ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ընկերությունները կարող են իրականացնել ինվեստիցիոն (ներդրումային) գործունեություն` իրենց անունից և հաշվին գնել կամ այլ կերպ ձեռք բերել, օտարել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային այլ արժեթղթեր, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքներ, որոնք, որպես հիմքում ընկած առարկա, ունեն ներդրումային արժեթուղթ:»:
Հոդված 2. Օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Ընկերության թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարգավորվող ածանցյալ ֆինանսական գործիքների հրապարակային տեղաբաշխման դեպքում` արժեթղթերի շուկան կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները.»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. նոյեմբերի 12 Երևան ՀՕ-197-Ն |