ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի ապրիլի 16-ին
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, այդ թվում՝ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձանց:»։
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց, այդ թվում՝ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը.»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում գլխավոր դատախազը և արդարադատության նախարարը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով զբաղվող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:»:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դատավորների թեկնածությունների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսումնառության ժամկետի տևողությունն առնվազն յոթ ամիս է, բայց ոչ ավելի, քան 10 ամիս, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 11-րդ մասով և 124-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցման և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված ուսուցման, որոնց ժամկետները սահմանում է Խորհուրդը։»:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձինք անցնում են պարտադիր փորձաշրջան: Փորձաշրջանի տևողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել երեք ամսից, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված անձանց փորձաշրջանի, որի ժամկետները սահմանում է Խորհուրդը:»:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով և 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձանց փորձաշրջանի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները Ակադեմիա է ներկայացնում Ուսումնական հարցերի հանձնաժողովը, իսկ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները՝ գլխավոր դատախազը՝ համապատասխան ցուցակները հաստատելու (կազմելու) պահից տասնօրյա ժամկետում:»:
Հոդված 7. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, գլխավոր դատախազը և արդարադատության նախարարը Ակադեմիայի ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ «Դատախազության մասին» օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերում ներառելու համար:
Ներկայացված առաջարկությունների և Ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Արդարադատության ակադեմիայի ռեկտորը երկշաբաթյա ժամկետում կազմում և Ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում «Դատախազության մասին» օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը հաստատում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ուսուցման ծրագիրը։
«Դատախազության մասին» օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջին խմբի մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրն ընդգրկելու է միայն Ակադեմիայի կառավարման խորհրդի նախատեսած պարտադիր առարկայական կուրսերը:
4. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող, մասնագիտական պատրաստման ենթակա դատախազների թեկնածությունների ցուցակը Արդարադատության ակադեմիայի կողմից ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան քսանօրյա ժամկետում, Արդարադատության ակադեմիայում մեկնարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջին խմբի ուսուցումը:
5. Օրենքում «դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված» սահմանումը ներառում է նաև «Դատախազության մասին» օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներն իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, բացառությամբ այդ անձանց մասով նախատեսված հատուկ կարգավորումների։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մայիսի 11 Երևան ՀՕ-246-Ն |