Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-478
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.03.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2004/3
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
09.03.2004
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
09.03.2004
Дата вступления в силу
09.03.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

9 մարտի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի նոյեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա միջկառավարական համաձայնագիրն ստորագրվել է 2003 թ. նոյեմբերի 17-ին Բուխարեստում` Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի` դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների փոխայցելությունները դյուրացնելու նպատակով:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձաբար պարտավորվում է Ռումինիայի` դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել Հանրապետության տարածք մուտք գործելու արտոնագիր ստանալու պարտավորությունից, եթե մուտք գործելու և այնտեղ գտնվելու ժամկետը չի գերազանցում 90 օրը` առաջին մուտքից սկսած վեց ամսվա ընթացքում:

Եթե նշված անձինք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության տարածք` 90 օրը գերազանցող ժամկետով այնտեղ գտնվելու նպատակով, ապա նրանց տրամադրվում է մուտքի արտոնագիր` անվճար հիմունքներով:

Ըստ համաձայնագրի` Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձաբար, մուտքի արտոնագիր ստանալու պարտավորությունից ազատում է դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող` Ռումինիայի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների անդամներին, համապատասխան միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին և նրանց ընտանիքների անդամներին` Հայաստանի Հանրապետության տարածքում նրանց հավատարմագրման ողջ ընթացքում:

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են նաև համաձայնագրով սահմանված ժամկետում միմյանց տրամադրել վավերական դիվանագիտական և ծառայողական անձնագրերի նմուշները:

3. Համաձայնագիրը Կողմերին իրավունք է վերապահում համաձայնագրի դրույթները կասեցնել ամբողջությամբ կամ մասամբ` ելնելով պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության պահպանման և այլ լուրջ պատճառներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2003 թ. նոյեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


9 մարտի 2004 թվականի
ՍԴՈ-478

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան