Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-224-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (06.01.2013-17.10.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.12.27/65(939) Հոդ.1386
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.12.2012
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.12.2012
Дата вступления в силу
06.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 5-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 82-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

 

«Մաքսային արժեքի որոշման նպատակով սույն օրենսգրքի 87 հոդվածով սահմանված փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվելուց հետո մաքսային մարմինները երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` սույն օրենսգրքի 87 հոդվածի համաձայն հաշվարկված մաքսային արժեքը: Սույն օրենսգրքի 96 հոդվածի 2.1-ին կետով սահմանված դեպքերում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` սույն օրենսգրքի 87 հոդվածի համաձայն հաշվարկված մաքսային արժեքն ընդունվում կամ մերժվում է հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն օրենսգրքի 87 հոդվածով սահմանված փաստաթղթերի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքի մերժման դեպքում սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետներում սույն օրենսգրքի 87 հոդվածում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի մերժման վերաբերյալ տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային մաքսային մարմինները գրավոր տեղեկացնում են հայտարարատուին` կազմելով սույն օրենսգրքի 96 հոդվածով նախատեսված մերժման եզրակացությունը:

Տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետներում մաքսային արժեքի մերժման վերաբերյալ հայտարարատուին տեղեկացում չներկայացվելու դեպքում հայտարարատուի կողմից որոշված մաքսային արժեքը համարվում է ընդունված:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 87-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 87. Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը

 

1. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուն մաքսային հայտարարագրի հետ միասին պետք է ներկայացնի`

1) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման փաստաթուղթը, որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (անվանումը, առկայության դեպքում` ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը), տեղերի/քանակի, չափի միավորի, միավոր արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաև վճարման փաստաթուղթը կամ հետագա վճարման պարտավորությունը հաստատող փաստաթուղթը (երաշխիքի նամակ կամ վաճառողի և գնորդի միջև համաձայնեցված այլ փաստաթուղթ).

2) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության և համանման այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, եթե ապրանքների մատակարարման պայմաններով այդպիսի ծախսերի պարտավորությունը կրում է գնորդը:

2. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով, եթե՝

1) հայտարարատուի կողմից ներկայացվել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը.

2) գնորդի կողմից ապրանքների տնօրինման կամ օգտագործման նկատմամբ սահմանափակումներ չկան, բացի այն սահմանափակումներից, որոնք`

ա. սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ

բ. սահմանափակում են աշխարհագրական այն տարածքը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել, կամ

գ. էականորեն չեն ազդում տվյալ ապրանքների ձեռքբերման արժեքի վրա.

3) վաճառքը կամ գինը ենթակա չեն որևէ պայմանի կամ հատուցման, որոնց պատճառով գնահատվող ապրանքների ձեռքբերման արժեքները չեն կարող որոշվել.

4) գնորդի կողմից ապրանքների հետագա վաճառքից, տնօրինումից կամ օգտագործումից ստացվող հասույթներից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի կարող անցնել վաճառողին, քանի դեռ հնարավոր չէ համապատասխան ճշգրտում կատարել` համաձայն սույն օրենսգրքի 83 հոդվածի դրույթների.

5) գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ եթե գնորդն ու վաճառողը փոխկապակցված են, սակայն`

ա. հայտարարատուի ներկայացրած տեղեկատվության համաձայն` այդպիսի փոխկապակցվածությունը չի ազդել ապրանքի ձեռքբերման արժեքի վրա, կամ

բ. հայտարարատուի կողմից ձեռք բերված ապրանքի ձեռքբերման արժեքն առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված` չփոխկապակցված անձից ձեռք բերված նույն կամ համանման ապրանքների ձեռքբերման արժեքից, որոնց ներմուծման ժամանակ մաքսային արժեքը որոշվել է սույն օրենսգրքի 89 կամ 90 հոդվածով, կամ

գ. հայտարարատուի կողմից որոշված մաքսային արժեքը սույն օրենսգրքի 91 կամ 92 հոդվածների համաձայն որոշված նույն կամ համանման ապրանքների արժեքից առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ, կամ

դ. հայտարատուի կողմից որոշված մաքսային արժեքը նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծված նույն կամ համանման ապրանքների` սույն օրենսգրքի 87 հոդվածով նախատեսված մեթոդով որոշված միջին մաքսային արժեքից առնվազն 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ:

Մաքսային մարմինների կողմից սույն մասով նախատեսված տեղեկատվության ստուգման ժամանակ հաշվի են առնվում առևտրային գործարքների մակարդակների, այդպիսի գործարքների քանակների վերաբերյալ հայտարարատուի կողմից ցույց տրված տարբերությունները, ինչպես նաև մաքսային արժեքի հաշվարկման ժամանակ սույն օրենսգրքի 83 հոդվածով նախատեսված այն ծախսերը, որոնք վաճառողը կատարում է վաճառքի ժամանակ, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված չեն, և որոնք վաճառողը չի կատարում վաճառքի ժամանակ, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված են: Այդպիսի տեղեկատվության ստուգումը պետք է օգտագործվի հայտարարատուի նախաձեռնությամբ և միայն համեմատության նպատակով, և դրանց արդյունքում մաքսային արժեքին փոխարինող արժեքներ չեն կարող սահմանվել:

3. Անկախ սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույթներից, եթե մաքսային մարմինները հիմքեր ունեն համարելու, որ հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերը հավաստի չեն կամ կեղծ են, ապա նրանք այդ փաստաթղթերի հավաստիության ստուգման նպատակով օգտվում են սույն օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունից` սույն օրենսգրքի 96 հոդվածով նախատեսված մերժման ժամանակ գրավոր ներկայացնելով մերժման հիմք հանդիսացող տեղեկատվությունը և դրա աղբյուրները:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 88-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 88. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշումը

 

1. Սույն օրենսգրքի 87 հոդվածի համաձայն մաքսային արժեքի որոշման ժամանակ սույն օրենսգրքի 83 հոդվածով սահմանված ծախսերի և 87 հոդվածով նախատեսված տեղեկությունների բացակայությամբ պայմանավորված մաքսային արժեքի որոշման անհնարինության դեպքում մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից` սույն օրենսգրքի 94 հոդվածով սահմանված հերթականությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմիններն օգտվում են ինչպես իրենց տրամադրության տակ եղած, այնպես էլ հայտարարատուի կողմից տրամադրված և Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմիններից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունից: Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին սույն կետով նախատեսված նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 95-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ կետի «88 հոդվածի 4-րդ կետում» բառերը փոխարինել «88 հոդվածի 2-րդ կետում» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 96-րդ հոդվածում`

 

1) 2-րդ կետը «մաքսային մարմինների» բառերից առաջ լրացնել «տարածքային (տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային)» բառերով, իսկ «հայտարարագրի ներկայացման օրը» բառերը փոխարինել «սույն օրենսգրքով սահմանված ժամկետում» բառերով.

2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Մերժման եզրակացության հետ միասին տարածքային մաքսային մարմինները հայտարարատուին ներկայացնում են մաքսային արժեքի չափը և որոշման եղանակը` հիմնավորելով նաև սույն օրենսգրքի 94 հոդվածով նախատեսված հերթականությամբ մաքսային արժեքի որոշման մեթոդներով ապրանքների մաքսային արժեքը որոշելու անհնարինությունը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1. Տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային մաքսային մարմինները մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու մերժման վերաբերյալ մինչև վերջնական որոշում ընդունելը, բայց ոչ ուշ, քան սույն օրենսգրքի 87 հոդվածով սահմանված փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարատուին գրավոր ներկայացնում են գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի ընդունմանը խանգարող հանգամանքները և առաջարկում են հայտարարատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, որոնց քննության արդյունքում, նշյալ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում են որոշում մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելը մերժելու վերաբերյալ կամ ընդունում են հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 102-րդ հոդվածի աղյուսակում`

 

1) ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 7615 11 000 և 7615 19 տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«7615 10

Ճաշի, խոհանոցային ապրանքներ կամ այլ ապրանքներ` կենցաղային կարիքների համար և դրանց մասեր, ճիլոպներ` խոհանոցային սպասքը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և նմանատիպ արտադրանք` ալյումինից

0 0».

2) ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 8522 90 400 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«8522 90 410

8519 50 000 ենթադիրքի սարքավորումների (հեռախոսային ինքնապատասխանիչների) էլեկտրոնային մոդուլներ

0

0

8522 90 490

Էլեկտրոնային մոդուլներ այլ

0

0».

3) ԱՏԳ ԱԱ-ի «8523 29 100» ծածկագիրը փոխարինել «8523 29 150» ծածկագրով, «8523 29 210» ծածկագիրը` «8523 29 310» ծածկագրով, «8523 29 290» ծածկագիրը` «8523 29 390» ծածկագրով, «8523 40 110» ծածկագիրը` «8523 41 100» ծածկագրով, «8523 40 120» ծածկագիրը` «8523 41 300» ծածկագրով, «8523 40 130» ծածկագիրը` «8523 41 900» ծածկագրով, «8523 40 200» ծածկագիրը` «8523 49 250» ծածկագրով, «8523 40 400» ծածկագիրը` «8523 49 450» ծածկագրով, «8523 40 700» ծածկագիրը` «8523 49 910» ծածկագրով, «8523 51 700» ծածկագիրը` «8523 51 910» ծածկագրով, «8523 80 950» ծածկագիրը` «8523 80 930» ծածկագրով.

4) ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 8529 90 450 և 8529 90 490 տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«8529 90 200

8525 60 000, 8525 80 300, 8528 41 000, 8528 51 000, 8528 61 000 ապրանքային ենթաենթադիրքերում դասակարգվող սարքերի մասեր, այլ

0

0»:

Հոդված 7. Օրենսգրքի 199-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 199. Հետագա արտահանման կամ հետագա ներմուծման պարտավորությունների խախտումը

 

1. Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:

2. Նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 199.1-ին հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Սույն օրենսգրքով արգելված դեպքերում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ժամկետի երկարաձգման դեպքերի) ենթարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 202-րդ հոդվածից հանել «կամ այլ ապրանքներին և տրանսպորտային միջոցներին վերաբերող փաստաթղթեր ներկայացնելով» բառերը:

 

Հոդված 10. Օրենսգրքի 203-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 203.

Ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը`

- որի արդյունքում չի առաջանում մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) պակաս հաշվարկում կամ չհաշվարկում, ինչպես նաև ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով,

- որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`

առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով,

- որն առաջացնում է ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով,

- որի արդյունքում չեն առաջանում մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի), սակայն կատարված խախտման արդյունքում մաքսային հայտարարագրում արտացոլվել են ապրանքների արտահանման երկրում կամ Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված և մաքսային սահմանով տեղափոխված կամ տեղափոխվող ապրանքների ձեռքբերման արժեքներից կամ քանակներից բարձր կամ ցածր արժեքներ կամ քանակներ` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի 10 տոկոսի չափով:»:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 22

Երևան

ՀՕ-224-Ն