Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1994 թվականի ապրիլի 15-ի «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
1994 թվականի ապրիլի 15-ի «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) մասնակից պետությունները,
նպատակ ունենալով զարգացնել և խորացնել Համաձայնագրի դրույթները, արագացնել ազատ առևտրի գոտու կազմավորման գործընթացները,
համաձայնեցին Համաձայնագրում հետևյալ փոփոխությունները և լրացումները կատարելու մասին.
1. 1-ին հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությունում «կոնկրետ խնդիրների լուծման գործում» բառերից առաջ «Տնտեսական միության ստեղծման առաջին փուլի» բառերը փոխարինել «ազատ առևտրի գոտու ստեղծման» բառերով:
2. 1-ին հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «մաքսային տուրքերի, ինչպես նաև դրանց համարժեք ներգործություն ունեցող հարկերի և գանձումների և քանակական սահմանափակումների վերացմանը»:
3. 1-ին հոդվածի 1-ին կետի հինգերորդ և վեցերորդ պարբերությունները միավորել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար առևտրատնտեսական քաղաքականության իրականացման մեջ համագործակցություն՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, ֆինանսների, ներդրումների բնագավառներում և սոցիալական ոլորտներում, ինչպես նաև բարեխիղճ մրցակցության զարգացման մեջ և այլն»:
4. 1-ին հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող կողմերի մաքսային տարածքներում, ինչպես դրանք որոշված են իրենց ազգային օրենսդրությամբ»:
5. 1-ին հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությունը «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի՝ Վիեննայի կոնվենցիայի» բառերից հետո լրացնել «և ԱՏԳՀ/ԱՀԿ համաձայնագրերի» բառերով:
6. Համաձայնագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «1ա» հոդվածով.
«Հ ո դ վ ա ծ 1 ա
Համաձայնագրի դրույթների կատարման գծով Պայմանավորվող կողմերի գործողությունները համակարգող մարմին
Պայմանավորվող կողմերի կողմից սույն Համաձայնագրի կատարման ընթացքի հետևումը, նրանց առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ առաջարկությունների մշակումը, սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար տնտեսական քաղաքականության համաձայնեցումը և համակարգումն իրականացնում է Տնտեսական միության Միջպետական տնտեսական Կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե)»:
7. 2-րդ հոդվածը հանել:
8. 3-րդ հոդվածը վերանվանել հետևյալ կերպ.
«Մաքսային տուրքեր, ինչպես նաև դրանց համարժեք ներգործություն ունեցող հարկեր և տուրքեր, և քանակական սահմանափակումներ»:
9. 3-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.Պայմանավորվող Կողմերը չեն կիրառում մաքսային տուրքեր, ինչպես նաև դրանց համարժեք ներգործություն ունեցող հարկեր և տուրքեր և քանակական սահմանափակումներ այն ապրանքների ներմուծման և /կամ/ արտահանման նկատմամբ, որոնք ծագում են Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային տարածքից և նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմերի մաքսային տարածքների համար»:
10. 3-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պայմանավորվող կողմերի միջև առևտրում՝ նրանց համար սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու պահից, չեն մտցվի նոր, երկկողմ համաձայնագրերում նախկինում ամրագրված ներմուծման և /կամ/ արտահանման քանակական և սակագնային լրացուցիչ սահմանափակումներ և համարժեք ներգործություն ունեցող միջոցներ:
Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված առևտրային ռեժիմից բացառումները կիրառվում են երկկողմ փաստաթղթերի հիման վրա, որոնցում Պայմանավորվող կողմերը՝ սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից 12-ամսյա ժամկետում համաձայնեցնում են դրանց փուլային վերացումը և կտեղեկացնեն այդ մասին Կոմիտեին և սույն Համաձայնագրի ավանդապահին»:
11. 3-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն Համաձայնագրի նպատակների համար քանակական սահմանափակումների և այլ վարչական միջոցների տակ ենթադրվում են ցանկացած միջոցներ, որոնց կիրառումը ստեղծում է նյութական խոչընդոտ կամ սահմանափակում մի Պայմանավորվող կողմի տարածքի ծագում ունեցող ապրանքի ներմուծման համար մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ մի Պայմանավորվող կողմի տարածքի ծագում ունեցող ապրանքի արտահանման համար մյուս Պայմանավորվող կողմի տարածքից, ներառյալ՝ քվոտավորումը, լիցենզավորումը, գների և մատակարարման այլ պայմանների նկատմամբ հսկողությունը, արտահանման կամ ներմուծման նկատմամբ այլ հատուկ պահանջները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակի սահմանափակում են արտահանողի կամ ներմուծողի իրավունքները համանման ապրանքի՝ դրա ծագման պետության տարածքում գտնվող և տվյալ տարածքում գնում կամ վաճառք իրականացնող վաճառողի կամ գնորդի իրավունքների համեմատությամբ: Սույն հոդվածի դրույթները կիրառվում են առանց վնասելու Պայմանավորվող կողմերին և ոչ մի ձևով չեն ազդում Պայմանավորվող կողմերի կողմից այն միջոցների օգտագործման իրավունքի վրա, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրի 13-րդ և «13ա» հոդվածներով, ինչպես նաև այն միջոցների համար, որոնք կիրառվում են ցանկացած Պայմանավորվող կողմի կողմից այլ միջազգային պայմանագրով»:
12. 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ցանկացած այլ Պայմանավորվող Կողմի մաքսային տարածքից ծագող և իր տարածք ներմուծվող ապրանքներին տրամադրում է ազգային ապրանքների նկատմամբ կամ ցանկացած երրորդ երկրի ապրանքների նկատմամբ կիրառվող ռեժիմից ոչ վատ ռեժիմ՝ տեխնիկական պահանջների և որակին ներկայացվող պահանջների կապակցությամբ:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են առանց վնասելու այն միջոցները, որոնք Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ընդունել փորձերի արդյունքների, որակի հավաստագրերի մասին համաձայնությունների և այլ նմանատիպ համաձայնությունների կատարման նպատակով, ինչպես նաև մարդկանց, կենդանիների և բույսերի կյանքի ու առողջության վտանգի կամ վտանգի սպառնալիքի հավանականության դեպքերում:
3. Պայմանավորվող կողմերը համագործակցում և տեղեկատվություն են փոխանակում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում՝ տեխնիկական արգելքների և առևտրում այլ հատուկ պահանջների (սահմանափակումների) վերացման նպատակով:»
13. 5-րդ հոդվածի 2-րդ կետը «տեղեկացնել» բառից հետո լրացնել «Կոմիտեին» բառով:
14. 5-րդ հոդվածի 4-րդ կետը «ֆումիգացիա» բառից հետո լրացնել «և ներմուծման ու արտահանման հետ կապված այլ ընթացակարգերին» բառերով:
15. 7-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասության մեջ «Պայմանավորվող կողմերը» բառերից հետո հանել «անհրաժեշտության դեպքում» բառերը:
16. 8-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակության պարբերությամբ.
«Այդ ապրանքներին տրամադրվում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան համանման հայրենական ապրանքներին տրամադրվող ռեժիմը՝ ներքին շուկայում դրանց վաճառքը, վաճառքի, գնման, փոխադրման, բաշխման կամ օգտագործման առաջարկը շոշափող բոլոր օրենքների, կանոնների և պահանջների կապակցությամբ»:
17. Համաձայնագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «8ա» հոդվածով.
«Հ ո դ վ ա ծ 8 ա
Անուղղակի հարկերի կիրառման կարգը
1. Պայմանավորվող կողմերը փոխադարձ առևտրում աննուղղակի հարկերով չեն հարկում (ԱԱՀ, ակցիզներով) այն ապրանքները (աշխատանքները, ծառայությունները), որոնք արտահանվում են Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային տարածքից մյուս Պայմանավորվող կողմի մաքսային տարածք:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դրույթը նշանակում է ԱԱՀ հարկումը զրոյական դրույքաչափով, ինչպես նաև արտահանվող ապրանքների ազատումը ակցիզներից: Սույն Համաձայնագրի մասնակից պետություններում, որոնցում ազգային օրենսդրությամբ նախատեսված չէ ԱԱՀ-ով հարկում զրոյական դրույքաչափով, կիրառվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատումը ԱԱՀ-ից:
3. Սույն հոդվածով նախատեսված անուղղակի հարկերի կիրառման կարգը գործողության մեջ է դրվում 2000 թվականի հունվարի 1-ից, Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան»:
18. 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ կետերով.
«2. Պայմանավորվող կողմերն ապահովում են լրավճարների /սուբսիդիաների/ տրամադրման հետ կապված միջոցառումների թափանցիկությունը Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով տեղեկատվության փոխանակման միջոցով:
3. Կոմիտեն հետևում է արտահանմանը ցուցաբերվող պետական աջակցության համակարգից տարբերվող լրավճարների /սուբսիդիաների/ կիրառման հետ կապված իրադրությանը և մշակում է կանոններ, որոնք կանոնակարգում են դրանց կիրառումը՝ ղեկավարվելով միջազգային պրակտիկայով:
4. Եթե Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը համարում է, որ լրավճարների /սուբսիդիաների/ կիրառման փորձը անհամատեղելի է սույն հոդվածի 1-ին կետի հետ, ապա նա կարող է կիրառել համապատասխան միջոցներ՝ համաձայն սույն Համաձայնագրի 13ա հոդվածում շարադրված պայմանների և ընթացակարգերի»:
19. 10-րդ հոդվածի 3-րդ կետը համարել 4-րդ կետ և շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Տարանցման պայմանները, ներառյալ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով տեղափոխման սակագները և ծառայությունների մատուցումը սահմանվում են առանձին համաձայնագրով»:
20. 10-րդ հոդվածը լրացնել 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքով տարանցումն իրականացվում է տարանցման ազատության սկզբունքի հիման վրա այն ուղիներով, որոնք առավել հարմար են միջազգային տարանցիկ փոխադրումների համար, մյուս Պայմանավորվող կողմերի տարածքով կամ տարածքներից տարանցիկ փոխադրումների համար՝ առանց որևէ տարբերության կամ խտրականության՝ հիմնված նավերի դրոշների, ծագման, առաքման, մուտքի, ելքի կամ նշանակման վայրի, կամ որևէ հանգամանքների վրա, որոնք վերաբերում են ապրանքի, նավի կամ այլ տրանսպորտային միջոցների սեփականությանը»:
21. 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն Համաձայնագրի շրջանակներում մատակարարվող ապրանքների վերաարտահանումը կանոնակարգվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև ապրանքների վերաարտահանման և վերաարտահանման թույլտվության տրման կարգի մասին 1994 թվականի ապրիլի 15-ի՝ Համաձայնագրով»:
22. 13-րդ հոդվածի 1-ին կետում «որոնց մասնակից է նա» բառերից հետո «կամ մտադիր է դառնալ, եթե այդ միջոցները վերաբերում են.» բառերը փոխարինել «հանդիսանում կամ պատրաստվում է հանդիսանալ, եթե այդ միջոցները չեն կիրառվում կամայական կամ խտրականորեն և վերաբերվում են՝» և ապա ըստ տեքստի:
23. Համաձայնագիրը լրացնել նոր 13ա հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հ ո դ վ ա ծ 13 ա
Հատուկ առևտրային միջոցներ
1. Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում ցանկացած Պայմանավորվող կողմի համապատասխան քննություն անցկացնելուց հետո կիրառել հատուկ առևտրային միջոցներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքից ծագող ապրանքների ներմուծման նկատմամբ այն դեպքում, եթե այդ ներմուծումն իրականացվում է այնպիսի քանակով և այնպիսի պայմաններով, որոնք վնաս են պատճառում Պայմանավորվող կողմին կամ ստեղծում են վնասի անկանխելի սպառնալիք, ինչպես նաև կապված դեմպինգային կամ սուբսիդավորվող ներմուծման հետ, որը վնաս է պատճառում Պայմանավորվող կողմին կամ ստեղծում է վնասի անկանխելի սպառնալիք:
2. Հատուկ առևտրային միջոցներ կարող են մտցվել ներմուծման քանակական սահմանափակումների կամ հատուկ ներմուծման տուրքերի, հակադեմպինգային և փոխհատուցումային տուրքերի ձևով այն ժամկետով, որն անհրաժեշտ է վնասի վերացման կամ վնասի վտանգի վերացման համար՝ սույն հոդվածի և /կամ/ Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրության դրույթներին համապատասխան:
2.1. Հատուկ առևտրային միջոցը կարող է մտցվել միայն շահագրգիռ Պայմանավորվող կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելուց հետո: Պայմանավորվող կողմը, որը մտադիր է կիրառել արտակարգ միջոցը, պարտավոր է ժամանակին, սակայն ոչ ուշ, քան նախատեսվող միջոցը մտցնելուց 30 օր առաջ, տեղեկացնել այդ մասին շահագրգիռ Պայմանավորվող կողմերին և առաջարկել անցկացնել խորհրդակցություններ: Խորհրդակցություններ անցկացնելու մասին առաջարկն ուղղվում է գրավոր, նրան կցվում են այն նյութերը, որոնք հաստատում են ներմուծումից առաջացած վնասի առկայության փաստը կամ այդպիսի վնասի անկանխելի սպառնալիքը:
Սույն Համաձայնագրի նպատակների համար վնասի տակ հասկացվում է տնտեսության ճյուղի զգալի վնասը, ճյուղի համար զգալի վնասի սպառնալիքը կամ լուրջ խոչընդոտը այդ ճյուղի ստեղծման կամ զարգացման համար:
2.2. Վնասի փաստի հաստատումը պետք է հիմնվի առկա իրական տվյալների վրա և պարունակի ինչպես ներմուծման ծավալի և համանման կամ անմիջականորեն մրցակցող ապրանքի շուկայի գների վրա նրա ազդեցության, այնպես էլ առնչվող Պայմանավորվող կողմի ճյուղի արտադրողների համար այդպիսի ներմուծման հետևանքների օբյեկտիվ վերլուծություն:
2.3. Ներմուծման ծավալը դիտարկվում է դրա՝ առնչվող Պայմանավորվող կողմի տարածքում մրցակցող ապրանքի արտադրման և սպառման մակարդակի հարաբերությամբ բացարձակ և հարաբերական նշանակությամբ զգալի աճի տեսանկյունից:
2.4. Ներմուծման ազդեցությունը շուկայի գների վրա որոշվում է ներմուծման գների և հայրենական արտադրության համանման մրցակցող ապրանքների գների միջև զգալի տարբերության փաստի կամ այդ գների վրա ներմուծման այլ զգալի ազդեցության փաստի որոշման ճանապարհով, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել դրանց իջեցմանը կամ խոչընդոտում է կամ կխոչընդոտի այդպիսի գների բարձրացմանը, որը կարող էր տեղի ունենալ ներմուծման բացակայության դեպքում:
2.5. Տնտեսության ճյուղի վրա ներմուծման ազդեցության ապացույցները պետք է հիմնվեն այն բոլոր նշանակալի տնտեսական գործոնների գնահատման վրա, որոնք ազդում են ճյուղի վիճակի վրա, ներառյալ, մասնավորապես, առկա կամ մոտ ապագայում հնարավոր վաճառքի, շահույթի և արտադրության ծավալի, շուկայում փայաբաժնի, արտադրողականության, կապիտալ ներդրումների ծախսածածկելիության, արտադրական հզորությունների օգտագործման իջեցման, ներքին գների վրա ազդող գործոնները, եկամտի, պահեստների պաշարների, զբաղվածության, աշխատավարձի, աճի տեմպերի վրա փաստացի և պոտենցիալ ազդեցությունը, ճյուղի ձեռնարկությունների համախառն կանոնադրական կապիտալի ավելացման հնարավորությունը կամ դրանց կապիտալ ներդրումների ավելացումը:
2.6. Տնտեսության ճյուղի համար վնասի կամ վնասի սպառնալիքի ապացույցը պետք է հիմնվի նաև այն գործոնների (այլ, քան ներմուծումը) ուսումնասիրության վրա, որոնք բացասական ազդեցություն ունեն ճյուղի վիճակի վրա, այդ թվում՝ նորմալ պայմաններով իրականացվող ներմուծման ծավալի և գների մակարդակի, պահանջարկի փոփոխության, սպառման փոփոխության, հայրենական և արտասահմանյան արտադրողների միջև սահմանափակող առևտրային պրակտիկայի և մրցակցության հետևանքների, տեխնոլոգիական նորամուծությունները, տնտեսության ճյուղի արտահանման և արտադրական ցուցանիշների վրա: Այդպիսի գործոններով հասցվող վնասը չպետք է վերագրվի ներմուծմանը, որի նկատմամբ հնարավոր է հատուկ միջոցների ընդունում:
2.7. Տնտեսության ճյուղի վնասի սպառնալիքի որոշումը հիմնվում է բացառապես փաստերի վրա: Ընդ որում պետք է դիտարկվեն այնպիսի փաստեր, ինչպիսիք են.
ներմուծման աճի զարգացումը, որը վկայում է ներմուծման զգալի աճի շարունակության ռեալ հնարավորության մասին,
ազատ արտադրական հզորությունների առկայությունը կամ արտահանողի արտադրական հզորությունների անխուսափելի ակնհայտ աճը, որը վկայում է առնչվող Պայմանավորվող կողմի տարածք ներմուծման զգալի ավելացման ռեալ հնարավորության մասին՝ հաշվի առնելով այլ սպառման շուկաների պոտենցիալ տարողունակությունը,
ներմուծման գների այնպիսի մակարդակը, որը զգալի ճնշող ներգործություն է ունենում հայրենական արտադրողների գների վրա և կարող է հանգեցնել ներմուծվող ապրանքների պահանջարկի հետագա աճին,
մրցակցող ապրանքի պաշարների ծավալը:
2.8. Սույն հոդվածում թվարկված գործոններից կամ փաստերից ոչ մեկը ինքնին չպետք է հանդիսանա պարտադիր հիմք վնասի կամ վնասի սպառնալիքի առկայության մասին եզրակացության համար: Վնասի կամ վնասի սպառնալիքի առկայության կամ բացակայության մասին եզրակացությունն ընդունվում է բոլոր գործոնների կամ փաստերի ամբողջության ուսումնասիրության հիման վրա: Առանձին դեպքերում, երբ վնասը կամ վնասի սպառնալիքը առաջացել է միայն ներմուծման կտրուկ աճից կամ, այդպիսի աճի բացակայության դեպքում, այն փաստով, որ ներմուծումն իրականացվում է այն գներով կամ պայմաններով, որոնք վնաս են հասցնում տնտեսության ճյուղին՝ հատուկ առևտրային միջոց կարող է կիրառվել տնտեսության ճյուղի վնասի կամ վնասի սպառնալիքի և ներմուծման կտրուկ աճի կամ հատուկ պայմաններով իրականացվող ներմուծման միջև պատճառահետևանքային կապի առկայության դեպքում:
3. Պայմանավորվող կողմերը խորհրդակցությունների ընթացքում կձգտեն նրան, որպեսզի գտնեն խնդրի փոխընդունելի լուծում:
4. Այն դեպքում, եթե այդպիսի լուծում չի գտնվի, Պայմանավորվող կողմը, որը առաջարկել է խորհրդակցությունների անցկացումը, իրավունք կունենա կիրառել հատուկ առևտրային միջոցներ:
5. Առանձնակի հրատապության դեպքում հատուկ առևտրային միջոցներ կարող են կիրառվել մինչև խորհրդակցությունների անցկացումը այն պայմանով, որ տվյալ խորհրդակցությունների անցկացումը անհապաղ կկազմակերպվի:
6. Սույն հոդվածում ոչինչ վնաս չի պատճառում կամ որևէ ձևով չի ազդում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից հատուկ, հակադեմպինգային կամ փոխհատուցումային միջոցների ընդունման վրա, հանրաճանաչ միջազգային նորմերին և /կամ/ Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հատուկ, հակադեմպինգային կամ փոխհատուցումային միջոցների կիրառմանը նախորդող քննությունների նկատմամբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմը համաձայնում է ուսումնասիրել մյուս Պայմանավորվող կողմի ներկայացումը և տեղեկացնել շահագրգիռ Պայմանավորվող կողմերին այն էական փաստերի և նկատառումների մասին, որոնց հիման վրա կընդունվեն վերջնական որոշումներ:
Մինչև հատուկ, հակադեմպինգային կամ փոխհատուցումային միջոցների ձեռնարկման մասին որոշման ընդունումը Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն ամեն հնարավորը խնդրի կառուցվածքային լուծման համար:
7. Սույն հոդվածում ոչինչ չի խոչընդոտում Պայմանավորվող կողմերին սահմանափակել էականորեն կարևոր մրցակցող ապրանքների արտահանումը՝ ներքին շուկայում դրանց կրիտիկական պակասի դեպքում»:
24. 14-րդ հոդվածը հանել:
25. 15-րդ հոդվածը հանել:
26. 17-րդ հոդվածի 1-ին կետը «Պայմանավորվող կողմերը» բառերից հետո լրացնել «կստեղծեն հնարավորություններ ծառայությունների ազգային շուկաների ազատականացման համար և», հետո՝ ըստ տեքստի:
27. Համաձայնագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «17ա» հոդվածով.
«Հ ո դ վ ա ծ 17 ա
Մրցակցությունը ձեռնարկատիրական գործունեության մեջ
Ներքոշարադրյալը համատեղելի չէ սույն Համաձայնագրի պատշաճ կատարման հետ այնքանով, որքանով կարող է ազդել ազատ առևտրի գոտում առևտրի վրա՝
ձեռնարկությունների, ընկերությունների միավորումների միջև բոլոր համաձայնությունները, որոնց համաձայնողական պրակտիկան նպատակ ունի կամ հետևանք է հանդիսանում մրցակցության վերացման, կանխման, սահմանափակման կամ աղավաղման,
մեկ կամ մի քանի ձեռնարկությունների կողմից ազատ առևտրի գոտու տարածքում՝ ամբողջովին կամ դրա հիմնական մասում գերակայող դրության անօրինական օգտագործումը»:
28. Համաձայնագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «17բ» հոդվածով.
«Հ ո դ վ ա ծ 17 բ
Պետական գնումներ
Պայմանավորվող կողմերը պայմաններ կստեղծեն պետական գնումների ազգային շուկաների ազատականացման համար՝ անխտրականության և փոխադարձության հիման վրա»:
29. 18-րդ հոդվածը հանել:
30. 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները սույն Համաձայնագրով իրենց պարտավորությունների կատարման համար:
2. Առանց վնասի սույն Համաձայնագրի 13ա հոդվածի դրույթների համար, այն դեպքում, եթե Պայմանավորվող կողմերից մեկը կհամարի, որ մյուս Պայմանավորվող կողմը չի կատարում սույն Համաձայնագրով իր պարտավորությունները, և այն դեպքում, եթե այդ պարտավորությունները չկատարելը պատճառում է կամ սպառնում է պատճառել վնաս առաջին Պայմանավորվող կողմի տնտեսական շահերին, նա կարող է հարցում կատարել այդպիսի մյուս Պայմանավորվող կողմին խորհրդակցությունների անցկացման մասին, որոնք պետք է անցկացվեն գրավոր դիմելու օրվանից երկամսյա ժամկետում՝ երկու Պայմանավորվող կողմերի համար ընդունելի լուծում գտնելու նպատակով: Համապատասխան հարցման պատճենն ուղղվում է սույն Համաձայնագրի մյուս բոլոր Պայմանավորվող կողմերին, և նրանցից յուրաքանչյուրն այն դեպքում, եթե նա կհամարի, որ սույն կետի առաջին նախադասության մեջ հիշատակված հանգամանքները շոշափում են իր շահերը, կարող է մասնակցել խորհրդակցություններին:
Գրավոր հարցմանը կցվում է խնդրի էությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը:
3. Այն դեպքում, եթե սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված խորհրդակցությունների ընթացքում Պայմանավորվող կողմերը չեն գա խնդրի փոխընդունելի լուծմանը՝ խորհրդատվության մասին խնդրանքով դիմած Պայմանավորվող կողմն իրավունք ունի լուծել Պայմանավորվող կողմերի իրավունքները և պարտավորությունները շոշափող վեճերը՝ Կոմիտեի կողմից հանձնարարվող հատուկ համաձայնեցնող ընթացակարգի շրջանակներում, դիմումի ստացման օրվանից 30 օրվա ընթացքում (վեճի նյութերի ուսումնասիրման և առաջարկությունների մշակման համար աշխատանքային խմբերի ստեղծման միջոցով):
4. Այն դեպքում, եթե սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված խորհրդակցությունների, սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված հատուկ ընթացակարգի ընթացքում Պայմանավորվող կողմերը չեն գա խնդրի փոխընդունելի լուծման՝ խորհրդակցության մասին խնդրանքով դիմած Պայմանավորվող կողմն իրավունք ունի հրաժարվել սույն Համաձայնագրով իր պարտավորությունները կատարելուց՝ առևտրի մոտավոր համարժեք ծավալի հանդեպ, կամ կիրառել այլ միջոցներ, որոնք նա համարում է անհրաժեշտ՝ ազգային տնտեսությանը վնասի չպատճառելու համար: Այդպիսի միջոցներ ընտրելիս՝ նախապատվությունը պետք է տրվի նրանց, ովքեր նվազագույն չափով են խախտում սույն Համաձայնագրի գործողությունը: Այդպիսի միջոցների կիրառումը պետք է անհապաղ կասեցվի, հենց որ վերացվեն մյուս Պայմանավորվող կողմի որոշումները, որոնց արդյունքում դրանք ընդունվել էին:
5. Սույն հոդվածի դրույթները ոչ մի կերպ չեն խոչընդոտում Պայմանավորվող կողմերին լուծել իրենց մեջ առաջացող վեճերը միջազգային իրավունքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում:
31. 20-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Սույն դրույթը ոչ մի կերպ չի շոշափում Պայմանավորվող կողմերի իրավունքները՝ ինքնուրույն որոշել արտաքին տնտեսական հարաբերությունների ռեժիմը այն պետությունների հետ, որոնք չեն մասնակցում սույն Համաձայնագրին»:
32. 20-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող կողմերի իրավունքներն և առավելությունները, որոնք տրամադրված են Պայմանավորվող կողմերի կողմից տնտեսական միություններին, սահմանամերձ առևտրի, զարգացող երկրներին արտոնությունների, որոնք կարգավորվում են ազատ տնտեսական և մաքսային գոտիների շրջանակներում՝ ներքին օրենսդրությամբ կամ միջազգային համաձայնագրերի հիման վրա:
33. 20-րդ հոդվածի 3-րդ կետը հանել:
34. 21-րդ հոդվածը հանել:
35. 24-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն Համաձայնագիրը բաց է յուրաքանչյուր պետության կողմից միանալու համար, որն ընդունում է միանալու պահին գործող Համաձայնագրի դրույթները և պատրաստակամություն է հայտնում կատարել դրանք լրիվ ծավալով»:
36. 25-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից սույն Համաձայնագրի դրույթների խախտման դեպքում, որոնք լուրջ վնաս են հասցնում նրա նպատակներին հասնելուն, մյուս Պայմանավորվող կողմերը կարող են ընդունել ծայրահեղ միջոցներ Համաձայնագրի կամ Համաձայնագրի առանձին դրույթների գործողության կասեցման ճանապարհով՝ տվյալ Պայմանավորվող կողմի նկատմամբ»:
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրող Պայմանավորվող կողմերի կողմից բոլոր անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Պայմանավորվող կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան փաստաթղթերի հանձնման օրվանից:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1999 թվականի ապրիլի 2-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի հունվարի 22-ից: