ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-40-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով.
«Հոդված 11.1. | Էլեկտրոնային թվային ստորագրության կիրառումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները ձեռք բերելիս |
1. Էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս:
2. Էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ծառայություններ կամ գործողություններ կատարելու նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջներին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված համակարգին միանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց էլեկտրոնային համակարգերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին:
4. Էլեկտրոնային ծառայությունների մատուցման համակարգի տեխնիկական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել էլեկտրոնային համակարգի օպերատոր, որը կապահովի էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկումը և համակարգումը: Էլեկտրոնային համակարգի օպերատորի գործառույթները կարող են վերապահվել պետական որևէ մարմնի կամ իրավաբանական անձի:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-226-Ն |