ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
23 մայիսի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1999 թվականի ապրիլի 30-ին Թբիլիսիում ստորագրված` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիության մասին լրացուցիչ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է Կողմերի ներկայացուցիչների համար իրենց պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում արտոնություններ և անձեռնմխելիություն սահմանելու նպատակով:
Արձանագրությամբ ՍԾՏՀ կազմակերպությանը, նրա սեփականությանը և ակտիվներին տրամադրվում է անձեռնմխելիություն բոլոր տեսակի իրավական գործողություններից, միաժամանակ սահմանելով ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի որոշմամբ այդ անձեռնմխելիությունից հրաժարվելու հնարավորություն:
Արձանագրության համաձայն` անձեռնմխելիությունից օգտվում են նաև ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությունը, նրա սեփականությունը և ակտիվները, ՍԾՏՀ արխիվները և բոլոր փաստաթղթերը, իսկ պաշտոնական նամակագրությունը և պաշտոնական հաղորդակցությունները, հրապարակումներն ու այլ նյութերն ազատվում են գրաքննությունից:
Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ` ՍԾՏՀ-ն, նրա ակտիվները, եկամուտները և սեփականությունն ուղղակի հարկերից ազատելու, ներմուծվող և արտահանվող առարկաները մաքսատուրքերից կամ լրացուցիչ ֆինանսական պարտավորություններից ազատելու, պաշտոնական օգտագործման նպատակով սեփականության իրավունքով ձեռք բերվող գույքը մաքսատուրքերից և հարկերից ազատելու, ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության անձնակազմին վճարված աշխատավարձը հարկերից ազատելու կապակցությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1999 թվականի ապրիլի 30-ին Թբիլիսիում ստորագրված` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիության մասին լրացուցիչ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|