«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 12410455
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
17 նոյեմբերի 2010 թ. |
N 2437-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՃԱԽՈՐԴԻ ԲԱՑԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ութերորդ մասի 5-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հաճախորդի բացած բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները առևտրային բանկերի կողմից հարկային մարմին ներկայացնելու կարգը»` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 նոյեմբերի 2010 թ. թիվ 299-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՃԱԽՈՐԴԻ ԲԱՑԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ութերորդ մասի 5-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հաճախորդի բացած բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները առևտրային բանկերի կողմից հարկային մարմին ներկայացնելու կարգը»` համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
Հավելված |
Հաստատված է |
Հաստատված է պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 2437-Ն հրամանով |
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ _________________ Ա. Ջավադյան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ _________________ Գ. Խաչատրյան |
Կ Ա Ր Գ
ՀԱՃԱԽՈՐԴԻ ԲԱՑԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է հաճախորդի բացած բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները առևտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` Հարկային մարմին) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Առևտրային բանկը մինչև 2011 թվականի փետրվարի 1-ը Հարկային մարմին է ներկայացնում հետևյալ անձանց բանկային հաշիվների թվաքանակը (ըստ խմբերի), որոնց համար առևտրային բանկը 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ վարել է բանկային հաշիվներ (մինչև 2011 թվականի հունվարի 1-ը փակված բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն (թվաքանակ) չի տրամադրվում)`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված իրավաբանական անձինք,
2) օտարեկրյա պետություններում ստեղծված իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղեր և ներկայացուցչություններ,
3) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ,
4) միջազգային կազմակերպություններ,
5) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերեր:
3. Առևտրային բանկը 2011 թվականի հունվարի 1-ից հետո յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հարկային մարմին է ներկայացնում սույն կարգի 2-րդ կետով սահմանված սուբյեկտների բանկային հաշիվների թվաքանակի փոփոխությունները: Ընդ որում` առևտրային բանկը սույն կարգի 2-րդ կետով սահմանված սուբյեկտների բանկային հաշիվների թվաքանակի փոփոխություն է ներկայացնում հարկային մարմին նաև այն դեպքում, երբ տվյալ առևտրային բանկում բանկային հաշիվ ունեցող տվյալ սուբյեկտի համար մեկ այլ բանկային հաշիվ է բացվում կամ առևտրային բանկում փակվում է տվյալ սուբյեկտի անունով (անվանումով) առևտրային բանկում գտնվող բանկային հաշիվներից թեկուզ մեկը:
Եթե սույն կետում նշված փոփոխությունները տեղի չեն ունենում, ապա առևտրային բանկը սույն կետում նշված ժամկետում այդ մասին նույնպես հայտնում է Հարկային մարմնին:
4. Հարկային մարմինը սույն կարգի որևէ խախտում հայտնաբերելու կամ սույն կարգի համաձայն տրամադրված տեղեկատվությունը իր մոտ առկա տեղեկությունների հետ համադրման արդյունքում անհամապատասխանություններ կամ այլ անճշտություններ հայտնաբերելու դեպքում դիմում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այլ ոչ առևտրային բանկ):
5. Սույն կարգով նախատեսված տեղեկությունները առևտրային բանկերի կողմից հարկային մարմին ներկայացվում են MS Excell ֆայլի տեսքով: Տեղեկությունների ներկայացման էլեկտրոնային հասցեն, ֆայլի տեսքը և դրա լրացման ուղեցույցը առևտրային բանկերին տրամադրում է Հարկային մարմինը: