ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մայիսի 1992 թվականի N 260
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կանոնադրությունը (կցվում է):
2. Պետական սոցիալական ապահովագրության մուծումների ժամանակին և լրիվ գանձումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին իրավունք վերապահել գործատուներից գանձելու`
ա) ժամանակին չվճարված պետական սոցիալական ապահովագրության մուծումների գումարը.
բ) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին պետական սոցիալական ապահովության մուծումները հաշվարկելիս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների թաքցրած կամ նվազեցրած գումարը.
գ) պետական սոցիալական ապահովագրության մուծումների հասանելիք գումարը` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ապահովադիրի գրանցումից խուսափելու դեպքում.
դ) Հայաստանի Հանրապետության բանկերից պետական սոցիալական ապահովագրության մուծումները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին չհաշվեգրելու և չփոխանցելու յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տույժ` այդ մուծումների գումարի 1 տոկոսի չափով:
Նշված գումարները և տույժը գործատուներից և Հայաստանի Հանրապետության բանկերից գանձվում են անվիճելիորեն, իսկ քաղաքացիներից` դատական կարգով և հաշվեգրվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բանկերին`
ա) ապահովել պետական սոցիալական ապահովագրության մուծումների ամենօրյա փոխանցումը Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կենտրոնացված հաշվին.
բ) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ներկայացրած անվիճելիորեն գանձման մասին հանձնարարականները կատարել առաջնահերթ կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության բանկի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում մշակել ու հաստատել Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից պետական սոցիալական ապահովագրության մուծումները Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին հաշվեգրելու կարգը:
5. Սահմանել, որ հանրապետության տարածքում գործող պետական և ոչ պետական հիմնարկությունները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, այդ թվում բանկերը, պարտավոր են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և նրա տեղական մարմինների պահանջով ներկայացնել ֆոնդի գործունեությանն առնչվող անհրաժեշտ տեղեկություններ և ֆինանսական փաստաթղթեր:
6. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների ձևավորման և ծախսման կարգին վերաբերող օրենսդրական և այլ ակտերի նախագծերը համաձայնեցվում են ֆոնդի հետ:
7. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` մեկշաբաթյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձման, հաշվառման և այդ միջոցների ծախսման կարգի մասին հրահանգը:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 11-ի «ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի Հանրապետական բաժանմունքը Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի վերակազմավորելու մասին» N 605 որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.08.1998, N 493 | 13.09.1998, N 260 | |
22.03.1996, N 173 | 22.03.1996, N 260 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|