ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունվարի 21-ին
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.
«10.1) որակավորման ապահովում՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում հրավերով սահմանվող որակավորման չափանիշներին փոխարինող ապահովման միջոց.».
2) 1-ին մասի 15-րդ կետից հանել վերջին նախադասությունը:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17) ըստ գնման ձևերի՝ հրավերով մասնակիցներին ներկայացվող հայտի, պայմանագրի և որակավորման ապահովման ձևին և չափին ներկայացվող պահանջները.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ և 19-րդ կետերով.
«18) որակավորման ապահովման պայմանի կիրառման դեպքերը.
19) միջազգային պայմանագրերով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունները:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 1-ին մասի 3-րդ կետի «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով.
3) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) որոնց վերաբերյալ գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության, գերիշխող դիրքի չարաշահման կամ անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտը հայտը ներկայացվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում դարձել է անբողոքարկելի, իսկ բողոքարկված լինելու դեպքում թողնվել է անփոփոխ.».
4) 1-ին մասի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետով նախատեսված պայմանը չի գործում միջազգային պայմանագրերով նախատեսված միջոցների հաշվին կատարվելիք գնման գործընթացների նկատմամբ:».
5) 1-ին մասի 6-րդ կետի`
ա. «ա» ենթակետը «դադարեցմանը,» բառից հետո լրացնել «և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը,» բառերով,
բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից,»,
գ. «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
6) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, վարում և հրապարակում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: Սույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել: Մասնակիցը նշված ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի պահանջը չի տարածվում սույն օրենքի 23-րդ հոդվածի կիրառմամբ կազմակերպվող գնման գործընթացի վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Անգործության ժամկետն առնվազն 10 օրացուցային օր է:».
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետը՝
1) կիրառելի չէ, եթե միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, որի հետ կնքվում է պայմանագիր.
2) կիրառելի է նաև այն դեպքում, երբ միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, և այն մերժվել է: Սույն կետի կիրառման դեպքում անգործության ժամկետը սահմանվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությամբ:».
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պատվիրատուն պայմանագիրը կնքում է, եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետում չի բողոքարկվում պայմանագիր կնքելու մասին որոշումը: Մինչև անգործության ժամկետը լրանալը կամ առանց պայմանագիր կնքելու կամ գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարության հրապարակման կնքված պայմանագիրն առ ոչինչ է:»:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը «Պատվիրատուն» բառից առաջ լրացնել «Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա» բառերով:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. | Պատվիրատուի և մասնակցի հակաօրինական գործողությունների հետևանքները |
1. Գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի և մասնակցի հակաօրինական արարքներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
2. Եթե հայտնաբերվում է մասնակցի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի գնման գործընթացի շրջանակներում հակաօրինական արարք, ապա դրա ի հայտ գալու օրը պատվիրատուն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին:»:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը «հայերեն» բառից հետո լրացնել «և ռուսերեն» բառերով, իսկ «անգլերեն» բառից հետո հանել «և ռուսերեն» բառերը:
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «ծրագրային,» բառից հետո լրացնել «կապի ծառայությունների, անվտանգության սարքերի և սարքավորումների, ներառյալ դրանց սպասարկման,» բառերով.
2) 4-րդ մասից հանել «, եթե օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ այլ բան նախատեսված չէ» բառերը:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների, թղթային եղանակով իրականացվող գնումների դեպքում հայտերի ներկայացման ժամկետը առնվազն քառասուն, իսկ էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում առնվազն երեսուն օրացուցային օր է:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների կարիքների համար կատարվող գնումների դեպքում հայտերի ներկայացման ժամկետը՝
1) առնվազն տասնհինգ օրացուցային օր է, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը.
2) թղթային եղանակով իրականացվող գնումների դեպքում առնվազն քառասուն, իսկ էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում առնվազն երեսուն օրացուցային օր է, եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը:».
3) 4-րդ մասի «տասնհինգ» բառը փոխարինել «տասն» բառով:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի «երեսուն» բառը փոխարինել «քսան» բառով.
2) 7-րդ մասի «15» թիվը փոխարինել «10» թվով:
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «յոթանասունապատիկը» բառը փոխարինել «ութսունապատիկը» բառով.
2) 3-րդ մասի «չորս աշխատանքային» բառերը փոխարինել «յոթ օրացուցային» բառերով:
Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետի «յոթանասունապատիկը» բառը փոխարինել «ութսունապատիկը» բառով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մասնակիցն իրավունք ունի նախաորակավորման հայտի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր պահանջելու նախաորակավորման հայտարարության պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր` հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում: Որևէ մասնակցի տեղեկություն տրամադրելու դեպքում պատվիրատուն պետք է ապահովի այդ տեղեկության մատչելիությունը բոլոր հնարավոր մասնակիցների համար:
Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում հարցման և պարզաբանումների բովանդակության մասին պարզաբանումը տրամադրվում է հրավեր ստացած մասնակիցներին:
Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև եթե հարցումը դուրս է նախաորակավորման հայտարարության բովանդակության շրջանակից: Ընդ որում, մասնակիցը պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին գրավոր ծանուցվում է հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում:»:
Հոդված 13. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) գնման ընթացակարգը հայտարարում է չկայացած:»:
Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) գնման գինը.».
2) 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) հայտի, պայմանագրի և որակավորման ապահովումներին վերաբերող պահանջները.».
3) 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետը «հայտարարությունը՝» բառից հետո լրացնել «գնման տվյալ գործընթացի շրջանակում անբարեխիղճ մրցակցության,» բառերով:
Հոդված 16. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «, որի չափը հավասար է հայտով առաջարկվող գնի մինչև հինգ տոկոսին» բառերը.
2) 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) տվյալներ` ընտրված և այդպիսին չճանաչված մասնակիցների վերաբերյալ.».
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել գնահատող հանձնաժողովի աշխատանքներին, եթե հանձնաժողովի գործունեության ընթացքում պարզվում է, որ վերջիններիս հիմնադրած կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) կամ այդ անձի հիմնադրած կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է հայտ:».
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Եթե առկա է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը, ապա տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարն անհապաղ ինքնաբացարկ է հայտնում: Հանձնաժողովի անդամները և քարտուղարն ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պայմանագիր կնքելու մասին որոշման հետ հրապարակվում է տեղեկագրում:»:
Հոդված 18. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «Առաջին տեղը զբաղեցրած» բառերը փոխարինել «Ընտրված» բառով.
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 19. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 35. | Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը |
1. Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա այն ստանալու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել ապահովումը: Եթե ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա սույն կետով նախատեսված ժամկետը սահմանվում է 10 աշխատանքային օր: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը:
2. Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը ներկայացվում է ընտրված մասնակցի միակողմանի հաստատած հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով: Կանխիկ փողի ձևով ներկայացված պայմանագրի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:
3. Պայմանագրով պատվիրատուի կողմից կանխավճար հատկացվելու պայման նախատեսվելու դեպքում ընտրված մասնակիցը ներկայացնում է նաև կանխավճարի ապահովում` կանխավճարի չափով, բանկային երաշխիքի ձևով: Կանխավճարի մարման կարգը սահմանվում է պայմանագրով:
4. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, ապա պայմանագրի, որակավորման կամ կանխավճարի ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին պայմանագրի կատարման ավարտից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»:
Հոդված 20. Օրենքի 36-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալուն հաջորդող չորրորդ աշխատանքային օրը պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը: Ընդ որում, պայմանագիրը կարող է կնքվել ոչ շուտ, քան սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրը:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց հետո սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ստորագրում պայմանագիրը կամ պատվիրատուին չի ներկայացնում պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը, իսկ կնքվելիք պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում՝ նաև կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից:».
3) 4-րդ մասի «ներառյալ՝» բառը փոխարինել «կանխավճարի չափի կամ» բառերով:
Հոդված 21. Օրենքի 38-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետի վերջին նախադասությունից հանել «կամ վճարման պայմանների փոփոխությանը» բառերը.
2) 2-րդ մասը «այդ թվում՝» բառերից հետո լրացնել «անբարեխիղճ մրցակցության,» բառերով:
Հոդված 22. Օրենքի 40-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «յոթանասունապատիկը» բառը փոխարինել «ութսունապատիկը» բառով, «յոթ» բառը՝ «տասն» բառով.
2) 3-րդ մասի 4-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.
3) 5-րդ մասի «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:
Հոդված 23. Օրենքի 46-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 46. | Բողոքարկելու իրավունքը |
1. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը բողոքարկելու գնման առարկայի բնութագրերը, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջները:
2. Գնումների հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն, և դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:
3. Պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի կատարած գործողության կամ անգործության հետևանքով պատճառված վնասները հատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
4. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հայցային վաղեմության ժամկետ է, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման և պայմանագիրը միակողմանի լուծելու հետ կապված վեճերի, որոնց դեպքում հայցային վաղեմության ժամկետը երեսուն օրացուցային օր է:»:
Հոդված 24. Օրենքի 47-51-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 25. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները համաձայնեցնում է լիազորված մարմնի հետ:»:
Հոդված 26. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:
Հոդված 27. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսած և չդադարած, ինչպես նաև կնքված և գործող գնման գործարքների վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կնքման պահին գործող իրավական ակտերով, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, 22-րդ և 23-րդ հոդվածների:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 8 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական: