ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի ապրիլի 15-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «արձանագրությունում» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով․
2) 4-րդ մասը «հանգամանքները» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 209-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այս կարգը չի կիրառվում սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում:»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․
«3.1. Վկայի ցուցմունքը տեսաձայնագրառվում է, բացառությամբ եթե առարկում է քննչական գործողության մասնակիցը, կամ բացակայում են համապատասխան տեխնիկական միջոցները: Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման դեպքում, եթե քննչական գործողության մասնակիցները չեն առարկում, ապա ցուցմունքները, այդ թվում՝ հարցերը և պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ չեն արտացոլվում: Տեսաձայնագրառումն ամրագրվում է երկու նյութական կրիչի վրա, որոնք կցվում են հարցաքննության արձանագրությանը: Նյութական կրիչներից մեկը կնքվում է և կարող է բացվել դատարանում, իսկ մյուս կրիչը կարող է օգտագործել քննիչը կամ դատախազը ` իր դատավարական լիազորություններն իրականացնելու նպատակով: Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման նյութական կրիչի կրկնօրինակը տրամադրվում է դատավարության մասնակիցներին՝ քրեական գործի նյութերին ծանոթացնելու ընթացքում:»․
3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով․
«Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում հարցաքննության ավարտից հետո քննիչը վերարտադրում է ցուցմունքի տեսաձայնագրառումը, որի մասին նշվում է հարցաքննության արձանագրությունում: Տեսաձայնագրառման վերաբերյալ հարցաքննվող անձի հայտարարությունները քննիչը կամ հարցաքննվող անձը նշում է հարցաքննության արձանագրության մեջ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 216-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Առերեսման ընթացքի տեսաձայնագրառման դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված կանոնները:»։
Հոդված 4. Օրենսգրքի 337-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «այդ ցուցմունքների» բառերից հետո լրացնել «տեսաձայնագրառման» բառով․
2) 2-րդ մասը «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառման կամ» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 342-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «ինչպես նաև նրա ցուցմունքների» բառերից հետո լրացնել «տեսաձայնագրառման և» բառերով․
2) 2-րդ մասը «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառման կամ» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 21 Երևան ՀՕ-214-Ն |