ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հունիսի 29-ին
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38-րդ կետով.
«38) Սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնությունները), եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի և գործարքների` որպես արտոնյալ որակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.2-րդ հոդվածով.
«Հոդված 39.2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 38-րդ կետում նշված արտոնության կիրառման առումով նշումներ պետք է կատարվեն սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհները տրամադրողների և նշված սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհները ստացողների միջև կնքվող պայմանագրերում: Արտոնությունը գործում է մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերն արտոնյալ որակելու մասին որոշման ընդունման պահից:
Արտոնյալ որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնությունները) ծրագրային նպատակներին և դրույթներին համապատասխան չիրականացնելու դեպքում նշված ծրագրերի՝ որպես արտոնյալ որակումը կարող է փոփոխել կամ կասեցնել մասնագիտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որը հանգեցնում է նշված արտոնությունների գործողության դադարման կամ կասեցման: Մասնագիտական հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակման կասեցումը կարող է հանվել արտոնյալ որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնությունները) ծրագրային նպատակներին և դրույթներին համապատասխան իրականացնելու մասին փաստեր ի հայտ գալու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն օրենքով սահմանված դեպքում մասնագիտական հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակումը երկու անգամ կասեցնելուց հետո արտոնությունների գործողությունը դադարում է:
Արտոնությունների գործողությունը դադարեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաև այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճարելու պարտավորությունը կրում են նշված սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհներն ստացողները, ընդ որում` ավելացված արժեքի հարկի պարտավորությունների մասով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում ծրագրով սահմանված` դրա գործողության ժամկետի վերջը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հուլիսի 20 Երևան ՀՕ-136-Ն |