Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-556
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
19.04.2005
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
19.04.2005
Дата вступления в силу
19.04.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ ՅԱԼԹԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

19 ապրիլի 2005 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1998 թվականի հունիսի 5-ին Յալթայում ստորագրված` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խարտիայի 24-րդ հոդվածի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով փոփոխությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 1998 թ. հունիսի 5-ին Յալթայում ստորագրված` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիր փաստաթղթի սահմանադրականության հարցը ՀՀ սահմանադրական դատարանում քննության է առնվել 1998 թ. նոյեմբերի 21-ին և ՀՀ Ազգային ժողովի կողմից այն վավերացվել է 1998 թ. դեկտեմբերի 1-ին` որպես «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խարտիա»: ՀՀ Նախագահի 2005 թ. մարտի 31-ի ՀՆ-529 դիմումի հիման վրա ներկայացված փոփոխությունը վերաբերում է տվյալ Խարտիայի 24-րդ հոդվածին:

2. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (այսուհետև` Կազմակերպություն) խարտիայի (այսուհետև` Խարտիա) 24-րդ հոդվածը փոփոխելու վերաբերյալ որոշումը, Խարտիայի 30-րդ հոդվածին համապատասխան, ընդունվել է Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից 2004 թ. հունիսի 25-ին Ստամբուլում կայացած հատուկ հանդիպման ընթացքում:

Փոփոխության նպատակն է Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի իրավական կարգավիճակի ու նպատակների հստակեցումը:

3. Ըստ Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 2004 թ. հունիսի 25-ին ընդունած որոշման` Խարտիայի մեջ ամրագրվում է նոր 24-րդ հոդված: Համաձայն Խարտիայի 24-րդ հոդվածի փոփոխության` Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը միջազգային բնույթի կազմակերպություն է, որը գործում է որպես Կազմակերպության ուսումնասիրությունների կենտրոն և ղեկավարվում է Տնօրենների խորհրդի կողմից, որի անդամները ՍԾՏՀ անդամ պետությունների քաղաքացիներ են:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1998 թվականի հունիսի 5-ին Յալթայում ստորագրված` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խարտիայի 24-րդ հոդվածի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


19 ապրիլի 2005 թվականի
ՍԴՈ-556