ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փախստականների և ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.
«Հոդված 31.1. | Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ապաստան հայցողների Ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությանը |
1. Հասարակական կազմակերպությունները կարող են իրականացնել հասարակական վերահսկողություն Ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ։ Սույն հոդվածի իմաստով՝ հասարակական վերահսկողությունը ներառում է ապաստան հայցողների կենսաապահովման պայմանների, Ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնների պահպանման և ապաստան հայցողների այլ իրավունքների ապահովման նկատմամբ վերահսկողական գործառույթները։
2. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողությունն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հաստատած՝ մրցութային կարգով ընտրված, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հասարակական դիտորդների խմբի միջոցով։
3. Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը:
4. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:»։
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարն ընդունում է սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 7 Երևան ՀՕ-238-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2024 թվական: