ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի փետրվարի 12-ին
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալների կարգապահական պատասխանատվության հիմք է նաև նրանց կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնների խախտումը, որի դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում կիրառելի չեն սույն օրենքով նախատեսված կարգապահական վարույթի վերաբերյալ կարգավորումները: Սույն մասով նախատեսված դեպքերում վարույթը հարուցում և իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնը չի վերաբերում այն դեպքերին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալը թույլ է տալիս վարքագծի կանոնների և շահերի բախման այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են նրա՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին:»:
Հոդված 2․ Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ մասով.
«24. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը քննարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու (սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տույժերից մեկը կիրառելու) հարցը և կայացնում համապատասխան որոշում:»:
Հոդված 3. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված՝ վարքագծի կանոնները, ինչպես նաև շահերի բախման վերաբերյալ կարգավորումները կամ սահմանափակումները խախտելու կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերի վրա, եթե չեն լրացել պատասխանատվության ենթարկելու՝ Օրենքով սահմանված ժամկետները:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 7 Երևան ՀՕ-35-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական:
