ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է սույն օրենքի 31.1-ին, 31.2-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, իսկ այդ նպատակով ներմուծումը կամ արտահանումը՝ նաև թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացման լիցենզիաների առկայության դեպքում:
Արգելված նյութերի ներմուծման և արտահանման վրա տարածվում են սույն օրենքի 17-րդ հոդվածի նորմերը:».
2) 2-րդ մասի «սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասով» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին և 31.2-րդ հոդվածներով.
«Հոդված 31.1. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական նպատակներով |
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական նպատակներով թույլատրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության նշված տեսակի լիցենզիայի առկայության դեպքում:
Հոդված 31.2. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը փորձագիտական գործունեության մեջ |
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում թույլատրվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի առկայության դեպքում:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության, առողջապահության բնագավառների պետական կառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների, ոստիկանության կողմից թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացվում են առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. փետրվարի 11 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական: