ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 15-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն օրենսգրքով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների ենթակայությանը վերապահված, սակայն մինչև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը (սույն մասում այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելը հարուցված քրեական գործերով նախաքննությունն իրականացնում են այն մարմինները, որոնք մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը նշված գործերով իրականացրել են նախաքննություն, բացառությամբ այն գործերի, որոնք Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից Օրենքով սահմանված կարգով՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնվել են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը նշված գործերը կարող է այդ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնել հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին: Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո նախաքննություն իրականացրած մարմնի գործունեությունը դադարեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը վերը նշված գործերով վարույթը շարունակելը հանձնարարում է քննչական կոմիտեին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հուլիսի 18 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2022 թվական: