ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 3260 AM ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ) ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 մայիսի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի մարտի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 3260 AM զարգացման վարկային համաձայնագրի (Պատվարների անվտանգության ծրագիր) փոփոխության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 2005 թվականի մայիսի 16-ին:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005 թ. մարտի 29-ին Երևանում` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1999 թ. հոկտեմբերի 7-ին Վաշինգտոնում ստորագրված 3260 AM զարգացման վարկի համաձայնագրում (Պատվարների անվտանգության ծրագիր) փոփոխություններ կատարելու նպատակով:
2. Փոփոխությունները վերաբերում են.
- վարկի մարման ժամկետին (երկարացվել է 30 ամսով` մինչև 2007 թ. սեպտեմբերի 30-ը),
- ապրանքների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարների չափերին,
- աշխատանքների կատարման համար անհրաժեշտ գումարների չափերին,
- խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման և ուսուցման համար անհրաժեշտ գումարների չափերին,
- ԾԻԳ-ի գործառնական ծախսերի համար անհրաժեշտ գումարների չափերին,
- չբաշխված գումարների չափերին,
- այսպես կոչված` «տնտեսված միջոցների» վերաբաշխմանը,
- վերականգնման ենթակա պատվարների թվին (20-ի փոխարեն` 25),
- աշխատանքների, ապրանքների և խորհրդատվական ծառայությունների հետ կապված կնքվող պայմանագրերի առավելագույն արժեքներին:
Ավելացվել է ծախսերի ևս մեկ ուղղություն` կապված արտակարգ իրավիճակներում կատարվելիք աշխատանքների հետ:
Նշված վերաբաշխումները, սակայն, չեն հանգեցրել վարկի ընդհանուր գումարի փոփոխման, որը մնացել է նույնը` 19.700.000 ՓՀԻ:
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը գնահատելիս հատուկ ուշադրության անհրաժեշտություն ունեն «պատվարների վերականգնում» հասկացության` գործադիրի կողմից ընկալումը և այդ վերականգնման ծրագրային իրականացումը, ինչպես նաև այս ենթատեքստում մեկ վարկային ծրագրի շրջանակներում շուրջ 8.5 մլն դոլարի «տնտեսման» հանգամանքը:
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի պահանջներից ելնելով` գնահատելով սույն ոլորտին վերաբերող նախկինում կնքված վարկային համաձայնագրերի իրականացման իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանն արձանագրում է.
ա) Ոռոգման սեկտորի զարգացման ծրագրի շրջանակներում 1995 թ. առաջին վարկային ծրագրով հատկացվել է 55.150.000 ԱՄՆ դոլար` 4 պատվարների (Ապարանի, Կառնուտի, Սառնաղբյուրի և Մանթաշի) վերականգնման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով, որոնք ավարտվել են 2000 թվականին,
բ) նույն վարկային ծրագրի երկրորդ փուլի նախապատրաստման համար 1997 թ. հոկտեմբերի 31-ի համաձայնագրով, որում որպես ենթածրագիր ներառված էր նաև պատվարների կայունության ապահովումը, հատկացվել է 322.300 ԱՄՆ դոլարի չափով գումար,
գ) 1999 թ. հոկտեմբերի 7-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրով նույն նպատակով հատկացվել է 19.700.000 փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար` 20 ընտրված ջրամբարների պատվարների վերականգնումը ֆինանսավորելու նպատակով,
դ) 2004 թ. օգոստոսի 10-ին Երևանում ստորագրված համաձայնագրով հատկացվել է 4.700.000 փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար, որով ֆինանսավորվել է 47 ընտրված պատվարների վերականգնումը. ծրագիրն ավարտվելու է 2008 թվականին: Այս գործի քննության արդյունքում սահմանադրական դատարանն իր` 2004 թ. նոյեմբերի 5-ի ՍԴՈ-525 որոշումով արձանագրել է նախկինում տրամադրված վարկային միջոցների վերաբաշխման փաստեր, ներառյալ դրանց տրամադրումը ծրագրին առնչություն չունեցող նպատակներով, ինչպես նաև փոփոխություններ ժամանակացույցերում, ընդ որում, փոփոխությունները կատարվել են Միջազգային զարգացման ընկերակցության և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի միջև ստորագրված արձանագրությամբ, փաստ, որը սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարել` շեշտելով, որ ԱԺ կողմից վավերացված համաձայնագրի ցանկացած փոփոխություն ենթակա է վավերացման ՀՀ ԱԺ-ի կողմից:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իր վերոհիշյալ պահանջները քննության առարկա սույն համաձայնագիրը կնքելիս կատարվել են:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թ. մարտի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 3260 AM զարգացման վարկային համաձայնագրի (Պատվարների անվտանգության ծրագիր) փոփոխության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|