ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
4 հուլիսի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Ահաբեկչության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն պայմանագիրն ստորագրվել է 1999 թ. հունիսի 4-ին Մինսկում` ահաբեկչության դեմ պայքարում միմյանց աջակցություն ցուցաբերելու և համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Պայմանագրով Կողմերը պարտավորվում են համագործակցություն իրականացնել ահաբեկչական ակտերի կանխման, բացահայտման, խափանման և քննության հարցերում:
Կողմերը համատեղ մշակում են առաջարկություններ ահաբեկչական ակտերի կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցերի նորմատիվ-իրավական կանոնակարգման համար:
Պայմանագրի շրջանակներում աջակցությունն իրականացվում է շահագրգիռ Կողմի հարցման հիման վրա:
Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը:
Պայմանագրի հիման վրա ստացված հարցման կատարման արդյունքները, առանց դրանք տրամադրող Կողմի համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն, որի համար դրանք պահանջվել և տրամադրվել են:
Ըստ պայմանագրի` հակաահաբեկչական կազմավորումների հատուկ միջոցները և ապահովման նյութերն ազատվում են մաքսային տուրքերից և մուծումներից:
Եթե ուղարկող Կողմի հատուկ հակաահաբեկչական կազմավորման մասնակիցը սույն պայմանագրի իրագործման հետ կապված խնդիրները լուծելիս ընդունող Կողմի տարածքում վնաս է հասցնում որևէ անձի կամ կազմակերպության, ապա վնասը հատուցում է ընդունող Կողմը:
Կողմերի իրավասու մարմինները կարող են միմյանց հետ կնքել սույն պայմանագրի կատարման կարգն առավել մանրամասն կանոնակարգող համաձայնագրեր:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն պայմանագրից` կարգավորելով պայմանագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական և մյուս պարտավորությունները:
Սույն պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, Կողմերի համաձայնությամբ, դրան կարող են միանալ այլ պետություններ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Ահաբեկչության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 1999 թվականի հունիսի 4-ին Մինսկում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|