ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 1991 թվականի N 415
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ մտցնել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին, 3-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկությունները և տնտեսավարող մյուս սուբյեկտները ազատ են զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեության տեսակներով, բացառությամբ այն տեսակների, որոնք պետության մենաշնորհ են հանդիսանում, համաձայն N 1 ցանկի, կամ որոնցով զբաղվելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան պետական կառավարման մարմինների լիցենզիան (թույլտվությունը), համաձայն N 2 ցանկի»:
«3. Բոլոր տեսակի ձեռնարկությունները կարող են իրականացնել լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեության միայն պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից թույլտվություն ստանալուց հետո:
Մինչ սույն որոշման ընդունվելը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով արդեն զբաղվող ձեռնարկությունները (բացառությամբ գործող պետական ձեռնարկությունների) պարտավոր են այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1991 թվականի սեպտեմբերի 1-ը ստանալ համապատասխան լիցենզիա»:
Գործող պետական ձեռնարկությունները լիցենզավորման ենթակա գործունեության նոր` ոչ պրոֆիլային տեսակներով զբաղվելու համար պարտավոր են ստանալ սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված մարմնի (վերադասի` նախարարության, գերատեսչության, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ) թույլտվությունը` համաձայնեցնելով լիցենզավորված մարմնի հետ: Այս կարգը գործում է նաև պետական փոքր ձեռնարկություն ստեղծելու ժամանակ:
«6. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի մարտի 5-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի դեկտեմբերի 29-ի «Կոոպերացիայի մասին ԽՍՀ օրենքի համաձայն կոոպերատիվների առանձին տեսակի գործունեության կարգավորման մասին» N 1468 որոշումը» N 103 որոշումը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 22-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի մայիսի 31-ի «Գործունեության տեսակների լրացուցիչ ցանկի մասին, որոնցով կոոպերատիվները իրավասու չեն զբաղվելու» N 540 որոշումը» N 305 որոշումը.
բ) նշված որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. Որևէ գործունեության լիցենզիա ստանալու նպատակով սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված ձեռնարկությունները և անհատները ներկայացնում են հայտ պետական կառավարման համապատասխան մարմիններին, որին կցում են տվյալ գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը».
գ) նույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակների N 1 ցանկի 7-րդ կետը լրացնել հետևյալ բառերով` «կնիքների և դրոշմակնիքների պատրաստում».
դ) որոշմանը կցված Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների N 2 ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում հաստատել լիցենզավորման համար անհրաժեշտ վճարի չափը, ինչպես նաև դրա օգտագործման կարգը:
3. Լիցենզավորող բոլոր նախարարություններին, կազմակերպություններին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմին ներկայացնել համապատասխան գործունեության տեսակի լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և գործունեությունն արգելող հիմնավորումները:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմին` երեքշաբաթյա ժամկետում մշակել և բոլոր շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին ուղարկել լիցենզավորման հայտերի միասնական ձևերի, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր տեսակների համար անհրաժեշտ փաստաթղթերը:
5. Հանձնարարել շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող բոլոր սուբյեկտներին գրանցել միայն համապատասխան պետական մարմիններից գործունեության լիցենզիա ստանալուց հետո:
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` քննարկել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել առաջարկություններ թանկարժեք մետաղների և կիսաթանկարժեք քարերի արտադրության և վաճառքի հետ կապված գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի փոփոխությունների վերաբերյալ:
7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Ցանկ 2
Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները
Լիցենզավորող մարմնի անվանումը | Գործունեության տեսակը |
1 | 2 |
Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչություն |
օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպում |
Անդրերկաթուղու Երևանի բաժանմունք |
երկաթուղային տրանսպորտի (բացի ներտնտեսայինից) աշխատանքի կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության կապի նախարարություն |
կապի տեխնիկական համակարգերի արտադրություն և սպասարկում |
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե |
հեռուստահաղորդումների տեխնիկական համակարգերի արտադրություն և սպասարկում, այդ թվում կաբելային հեռուստատեսություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
ջրամբարների կառուցում և շահագործում |
«Հայարդշինանյութեր» ԱՄ (էկոնոմպետկոմի քվոտաների սահմաններում ՀՀ էկոնոմպետկոմ *) |
բնական շինանյութերի արդյունահանում և շահագործում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտե |
ընդերքի ռեսուրսային ներուժի (պոտենցիալի) շահագործում, այդ թվում` մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների, ստորգետնյա, հանքային և քաղցրահամ ջրերի |
ընդերքը որպես պահեստարանների օգտագործում և շահագործում | |
թանկարժեք մետաղների և կիսաթանկարժեք քարերի արտադրություն, այդ նյութերի օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք | |
հիդրոկայանների և էներգիայի այլընտրանքային աղբյուրի հիման վրա էներգիա արտադրող օբյեկտների կառուցում և շահագործում | |
կենցաղային քիմիայի ապրանքների արտադրություն | |
բորսաների կազմակերպում և բորսային միջնորդային ծառայություններ (ֆոնդային բորսաների լիցենզիան տրվում է ֆինանսների նախարարության հետ համատեղ) | |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
բոլոր կարգի վիճակախաղերի կազմակերպում և անցկացում |
շահումներով խաղերի անցկացում և խաղատների (կազինոյի) կազմակերպում | |
ապահովագրական գործունեություն աուդիտորական ծառայություն | |
ԽՍՀՄ պետբանկի հայկական հանրապետական բանկ |
բանկային գործի կազմակերպում, արժեթղթերի պատրաստում և արժութային աճուրդների կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և լեռնային հսկողության կոմիտե |
պայթեցման աշխատանքների իրականացում |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն |
անվտանգության, պահնորդային և խուզարկուական ծառայություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
ցանկացած տեսակի բժշկական օգնություն, բացի ոչ տեխնիկական միջոցներով կատարվող ախտորոշումից |
դեղամիջոցների պատրաստում, վաճառք | |
օծանելիքների և գեղարարության նյութերի արտադրություն | |
Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության նախարարություն |
սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի արտադրություն |
Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարություն |
գրավատների կազմակերպում |
հասարակական սննդի կազմակերպում և իրացում ալկոհոլային խմիչքների վաճառք | |
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտե, Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարություն |
հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպում |
ԽՍՀՄ պետստանդարտի հայկական հանրապետության վարչություն |
չափիչ սարքերի արտադրություն, ստուգում, նորոգում և կարգավորում |
Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտե |
նախագծահետազոտական աշխատանքների կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն |
օրենսդրական ակտերի, նորմատիվ այլ փաստաթղթերի հրատարակում և բազմացում |
իրավաբանական ծառայություն |
*) Գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների համար գործունեության թույլտվությունը (լիցենզիան) տրվում է «Հայարդշինանյութեր» ԱՄ-ի կողմից, նոր ստեղծվող ձեռնարկություններին և կազմակերպություններին` ՀՀ էկոնոմպետկոմի կողմից: