ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 1994 թվականի N 501
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համակարգում ստեղծել մշակութային արժեքների պահպանության վարչություն:
2. Հաստատել մշակութային արժեքների պահպանության վարչության կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Մշակութային արժեքների պահպանության վարչությունը (այսուհետև` վարչությունը) հատուկ լիազորված պետական մարմին է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համակարգում «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
2. Իր գործունեության ընթացքում վարչությունը ղեկավարվում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
3. Իր գործունեությունն իրականացնելիս վարչությունը սերտորեն համագործակցում է մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհրդի, Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական խորհրդի, Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների հետ:
4. Վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով ու իր անվամբ կնիք և դրոշմակնիք:
2. Վարչության խնդիրները
5. Վարչության հիմնական խնդիրներն են`
ա) կարգավորել մշակութային արժեքների արտահանումը, ներմուծումը և հսկողություն իրականացնել դրանց նկատմամբ.
բ) նպաստել Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանմանը.
գ) կանխել մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը.
դ) նպաստել միջազգային համագործակցությանը, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցմանը:
3. Վարչության իրավասությունը
6. Մշակութային արժեքների պահպանության վարչությունն իր իրավասության սահմաններում`
ա) մասնակցում է մշակութային ժառանգության պահպանությունն ապահովող, ինչպես նաև մշակութային արժեքների ապօրինի արտահանումը և ներմուծումը, այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող ակտերի նախագծերի մշակմանը.
բ) կազմում է այն մշակութային արժեքների ցանկը, որոնց վրա տարածվում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) ազգային պահպանական ցուցակների հիման վրա ստեղծում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պետական, կոլեկտիվ և անձնական սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների «տվյալների շտեմարանը».
դ) միջոցներ է ձեռնարկում այլ պետությունների տարածքներում գտնվող ազգային մշակութային արժեքների հայտնաբերման համար և կազմում է այդ արժեքների հաշվառման մատյան.
ե) որոշում է ընդունում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման վերաբերյալ, ինչպես նաև գրանցում է այդ արժեքները.
զ) ապահովում է արտահանման կամ ժամանակավոր արտահանման ներկայացված, ինչպես նաև ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների փորձաքննությունը.
է) տալիս է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր, որի համար գանձում է տուրք.
ը) հսկողություն է իրականացնում մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հետ կապված արտաքին տնտեսական գործունեության նկատմամբ.
թ) Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս կազմակերպում է հասարակական լայն տեղեկատվություն մշակութային արժեքների անհետացման, կորստի, հափշտակման փաստերի մասին.
ժ) կատարում է պետական մարմինների կողմից առգրավված մշակութային արժեքների պահպանությունը, փորձաքննությունը և հրապարակումը` դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ճշտման նպատակով:
4. Վարչության աշխատանքների կազմակերպումը
7. Վարչությունը գլխավորում է պետը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի ներկայացմամբ:
Վարչության պետն ունի տեղակալ, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից` վարչության պետի ներկայացմամբ:
8. Վարչության պետը`
ա) ղեկավարում է վարչության գործունեությունը.
բ) պատասխանատվություն է կրում վարչության վրա դրված խնդիրների իրագործման համար.
գ) ներկայացնում է վարչությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
դ) ստորագրում և կնքում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրերը.
ե) սահմանում է վարչության աշխատողների իրավունքները և պարտականությունները.
զ) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
5. Վարչության գործունեության դադարեցումը
9. Վարչությունը կարող է վերակազմավորվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: