«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 ապրիլի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1996 թվականի N 134
քաղ. Երևան
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 99-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արմավիրի մարզպետարանի ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 30-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է |
ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունն Արմավիրի մարզում (այսուհետև` մարզ) իրականացնում է Արմավիրի մարզպետը (այսուհետև` մարզպետ) Արմավիրի մարզպետարանի (այսուհետև` մարզպետարան) միջոցով:
2. Մարզպետարանը մարզպետի աշխատակազմն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերի պատրաստումը, դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների նախապատրաստումը, մարզային ենթակայության կազմակերպությունների ու ձեռնարկությունների գործունեության նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև մարզի տարածքում գտնվող հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման աշխատանքների վերաբերյալ մարզպետին ներկայացվող առաջարկությունների նախապատրաստումը:
3. Մարզպետարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Մարզպետարանն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, բանկային հաշիվ և ձևաթղթեր:
5. Մարզպետարանի ֆինանսավորումն իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. Մարզպետարանի խնդիրներն ու գործառույթները
6. Մարզպետարանի խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետին տրված լիազորությունների իրականացման կազմակերպումը և մարզպետի գործունեության օպերատիվության ու արդյունավետության ապահովումը.
բ) մարզում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի պարբերաբար վերլուծությունը, հրատապ լուծում պահանջող հարցերի բացահայտումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.
գ) պետական բյուջեից մարզին անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումն ու մարզպետին ներկայացումը.
դ) մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշվեկշիռների սահմանված կարգով ընդունումը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ամփոփ հաշվետվությունների ներկայացումը.
ե) մարզի տարածքում գործող հանրապետական գործադիր մարմինների, մարզպետին ենթակա ստորաբաժանումների ու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով առաջարկությունների նախապատրաստումը.
զ) մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.
է) մարզի տարածքում գործող հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման նպատակով համապատասխան առաջարկությունների նախապատրաստումը:
7. Մարզպետարանն իր հիմնական խնդիրներին համապատասխան`
ա) նախապատրաստում է մարզպետի քննարկմանը ներկայացված կամ մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցություններում քննարկվելիք հարցերի վերաբերյալ վերլուծական և տեղեկատվական բնույթի նյութեր և առաջարկություններ.
բ) նախապատրաստում է մարզի աշխատանքային ծրագրերի նախագծերը, իրականացնում վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ, նախապատրաստում առաջարկություններ ծրագրում ընդգրկված առանձին հարցերի վերաբերյալ.
գ) իրականացնում է վերահսկողություն մարզպետի որոշումների և կարգադրությունների կատարման նկատմամբ և մարզպետին ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
դ) ուսումնասիրում է մարզային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեությունը և ամփոփում արդյունքները.
ե) մարզային ենթակայության կազմակերպություններին և ձեռնարկություններին, համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև մարզի տարածքում գործող հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին է հասցնում մարզպետի որոշումները, կարգադրություններն ու հարցումները.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանում է մարզի տարածքում գործող հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությանը և համապատասխան առաջարկություններ ներկայացնում մարզպետին.
է) կատարում է մարզպետի, նրա տեղակալի, մարզպետարանի քարտուղարի հանձնարարությունները.
ը) նախապատրաստում է մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների անցկացումը.
թ) ապահովում է մարզպետարանում գործավարության ճշգրիտ վարումը.
ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և մարզպետի որոշումներով ու կարգադրություններով սահմանված այլ լիազորություններ:
III. Մարզպետարանի աշխատանքի կազմակերպումը
8. Մարզպետարանի գործունեությունը ղեկավարում է մարզպետը:
9. Մարզպետին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
10. Մարզպետարանի կազմի մեջ մտնում են մարզպետի տեղակալը, մարզպետարանի քարտուղարը և բաժինները:
11. Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով մարզպետի հետ:
12. Մարզպետի տեղակալը կատարում է մարզպետի հանձնարարականները և փոխարինում մարզպետին` նրա բացակայության ժամանակ:
13. Մարզպետարանի քարտուղարին, մարզպետարանի բաժինների ղեկավարներին և աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում մարզպետը:
14. Մարզպետարանի քարտուղարը`
ա) պատասխանատու է մարզպետի որոշումների և կարգադրությունների, պաշտոնական այլ փաստաթղթերի նախապատրաստման ու հրապարակման, մարզպետարանի գործավարության, նամակագրության, կադրային և արխիվային գործերի կազմակերպման համար.
բ) կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, նրանց դիմումների ու գանգատների քննարկումը, իրականացնում կապը հասարակության հետ:
15. Մարզպետը մարզպետարանի բաժինների միջոցով ղեկավարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված բնագավառների աշխատանքները, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
16. Մարզպետարանի բաժիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համապատասխան բաժնի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:
17. Մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի ներկայացմամբ:
18. Մարզպետարանի բաժինների կառուցվածքները և կանոնադրությունները հաստատում է մարզպետը:
IV. Մարզպետարանի գործունեության կազմակերպումը
19. Մարզպետարանի գործունեությունն իրականացվում է աշխատանքային ծրագրերին համապատասխան:
20. Մարզպետարանի աշխատանքային ծրագրերը կազմվում են յուրաքանչյուր տարվա համար հունվար-դեկտեմբեր ամիսների ընդգրկմամբ: Տարեկան ծրագրերը կազմվում են ըստ եռամսյակների:
21. Մարզպետարանի աշխատանքային ծրագրերը քննարկում և հաստատում է մարզպետը:
22. Մարզպետարանի աշխատանքային ծրագրերի նախագծերի նախապատրաստումը և հաստատված աշխատանքային ծրագրերի կատարման հսկողությունն իրականացնում է մարզպետարանի քարտուղարը:
23. Մարզպետարանի քարտուղարը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում նախապատրաստում և մարզպետին ներկայացնում է տեղեկանք տվյալ եռամսյակում աշխատանքային ծրագրերի կատարման վերաբերյալ:
24. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում մարզպետարանի քարտուղարը մարզպետին ներկայացնում է հաշվետվություն մարզպետարանի տարեկան աշխատանքային ծրագրերի կատարման վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող ամենամյա հաշվետվության նախագիծը:
V. Մարզպետի քննարկմանը հարցեր ներկայացնելու կարգը
25. Մարզպետի քննարկմանը հարցեր ներկայացնում են մարզպետի տեղակալը, մարզպետարանի քարտուղարը և բաժինների ղեկավարները` իրենց իրավասության սահմաններում, մարզպետարանի քարտուղարի միջոցով:
26. Մարզպետի քննարկմանը հարցերը ներկայացվում են, որպես կանոն, մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերի ձևով:
27. Մարզպետի որոշումների նախագծերը կարող են քննարկվել մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցություններում, որոնք հրավիրվում են մարզպետի նախաձեռնությամբ` առնվազն շաբաթը մեկ անգամ:
28. Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների ժամանակացույցը` ներառյալ օրակարգը, հաստատում է մարզպետը:
29. Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների մասնակիցներին, ըստ անհրաժեշտության, որոշում է մարզպետը: Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցություններին պարտադիր կարգով մասնակցում են մարզպետի տեղակալը, մարզպետարանի քարտուղարը, մարզպետարանի իրավաբանական բաժնի և ֆինանսական բաժնի վարիչները:
30. Մարզպետի քննարկմանը կարող են ներկայացվել միայն հիմնավորված, միմյանց չկրկնող և արդեն լուծում ստացած հարցերին սկզբունքորեն նոր լուծում տալու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանեցնելու նպատակով հետապնդող հարցեր:
31. Մարզպետի քննարկմանը ներկայացվող հարցերի հիմնավորվածության, դրանց որակի, ներկայացված նյութերի արժանահավատության և ամբողջականության համար պատասխանատու են հարցեր ներկայացնողները:
32. Մարզպետի քննարկմանը ներկայացվող որոշումների և կարգադրությունների նախագծերը նախապես համաձայնեցվում են մարզպետարանի իրավաբանական բաժնի հետ:
33. Մարզպետի որոշումներն ու կարգադրությունները գրանցվում, հաշվառվում և համարակալվում են մարզպետի որոշումների և կարգադրությունների գրանցման մատյաններում` դրանց տալով հերթական համարներ:
34. Յուրաքանչյուր տարվա համար որոշումների և կարգադրությունների համարակալումներն սկսվում են հունվարի առաջին որոշմամբ և կարգադրությամբ և ավարտվում դեկտեմբերի վերջին որոշմամբ ու կարգադրությամբ:
35. Մարզպետի որոշումները և կարգադրություններն ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում առաքվում են շահագրգիռ պետական կառավարման մարմիններ, կազմակերպություններ և քաղաքացիներին` մարզպետարանի քարտուղարի կողմից սահմանված կարգով:
36. Մարզպետի նորմատիվ բնույթի որոշումներն ու կարգադրություններն իրավաբանական ուժ են ստանում միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստանալուց հետո:
37. Յուրաքանչյուր ամսվա վերջին մարզպետի տվյալ ամսում ընդունած որոշումները և կարգադրություններն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն:
VI. Մարզպետարանի գործավարության կազմակերպումը
38. Մարզպետարանի գործավարության կազմակերպումն իրականացնում է մարզպետարանի քարտուղարը:
39. Մարզպետարանում գործավարության կարգը հաստատում է մարզպետը` մարզպետարանի քարտուղարի ներկայացմամբ: