«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2000 թվականի N 205
քաղ. Երևան
ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՆԴՎԱԾ ԿԱՄ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրի մասին» N 701 որոշմամբ հավանության արժանացած աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 5-ի «Վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցման հայեցակարգի մասին» N 130 որոշմամբ հավանության արժանացած վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցման հայեցակարգի դրույթներին համապատասխան` երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակարանային ֆոնդի բնակիչներին բնակարաններով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակարանային ֆոնդի բնակիչներին բնակարաններ ձեռք բերելու համար բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու հայեցակարգին (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ քննարկել երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակարանային ֆոնդի բնակիչներին բնակարաններ ձեռք բերելու համար բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու հայեցակարգի հիման վրա փորձնական ծրագրի իրականացման հարցը, որի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ բնակարանների գնման վկայագրերի ներդրման մեխանիզմների վերաբերյալ.
բ) աղետի գոտու վերականգնմանը մասնակցող օտարերկրյա պետությունների, դրանց միությունների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ վարելու ժամանակ առաջարկել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին ապահովել բնակարաններով (բացի նոր բնակարանային շինարարությունից)` բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով` համաձայն սույն որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգի դրույթների:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացվելիք միջոցների օգտագործման ուղղությունների ճշտման հարցը քննարկելիս անդրադառնալ նաև փորձնական ծրագրի իրականացման համաֆինանսավորման խնդիրներին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
երկրաշարժի հետեվանքով քանդված կամ քանդման ենթակա բնակարանային ֆոնդի բնակիչներին բնակարաններ ձեռք բերելու համար բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու
Սույն հայեցակարգը նպատակաուղղված է երկրաշարժի հետևանքով քանդված կան քանդման ենթակա բնակարանային ֆոնդի բնակիչներին բնակարաններով ապահովելու խնդրի լուծման արագացմանը, նրանց կողմից բնակարանային շուկայից բնակարանների ձեռքբերմանը` ֆինանսական աջակցության համակարգի ստեղծման միջոցով:
Ներածություն
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրի մասին» N 701 որոշմամբ հավանության արժանացած աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրով սահմանվել են պետության ստանձնած` քանդված կամ քանդման ենթակա բնակարանային ֆոնդի ընտանիքներին բնակարաններով ապահովելու պարտավորությունները` ըստ իրականացման ուղիների:
Վերականգնողական աշխատանքների ընթացքի վերլուծության արդյունքները և բնակարանային ոլորտում իրականացվող բարեփոխումները կանխորոշում են աղետի գոտու վերականգնման համար հատկացվող ֆինանսական միջոցների վերաուղղումը շինարարության ուղղակի ֆինանսավորումից քաղաքացիներին ֆինանսական աջակցության տրամադրմանը` բնակարանային շուկայից պատրաստի բնակարաններ ձեռք բերելու համար:
Առաջարկվող մոտեցումը պայմանավորված է ներկայումս հանրապետությունում ձևավորված բնակարանային շուկայում գոյություն ունեցող զգալի քանակությամբ առաջարկի առկայությամբ (ձեռքբերման մեկ պահանջարկին բաժին է ընկնում վաճառքի մոտավորապես 8-9 առաջարկ), որի արժեքը մոտավորապես 1,5-1,7 անգամ պակաս է նոր կառուցվող բնակարանի շինարարության արժեքից:
Տարբեր երկրներում բնակարանի գնման համար տրվող անհատույց ֆինանսական աջակցության հատկացման փորձը ցույց է տվել իր առավել բարձր արդյունավետությունը, որը շինարարության ուղղակի ֆինանսավորման ձևի համեմատությամբ ունի հետևյալ առավելությունները`
ա) վկայագրի միջոցով ստացվող ֆինանսական աջակցության մեխանիզմը թափանցիկ և հեշտորեն վերահսկվող է.
բ) բնակարանային շուկայում առկա` ձեռք բերվող բնակարանները միջին հաշվով 1,5-1,7 անգամ ավելի էժան են, քան նոր բնակարանի շինարարությունը:
Բացի դրանից, քաղաքացիներին բնակարաններով ապահովելու այս եղանակը թույլ է տալիս`
ա) էապես արագացնել բնակարանային հիմնախնդրի լուծումը.
բ) քաղաքացիներին հնարավորություն ընձեռել ընտրելու ձեռք բերվող բնակարանների վայրը և որակը.
գ) խուսափել անավարտ շինարարությունում ֆինանսական միջոցների սառեցումից.
դ) խթանել դոնորների կողմից նոր ֆինանսական միջոցների ներդրումը աղետի գոտու վերականգնման գործընթացում.
ե) խթանել հանրապետությունում անշարժ գույքի շուկայի գործունեությունը:
Հայեցակարգի դրույթները
Սույն հայեցակարգը նախատեսում է ֆինանսական միջոցների օգտագործումը` բնակարանների ձեռքբերման համար քաղաքացիներին անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով հետևյալ դրույթների կիրառմամբ`
քաղաքացիների կամավոր մասնակցությունը,
քաղաքացիների կողմից բնակության վայրի ազատ ընտրությունը,
ֆինանսական աջակցության միջոցների նպատակային օգտագործումը բնակության համար պատրաստի բնակարանների ձեռքբերման ուղղությամբ,
դրամական միջոցների շրջանառության թափանցիկությունը, հաշվետվության հստակ և պարզ համակարգի ներդրումը,
բնակարաններ ձեռք բերելու համար քաղաքացիների սեփական միջոցների օգտագործման հնարավորությունը` ի հավելումն տրվող ֆինանսական աջակցության չափին, քաղաքացիների զբաղեցրած ժամանակավոր կացարանների ազատումը (հանձնումը):
Անհատույց ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքը տրվում է աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված` սահմանված կարգով հերթագրված` քանդված կամ քանդման ենթակա բնակարանային ֆոնդի քաղաքացիներին:
Քաղաքացիներին անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրվում է բնակարանների գնման վկայագրերի տեսքով:
Բնակարանների գնման վկայագիրը (ԲԳՎ)` անվանական փաստաթուղթ է, որը հաստատում է քաղաքացու կողմից միայն պատրաստի բնակարաններ ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքը և որը ենթակա չէ օտարման, գրավադրման, բռնագանձման ու հերթագրված այլ անձի փոխանցման:
Քաղաքացիներին տրամադրվող անհատույց ֆինանսական աջակցության չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ սահմանված նորմերով` ելնելով քաղաքացուն հասանելիք բնակարանի` տվյալ բնակավայրում ձևավորված միջին շուկայական արժեքից:
Անհատույց ֆինանսական աջակցության գումարի չափը նշվում է ԲԳՎ-ում:
ԲԳՎ-ն իրավունք է տալիս քաղաքացիներին մրցութային եղանակով ընտրված բանկերից մեկում բացելու անվանական փակ նպատակային հաշիվ, որին փոխանցվում են անհատույց ֆինանսական աջակցության դրամական միջոցները:
ԲԳՎ-ում նշված ֆինանսական աջակցության չափից բարձր արժեք ունեցող բնակարան ձեռք բերելու դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է բնակարան ձեռք բերող քաղաքացիների սեփական միջոցների հաշվին, իսկ ցածր արժեք ունեցող բնակարան ձեռք բերելու դեպքում տարբերությունը մնում է բնակարան ձեռք բերող քաղաքացիների տրամադրության տակ: Ընդ որում, ցածր արժեքով ձեռք բերվող բնակարանների չափը պետք է լինի Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշմամբ սահմանված նորմերից ոչ պակաս:
ԲԳՎ-ները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում` իրենց գործողության սահմանված ժամկետում:
Բնակարան ձեռք բերելուց հետո ԲԳՎ-ն մարվում է, իսկ քաղաքացին հանվում բնակարան ստանալու հերթացուցակից: Եթե բնակարանների գնման վկայագիր ստացողը սահմանված ժամկետում չի կարողացել լուծել իր բնակարանային խնդիրը և չի օգտվել իրեն հատկացված անհատույց ֆինանսական աջակցության միջոցներից, ապա պահպանում է իր նախկին հերթագրման իրավունքը: