ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
10 հունվարի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, հրավիրված` ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Վ. Գաբրիելյանի և իրավաբանական վարչության պետ Լ. Ամիրջանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56, 67 և 21 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունը, հրավիրված Վ. Գաբրիելյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում` Կողմերի միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաև այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական և քիմիական զենքերի, ինչպես նաև այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը կանխելու նպատակով:
Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն:
Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն:
2. Համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է նախատեսվող գործողություններն իրականացնելու նպատակով հեշտացնել ՀՀ տարածք ԱՄՆ-ի կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը, ինչպես նաև սահմանվում են նախատեսվող միջոցների փոխադրման կարգն ու պայմանները:
3. Յուրաքանչյուր Կողմ նշանակում է սույն համաձայնագրի իրականացման համար պատասխանատու գործադիր գերատեսչություններ, որոնց միջոցով Կողմերը կկնքեն առանձին պայմանագրեր կամ ձեռք կբերեն գրավոր պայմանավորվածություններ:
Հայաստանի Հանրապետության կողմից, մասնավորապես, այդպիսիք են հանդիսանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ազգային անվտանգության նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ պետական եկամուտների նախարարությունը:
4. Համաձայնագրով ՀՀ կառավարությունը նաև պարտավորվում է.
- առանց ԱՄՆ-ի կառավարության նախօրոք գրավոր համաձայնության չփոխանցել ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված սարքավորումների, նյութերի, տեխնոլոգիաների, ուսուցման և ծառայությունների սեփականության կամ տիրապետման իրավունքը որևէ այլ անձի, թույլ չտալ դրանց օգտագործումն այլ նպատակներով, ապահովել դրանց անվտանգությունը, պաշտպանել դրանք յուրացումից կամ փոխակերպումից.
- ազատել ԱՄՆ-ի կառավարությունը, բացառությամբ համապատասխան պայմանագրերով նախատեսված հայցերի, դատական պատասխանատվությունից և հայցերից` համաձայնագրի կատարման հետ կապված գործողությունների իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում որևէ անձի սեփականությանը հասցված կորստի կամ վնասի համար, և չպահանջել ԱՄՆ-ի կառավարությունից, նրա աշխատակիցներից, կապալառուներից և նրանց ծառայողներից ցանկացած անձի մահվան կամ վիրավորվելու հետ կապված փոխհատուցում:
Համաձայնագրին համապատասխան նման փոխհատուցում Կողմերը կարող են իրականացնել իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով:
5. Ըստ համաձայնագրի` ԱՄՆ-ի կառավարությունը և նրա աշխատակիցները, կապալառուներն ու կապալառուների աշխատակիցները սույն համաձայնագրի կատարման ընթացքում ՀՀ տարածքում ազատվում են հարկեր, մաքսային և այլ տուրքեր վճարելուց, իսկ ԱՄՆ-ի ռազմական կամ քաղաքացիական անձնակազմերը, որոնք սույն համաձայնագրի իրականացման շրջանակներում գտնվում են ՀՀ տարածքում, օգտվում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիայով վարչական և տեխնիկական անձնակազմերի համար նախատեսված անձեռնմխելիությունից ու արտոնություններից:
6. Ըստ համաձայնագրի` անկախ դրա գործողության դադարեցումից, ՀՀ կառավարությունը պարտավոր է շարունակել անժամկետ կատարել սույն համաձայնագրի 6 և 7 հոդվածներով նախատեսված պարտավորությունները, եթե Կողմերի միջև լրացուցիչ գրավոր համաձայնությամբ այլ բան չնախատեսվի:
7. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը նախադրյալներ է ստեղծում իր միջազգային, այդ թվում ԱՊՀ շրջանակներում ստանձնած մի շարք պարտավորությունների կատարման համար` զանգվածային ոչնչացման զենքի չտարածման և երկակի նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների և ծառայությունների արտահանման վերահսկման ոլորտներում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|