ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի ապրիլի 14-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածում՝
1) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) առաջին ատյանի դատարան՝ դատարան, որն իրավասու է քննելու բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն իրականացնելու քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ.»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.
«12.1) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատարան, որն իրավասու է քննելու բոլոր քրեական գործերը (բացառությամբ հակակոռուպցիոն դատարանի ընդդատությանը վերապահված գործերի), քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն իրականացնելու քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2-րդ կետով.
«12.2) հակակոռուպցիոն դատարան՝ դատարան, որն իրավասու է քննելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը.».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 50-րդ կետով.
«50) կոռուպցիոն հանցագործություններ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցագործություններ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 44-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները քննում են բոլոր քրեական գործերը, բացառությամբ հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա գործերի, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն են իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ։
2. Հակակոռուպցիոն դատարանը քննում է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, բացառությամբ երբ սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված կարգով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատական քննության ընթացքում առաջադրված մեղադրանքը լրացվում կամ փոփոխվում է, որի արդյունքով անձին առաջադրվում է կոռուպցիոն հանցագործության կատարմանը մասնակցելու մեջ մեղադրանք:»:
Հոդված 3. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասը «տարածքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «վարույթը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործություններից մեկը կոռուպցիոն հանցագործություն է, ապա գործը քննում է հակակոռուպցիոն դատարանը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բոլոր դեպքերում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն դատարան:»:
Հոդված 6. Օրենսգրքի 50-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հակակոռուպցիոն դատարանի ընդդատությունը չի կարող փոխվել սույն հոդվածով նախատեսված կանոններով։»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հակակոռուպցիոն դատարանի գործելու պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը վերաբաշխվում են հակակոռուպցիոն դատարանի դատավորների միջև, եթե տվյալ գործերով անցում չի կատարվել դատաքննության փուլ:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: