ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1949 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
26 դեկտեմբերի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված` Եվրոպայի խորհրդի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Օսկանյանի բացատրությունը, հետազոտելով Կանոնադրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա Կանոնադրությունը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի հիմնադիր փաստաթուղթը, որն ստորագրվել է 1949 թ. մայիսի 5-ին Լոնդոնում` եվրոպական տասը պետությունների կողմից: Ներկայումս այդ կազմակերպությանն անդամակցում է թվով 41 երկիր:
2. Եվրոպայի խորհուրդը`
ա) տարածաշրջանային կազմակերպություն է, որի նպատակները և գործունեության սկզբունքները լիովին բխում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 1 և 52 հոդվածների պահանջներից.
բ) նպատակ ունի իր անդամների ջանքերն առավել միավորել` բոլորի կողմից ընդհանուր արժեք համարվող գաղափարների և սկզբունքների պաշտպանության ու զարգացման, ինչպես նաև նրանց սոցիալական ու տնտեսական զարգացման առաջընթացն ապահովելու համար:
Նշված նպատակների իրականացման համար Կանոնադրությունը նախատեսում է որոշակի իրավական և կազմակերպական մեխանիզմ, որի գործադրումն իրականացվում է հիմնադիր փաստաթղթով նախատեսված մարմինների օգնությամբ.
գ) կոչված է լրացնելու, և ոչ թե փոխարինելու կամ հակադրվելու, այլ միջազգային միջպետական կազմակերպությունների, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության, շրջանակներում իրականացվող համագործակցությունը.
դ) անդամ պետությունների միջև ռազմական համագործակցություն իրականացնելու որևէ առաքելությամբ օժտված չէ, և այդ հանգամանքն ամրագրված է նրա Կանոնադրության 1-ին հոդվածի (դ) կետում: Համաձայն այդ հոդվածի` «Ազգային պաշտպանության հետ կապված հարցերը չեն մտնում Եվրոպայի խորհրդի իրավասության մեջ»:
3. Եվրոպայի խորհրդին անդամակցելու հարցը լուծվում է նրա կանոնադրությամբ նախատեսված որոշակի ընթացակարգով:
Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցի լուծումն իրականացվում է լիովին հաշվի առնելով այդ ընթացակարգը:
Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու վերաբերյալ Հայաստանին ներկայացված հրավերն ընդունվել է Նախարարների կոմիտեի կողմից` իր 107-րդ նիստում` 2000 թ. նոյեմբերի 9-ին: Նախարարների կոմիտեի որոշման հիմքում ընկած է եղել Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարությունը և մտադրությունը, որ Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը միանալու փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին կստորագրի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թ. կոնվենցիան:
Նախարարների կոմիտեն ակնկալում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից նշված կոնվենցիան կվավերացվի Եվրոպայի խորհրդին միանալուց հետո` մեկ տարվա ընթացքում: Համարելով, որ Հայաստանը նպատակամղված է կատարել Կանոնադրության 3 և 4 հոդվածներով նախատեսված պայմանները, ինչպես նաև Կանոնադրությամբ նախատեսված բոլոր պարտավորությունները, որոնք հավաստված են Նախարարների կոմիտեի նախագահի 2000 թ. հոկտեմբերի 6-ի նամակին ի պատասխան Հայաստանի կառավարության կողմից` արտաքին գործերի նախարարի ներկայացրած նամակում տրված երաշխիքներում, Նախարարների կոմիտեն, խորհրդակցելով Խորհրդարանական վեհաժողովի հետ, որն արտահայտել է դրական կարծիք (Կարծիք N 221 (2000), և հաշվի առնելով ֆինանսական կանոնակարգը` իր թիվ (2000) 13 որոշմամբ Հայաստանին հրավիրել է դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ և միանալ Կանոնադրությանը:
Հայաստանի ներկայացուցիչների համար Եվրոպայի խորհուրդը Խորհրդարանական վեհաժողովում սահմանել է չորս տեղ:
Նշված որոշման անբաժանելի մասը կազմող հավելվածում Նախարարների կոմիտեն սահմանել է Եվրոպայի խորհրդի բյուջեներ Հայաստանի կողմից իրականացվող տարբեր ֆինանսական մուծումների չափաբաժինը:
4. Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի անդամ կդառնա այն օրվանից, երբ Կանոնադրությանը միանալու մասին փաստը հավաստող իր ներպետական փաստաթուղթը կհանձնի այդ կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
5. Եվրոպայի խորհրդի մարմիններն են` Նախարարների կոմիտեն, Խորհրդարանական վեհաժողովը և Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը, որն սպասարկում է առաջին երկու մարմիններին:
Եվրոպայի խորհրդի շրջանակներում պետությունների համագործակցության հիմքում ընկած միջազգային իրավունքի այնպիսի հիմնական սկզբունքներ, ինչպիսիք են` ինքնիշխանությունը, իրավահավասարությունը, ներքին գործերին չմիջամտելը և մյուս սկզբունքներն ապահովվում են Եվրոպայի խորհրդի մարմինների կազմավորման և գործունեության առանձնահատկությամբ:
Նախարարների կոմիտեում յուրաքանչյուր անդամ պետություն ունի մեկ ներկայացուցիչ, և յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի մեկ ձայնի իրավունք:
Նախարարների կոմիտեն Խորհրդարանական վեհաժողովի հանձնարարությամբ կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է այն միջոցառումները, որոնք ուղղված են Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացմանը, ինչպես նաև կոնվենցիաների և համաձայնագրերի կնքմանը և կոնկրետ հարցերի վերաբերյալ կառավարությունների կողմից միասնական քաղաքականության վարմանը:
Նշված հարցերի կապակցությամբ Նախարարների կոմիտեի ընդունած եզրակացությունները պետությունների համար ունեն ոչ թե պարտադիր, այլ հանձնարարական-առաջարկության բնույթ: Անդամ պետությունները պարտավոր են Նախարարների կոմիտեին տեղեկացնել այդ հանձնարարականներին ընթացք տալու մասին:
Նախարարների կոմիտեն կարող է անդամ պետությունների համար պարտադիր որոշումներ ընդունել միայն Եվրոպայի խորհրդի ներքին կազմակերպական հարցերի և կարգավորումների վերաբերյալ:
Նախարարների կոմիտեի որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների երկու երրորդի մեծամասնությամբ: Ընթացակարգային բնույթի հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման համար բավական է ձայների պարզ մեծամասնությունը:
Նախարարների կոմիտեն իր գործունեությունը կազմակերպելու համար ընդունում է իր ներքին կանոնակարգը:
Նախարարների կոմիտեն Խորհրդարանական վեհաժողովին, նրա յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ, ներկայացնում է իր գործունեության մասին հաշվետվություն:
6. Խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդակցական մարմինն է: Նա կարող է քննարկել և առաջարկություններ անել կազմակերպության նպատակներին համապատասխանող և Եվրոպայի խորհրդի իրավասության մեջ մտնող ցանկացած հարցի վերաբերյալ:
Խորհրդարանական վեհաժողովը կարող է ստեղծել կոմիտեներ կամ հանձնաժողովներ, որոնք կքննարկեն նրա իրավասության մեջ մտնող հարցերը և այդ առնչությամբ նրան կներկայացնեն զեկույցներ և կարծիք:
Խորհրդարանական վեհաժողովը կազմված է անդամ պետությունների ներկայացուցիչներից, որոնք ընտրվում կամ նշանակվում են իրենց երկրի խորհրդարանի անդամներից` խորհրդարանի կողմից հաստատված ընթացակարգով, իսկ առանձին դեպքերում` նաև կառավարության կողմից, որը կարող է լրացուցիչ նշանակումներ կատարել խորհրդարանի նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում:
Կանոնադրությունը պահանջում է, որ Խորհրդարանական վեհաժողովում առաջադրված յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է լինի այն անդամ պետության քաղաքացին, որը ներկայացնում է: Ընդ որում, նա չի կարող միաժամանակ լինել Նախարարների կոմիտեի անդամ:
Վեհաժողովի նստաշրջանի ընթացքում ներկայացուցիչը կարող է իր մանդատից զրկվել միայն Վեհաժողովի համաձայնությամբ:
Խորհրդարանական վեհաժողովն իր գործունեությունը կազմակերպելու համար ընդունում է կանոնակարգ:
Խորհրդարանական վեհաժողովի բանաձևերը մեծամասամբ ընդունվում են ձայների երկու երրորդով, սակայն առանձին դեպքերում Վեհաժողովը կարող է սահմանել նաև որոշման ընդունման այլ կարգ:
Խորհրդարանական վեհաժողովի քննարկումները հրապարակային են, եթե նա այլ որոշում չի կայացնում:
7. Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը, որը գտնվում է կազմակերպության նստավայր Ստրասբուրգ քաղաքում, պատասխանատու է Քարտուղարության գործունեության համար Նախարարների կոմիտեի առջև: Քարտուղարությունը Խորհրդարանական վեհաժողովին հիմնականում տրամադրում է վարչական և այլ ծառայություններ:
Քարտուղարության անդամները հանդես են գալիս որպես «Եվրոպայի խորհրդի հանդեպ պատասխանատու միջազգային ծառայող», և նրանք չպետք է կատարեն որևէ այնպիսի գործողություն, որն անհամատեղելի կլինի նման կարգավիճակի հետ:
Գլխավոր քարտուղարի և քարտուղարության աշխատակազմի գործառույթները բացառապես միջազգային բնույթի են և Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է հարգի և ձեռնպահ մնա նրանց գործառույթների իրականացման վրա ազդելուց:
8. Եվրոպայի խորհրդի կանոնադրությունն ամրագրում է նաև կազմակերպության ֆինանսավորման հետ կապված հարցերը: Մասնավորապես, ըստ Կանոնադրության 387 հոդվածի` յուրաքանչյուր անդամ ինքն է ստանձնում Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում սեփական ներկայացուցչության ծախսերը: Իսկ Քարտուղարության ծախսերը և այլ ընդհանուր ծախսերը բաշխվում են բոլոր անդամների միջև Նախարարների կոմիտեի սահմանած համամասնությամբ` ըստ յուրաքանչյուր անդամի բնակչության թվի:
9. Անդամակցելով Եվրոպայի խորհրդին, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է կազմակերպության Կանոնադրության 3 հոդվածի համաձայն իր երկրում ճանաչել իրավունքի գերակայության սկզբունքը և այն սկզբունքը, համաձայն որի յուրաքանչյուր անձ, ով գտնվում է իր իրավասության ներքո, օգտվում է մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից:
Այս դրույթը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իրականացնել պետական ինստիտուտների բարեփոխումների և երկրի հասարակական ու քաղաքական կյանքի շարունակական ժողովրդավարացման հետևողական քաղաքականություն:
Կանոնադրության 3 հոդվածում նշված պարտավորության բարեխիղճ կատարումը երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 4, 6, 43 և մի շարք այլ հոդվածների դրույթներով, որոնք նպատակ ունեն երկրում իրական ժողովրդավարության արմատավորման, իրավունքի գերակայության երաշխավորման միջոցով ապահովել անհատի ազատությունը, սոցիալական պաշտպանվածությունը և տնտեսական բարգավաճումը:
Եվրոպայի խորհրդի շրջանակներում իրականացվող համագործակցությանը Հայաստանի ինտեգրման հիմքում ընկած են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական նախադրյալներ: Այսպես, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, որն այսօր հանդիսանում է միջազգային հարաբերություններում գործող գլխավոր համընդգրկուն իրավական փաստաթուղթը, ի դեմս իր 52 հոդվածի` խրախուսում է տարածաշրջանային մակարդակով միջազգային իրավական համագործակցություն իրականացնող մարմինների ստեղծումը, եթե, իհարկե, դրանց գործունեությունը համատեղելի է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը: Իսկ Հայաստանի Հանրապետությունը, իր Սահմանադրության նախաբանում նշելով, որ հայ ժողովուրդը հավաստում է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, 9 հոդվածում ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված` Եվրոպայի խորհրդի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
