ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի մարտի 29-ին
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. |
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնն ստանձնելը |
1. Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստում տալիս է հետևյալ երդումը. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը:»:
2. Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված երդումը տալուց հետո՝ անհապաղ, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի լիազորությունների դադարման օրը:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում «անդամի» բառը փոխարինել «դատավորի» բառով, իսկ 5-րդ մասում «անդամների» բառը՝ «դատավորների» բառով:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու դեպքերում՝ նրա լիազորությունները դադարելու օրվան նախորդող յոթերորդ ամսվա վերջին օրը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվելուց ոչ ուշ, քան մեկ օր հետո Սահմանադրական դատարանի նախագահն այդ մասին տեղեկացնում է համապատասխանաբար Հանրապետության նախագահին, Վճռաբեկ դատարանի նախագահին և Կառավարությանը:»:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում թափուր տեղում նոր դատավորի ընտրությունն անցկացվում է՝
1) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման դեպքերում՝ նրա լիազորությունների դադարման մասին Սահմանադրական դատարանի նախագահի կողմից տեղեկացվելու օրվան հաջորդող վեցամսյա ժամկետում.
2) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման, ինչպես նաև սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման կամ Սահմանադրական դատարանի նոր դատավոր չընտրվելու դեպքերում՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
2. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու մասին սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Սահմանադրական դատարանի նոր դատավորն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. ապրիլի 1 Երևան ՀՕ-5-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|