«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հոկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 32617419
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 հոկտեմբերի 2017 թ. |
N 1204-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՋՐԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված հավելվածի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված 1-ի 16-րդ կետի 1-ին ենթակետով`
Հրամայում եմ`
1. Սահմանել ջրափրկարարական աշխատանքների կատարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետին` սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Տոնոյան |
Հավելված |
ԿԱՐԳ
ՋՐԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են ջրային և (կամ) ջրածածկված տարածքներում ջրափրկարարական աշխատանքների կազմակերպման, ղեկավարման, ինչպես նաև մարդկանց ջրահեղձման, աղետալի իրավիճակում հայտնվելու, ջրային տարածքներում նավաբեկման և այլ վտանգի դեպքերում անհրաժեշտ միջոցառումների իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Ջրափրկարարական աշխատանքների նպատակն է ջրային տարածքներում տուժած մարդկանց և կենդանիների օգնության ցուցաբերումը, նրանց կյանքի և առողջության, ինչպես նաև նյութական և մշակութային արժեքների փրկումը:
3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) ջրային միջավայրում տուժած - անձ, որը ջրային միջավայրում ինքնուրույն ի վիճակի չէ ապահովել իր կյանքի և առողջության պահպանումը և ունի կողմնակի օգնության կարիք.
2) ջրահեղձված մարդ - ջրում գտնվելու հետևանքով ջրի բացասական ազդեցությունից մահացած մարդ.
3) ջրափրկարար - ջրափրկարարական աշխատանքներ կատարելու համար նախապատրաստված և Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորված ֆիզիկական անձ.
4) ջրասուզակ - մասնագետ, որն ունի համապատասխան որակավորում, բժշկական եզրակացություն, ստորջրյա աշխատանքներ կատարելու արտոնագիր, ջրասուզակի անձնական գրքույկ(վկայական) և կարողանում է կատարել ստորջրյա աշխատանքներ.
5) ջրափրկարարական աշխատանք - գործունեության բնագավառ, որն իր մեջ ներառում է ջրային տարածքներում շուրջօրյա կամ սեզոնային հերթապահության կազմակերպում, ինչպես նաև ջրափրկարարական և ջրասուզական գործողություններ.
6) 1-ին խմբի ջրասուզակ - ծանր տեսակի ջրասուզական գույք-հանդերձանքով միայն ստորջրյա տեխնիկական աշխատանքներ կատարող ջրասուզակ.
7) 2-րդ խմբի ջրասուզակ - թեթև տեսակի ջրասուզական գույք-հանդերձանքով ջրափրկարարական և ստորջրյա տեխնիկական աշխատանքներ կատարող ջրասուզակ.
8) 3-րդ խմբի ջրափրկարար-ջրասուզակ - թեթև տեսակի ջրասուզական գույք-հանդերձանքով վերջրյա փրկարարական աշխատանքներ կատարող ջրասուզակ.
9) ջրափրկարարական ուժեր - ջրափրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, անհրաժեշտ միջոցներով հագեցված, համապատասխան դասընթացներ անցած և որակավորված ջրասուզակներով համալրված մասնագիտացված ստորաբաժանումներ.
10) ջրասուզական (ստորջրյա) աշխատանք - գործունեության բնագավառ, որն իր մեջ ներառում է ջրասուզական գույք-հանդերձանքով մարդու ստորջրյա սուզումներին առնչվող բոլոր գործառույթները.
11) վերջրյա և ստորջրյա ջրափրկարարական աշխատանքներ - ջրասուզակների կողմից կատարվող աշխատանքներ, որոնք ուղղված են մարդկանց և կենդանիներին փրկելուն.
12) վթարափրկարարական աշխատանք ջրային տարածքներում - վթարված նավերին և հիդրոլոգիական կառույցներին օգնություն ցուցաբերելու նպատակով ջրասուզակների կողմից կատարվող աշխատանք.
13) նավավերհանման աշխատանքներ - ջրասույզ եղած նավի ուսումնասիրման, նրա վերհանման նախապատրաստման և վերհանման համար կատարվող ջրասուզական աշխատանքներ.
14) ստորջրյա տեխնիկական աշխատանքներ - ջրասուզակի կողմից կատարվող աշխատանքներ` ջրատարածքների ուսումնասիրման, կառուցապատման, հիդրոլոգիական կառույցների սպասարկման և վերանորոգման, կապուղիների փռման, վերանորոգման և այլ աշխատանքներ կատարելու նպատակով.
15) նավափրկարարական աշխատանքներ - վթարված նավերին և նրանց անձնակազմին օգնություն ցուցաբերելու նպատակով ջրասուզակների կողմից կատարվող աշխատանքներ.
16) հատուկ մասնագիտական աշխատանքներ - ջրասուզակների կողմից կատարվող աշխատանքներ, որոնք կատարվում են գիտահետազոտական ուսումնասիրությունների և նոր ստեղծված ջրասուզական տեխնիկական միջոցների փորձարկման համար.
17) որոնողական աշխատանքներ - ջրում կորած մարդկանց, կենդանիների և առարկաների որոնողական աշխատանքներ:
II. ՋՐԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
4. Ջրափրկարարական աշխատանքներն իրենց բնույթով դասակարգվում են հետևյալ տեսակների`
1) վերջրյա և ստորջրյա ջրափրկարարական.
2) որոնողական.
3) վթարափրկարարական.
4) նավավերհանման.
5) ստորջրյա-տեխնիկական.
6) նավափրկարարական.
7) հատուկ մասնագիտական:
5. Բարձր վտանգավորության ջրասուզական աշխատանքներն են`
1) ստորջրյա պայթեցումները.
2) վթարափրկարարական գործողությունները.
3) նավավերհանումը.
4) ջրային տարածքներում վթարված տրանսպորտային միջոցներից մարդկանց փրկումը.
5) ջրահեղձվածների դիակների ստորջրյա որոնումները.
6) ջրի հոսքի 0.5 մ/վրկ ավելի արագության դեպքում կատարվող գործողությունները:
6. Ջրասուզական աշխատանքների բարենպաստ պայմաններն են`
1) սուզման խորությունը` ցերեկային պայմաններում - մինչև 12 մ.
2) օդի ջերմաստիճանը - 00C-ից բարձր.
3) մթնոլորտային ճնշումը – 700-ից 760 մմ սնդիկի սյուն.
4) ջրի ջերմաստիճանը +15-ից +25 աստիճան C.
5) տեսանելիությունը ջրում - 1 մետրից ոչ պակաս.
6) ջրի հոսանքի արագությունը 0,5 մ/վրկ-ից ոչ ավելի.
7) ալիքայնությունը- 2 բալից ոչ ավելի.
8) ջուրը վարակված չէ թունավոր նյութերով.
9) ջուրը չի պարունակում նավթամթերք, տնտեսական թափոններ, կոյուղաջրեր.
10) աշխատանքը կատարվում է մաքուր ապարահատակին.
11) կատարվում է խորտակված նավի բաց տախտակամածի վրա:
7. Ջրափրկարարական ստորջրյա աշխատանքներ չի թույլատրվում հետևյալ դեպքերում՝
1) անսարք, չստուգված, թերի լրակազմված ջրասուզական հանդերձանքով.
2) կապի միջոցների բացակայության դեպքում.
3) գիշերային սուզումներ կատարելիս լուսավորության միջոցների բացակայության դեպքում.
4) սուզումներն` առանց ջրասուզական դանակի (անկախ սուզման տեսակից և միջավայրից).
5) շնչասարքում համապատասխան քիմիական վերլուծության չենթարկված օդի օգտագործումով.
6) շնչասարքը սահմանված պահանջներին չհամապատասխանող օդով լիցքավորված լինելու դեպքում.
7) օդափոխվող գույք-հանդերձանքով` մինուս 300 C-ից պակաս ջերմաստիճանի դեպքում, հիդրոկոմբինեզոնով` մինուս 200 C-ից պակասի դեպքում.
8) իջեցման համակարգի վրա պաշտպանիչ հարմարանքների բացակայության դեպքում.
9) սուզումները` օդի ջերմաստիճանի մինչև մինուս 100C-ի և 7 բալ (14մ/վրկ) քամու ուժգնության դեպքերում.
10) օդի մինուս 150C-ի և քամու ուժգնության 5 բալ (7.5 մ/վրկ) դեպքում.
11) ջրի հոսանքի արագությունը 2 մ/վրկ գերազանցելու դեպքում.
12) ոչ կայուն լողամիջոցների նավակողից (յալ-2, բայդարկա, կանոե, ֆոֆան, ողնուցալաստ, մակույկ և այլն).
13) այն լողամիջոցներից, որոնք հուսալիորեն կայունացված չեն.
14) առափնյա կառույցներից` ջրի 2 բալից ավելի ալեկոծության դեպքում: 3 բալից ավելիի դեպքում թույլատրվում են մարդկանց փրկելու համար սուզումներ կատարել միայն անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու պայմանով.
15) նավիրանի տակ` նավի ամբողջ երկարությամբ, ապարահատակի (գրունտ) և նավատակի միջև 2 մ-ից պակաս տարածության դեպքում, հաշվի առնելով նավի ճոճումները ալեկոծության ժամանակ.
16) օդափոխվող հանդերձանքով սուզվելիս, իջեցման վերջույթից 20 մ-ից ավելի հեռանալու դեպքում.
17) բենզինի և այլ հեղուկների մեջ, որոնք ինտենսիվ քայքայում են ջրասուզական հանդերձանքը.
18) անկախ ջրասուզական հանդերձանքի տեսակից, ջրասուզակին ցատկել ջուրը.
19) ջրասուզակին իջեցնել ջուրը` կախելով ազդանշանային պարանից, մալուխ ազդակից կամ փողրակից.
20) ջրասուզակի ինքնուրույն իջնելը խարսխաշղթայով, բեռնաճոպանով, խողովակաշարը պահող հարմարանքներով:
8. Բացառիկ դեպքերում` մարդկային կյանքեր փրկելու համար, կարող են արդարացված ռիսկի սահմաններում թույլատրվել անխուսափելի շեղումներ նորմատիվային փաստաթղթերի պահանջներից, որոնք կարգավորում են ջրափրկարարական աշխատանքի անվտանգության պահանջները:
9. Նորմատիվ կանոններից և պահանջներից շեղումով աշխատանքների կատարման վերջնական որոշումն ընդունում է ջրասուզակը: Արգելվում է ջրասուզակին ստիպել, համոզել կամ դրդել նման աշխատանքի կատարման` առանց վերջինիս համաձայնության:
III. ՋՐԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՈՒԺԵՐԸ, ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
10. ՀՀ տարածքում ջրափրկարարական աշխատանքների կազմակերպումը, համակարգումն ու ղեկավարումը իրականացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) փրկարար ծառայության (այսուհետ` ՓԾ) տնօրենը կամ նրա կողմից նշանակված պաշտոնատար անձինք:
11. Ջրափրկարարական ուժեր են հանդիսանում ջրափրկարարական կազմավորումները (ստորաբաժանումները) և համապատասխան որակավորում ունեցող ջրափրկարարները:
12. Ջրափրկարարական միջոցներ են հանդիսանում ստորջրյա, վերջրյա, օդային որոնողական սարքերը, լողամիջոցները, անհատական փրկարարական միջոցները և ջրասուզակի համար նախատեսված գույք-հանդերձանքը:
13. ՀՀ տարածքում ջրափրկարարական աշխատանքներին անհրաժեշտության դեպքում իրենց համաձայնությամբ կարող են ներգրավեն նաև տարածքային ինքնակառավարման մարմինների ուժերն ու միջոցները:
14. Տեղական ինքնակառավարման մարմինները ջրափրկարարական աշխատանքների մասին տեղեկացվում են ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կողմից: Նրանց հաղորդվում է`
1) արտակարգ իրավիճակի տեսակը.
2) ջրափրկարարական աշխատանքների իրականացման վայրը կամ հավանական վայրը.
3) հնարավոր տուժածների թիվը.
4) առկա և վտանգավոր իրավիճակների մասին տեղեկությունները.
5) ներգրավված ուժերի և միջոցների մասին տեղեկությունները:
15. ՀՀ ԱԻՆ ՓԾ կողմից ջրափրկարարական աշխատանքներ սկսելու մասին որոշման ընդունումից հետո ջրափրկարարական ուժերը սկսում են ջրափրկարարական աշխատանքների իրականացումը:
16. Ջրափրկարարական ուժերը պետք է`
1) սահմանված ջրային տարածքներում` մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով, իրականացնել շուրջօրյա հերթապահություն.
2) ուժերն ու միջոցները պահել մշտական պատրաստականության վիճակում.
3) ջրային և ջրածածկման տարածքներում նավաբեկության, ջրահեղձման և այլ արտակարգ իրավիճակների դեպքում կազմակերպել և իրականացնել ջրափրկարարական աշխատանքներ.
4) ջրում տուժած մարդկանց փրկության կազմակերպում.
5) բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ժամանակ վթարային աշխատանքների իրականացում` ջրի մակերեսին և ջրի տակ.
6) մշտապես իրականացնել ջրափրկարարական ծառայության աշխատակիցների մասնագիտական հմտությունների կատարելագործում (ուսուցում, որակավորում, ատեստավորում).
7) ջրափրկարարական ծառայության նյութատեխնիկական բազայի կատարելագործում և համալրում, արդի տեխնոլոգիաների ներդրում ծառայության գործունեությունում:
17. Ջրափրկարարական ուժերն իրավունք ունեն`
1) լճերում, գետերում կամ աղետալի ջրածածկման տարածքներում տեղի ունեցած արտակարգ դեպքերի մասին ստանալու ամբողջական և ճշգրիտ տեղեկություններ.
2) ստանալ տեղեկություններ ջրափրկարարական աշխատանքներում ներգրավված ուժերի և միջոցների մասին:
18. Ջրային տարածքներում` երկարատև ջրափրկարարական աշխատանքներ իրականացնելիս ղեկավար մարմին կարող է հանդիսանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կամ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի կողմից նշանակված պաշտոնատար անձը կամ նրանց հրամանով ստեղծված հանձնաժողովը:
IV. ՋՐԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՋՐԱՍՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
19. Ջրային և աղետալի ջրածածկված տարածքներում տուժած մարդկանց փրկելու աշխատանքներ թույլատրվում է կատարել բոլոր այն մասնագիտական խմբերի ջրասուզակներին, որոնք տիրապետում են փրկման հնարքներին և տուժածներին կարող են ցուցաբերել առաջին բուժօգնություն:
20. 3-րդ խմբի ջրասուզակներին թույլատրվում է ջրում տուժած մարդկանց օգնություն ցուցաբերել և ջրից հանել միայն ներքին ջրատարածքների (ծովի, լճի) ափամերձ հատվածներում: Այս դեպքում փրկարարական ջրասուզական աշխատանքների պատասխանատու է հանդիսանում փրկարար կայանի պետը, մանևրային որոնողական խմբի պետը կամ ջրասուզակ մասնագետը:
21. 1-ին և 2-րդ խմբի ջրասուզակների կողմից աշխատանքներ կատարելիս անվտանգության պատասխանատուն է ջրափրկարարական կամ ջրասուզական աշխատանքների ղեկավարը:
22. Ջրասուզական փրկարարական աշխատանքները պետք է անցկացվեն կատարվող ստորջրյա աշխատանքների պայմաններին համապատասխան գույք-հանդերձանքով` հաշվի առնելով փրկարարական աշխատանքների բնույթը և օդերևութաբանական պայմանները:
23. Չի թույլատրվում 15 մ և ավել խորություններում աշխատանքների իրականացումը բարոխցիկի և բժիշկ մասնագետի բացակայության դեպքում:
24. Ջրասուզական և ջրափրկարարական աշխատանքների իրականացման վայրը անհրաժեշտ է ապահովել թիանավով կամ մոտորանավակով:
25. Հերթապահ ջրասուզակի համար նախատեսված գույք-հանդերձանքի համալիրը պետք է դասավորված լինի սուզման վայրի մոտ ափին, այնպես, որ ջրասուզակը 5 րոպեից ոչ ավելի ժամանակի ընթացքում կարողանա այն հագնել և սուզվել: Գույք-հանդերձանքի աշխատանքային ստուգումը ջրասուզակները կատարում են ամեն անգամ հերթապահությունն ընդունելիս:
26. Չի թույլատրվում ափային ալեբախության դեպքում ջրասուզակի կողմից տուժածին հորիզոնական լողանցումով ափ տեղափոխելը: Տուժածի տեղափոխումը ափ պետք է կատարվի լողամիջոցով:
27. Ջրասուզական փրկարարական աշխատանքները վթարային իրավիճակներում, տարերային աղետների ժամանակ, ջրի արագ հոսքի դեպքում (1մ/վրկ-ից արագ), կողմնակի առարկաներով ջրի մակերեսի աղտոտվածության պայմաններում, ինչպես նաև չուսումնասիրված ջրամբարներում պետք է իրականացնեն առավել փորձառու ջրասուզակները` ձեռք առնելով լրացուցիչ նախազգուշական միջոցներ:
28. Հետախուզության իրականացումն արտակարգ իրավիճակների տարածքում կատարվում է ջրի մակերեսին, ջրի տակ և օդից`
1) համագործակցելով վթարափրկարարական և այլ ծառայությունների հետ.
2) այլ գործառույթների իրականացումով, որոնք անհրաժեշտ են ծառայության հիմնական առաջադրանքների կատարման համար: