«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 դեկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10304320
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 նոյեմբերի 2004 թ. ք. Երևան |
N 190-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և 14 հոդվածով, ՀՀ կառավարության 2001 թ-ի սեպտեմբերի 24-ի N 895 և 2004 թ-ի հունիսի 10-ի N 945-Ն որոշումներով
Հրամայում եմ`
1. Հաստատել.
ա) Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը համաձայն N 1 հավելվածի,
բ) զբոսավարի որակավորման վկայականի ձևը համաձայն N 2 հավելվածի,
գ) ուղեկցորդի որակավորման վկայականի ձևը համաձայն N 3 հավելվածի:
2. Ստեղծել զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողով՝ համաձայն N 4 հավելվածի:
3. Նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին՝ ապահովել հավելված 4-ի 6-9 կետերով նախատեսված կազմակերպությունների ներկայացրած թեկնածուների ընդգրկումը հանձնաժողովի կազմում՝ հանձնաժողովի կանոնադրության 5-րդ կետի բ) ենթակետին համապատասխան:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:
Կ. Ճշմարիտյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Զբոսավարի եվ ուղեկցորդի որակավորման եվ լիցենզավորման հանձնաժողովի
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի նոյեմբերի 23-ի N 190-Ն հրամանով` սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
II. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի լիցենզավորման գործընթացի իրականացումն է:
4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով՝
ա) իրականացնում է մասնագիտական որակավորման ստուգումներ՝ ըստ գործունեության տեսակների.
բ) եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ.
գ) ներկայացնում է առաջարկություններ զբոսաշրջության բնագավառի՝ մասնավորապես զբոսավարների և ուղեկցորդների լիցենզավորման գործընթացի կատարելագործման վերաբերյալ.
դ) հաստատում է որակավորման ստուգման թեստային հարցաշարերի և դրանց լրացման ձևը:
(4-րդ կետը լրաց. 08.02.05 N 20-Ն)
III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը
5. Հանձնաժողովը կազմված է ինն անդամներից, որոնցից.
ա) հինգը Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչներ են և հանդիսանում են Հանձնաժողովի մշտական անդամներ.
բ) չորսը հավելված 4-ի 6-9 կետերով նախատեսված կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք Հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու համար Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հրավերով՝ ռոտացիոն սկզբունքով, ազգանունների այբբենական կարգով:
6. Հանձնաժողովը իր իրավասության հարցերը քննարկում է նիստերում, որոնք հրավիրվում է հանձնաժողովի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության:
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետ` հրավիրված անձ):
9. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի, ամսաթվի ու ժամի մասին:
10. Հանձնաժողովի նիստի նախագահողը նիստը բացելիս հայտարարում է նիստի օրակարգը, հրավիրված անձանց կազմը: Հրավիրված անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:
11. Հանձնաժողովի նիստին հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում նիստի օրակարգի հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն կետով նախատեսված խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները: Եթե հրավիրված անձը խանգարում է նիստի բնականոն ընթացքը, ապա հանձնաժողովի նախագահի կրկնակի զգուշացումից հետո Հանձնաժողովի նախագահը իրավունք ունի դուրս հրավիրել հրավիրված անձին:
12. Հրավիրված անձն իրավունք ունի Հանձնաժողովի նիստի ժամանակ իրեն վերաբերող հարցերի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:
13. Հանձնաժողովի նիստերում հարցերը քննարկվում են դռնբաց:
Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք:
14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
15. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝
ա) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը.
բ) հանձնաժողովի տեսակը և կազմը.
գ) քննարկվող հարցի բովանդակությունը.
դ) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.
ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.
զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը.
Է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.
ը) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:
Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը;
16. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են Հրավիրված անձին:
17. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
Հանձնաժողովը ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Հանձնաժողովի նախագահի տեղակալը;
Հանձնաժողովի նիստերի աշխատանքները նախապատրաստում է Հանձնաժողովի քարտուղարը:
18. Հանձնաժողովի նախագահը՝
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.
գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը և գրագրությունները.
դ) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Հանձնաժողովի քարտուղարը՝
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
բ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
գ) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.
ե) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագիծը և կազմակերպում հանձնաժողովի որոշումների սահմանված ձևով հանձնումը կամ ուղարկումը Հրավիրված անձին:
20. Հանձնաժողովի անդամները՝
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.
բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
IV. Հանձնաժողովի ստեղծումը ԵՎ հանձնաժողովի գործունեության դադարումը
21. Հանձնաժողովը ստեղծվում և հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հրամանով:
22. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և մյուս մշտական անդամները նշանակվում են և նրանց լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հրամանով:
23. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N 0000
Զ Բ Ո Ս Ա Վ Ա Ր Ի Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն
_____________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` | Արձանագրություն N ____ |
ԱՆԺԱՄԿԵՏ |
«____» «________» 200__ թ. |
Հանձնաժողովի նախագահ` |
___________________ (ստորագրություն) |
Հանձնաժողովի քարտուղար` |
___________________ (ստորագրություն) |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N 0000
ՈՒ Ղ Ե Կ Ց Ո Ր Դ Ի Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն
_____________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` | Արձանագրություն N ____ |
ԱՆԺԱՄԿԵՏ |
«____» «________» 200__ թ. |
Հանձնաժողովի նախագահ` |
___________________ (ստորագրություն) |
Հանձնաժողովի քարտուղար` |
___________________ (ստորագրություն) |
Հավելված N 4 |
Կ Ա Զ Մ
Զբոսավարի եվ ուղեկցորդի որակավորման եվ լիցենզավորման հանձնաժողովի
1. Արա Պետրոսյան | - | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (Հանձնաժողովի նախագահ) |
2. Մեխակ Ապրեսյան | - | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ (Հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
3. Սուսաննա Ասլիզադյան | - | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության առաջատար մասնագետ (Հանձնաժողովի քարտուղար) |
4. Արտաշես Հովհաննիսյան | - | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության 1-ին բաժնի պետ |
5. Լիաննա Գևորգյան | - | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության օրենսդրության և իրավաբանական վարչության առաջատար մասնագետ |
6. Ներկայացուցիչ զբոսաշրջության բնագավառում կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություններից (համաձայնությամբ)
7. Ներկայացուցիչ գիտական կազմակերպություններից (համաձայնությամբ)
8. Ներկայացուցիչ ՀՀ նախարարություններից և պետական կառավարման այլ մարմիններից (համաձայնությամբ)
9. Ներկայացուցիչ ոչ առևտրային կազմակերպություններից (համաձայնությամբ)
(կազմը փոփ., խմբ. 16.09.05 N 196-Ն)