Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Եվրոպական համայնքների և դրանց Անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության` մյուս կողմից, միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրի`
Եվրոպական միության ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Շրջանակային համաձայնագրի մասին
Եվրոպական միությունը, այսուհետ` «Միություն»,
մի կողմից,
և
Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ` «Հայաստան»,
մյուս կողմից,
այսուհետ` «Կողմեր»,
նկատի ունենալով, որ
(1) Հայաստանը կնքել է Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը (այսուհետ` «Համաձայնագիր»)` Եվրոպական համայնքների և դրանց Անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի միջև` մյուս կողմից, որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ին,
(2) Եվրոպական խորհուրդը 2004թ. հունիսի 17-ից 18-ը Բրյուսելում տեղի ունեցած նիստի ընթացքում ողջունել է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկները, և հաստատել է 2004թ. հունիսի 14-ի Խորհրդի եզրակացությունները,
(3) հետագա բազմաթիվ առիթներով, Խորհուրդը բազմիցս որոշումներ է կայացրել հօգուտ այս քաղաքականության,
(4) 2007թ. մարտի 5-ին Խորհուրդը հայտնել է իր աջակցությունը Եվրոպական հանձնաժողովի 2006թ. դեկտեմբերի 4-ի հաղորդագրությունում ուրվագծված ընդհանուր և գլոբալ մոտեցմանը, որը հնարավորություն է ընձեռում Եվրոպական հարևանության քաղաքականության գործընկեր երկրներին, համաձայն իրենց արժանիքների, մասնակցելու Համայնքի գործակալություններին և Համայնքի ծրագրերին` այն դեպքերում, երբ իրավական հիմքերը թույլ են տալիս,
(5) Հայաստանը ցանկություն է արտահայտել մասնակցելու Միության մի շարք ծրագրերին,
(6) հատուկ դրույթները և պայմանները, մասնավորապես` ֆինանսական ներդրումը և հաշվետվությունների ու գնահատման ընթացակարգերը, որոնք վերաբերում են Հայաստանի մասնակցությանը յուրաքանչյուր կոնկրետ ծրագրին, պետք է սահմանվեն Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի իրավասու մարմինների միջև Փոխըմբռնման հուշագրում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Հայաստանը պետք է հնարավորություն ունենա մասնակցելու Միության այն բոլոր ընթացիկ և հետագա ծրագրերին, որոնք բաց են Հայաստանի մասնակցության համար` համաձայն այդ ծրագրերի հաստատման վերաբերյալ համապատասխան դրույթների:
Հոդված 2
Հայաստանը պետք է ֆինանսական ներդրում ունենա Եվրոպական Միության ընդհանուր բյուջեում` այն կոնկրետ ծրագրերին համապատասխան, որոնց մասնակցում է Հայաստանը:
Հոդված 3
Հայաստանի ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան, որպես դիտորդներ և Հայաստանին վերաբերող հարցերում, մասնակցելու այն ծրագրերի դիտարկման համար պատասխանատու կառավարման կոմիտեներին, որոնցում Հայաստանը ֆինանսական ներդրում ունի:
Հոդված 4
Հայաստանից մասնակիցների կողմից ներկայացվող ծրագրերի և նախաձեռնությունների վրա հնարավորին չափով պետք է տարածվեն միևնույն պայմանները, կանոնները և ընթացակարգերը, որոնք տվյալ ծրագրերի նկատմամբ կիրառվում են Անդամ պետությունների դեպքում:
Հոդված 5
Յուրաքանչյուր կոնկրետ ծրագրին Հայաստանի մասնակցությանն առնչվող հատուկ դրույթները և պայմանները, մասնավորապես` վճարման ենթակա ֆինանսական ներդրումը և հաշվետվությունների ու գնահատման ընթացակարգերը, պետք է սահմանվեն Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի իրավասու մարմինների միջև Փոխըմբռնման հուշագրում` հիմք ընդունելով տվյալ ծրագրերի կողմից հաստատված չափանիշները:
Եթե Միության կոնկրետ ծրագրի մասնակցելու նպատակով Հայաստանը դիմի Միության արտաքին աջակցության համար` հիմք ընդունելով Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2006թ. հոկտեմբերի 24-ի 1638/2006 կանոնակարգի (ԵՀ) հոդված 3-ը, որով սահմանվում են Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ընդհանուր դրույթները, կամ համաձայն Միության կողմից Հայաստանին արտաքին օգնություն տրամադրելու վերաբերյալ որևէ նմանատիպ կանոնակարգի, որը կարող է ընդունվել ապագայում, ապա Հայաստանի կողմից Միության արտաքին աջակցությունն օգտագործելու պայմանները պետք է սահմանվեն ֆինանսավորման համաձայնագրով` մասնավորապես հաշվի առնելով 1638/2006 կանոնակարգի (ԵՀ) հոդված 20-ը:
Հոդված 6
Հոդված 5-ի համաձայն կնքված յուրաքանչյուր Փոխըմբռնման հուշագիր, համաձայն Եվրոպական համայնքների ընդհանուր բյուջեի համար կիրառելի Ֆինանսական կանոնակարգման մասին 2002թ. հունիսի 25-ի 1605/2002 Խորհրդի կանոնակարգի (ԵՀ, Եվրատոմ), պետք է սահմանի, որ ֆինանսական վերահսկողությունը կամ աուդիտը կամ այլ ստուգումները, ներառյալ վարչական հետաքննությունները, կիրականացվեն Եվրոպական հանձնաժողովի, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի և Աուդիտորների դատարանի կողմից կամ նրանց իրավասության ներքո:
Ֆինանսական վերահսկողության և աուդիտի, վարչական միջոցառումների, տուգանքների և վերականգնումների վերաբերյալ պետք է սահմանվեն մանրամասն դրույթներ` հնարավորություն ընձեռելով Եվրոպական հանձնաժողովին, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակին և Աուդիտորների դատարանին ձեռք բերել Միությունում հիմնադրված շահառուների կամ կապալառուների նկատմամբ իրենց ունեցած իրավասություններին համարժեք իրավասություններ:
Հոդված 7
Սույն Արձանագրությունը կիրառվում է Համաձայնագրի ուժի մեջ լինելու ժամանակահատվածում:
Կողմերը ստորագրում և հաստատում են սույն Արձանագրությունը` համաձայն իրենց համապատասխան ընթացակարգերի:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է չեղյալ համարել սույն Արձանագրությունը` այդ մասին գրավոր ծանուցելով պայմանագրային մյուս Կողմին։
Սույն Արձանագրությունը դադարում է գործել այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 6 ամիս հետո:
Կողմերից ցանկացածի կողմից չեղյալ հայտարարելուց հետո Արձանագրության դադարեցումը չպետք է ազդեցություն ունենա ստուգումների և վերահսկողության վրա, որոնք իրականացվելու են 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթների համաձայն` ըստ նպատակահարմարության:
Հոդված 8
Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ քան երեք տարի հետո, և դրանից հետո յուրաքանչյուր երեք տարին մեկ, Կողմերը կարող են վերանայել սույն Արձանագրության իրականացման գործընթացը` Միության ծրագրերին Հայաստանի փաստացի մասնակցության հիման վրա:
Հոդված 9
Սույն Արձանագրությունը մի կողմից տարածվում է այն տարածքների վրա, որոնց նկատմամբ գործում է Եվրոպական միության գործունեության մասին պայմանագիրը` այդ Պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան, և մյուս կողմից` Հայաստանի տարածքի վրա:
Հոդված 10
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի` միմյանց ծանուցելու օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված 11
Սույն Արձանագրությունը հանդիսանում է Համաձայնագրի անբաժանելի մաս:
Հոդված 12
Սույն Արձանագրությունը կազմված է բուլղարերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, էստոներեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, իտալերեն, լատիշերեն, լիտվերեն, մալթերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն և հայերեն լեզուներով բնօրինակներից, ընդ որում տեքստերից յուրաքանչյուրը հավասարազոր է:
Կատարված է Բրյուսել քաղաքում, 2012թ. դեկտեմբերի 17-ին
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մարտի 1-ին