ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 4102 AM ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՔԱՂԱՔԱՅԻՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
4 հոկտեմբերի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կ. Աթոյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հուլիսի 20-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4102 AM զարգացման վարկի համաձայնագրում (Քաղաքային ջեռուցման ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան: Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005 թվականի հուլիսի 20-ին` Երևանում:
Համաձայնագրի նպատակը Քաղաքային ջեռուցման ծրագրի իրականացման համար Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը վարկի տրամադրումն է:
Ըստ համաձայնագրի` Ընկերակցության 1985 թ. հունվարի 1-ի (2004 թ. մայիսի 1-ին կատարված փոփոխություններով) «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները»` քննության առարկա համաձայնագրում ամրագրված փոփոխություններով, կազմում են համաձայնագրի բաղկացուցիչ մասը:
Համաձայնագրի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումները պետք է կատարվեն 2004 թվականի մայիսի` «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության կողմից հատկացվող վարկերի և փոխառությունների միջոցով կատարվող գնումների» ուղեցույցների 1-ին բաժնի և համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան, իսկ խորհրդատվական ծառայությունների գնումները` 2004 թվականի մայիսի` «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման» ուղեցույցների 1-ին և 4-րդ բաժիններին և համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան:
Համաձայնագիրն ունի վեց հավելված. «Հավելված 1. Վարկի միջոցներից առհանում», «Հավելված 2. Ծրագրի նկարագրություն», «Հավելված 3. Գնումներ», «Հավելված 4. Իրականացման ծրագիր», «Հավելված 5. Հատուկ հաշիվ» և «Հավելված 6. Ծրագրի Բ և Գ մասերի շրջանակներում ընթացակարգերն ու թույլատրելիության չափանիշները»:
2. Ծրագրի նպատակն է մեծացնել Վարկառուի քաղաքային դպրոցներում և բազմաբնակարան շենքերում մաքուր, արդյունավետ, ապահով և մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների օգտագործումը:
Ծրագիրը բաղկացած է մի քանի մասերից, որոնցում նախատեսված են համայնքային և մասնավոր հատվածի համախմբում, ջեռուցման և դրան առնչվող ենթակառուցվածքների ֆինանսավորում, դպրոցների ջեռուցում և Ծրագրի իրացում:
Նախատեսվում է Ծրագիրն ավարտել մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Ըստ համաձայնագրի` Ընկերակցությունը պարտավորվում է համաձայնագրի հավելված 2-ում նկարագրված` Քաղաքային ջեռուցման ծրագրի իրականացման նպատակով, համաձայնագրում նշված ժամկետներում և պայմաններով, Հայաստանի Հանրապետությանը տրամադրել տասը միլիոն փոխառության հատուկ իրավունքներին (SDR 10.000.000) համարժեք գումար:
Վարկը տրամադրվում է ֆինանսավորելու ծախսերի հետևյալ ուղղությունները. ապրանքներ և աշխատանքներ դպրոցների ջեռուցման համակարգերի համար, խորհրդատվական ծառայություններ, ներառյալ աուդիտը, վերապատրաստում, ենթավարկեր, դրամաշնորհներ, աճող գործառնական ծախսեր, Ծրագրի նախապատրաստման կանխավճարի վերաֆինանսավորում, չբաշխված միջոցներ:
Վարկի փակման օրը 2010 թ. հունիսի 30-ն է կամ ավելի ուշ ժամկետը, որը կհաստատվի Ընկերակցության կողմից:
Վարկառուն, իր հերթին, պարտավորվում է.
- վարկի չառհանված հիմնական գումարից հաշվարկված` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին Ընկերակցությանը վճարել պարտավճար` տարեկան 0.5% տոկոսադրույքով,
- վարկի հիմնական գումարից ժամանակ առ ժամանակ առհանված և չվճարված գումարներից հաշվարկված` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին Ընկերակցությանը վճարել սպասարկման վճար` տարեկան 0.75% տոկոսադրույքով,
- կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, սկսած 2015 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2045 թվականի մայիսի 15-ը, մարել վարկի հիմնական գումարը,
- R2E2 հիմնադրամի միջոցով պատշաճ ջանասիրությամբ և արդյունավետությամբ իրականացնել Ծրագիրը` պահպանելով վարչական, ֆինանսական, ճարտարագիտական, բնապահպանական բնույթի համապատասխան պահանջները և սեղմ ժամկետներում տրամադրել Ծրագրի համար պահանջվող ֆինանսական միջոցներ, գրասենյակներ, ծառայություններ և այլ ռեսուրսներ,
- վարել ֆինանսական կառավարման համակարգ և պատրաստել Ընկերակցության համար ընդունելի ֆինանսական հաշվետվություններ,
- R2E2 հիմնադրամի հետ կնքել լրացուցիչ համաձայնագիր,
- համաֆինանսավորել վարկի միջոցներից ֆինանսավորվող աշխատանքների և ապրանքների ծախսերի 20 տոկոսը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թ. հուլիսի 20-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4102 AM զարգացման վարկի համաձայնագրում (Քաղաքային ջեռուցման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|