Գլխավոր տեղեկություն
Номер
N 99
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.1994-02.02.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.03.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
02.03.1994
Дата вступления в силу
02.03.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 1994 թվականի N 99

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 27-ի «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` մինչև 1994 թվականի ապրիլի 1-ը վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքում ստեղծել պետական ռեգիստրի վարչություն, իսկ շրջաններում, Գյումրի, Վանաձոր և Դիլիջան քաղաքներում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջաններում` ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումներ:

2. Հաստատել`

ա) ձեռնարկությունների պետական ռեգիստրի կանոնադրությունը (կցվում է).

բ) ձեռնարկության, առանձնացված ստորաբաժանման պետական գրանցման վկայականի ձևը (կցվում է).

գ) անհատ ձեռներեցի պետական գրանցման վկայականի ձևը (կցվում է).

դ) ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկություններից օգտվելու կարգը (կցվում է):

3. Պատգամավորների շրջանային, քաղաքային և քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումներին իրենց գործունեությունն իրականացնելու համար հատկացնել ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցման աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումների գույքն ու տարածքը.

բ) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ համատեղ կազմել հանձնաժողովներ և չորսամսյա ժամկետում, ըստ սահմանված կարգի, ավարտել ձեռնարկությունների պետական գրանցման վերաբերյալ գործերի հանձնման-ընդունման աշխատանքները.

գ) աջակցել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը, ըստ ներկայացրած հայտերի, ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումները ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցմամբ զբաղված աշխատողներով համալրելու գործում:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին` չորսամսյա ժամկետում ավարտել ձեռնարկությունների պետական ռեգիստրին ձեռնարկությունների պետական գրանցման վերաբերյալ գործերի հանձնումը:

5. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` 1995 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայց ներկայացնել դատարան կամ արբիտրաժ` կալանք դնելու այն ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների հաշիվների վրա, որոնց գործերը մինչև 1994 թվականի դեկտեմբերի 31-ը չեն հանձնվի ձեռնարկությունների պետական ռեգիստրին:

6. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակն ավելացնել 20 միավորով, այդ թվում` մինչև 1994 թվականի հուլիսի 1-ը 10 միավորով, որից 1 միավորը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետի տեղակալ, պետական ռեգիստրի վարչության պետ, իսկ ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումների թվաքանակը սահմանել 180 միավոր:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգի և պայմանների մասին.

բ) 1994 թվականին նախատեսել համապատասխան բյուջետային հատկացումներ Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` ձեռնարկությունների պետական ռեգիստրի պահպանման համար:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ձեռնարկությունների պետական ռեգիստրի կարիքների համար, ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության ներկայացրած հայտերի, 1994 թվականին հատկացնել տեխնիկական միջոցների, գույքի և նյութերի ֆոնդեր:

9. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը`

ա) Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչության և կապի նախարարության հետ համատեղ, սահմանված կարգով, կազմակերպել ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցման փաստաթղթերի ձևերի և ամենամսյա տեղեկագրի տպագրման համար թղթի հատկացման, տպագրման և առաքման աշխատանքները.

բ) լուծել պետական ռեգիստրի վարչությանն անհրաժեշտ տարածք հատկացնելու հարցը:

10. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով պարբերաբար լուսաբանել օրենքի և սույն որոշումից բխող հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
մարտի 2-ի N 99 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրը (այսուհետև` պետական ռեգիստր) հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և չունեցող ձեռնարկությունների, դրանց հիմնադիր փաստաթղթերում և անհատ ձեռներեցի պետական գրանցման ենթակա տեղեկությունների փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաև գործունեության դադարման պետական գրանցումն իրականացնող լիազորված պետական մարմին է:

2. Պետական ռեգիստրը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի սեպտեմբերի 27-ի «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման:

3. Պետական ռեգիստրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին», «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքներով, այլ օրենսդրական ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Պետական ռեգիստրի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և հիմնադրվող բոլոր ձեռնարկությունների, դրանց բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների օրենքով սահմանված կարգով պետական գրանցման իրականացումը.

բ) պետական ռեգիստրի տեղեկատվության ավտոմատացումը և համակարգիչների կենտրոնացված ցանցի ստեղծումը.

գ) պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումների աշխատանքների ղեկավարումը, աշխատողների մասնագիտական ուսուցման, որակավորման բարձրացման ապահովումը, նրանց մեթոդական օգնության կազմակերպումը.

դ) պետական ռեգիստրի տեղեկությունների հավաքման և վարման աշխատանքների մեթոդիկայի մշակումը և կատարելագործումը.

ե) պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումներից ձեռնարկությունների մասին ստացվող տեղեկությունների դասակարգումը, կարգավորումը և ամփոփումն ըստ ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակների, սեփականության ձևերի և գործունեության բնույթի.

զ) համապատասխան պետական մարմիններին պետական գրանցման քարտում գրառվող տեղեկությունների ներկայացումը.

է) պետական գրանցման համարանիշների մշակումը և շնորհումը.

ը) պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների քարտարանի ստեղծումը և վարումը.

թ) ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկագրի հրապարակումը:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Պետական ռեգիստրի գործունեությունը կազմակերպվում և կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև համապատասխան հրահանգներով ու մեթոդական ցուցումներով:

6. Պետական ռեգիստրի կառուցվածքի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետական ռեգիստրի վարչությունը (այսուհետև` Հայպետռեգիստր) և նրա տեղական (շրջանային, քաղաքային) ստորաբաժանումները, որոնք անմիջապես ենթարկվում են Հայպետռեգիստրին:

7. Պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումներն ինքնուրույն միավորներ են, որոնք չունեն իրավաբանական անձի կարգավիճակ, ունեն իրենց անվամբ կնիք, դրոշմակնիք և ընթացիկ հաշիվ բանկում:

8. Պետական ռեգիստրի ստորաբաժանումներն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում` համագործակցելով պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, հարկային պետական տեսչության և իրավապահ մարմինների հետ:

9. Հայպետռեգիստրը ղեկավարում է պետը, որը նշանակվում է պաշտոնի և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետի ներկայացմամբ:

10. Հայպետռեգիստրի պետն ի պաշտոնե համարվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետի տեղակալ:

11. Հայպետռեգիստրի պետի տեղակալներին նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետը` Հայպետռեգիստրի պետի ներկայացմամբ:

12. Հայպետռեգիստրի պետը`

ա) պատասխանատվություն է կրում Հայպետռեգիստրի վրա դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է Հայպետռեգիստրի պետի տեղակալների, Հայպետռեգիստրի բաժինների և նրա տեղական ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը պետական ռեգիստրի գործունեության համար.

գ) կատարում է պարտականությունների բաշխում Հայպետռեգիստրի պետի տեղակալների միջև.

դ) կազմում և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետի հաստատմանն է ներկայացնում պետական ռեգիստրի կառուցվածքն ու հաստիքային ցուցակը.

ե) նշանակում է պաշտոնի և պաշտոնից ազատում Հայպետռեգիստրի տեղական ստորաբաժանումների աշխատողներին.

զ) ստորագրում և կնքում է ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների գրանցման վկայականները.

է) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 13. Պետական ռեգիստրն իրավունք ունի`

ա) իրականացնել վերահսկողություն ռեգիստրի ստորաբաժանումների գործունեության նկատմամբ.

բ) հարց հարուցել համապատասխան պետական մարմինների առջև տեղեկությունների չներկայացման կամ դրանց խեղաթյուրված ներկայացման դեպքում ձեռնարկությունների պաշտոնատար անձանց և անհատ ձեռներեցներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին.

գ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության և պետական այլ մարմիններից տեղեկություններ ստանալ պետական ռեգիստրում գրանցված սուբյեկտների մասին.

դ) սահմանված կարգով պետական ռեգիստրում պահվող տեղեկությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց, հիմնարկներին, կազմակերպություններին.

ե) անհրաժեշտության դեպքում ձեռնարկությունների հիմնադիր փաստաթղթերում նշված տեղեկությունների հավաստիությունը պարզելու նպատակով ձեռնարկություններում (դրանց առանձնացված ստորաբաժանումներում) կատարել ստուգումներ.

զ) օգտվել օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

14. Պետական ռեգիստրը պարտավոր է`

ա) պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ընդունելուն պես գրանցամատյանում կատարել գրառում.

բ) ստուգել պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Անհամապատասխանության դեպքում գրանցամատյանում գրառում կատարելու օրվանից ձեռնարկություններին (դրանց առանձնացված ստորաբաժանումներին) հնգօրյա, իսկ անհատ ձեռներեցներին եռօրյա ժամկետում փաստաթղթերը վերադարձնել` թերությունների վերացման մասին պարտադիր նշումով.

գ) գրանցվող սուբյեկտից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց և գրանցամատյանում գրառում կատարելուց հետո ձեռնարկություններին (դրանց առանձնացված ստորաբաժանումներին) 30-օրյա, իսկ անհատ ձեռներեցներին` 15-օրյա ժամկետում գրանցել և 2-օրյա ժամկետում տալ գրանցման վկայական.

դ) գրանցամատյանում գրառում կատարելու օրվանից ձեռնարկության (առանձնացված ստորաբաժանման) հիմնադրին (հիմնադիրներին) 45-օրյա, իսկ անհատ ձեռներեց գրանցվողներին` 25-օրյա ժամկետում պաշտոնապես մերժում չտալու դեպքում 1-օրյա ժամկետում տալ պետական գրանցման վկայական.

ե) ձեռնարկության (առանձնացված ստորաբաժանման) և անհատ ձեռներեցի սկզբնական կամ ընթացիկ պետական գրանցումները ժամանակին չկատարելու կամ անօրինական մերժելու դեպքում, եթե դա ապացուցվել է դատարանում, փոխհատուցել նրանց պատճառված վնասը, այդ թվում` բացթողնված օգուտները.

զ) ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկագրում պարբերաբար հրապարակել օրենսդրությամբ սահմանված տեղեկությունները:

 

V. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

 15. Պետական ռեգիստրի ստեղծման, վարման ու պահպանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններին սպասարկելու հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
մարտի 2-ի N 99 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

 

1. Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկություններից կարող են օգտվել պետական իշխանության մարմինների, ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները, ինչպես նաև այլ ձեռնարկություններ, կազմակերպություններ և քաղաքացիներ:

2. Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկություններից անվճար օգտվում են`

ՀՀ նախագահի աշխատակազմը.

ՀՀ Գերագույն խորհուրդը, նրա նախագահությունը և ապարատը, ՀՀ Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովները.

ՀՀ կառավարությունը.

ՀՀ Գերագույն դատարանը.

ՀՀ դատախազությունը.

ՀՀ պետական արբիտրաժը.

ՀՀ կենտրոնական բանկը.

ՀՀ նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները.

Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմները.

ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը:

3. Շահագրգիռ ցանկացած անձ կարող է ծանոթանալ ձեռնարկությունների պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների հետ, ինչպես նաև դրանք ստանալ անմիջականորեն կամ փոստով, որի դիմաց մուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափի վճար:

4. Ձեռնարկությունների պետական ռեգիստրում պահվող տեղեկությունները ստանալու համար գրավոր հայտ է ներկայացվում պետական ռեգիստրի վարչություն կամ նրա տեղական ստորաբաժանում` պարտադիր նշելով պահանջվող տեղեկությունների ցանկը և դրանց օգտագործման նպատակը:

5. Նախքան պատվիրած տեղեկությունների պատրաստումը (ընտրում, խմբագրում, տպագրում) դիմողը պարտավոր է սահմանված վճարը մուծել տեղական բյուջե համապատասխան բանկային բաժանմունքում (բյուջեների դասակարգման «Գանձույթներ և զանազան ոչ հարկային եկամուտներ» թիվ 12 հատված, պարագրաֆ թիվ 25) և ներկայացնել անդորրագիր կամ բանկի կողմից վավերացված վճարման հանձնարարագրի պատճենը:

6. Ձեռնարկությունների պետական ռեգիստրը պարտավոր է պատվիրված տեղեկությունները պատրաստել 15-օրյա ժամկետում` սկսած սահմանված վճարի մուծման անդորրագրի ներկայացման օրվանից:

7. Պատվիրված տեղեկությունները ստանալիս պատվիրատու անձը հայտի վրա նշում է կատարում դրանք ստանալու մասին:

8. Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկությունները պատվիրատու անձի խնդրանքով, կարող են ուղարկվել փոստով, որի ծախսերը փոխհատուցվում են պատվիրատուի կողմից:

9. Ձեռնարկությունների պետական ռեգիստրի աշխատողները, ինչպես նաև աշխատանքի բերումով ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկությունների հետ առնչվող պետական մարմինների աշխատողներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում պետական գրանցմամբ վավերացված տեղեկությունների չարտոնված օգտագործման, հակաօրինական մշակման, տարածման, դրանց փոփոխման կամ ոչնչացման համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.06.2000, N 315 02.07.2000, N 99
02.02.1999, N 53 02.02.1999, N 99
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան