Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-161-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (04.05.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.04/80(1260) Հոդ.1043
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.10.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
01.11.2016
Дата вступления в силу
04.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին Օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասը «կարգավորվում են» բառերից հետո լրացնել «ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 3-րդ կետը «ընդերքի օգտագործում» բառերից հետո լրացնել «կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակում» բառերով.

2) 7-րդ կետը «հանածոների արդյունահանման» բառերից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով.

3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) արտադրական լցակույտեր` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման կամ վերամշակման արդյունքում առաջացած ընդերքօգտագործման թափոններ (այդ թվում՝ պոչանքներ)` տեղադրված երկրի մակերևույթի վրա կամ լեռնային փորվածքներում.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-28.4-րդ կետերով.

«28.1) շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ՝ կենտրոնական գանձապետարանում լիազոր մարմնի անվամբ բացված արտաբյուջետային հաշվին ընդերքօգտագործողների հատկացրած գումարներ, որոնք ուղղվում են սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված նպատակների իրականացմանը.

28.2) ֆինանսական երաշխիք՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգտագործման թափոնների մշակման օբյեկտների շահագործման, փակման, փակումից հետո օրենքով նախատեսված միջոցառումների իրականացման, թափոնների վերամշակման, օգտագործման կամ վնասազերծման, ինչպես նաև նշված գործողությունների արդյունքում առաջացող թերությունների կամ պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշները բավարարող իրավաբանական անձանց կողմից տրվող և ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացվող երաշխիք.

28.3) ֆինանսական այլ առաջարկներ և երաշխիքներ՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստանալու նպատակով ներկայացվող ֆինանսական առաջարկներ և երաշխիքներ, որոնք ներառում են մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ.

28.4) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքներ՝ ֆինանսական երաշխիքներ, որոնք ներկայացվում են հանքի փակման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով.».

5) 29-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 37-45-րդ կետերով.

«37) պոչանքներ՝ պինդ կամ կիսահեղուկ թափոններ, որոնք առաջանում են օգտակար հանածոների մշակման (այդ թվում` մանրացման, աղացման, չափային տեսակավորման, հարստացման և այլ ֆիզիկաքիմիական տեխնոլոգիաների կիրառման) ընթացքում.

38) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ` տարածք, տեղ, ներառյալ՝ ցանկացած պատվար կամ որևէ այլ կառույց (ներառյալ՝ պոչամբարները), որը նախատեսված է տարածքն իր մեջ պարունակելու, սահմանափակելու կամ այլ կերպ որպես հենարան պահելու նպատակին, որտեղ հավաքվում, կուտակվում, պահվում, հեռացվում, վնասազերծվում, տեղադրվում կամ թաղվում են ընդերքօգտագործման թափոնները (պինդ, հեղուկ կամ կիսահեղուկ վիճակում): Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ չեն հանդիսանում այն տարածքները (ներառյալ՝ փորված հորերը), որտեղ ընդերքօգտագործման թափոնները տեղափոխվել են օգտակար հանածոյի արդյունահանումից հետո՝ վերականգնման կամ շինարարական նպատակներով: Վերջիններս հանդիսանում են թափոններ «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով, և դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

39) ընդերքօգտագործման վտանգավոր թափոններ` ընդերքօգտագործման թափոններ, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, և պահանջվում են դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ.

40) ընդերքօգտագործման թափոնների կառավարում՝ ընդերքօգտագործման թափոնների հավաքման, փոխադրման, վնասազերծման, կուտակման, պահման, հեռացման, տեղադրման, թաղման, մշակման, օգտահանման գործողություններ, որոնք ուղղված են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգտագործման թափոնների կառավարման միջոցով շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա ընդերքօգտագործման թափոնների բացասական ազդեցության հնարավորության դեպքում կանխմանը կամ հնարավորինս նվազեցմանը.

41) ընդերքօգտագործման թափոնների վերամշակում՝ տեխնոլոգիական գործողությունների իրականացում, որոնք կապված են թափոնների մեխանիկական, ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների փոփոխման հետ, և որի նպատակն է ընդերքօգտագործման թափոններից օգտակար հանածոյի կորզումը, այդ թվում՝ դրա չափերի փոփոխումը, դասակարգումը, առանձնացումը, թափոնների վերամշակումը.

42) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներ, որտեղ գտնվող ընդերքօգտագործման թափոնները ենթարկվում են մշակման, վերամշակման կամ օգտահանման.

43) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման համապարփակ փաստաթուղթ, որը նկարագրում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում թափոնների հավաքման, փոխադրման, վնասազերծման, կուտակման, պահման, հեռացման, տեղադրման, թաղման այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքով նախատեսված նպատակների իրականացման համար: Ընդ որում, ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը մշակում և ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին են ներկայացնում բոլոր ընդերքօգտագործողները.

44) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համապարփակ փաստաթուղթ, որը նկարագրում է ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների կառավարման և դրանցում գտնվող ընդերքօգտագործման թափոնների կառավարման, մշակման, վերամշակման կամ օգտահանման այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքով նախատեսված նպատակների իրականացման համար: Ընդ որում, ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան մշակում և ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին են ներկայացնում միայն այն ընդերքօգտագործողները, որոնք ցանկանում են վերամշակել ընդերքօգտագործման թափոնները.

45) լավագույն հնարավոր տեխնոլոգիա՝ սույն օրենսգրքով նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և մեթոդների ամբողջություն, որոնք հնարավորինս կանխում կամ նվազագույնի են հասցնում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները, այդ թվում՝ շրջակա միջավայր վտանգավոր նյութերի արտանետումները:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

 

«11) ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում պետական վերահսկողություն՝ բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման նպատակով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում՝

 

1) «պահպանության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-23-րդ կետերով.

«15) ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգի սահմանումը.

16) ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգի սահմանումը.

17) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշների սահմանումը.

18) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշների սահմանումը.

19) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգի սահմանումը.

20) լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչների սահմանումը.

21) ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգի սահմանումը.

22) ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշների սահմանումը.

23) սույն օրենսգրքով նախատեսված այլ միջոցառումների իրականացումը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-14-րդ կետերով.

 

«9) ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգի մշակումը.

10) ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգի մշակումը.

11) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշների մշակումը.

12) լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչների մշակումը.

13) օգտակար հանածոյի մշակման համար անհրաժեշտ վտանգավոր նյութերի օգտագործման առավելագույն սահմանաչափերի որոշման ընթացակարգի հաստատումը.

14) սույն օրենքով նախատեսված այլ իրավասություններ:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

 

«5) հաշվետվություն ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

 

«3) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 40-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասը «ծրագիրը և այն» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերի հետ միասին» բառերով.

2) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1) դիմումատուի ներկայացրած ֆինանսական երաշխիքը բավարար չէ ապահովելու ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը.

5.2) ֆինանսական երաշխիքը տվել է այն իրավաբանական անձը, որը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշներին:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

 

«9) ֆինանսական երաշխիքի կատարման պահանջ ներկայացնելու կարգը և պայմանները:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

 

«6.1) իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները.»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.

 

«10.1) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և համապատասխան ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները.»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝

 

1) 3-րդ մասը «կից փաստաթղթերով» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով),» բառերով.

2) 11-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-9-րդ կետերով.

«8) դիմումատուի ներկայացրած ֆինանսական երաշխիքը բավարար չէ ապահովելու ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը.

9) ֆինանսական երաշխիքը տվել է այն իրավաբանական անձը, որը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշներին:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

 

«11) ֆինանսական երաշխիքի կատարման պահանջ ներկայացնելու կարգը և պայմանները:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

 

«18) իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները:»:

 

Հոդված 16. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  5.1

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ: ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ

 

Հոդված 60.1. Ընդհանուր պահանջները

 

1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարումը և վերամշակումն իրականացվում են՝

1) վնաս չպատճառելով մարդկանց առողջությանը.

2) կիրառելով այնպիսի գործընթացներ կամ տեխնոլոգիաներ, որոնք նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրին` ջրին, մթնոլորտային օդին, հողին, կենդանական և բուսական աշխարհին պատճառվող վնասը.

3) հնարավորինս նվազագույնի հասցնելով լանդշաֆտի կամ հատուկ նշանակության վայրերի՝ պատմամշակութային, էթնոգրաֆիկ, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ազդեցությունը:

2. Ընդերքօգտագործողները հանքի շահագործման ընթացքում և հանքի փակումից հետո պարտավոր են իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումներ` շրջակա միջավայրին կամ մարդկանց առողջությանը հասցվող վնասի և վթարների կանխարգելման կամ նվազագույնի հասցնելու նպատակով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված միջոցառումները պետք է իրականացվեն առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեության կիրառմամբ` հաշվի առնելով ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների տեխնիկական առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը և բնապահպանական պայմանները:

 

Հոդված 60.2. Ընդերքօգտագործման թափոնների կառավարումը և վերամշակումը

 

1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարումն իրականացվում է ընդերքօգտագործողների կողմից և նրանց միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանին համապատասխան:

2. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակումն իրականացվում է այն ընդերքօգտագործողների կողմից, որոնք ցանկանում են վերամշակել ընդերքօգտագործման թափոններ և այդ նպատակով սույն օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով ներկայացրել են համապատասխան դիմում:

3. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակումն իրականացվում է ընդերքօգտագործողների միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանին համապատասխան:

4. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Այն ընդերքօգտագործողները, որոնք վերամշակում են ընդերքօգտագործման թափոններ, իրականացնում են միայն ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումներ:

 

Հոդված 60.3. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները

 

1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները պետք է կազմվեն՝ հետևելով թափոնների առաջացումը և դրանց վնասակարությունը հնարավորինս նվազեցնելու սկզբունքին, հատկապես հաշվի առնելով՝

1) ընդերքօգտագործման թափոնների կառավարումը նախագծման փուլում և հանքարդյունահանման ու մշակման համար օգտագործվող մեթոդների ընտրություն կատարելիս.

2) օգտակար հանածոյի արդյունահանումից հետո ընդերքօգտագործման թափոնները ստորերկրյա խոռոչ կրկին փոխադրելը (եթե այդպիսիք կան), որքան հնարավոր է տեխնիկական և տնտեսական առումով և ընդունելի բնապահպանական տեսանկյունից.

3) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո ռեկուլտիվացումը.

4) օգտակար հանածոյի մշակման համար առավել քիչ վտանգավոր նյութերի օգտագործումը.

5) ընդերքօգտագործման թափոններից արժեքավոր նյութերի ստացմանը նպաստելը այդպիսի թափոնների օգտահանման, բազմակի օգտագործման կամ վերամշակման միջոցով, եթե դա ընդունելի է բնապահպանական տեսանկյունից.

6) ընդերքօգտագործման թափոնների անվտանգ հեռացման ապահովումը կարճաժամկետ և երկարաժամկետ, մասնավորապես նախագծման փուլում օբյեկտի գործունեության ընթացքում և դրա փակումից հետո կառավարումը և ընտրելով այնպիսի նախագիծ, որը՝

ա. պահանջում է ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտի դիտանցում, հսկողություն և կառավարում նվազագույն չափով և հնարավորության դեպքում դրանց բացառում,

բ. հնարավորինս նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրի (օդ, հող, ջրային ռեսուրսներ, ինչպես նաև բուսական, կենդանական աշխարհ) վրա և բացառում է հարակից ազդակիր համայնքների բնակչության առողջության վրա բացասական ազդեցությունները,

գ. ապահովում է նախկինում գոյություն ունեցած՝ հողի մակերևույթից ավելի բարձր խոյացող պատվարների կամ թափոնակույտի գեոտեխնիկական երկարաժամկետ կայունությունը.

7) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի դասակարգման առանձնահատկությունները:

2. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների բովանդակությունը, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անցկացման ընթացքում դիտարկում է նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների իրագործելիությունը:

4. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները կարող են փոփոխվել՝ կախված դրանց կառավարման կամ մշակման առանձնահատկություններից։ Ընդ որում, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները ենթակա են պարտադիր վերանայման յուրաքանչյուր 5 տարին մեկ:

5. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված փոփոխված պլանները ներկայացվում են ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի համաձայնեցմանը: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 60.4. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների ֆինանսական երաշխիքները

 

1. Ընդերքօգտագործողը ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու դիմումի հետ լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման համար ֆինանսական երաշխիքներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական երաշխիքի գումարի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները:

3. Ընդերքօգտագործողները պետք է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված լիազոր մարմիններ ներկայացնեն միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշները բավարարող իրավաբանական անձանց տված ֆինանսական երաշխիքներ:

4. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների փոփոխության դեպքում փոփոխվում է նաև ֆինանսական երաշխիքի չափը:

5. Սույն հոդվածով նախատեսված ֆինանսական երաշխիքը կարող է տրամադրվել առավելագույնը 5 տարի ժամկետով:

6. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ ընդերքօգտագործողը ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշխիքի ժամկետի երկարաձգման մասին ֆինանսական երաշխիք տված իրավաբանական անձի պատշաճ վավերացրած փաստաթուղթ:

7. Եթե ընդերքօգտագործողը սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում չի ներկայացնում ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշխիքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ պատշաճ վավերացված փաստաթուղթ, ապա ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը դիմում է ֆինանսական երաշխիք տրամադրած իրավաբանական անձին՝ պահանջելով վճարել ֆինանսական երաշխիքով նախատեսված ամբողջ գումարը՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով:

8. Ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 60.5. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների չիրականացման համար զգուշացումը և ֆինանսական երաշխիքով նախատեսված գումարի վճարման պահանջ ներկայացնելը

 

1. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումներն իրականացնող ընդերքօգտագործողին տալիս է գրավոր զգուշացում, եթե վերջինս չի կատարում համապատասխան պլաններով նախատեսված պարտավորությունները:

2. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինն իրավունք չունի ֆինանսական միջոցի հատկացման պահանջ ներկայացնելու ընդերքօգտագործողին կամ ֆինանսական երաշխիք տված անձին, եթե ընդերքօգտագործողը զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո՝ 60 օրվա ընթացքում, վերացրել է խախտումները:

3. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ֆինանսական երաշխիքով նախատեսված գումարի վճարման պահանջ կարող է ներկայացնել ինչպես ընդերքօգտագործողին, այնպես էլ ֆինանսական երաշխիք տված անձին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գումարի վճարման պահանջ կարող է ներկայացվել, եթե ընդերքօգտագործողը՝

1) ամբողջությամբ կամ մասնակիորեն չի կատարել ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված պարտավորությունները և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում չի վերացրել համապատասխան խախտումները.

2) ֆինանսական երաշխիքի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ չի ներկայացրել ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշխիքի երկարաձգման վերաբերյալ պատշաճ վավերացված փաստաթուղթ:

5. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ֆինանսական միջոցների հատկացման պահանջի մեջ պետք է նշի, թե որ պարտավորությունն է խախտել ընդերքօգտագործողը:

6. Ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին պահանջը պետք է ընդերքօգտագործողին կամ ֆինանսական երաշխիք տված անձին ներկայացվի գրավոր` կցելով անհրաժեշտ հիմնավորումները: Սույն կետով նախատեսված պահանջը պետք է պարունակի նաև պահանջվող գումարի չափը և նշված գումարի հաշվարկ-հիմնավորումները:

7. Ֆինանսական միջոցների հատկացման պահանջը ընդերքօգտագործողին կամ ֆինանսական երաշխիք տված անձին ներկայացնելու դեպքում այն պետք է քննարկվի, և համապատասխան գումարը վճարվի տասնօրյա ժամկետում:

8. Սույն հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցների հատկացման պահանջ ներկայացնելու դեպքում ընդերքօգտագործողը կամ ֆինանսական երաշխիք տված անձը համապատասխան գումարը փոխանցում է ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի անվամբ գանձապետական միասնական հաշվում բացված արտաբյուջետային հաշվին:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված գումարը ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվին փոխանցվելուց հետո վերջինս այդ միջոցների հաշվին սկսում է կատարել ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները:

 

Հոդված 60.6. Տեղեկատվությունը և կանխարգելումը

 

1. Ընդերքօգտագործողը պատասխանատվություն է կրում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների անվտանգության ապահովման, անվտանգության կառավարման ընթացակարգերի մշակման և կիրառման, ինչպես նաև անվտանգության բարձրացման և ռիսկերի նվազեցման տեխնոլոգիական և կառավարչական համակարգերի օգտագործման համար։

2. Վթարների առաջացման վտանգները և դրանց առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն թափոնների օբյեկտների նախագծման, կառուցման, աշխատանքի ու պահպանման ժամանակ, ինչպես նաև դրանք փակելիս ու փակումից հետո վթարները կանխարգելելու և մարդու առողջության և (կամ) շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր բացասական հետևանքները բացառելու նպատակով։

3. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջի կատարման նպատակով յուրաքանչյուր ընդերքօգտագործող, նախքան ընդերքօգտագործման գործունեության մեկնարկը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար՝

1) մշակում է վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ և գործողության մեջ դնում դրա իրականացումն ապահովող անվտանգ կառավարման համակարգ.

2) մշակում է արտակարգ իրավիճակներում գործելու պլան՝ նշելով այն միջոցառումները, որոնք ուղղված են լինելու վթարների կանխարգելմանը, հետևանքների նվազեցմանը, իրենց աշխատակիցների և հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության պաշտպանությանը՝ համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների.

3) իրականացնում է արտակարգ իրավիճակներին արձագանքելու ներքին ծրագիր՝ նշելով այն միջոցները, որոնք վթարի դեպքում ձեռնարկվելու են։

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով ընդերքօգտագործողը նշանակում է անվտանգության հարցերով կառավարիչ կամ ստեղծում ստորաբաժանում, որը պատասխանատվություն է կրում վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ու պարբերական վերահսկողության համար՝ համաձայն արտակարգ իրավիճակներում գործելու պլանի։

5. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանի բովանդակության և դրա մշակման մեթոդական ուղեցույցը սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

6. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանի հիմնական նպատակներն են՝

1) վթարների և այլ միջադեպերի սահմանում, նկարագրում ու հսկողություն՝ դրանց հետևանքները նվազեցնելու, մասնավորապես մարդու առողջությանը և շրջակա միջավայրին հասցվող վնասները հնարավորինս չեզոքացնելու կամ նվազեցնելու համար.

2) վթարների և այլ միջադեպերի ազդեցություններից մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում.

3) տվյալ տարածաշրջանում հանրությանը և համապատասխան ծառայություններին կամ մարմիններին անհրաժեշտ տեղեկությունների հաղորդում.

4) վթարներից հետո շրջակա միջավայրի վերականգնման ու մաքրման աշխատանքների նախատեսում։

7. Վթարների դեպքում ընդերքօգտագործողը բնապահպանության, առողջապահության և արտակարգ իրավիճակների լիազոր մարմիններին անհապաղ տրամադրում է այն տեղեկատվությունը, որ պահանջվում է մարդու առողջության համար դրանց հետևանքները նվազեցնելու և բնապահպանական վնասի չափը գնահատելու ու փաստացի կամ հնարավորինս նվազեցնելու համար։

8. Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Առողջապահության ոլորտի լիազոր մարմինը կարող է մասնակցել արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման ու վերանայման գործընթացին։ Սույն մասով նախատեսված գործընթացներին մասնակցելու նպատակով արտակարգ իրավիճակների լիազոր մարմինը առողջապահության ոլորտի լիազոր մարմնին տեղեկացնում է համապատասխան աշխատանքների իրականացման մասին՝ տրամադրելով տեղեկություններ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու ընթացակարգի և այն լիազոր մարմինների մասին, որոնք պետք է ներգրավվեն գործընթացին։

10. Ազդակիր համայնքների բնակչությունը պետք է մասնակցելու հնարավորություն ունենա արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման ու վերանայման գործընթացներին։ Սույն մասով նախատեսված գործընթացներին մասնակցելու նպատակով արտակարգ իրավիճակների լիազոր մարմինը ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնում է համապատասխան աշխատանքների իրականացման մասին՝ տրամադրելով տեղեկություններ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու ընթացակարգի և այն լիազոր մարմինների մասին, որոնց կարող են ներկայացվել դիտողություններ և հարցեր։ Ազդակիր համայնքների բնակչությունը պետք է ունենա ողջամիտ ժամկետներում առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն, և համապատասխան որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ազդակիր համայնքի բնակչության ներկայացրած առաջարկությունները։

11. Վթարների դեպքում պահանջվող գործողությունների մասին տեղեկություններն անվճար տրամադրվում են ազդակիր համայնքների բնակչությանը, և այդ տեղեկատվությունը վերանայվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ և անհրաժեշտության դեպքում՝ թարմացվում։

12. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված՝ ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնելու, ազդակիր համայնքի բնակչության կողմից առաջարկություններ ներկայացնելու և այդ առաջարկությունների քննարկման կարգը սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

 

Հոդված 60.7. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցումն ու կառավարումը

 

1. Ընդերքօգտագործման թափոնների նոր օբյեկտ կառուցելիս կամ գոյություն ունեցող օբյեկտը փոփոխության ենթարկելիս ընդերքօգտագործողը պարտավոր է՝

1) հաշվի առնել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի տարածքի երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, սեյսմիկ ու գեոտեխնիկական գործոնները և նախագծել այնպես, որ նվազագույնի հասցվի հողի, մթնոլորտային օդի, ստորգետնյա կամ մակերևութային ջրերի աղտոտումը, ապահովվի աղտոտված ջրի և թափոններից ծորացած կեղտաջրերի արդյունավետ հավաքումը, նվազեցվի ջրի կամ քամու հետևանքով առաջացող քայքայման ծավալը, որքան դա հնարավոր է տեխնիկապես և նպատակահարմար` տնտեսապես.

2) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտը կառուցել, կառավարել և պահպանել այնպես, որ ապահովվի դրա ֆիզիկական կայունությունը, և կանխարգելվի հողի, բուսական, կենդանական աշխարհի, օդի, մակերևութային կամ ստորգետնյա ջրերի աղտոտումը, ինչպես նաև նվազագույնի հասցվի լանդշաֆտին հասցվող վնասը.

3) ունենալ համապատասխան պլաններ և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների գործունեության դիտանցման և ներքին հսկողության, իսկ անկայունության վերաբերյալ արդյունքների կամ ջրի կամ հողի աղտոտման, բուսական, կենդանական աշխարհին հասցվող վնասի դեպքում՝ անհապաղ միջոցառումների իրականացման վերաբերյալ.

4) ունենալ օբյեկտի դասակարգման առանձնահատկություններով պայմանավորված՝ դրանից բխող տեխնիկական չափանիշներին համապատասխան կառավարման պլան.

5) ձեռնարկել համապատասխան միջոցառումներ հողատարածքի և բուսական, կենդանական աշխարհի վերականգնման և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման ուղղությամբ.

6) ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար:

 

Հոդված 60.8. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման և փակումից հետո կիրառվող ընթացակարգերը

 

1. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման ընթացակարգը մեկնարկվում է, եթե՝

1) իրականացված են օբյեկտի կառավարման պլանում նշված` օբյեկտի փակմանը նախորդող բոլոր միջոցառումները.

2) ընդերքօգտագործողը ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման մասին ծանուցել է ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

2. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո տեղում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցկացնում է ստուգումներ, գնահատում է տնտեսավարողի ներկայացրած բոլոր հաշվետվությունները, հաստատում է թափոնների օբյեկտի գործունեության արդյունքում վնասված հողատարածքի, բուսական, կենդանական աշխարհի վերականգնման փաստը և ընդունում է օբյեկտի փակման մասին որոշում: Սույն կետում նշված որոշման մասին ընդերքօգտագործողը տեղեկացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Ընդերքօգտագործողը պատասխանատու է փակմանը հաջորդող փուլում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումների իրականացման՝ օրենքով սահմանված պահանջների կատարման համար՝ հաշվի առնելով վնասի բնույթը և տևողությունը, բացառությամբ, երբ թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով որոշում է կայացրել՝ հանձն առնել այդ խնդիրները ընդերքօգտագործողի փոխարեն լուծելու պատասխանատվությունը:

4. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումներն իրականացնելու դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո օրենսդրությամբ սահմանված բնապահպանական պահանջները բավարարելու համար ընդերքօգտագործողը պետք է վերահսկի ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի ֆիզիկական ու քիմիական կայունությունը և նվազեցնի ցանկացած բացասական ազդեցություն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մակերևութային և ստորգետնյա ջրերի վրա՝ ապահովելով, որ՝

1) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտին հարող բոլոր շինությունները դիտանցվեն ու պահպանվեն շահագործման համար միշտ պատրաստ հսկիչ և չափման սարքերի հետ.

2) անհրաժեշտության դեպքում հեղեղատարների հուները և ջրաթող օբյեկտները լինեն մաքուր և ազատ։

 

Հոդված 60.9. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից անցկացվող տեսչական ստուգումները

 

1. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողների մոտ թափոնների կառավարման և դրանց վերամշակմանն ուղղված աշխատանքների իրականացման նկատմամբ տեսչական ստուգումներն իրականացվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 60.10. Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրումը

 

1. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է ընդերքօգտագործման թափոնների փակված (այդ թվում՝ լքված) օբյեկտների գույքագրումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օբյեկտների գույքագրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասը «պահպանության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման» բառերով:

 

Հոդված 18. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 19. Օրենսգրքի 80-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

 

«10. Օրենսգրքի 5.1-ին գլուխն ուժի մեջ մտնելուց հետո` 60 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին՝ միաժամանակ սահմանված կարգով ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելով ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները և ֆինանսական երաշխիքները:»:

 

 Հոդված 20.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեխնածին հանքավայրերը հանդիսանում են ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտներ, և դրանք շահագործող ընդերքօգտագործողները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 60 ամսվա ընթացքում, իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին՝ միաժամանակ սահմանված կարգով ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելով ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները և ֆինանսական երաշխիքները:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 1

Երևան

ՀՕ-161-Ն