ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 1991 թվականի N 670
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1991 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հավանություն տալ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (այսուհետև` ՀՊՃՀ) գլխավոր պլանի հիմնական սկզբունքներին:
2. Հիմնել ՀՊՃՀ-ի հոգաբարձուների խորհուրդ և հաստատել նրա կանոնադրությունը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` ՀՊՃՀ-ի հետ համատեղ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջարկություն ՀՊՃՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմի մասին:
4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը և ՀՊՃՀ-ի հոգաբարձուների խորհրդին`
ա) քննարկել և հաստատել ՀՊՃՀ-ի գլխավոր պլանը.
բ) ապահովել 1991/92 ուսումնական տարում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի անցումը ՀՊՃՀ-ի գլխավոր պլանով նախատեսված կառավարման համակարգի կառուցվածքին.
գ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՊՃՀ-ի կանոնադրությունը:
5. Հանձնարարել ՀՊՃՀ-ի հոգաբարձուների խորհրդին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՊՃՀ-ի պրեզիդենտի թեկնածությունը:
6. Համարել նպատակահարմար ՀՊՃՀ-ում կիրառելու ճարտարագիտական կրթության եռաստիճան համակարգ` ճարտարագիտության բակալավրի, ճարտարագիտության մագիստրոսի և հետազոտող ճարտարագետի որակավորման աստիճանների շնորհումով:
7. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` ՀՊՃՀ-ի հետ համատեղ 6-ամսյա ժամկետում քննարկել և լուծել ճարտարագիտական բնույթի միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի վրա ՀՊՃՀ-ի ճարտարագիտական քոլեջների համակարգի ձևավորման հարցը, նկատի ունենալով քոլեջների առաջադեմ ուսանողների ուսման շարունակում ՀՊՃՀ-ի համապատասխան ինստիտուտներում` երկամյա ուսուցման արդյունքներով:
8. Հանձնարարել պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
ա) Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի տեղակայման հարցը լուծելու համար անհրաժեշտ միջոցառումների պլան.
բ) ՀՊՃՀ-ի Երևանի կրթահամալիրի տարածքային տեղաբաշխման նախագիծը, գործող և նոր մասնաշենքերի հիմնական նորոգման և վերակառուցման պլանը:
9. Թույլատրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին`
ա) գիտափորձի կարգով կիրառել պրոֆեսորադասախոսական անձնակազմի (այդ թվում նաև արտասահմանյան մասնագետների) հավաքագրման պայմանագրային համակարգ.
բ) ՀՊՃՀ-ի կանոնադրության համաձայն, ֆինանսավորման ընդհանուր ծավալի շրջանակներում, ինքնուրույն որոշել համալսարանի կառուցվածքը, հաստիքները, պրոֆեսորադասախոսական, գիտահետազոտական ու ուսումնաօժանդակ անձնակազմի թվաքանակը, վարձատրման պայմանները և չափը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |