«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10012241
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 մայիսի 2012 թ. ք. Երևան |
N 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴՈՆՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՅՈՒՆ ԿԱՄ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել դոնորի կողմից արյուն կամ արյան բաղադրամաս հանձնելու հաճախականությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
Նախարար՝ |
Հ. Քուշկյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի մայիսի 15-ի N 10-Ն հրամանի |
ԴՈՆՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՅՈՒՆ ԿԱՄ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. ԴՈՆՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Դոնորի կողմից արյուն (այսուհետ` ամբողջական արյուն) հանձնելու միջև ընկած դեպքերի ժամանակահատվածը սահմանվում է առնվազն 2 ամիս: Դոնորի կողմից ամբողջական արյուն հանձնելու առավելագույն թույլատրելի քանակը տղամարդկանց համար տարեկան հինգ, կանանց համար` չորս անգամ է:
2. Դոնորի կողմից ամբողջական արյուն հանձնելու երկու հաջորդական դեպքերի միջև ընկած ժամանակահատվածում դոնորի հեմոգլոբինի պարունակության իջեցումը չպետք է գերազանցի 20 գրամ/լիտր:
3. Ամբողջական արյուն հանձնելու և 1 միավոր էրիթրոցիտների հավաքման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է առնվազն 2 ամիս:
4. Ամբողջական արյուն հանձնելու և մեկ պլազմաֆերեզի միջև ընդմիջումը սահմանվում է առնվազն մեկ ամիս:
5. Ամբողջական արյուն հանձնելու և մեկ թրոմբոցիտաֆերեզի միջև ընդմիջումը սահմանվում է առնվազն մեկ ամիս:
2. ԴՈՆՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
6. Դոնորի կողմից որպես արյան բաղադրամասեր հանձնվում են արյան պլազման և տրոմբոցիտները:
7. Դոնորի կողմից արյան պլազմայի միանվագ հանձնման դեպքում` առավելագույն ծավալը չի գերազանցում 750 միլիլիտր (ներառյալ` հակամակարդիչ լուծույթը), իսկ առավելագույն տարեկան ծավալը չպետք է գերազանցի 25 լիտր` ներառյալ հակամակարդիչ լուծույթը, իսկ տարեկան պլազմաֆերեզի թիվը չպետք է գերազանցի 33-ը:
8. Դոնորի կողմից պլազմայի հանձնման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է առնվազն 14 օր: Եթե պլազմաֆերեզի գործընթացի ընդմիջումը կազմում է 2 ամիս և ավելի, ապա դոնորը դիտվում է որպես առաջնակի:
9. Դոնորի կողմից տրոմբոցիտների հանձնման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է առնվազն 14 օր: Տարվա ընթացքում տրոմբոցիտների հանձնումը իրականացվում է ոչ ավելի, քան 24 անգամ:
10. Որոշ դեպքերում (ոսկրածուծի փոխպատվաստում, ռեցիպիենտի հազվադեպ խումբ, այլ դոնորներին անհամատեղելիության դեպքում կյանքի ցուցումով ռեցիպիենտին փոխներարկում) հիվանդի հարազատներից թույլատրվում է կատարել տրոմբոցիտաֆերեզ յուրաքանչյուր 3-րդ օրը: Այս դեպքերում յուրաքանչյուր անգամ հավաքված թրոմբոցիտար զանգվածի ծավալը չպետք է գերազանցի 150 միլիլիտր:
11. Երկշաբաթյա ընդմիջումով 15 անգամ տրոմբոցիտաֆերեզ իրականացնելուց հետո անհրաժեշտ է տալ 3 ամիս ընդմիջում: