, նախարարությանը ենթակա վարչության, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից (այդ թվում` օտարերկրյա), գիտական փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:

14. Նախարարությունը մասնակցում է տրանսպորտի և հաղորդակցության ոլորտի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, տեղաբաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

15. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները:

16. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:

17. Նախարարությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին` բաժանմունքների, մասնաճյուղերի ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:

18. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

19. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է ենթակա վարչության, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև թույլտվություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:

20. Նախարարությունն իրականացնում է ենթակա վարչության, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողությանը, ներառյալ նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության, հիմնադիր փաստաթղթերի վերահսկումը:

21. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծումը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

22. Նախարարության ապարատի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

 

Հաստատված է 
ՀՀ վարչապետի 1996 թ.
մարտի 12-ի N 131 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_13775