«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10504047
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 փետրվարի 2004 թ. |
N 28-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N1 հավելվածի 8-րդ կետի ի) ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել.
ա) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքի վարման կարգը համաձայն N 1 հավելվածի (կցվում է),
բ) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքի հանձնաժողովի կազմը համաձայն N 2 հավելվածի (կցվում է):
Նախարար` |
Վ. Այվազյան |
Հավելված N 1 | |
ՀՀ բնապահպանության նախարարի 16 փետրվարի 2004 թ. N 28-Ն հրամանով |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների տեսակները, ենթատեսակները (այսուհետև՝ վայրի կենդանիներ) կենդանիների Կարմիր Գրքում գրանցելու և գրանցումից դուրս բերելու շարունակական գործընթացների նախապատրաստման և վարման կարգը:
(1-ին կետը փոփ. 10.09.13 N 214-Ն)
1.1 Կարմիր գրքի վարումն իր մեջ ներառում է վայրի կենդանիների տեսակները, ենթատեսակները Կարմիր գրքում գրանցելու և Կարմիր գրքից դուրս բերելու գործընթացի նախապատրաստական աշխատանքները՝ տեղեկատվության հավաք, տվյալների ամփոփում և առաջարկությունների տրամադրում Կարմիր գրքի հանձնաժողովի քարտուղարին, ինչպես նաև Կարմիր գրքի հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա Կարմիր գրքում համապատասխան փոփոխության ապահովումը:
(1.1-ին կետը լրաց. 10.09.13 N 214-Ն)
2. Կենդանիների Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող կենդանիների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին:
3. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքում վայրի կենդանիների տեսակների, ենթատեսակների գրանցման համար հիմք են հանդիսանում գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան մասնագիտական կազմակերպության կողմից հաստատված կարծիքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող վայրի կենդանիների քանակի և տարածման սահմանների կրճատումը, գոյության պայմանների վատթարացումը և անհետացման վտանգը:
(3-րդ կետը լրաց. 10.09.13 N 214-Ն)
3.1. Ներկայացված կարծիքն իր մեջ ներառում է նաև առաջարկություն Կարմիր գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների սույն կարգի 4-րդ կետում նշված կարգավիճակի վերաբերյալ:
(3.1-ին կետը լրաց. 10.09.13 N 214-Ն)
4. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների կարգավիճակի որոշման համար հիմք է հանդիսանում Բնության պահպանության միջազգային միության կողմից մշակված բնապահպանական կարգավիճակների սանդղակը:
5. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքից վայրի կենդանիների տեսակների, ենթատեսակների դուրս բերման համար հիմք են հանդիսանում դրանց բարվոք վիճակի մասին նոր գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան գիտահետազոտական ինստիտուտի կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից հաստատված կարծիքը:
(5-րդ կետը լրաց. 10.09.13 N 214-Ն)
6. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գիրքը հավելումի ձևով կարող է ընդգրկել նաև Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքից դուրս բերված տեսակների, ենթատեսակների ցանկը, Բնության պահպանության միջազգային միության բնապահպանական կարգավիճակների սանդղակը, Կարմիր Գրքին առնչվող նորմատիվային այլ ակտեր:
(6-րդ կետը լրաց. 10.09.13 N 214-Ն)
7. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքում վայրի կենդանիների տեսակների, ենթատեսակների գրանցումը և գրանցումից դուրս բերելն իրականացվում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքի Հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
(7-րդ կետը լրաց. 10.09.13 N 214-Ն)
8. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարն է:
9. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը վարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը:
(9-րդ կետը խմբ. 10.09.13 N 214-Ն, փոփ. 05.05.17 N 119-Ն)
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
10. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:
11. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ իրենց համաձայնությամբ:
12. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
13. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովը ստեղծվում է հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների տեսակները, ենթատեսակները Կարմիր գրքում գրանցելու ու գրանցումից դուրս բերելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու նպատակով:
(13-րդ կետը փոփ., լրաց. 10.09.13 N 214-Ն)
14. Հանձնաժողովի գործառույթներն են.
ա) գիտահետազոտական, կրթական, այլ պետական և հասարակական կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց կողմից սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերի պահանջներին համապատասխան ներկայացված վայրի կենդանիների տեսակների, ենթատեսակների Կարմիր Գրքում գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու առաջարկությունների քննարկում,
բ) ստացված առաջարկությունների վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրությունների կազմակերպում,
գ) ստացված տեղեկատվության հիման վրա վայրի կենդանիների տեսակների, ենթատեսակների վիճակի վերլուծության իրականացում, սույն կարգի 4-րդ կետի համապատասխան նրանց կարգավիճակների և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքում դրանց գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու վերաբերյալ եզրակացությունների ընդունում,
դ) այլ կազմակերպչական հարցեր՝ կապված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքի պատրաստման և վերահրատարակման հետ:
(14-րդ կետը փոփ., լրաց. 10.09.13 N 214-Ն)
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, ոչ պակաս, քան տարին 1 անգամ:
16. Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
17. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերի անցկացումը, Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում ստացված առաջարկությունները և կազմում արձանագրություն:
18. Հանձնաժողովը կազմվում է 15 անդամից:
(18-րդ կետը փոփ. 05.05.17 N 119-Ն)
19. Հանձնաժողովի նիստերը համարվում են կայացած անդամների 2/3-ի մասնակցության դեպքում:
20. Հայաստանի Հանրապետության վայրի կենդանիների Կարմիր Գրքում նոր տեսակների, ենթատեսակների գրանցման կամ գրանցումից դուրս բերման վերաբերյալ եզրակացությունն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ այլ հարցերի վերաբերյալ՝ նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
(20-րդ կետը լրաց. 10.09.13 N 214-Ն)
21. Հանձնաժողովի նիստի եզրակացությունը ստորագրվում է նախագահի և քարտուղարի կողմից և տրամադրվում հանձնաժողովի անդամներին և սույն կարգի 9-րդ կետում նշված՝ Կարմիր գրքի վարման համար պատասխանատու ստորաբաժանմանը:
(21-րդ կետը լրաց. 10.09.13 N 214-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 10.09.13 N 214-Ն, փոփ. 05.05.17 N 119-Ն)
Հավելված N 2 | |
ՀՀ բնապահպանության նախարարի 16 փետրվարի 2004 թ. N 28-Ն հրամանով |
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Մինասյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ), |
Է. Գրիգորյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ), |
Խ. Հակոբյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ, |
Ա. Թարզյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, |
Գ. Մանուչարյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար), |
Ո. Գրիգորյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության կենսաբազմազանության և կենսաանվտանգության պահպանության քաղաքականության բաժնի պետ, |
Ս. Բալոյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, |
Բ. Գաբրիելյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, |
Հ. Խաչատրյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտքարտուղար, կենսաբանական գիտությունների թեկնածու, |
Մ. Քալաշյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, |
Մ. Ղասաբյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, |
Մ. Առաքելյան | Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, |
Ա. Ղազարյան | Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոն, կենսաբանական գիտությունների թեկնածու, |
Խ. Պիպոյան | Խ. Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, |
Կ. Մանվելյան | Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն: |
(հավելվածը խմբ. 02.10.07 N 316-Ն, 10.09.13 N 214-Ն, փոփ. 14.07.14 N 181-Ն, խմբ. 05.05.17 N 119-Ն, փոփ. 07.07.17 N 221-Ն)