ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
27 հունվարի 1998 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Հ. Քոչինյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին 1996 թվականի մարտի 25-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ծանոթանալով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի գրավոր հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Քոչինյանի գրավոր բացատրությանը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև ստորագրվել է 1996 թվականի մարտի 25-ին` Երևանում: Այն ունի հավելված, որը հանդիսանում է համաձայնագրի անբաժանելի մասը:
Համաձայնագիրը ենթակա է գրանցման Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում:
Դրա գործողությունը կարող է դադարեցվել Կողմերի նախաձեռնությամբ` համաձայնագրով նախատեսված կարգով:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը և Ռումինիան նախապես որոշված երթուղիներով միմյանց միջազգային կանոնավոր չվագծեր սահմանելու և շահագործելու իրավունք են տրամադրում: Կողմերն իրավունք են ստանում անվայրէջք թռիչքներ կատարել միմյանց տարածքի վրայով, ոչ առևտրային նպատակներով վայրէջք կատարել մյուս Կողմի տարածքում:
Պայմանագրային չվագծերի շահագործման նպատակով Կողմերն իրավունք ունեն նշանակելու ավիաընկերություններ, որոնց մյուս Կողմը պարտավոր է տրամադրել թռիչքների համապատասխան թույլտվություն:
Կողմերն ավիաընկերություններին իրավունք են վերապահում միմյանց տարածքում բացել ներկայացուցչություններ` անհրաժեշտ անձնակազմով:
Ըստ համաձայնագրի կողմերը պարտավորվում են միմյանց անհրաժեշտ օգնություն ցույց տալ` կանխելու օդանավերի ապօրինի գրավման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների, անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացային միջոցների անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:
Ռումինական կողմը ծանուցել է ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին 1996 թվականի մարտի 25-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
