ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 109-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտում թույլ տալու հիմքերով դադարեցնելու դիմումը կարող է հիմնված լինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած նյութերի վրա:»:
Հոդված 2. Օրենքի 141-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը՝
ա. «հավաստող փաստաթղթեր» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև թեկնածուի կողմից լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանադրության և օրենքի պահանջները բավարարելու դեպքում Ազգային ժողովի նախագահը մեկ աշխատանքային օրվա ընթացքում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:»․
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում՝ այն ժամկետում, որ ապահովվի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրումը:»:
Հոդված 3. Օրենքի 144-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը ՝
ա. «հավաստող փաստաթղթեր» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև թեկնածուի կողմից լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանադրության և օրենքի պահանջները բավարարելու դեպքում Ազգային ժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնօրյա ժամկետում դրա վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:»․
2) 6-րդ մասը «նիստերում» բառից հետո լրացնել «՝ այն ժամկետում, որ ապահովվի Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրումը:» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 19 Երևան ՀՕ-201-Ն |