Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-336-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (19.01.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.01.09/2(876) Հոդ.3
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.12.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2011
Дата вступления в силу
19.01.2012

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`

 

1) առաջին պարբերության «հարկման նպատակով» բառերը հանել, իսկ «գնի» բառը փոխարինել «արժեքի» բառով.

2) երկրորդ պարբերությունը «շուկայական» բառից հետո լրացնել «կամ շուկայական արժեքից տարբերվող» բառերով.

3) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լիազոր մարմին` սույն օրենքով և օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորում իրականացնող լիազորված պետական մարմինն է.».

4) յոթերորդ պարբերության «շուկայական գնի» բառերը փոխարինել «արժեքի» բառով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«անշարժ գույքի գնահատող (այսուհետ` գնահատող)` ֆիզիկական անձ, որը սույն օրենքով նախատեսված կարգով լիազոր մարմնի կողմից ստացել է անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական:»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «գնահատողների» և 2-րդ մասի 5-րդ կետի «գնահատողի» բառերին նախորդող «անշարժ գույքի» բառերը հանել:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Անշարժ գույքի գնահատման գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձանց կողմից` անշարժ գույքի գնահատման պատվերի հիման վրա` գնահատողի միջոցով:

2. Անշարժ գույքի գնահատման պատվերի իրավական հիմք է անշարժ գույքի գնահատման սուբյեկտների միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր):»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`

 

 1) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պատվերը կատարող գնահատողին տրված որակավորման վկայականի գործողության ժամկետի, հերթական համարի մասին.».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) գնահատման ստանդարտով սահմանված անշարժ գույքի արժեքի տեսակի մասին:».

3) 3-րդ մասից հանել «պարտադիր» բառը:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի 7-րդ կետից հանել «շուկայական» բառը, իսկ 12-րդ կետից` «անշարժ գույքի» բառերը.

2) 3-րդ մասի 3-րդ կետի «շուկայական գինը» բառերը փոխարինել «արժեքը» բառով.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատվում է գնահատողի ստորագրությամբ և նրա (անհատ ձեռնարկատեր լինելու և կնիքի առկայության դեպքում) կամ այն իրավաբանական անձի կնիքով (կնիքի առկայության դեպքում), որի հետ գնահատողը կնքել է աշխատանքային պայմանագիր, ինչպես նաև նշվում է թերթերի քանակը: Հաշվետվության յուրաքանչյուր տպագրված և համարակալված թերթ ստորագրում է գնահատողը:»:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը «վարձակալման» բառից հետո լրացնել «, գրավադրման» բառով, իսկ «, եթե լիազոր մարմնի որոշմամբ տվյալ հաշվետվության նկատմամբ վերագնահատման պահանջ չի ներկայացվել» բառերը հանել:

 

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի «շուկայական գնի» բառերը փոխարինել «գնահատմամբ հաշվարկված արժեքի» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի վերնագրից հանել «Անշարժ գույքի» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 15. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց և գնահատողի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձինք իրավունք ունեն`

1) գնահատման ընթացքում անշարժ գույքի գնահատման պատվիրատուից պահանջելու անհրաժեշտ տեղեկությունների ապահովում, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկության, իսկ այդ տեղեկությամբ անշարժ գույքի արժեքի արժանահավատությունը պայմանավորված լինելու դեպքում նշելու այդ մասին հաշվետվությունում.

2) պատվիրատուի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելու և պայմանագրով նախատեսված պայմանների խախտման դեպքում հրաժարվելու անշարժ գույքի գնահատման իրականացումից.

3) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերելու գնահատման համար ելակետային տվյալներ և այլ տեղեկություններ, այդ թվում` հարցում կատարելու երրորդ անձանցից տեղեկատվություն ստանալու համար.

4) մասնակցելու իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալու հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին.

5) անշարժ գույքի գնահատման իր գործունեության մասին լիազոր մարմնի ընդունած որոշումները բողոքարկելու դատական կարգով.

6) օգտվելու օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

2. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են`

1) հաշվետվությունը հաստատել ստորագրությամբ, կնիքով (կնիքի առկայության դեպքում) և ապահովել պայմանագրով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարումը.

2) պահպանել պատվիրատուից և երրորդ անձանցից անշարժ գույքի գնահատման ընթացքում ստացված փաստաթղթերը հաշվետվությունների թղթային կամ էլեկտրոնային կրկնօրինակների հետ միասին` օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետի ընթացքում.

3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաշվետվությունների պատճենները կամ դրանցում առկա անշարժ գույքի արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը, պատվիրատուներից բացի, տրամադրել համապատասխան մարմիններին.

4) գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց կամ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել դրա պատճենը:

3. Գնահատողն իրավունք ունի`

1) գնահատման միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան կիրառելու անշարժ գույքի գնահատման այլ մեթոդներ.

2) օգտվելու սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից:

4. Գնահատողը պարտավոր է`

1) անշարժ գույքի գնահատումը կատարել սույն օրենքով, գնահատման ստանդարտով և օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) որակավորման վկայականի բնօրինակը պահպանել խնամքով և փակցնել պատվիրատուների համար տեսանելի տեղում.

3) հաշվետվությունը հաստատել ստորագրությամբ.

4) կատարել սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պարտականությունները.

5) հրաժարվել գնահատման իրականացումից, եթե անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով և գնահատման ստանդարտով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ գնահատման հաշվետվություն կազմելու համար:»:

 

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից և գնահատողից պահանջելու` ներկայացնել մասնագիտական որակավորման վկայականի բնօրինակը.».

2) 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 17. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձին և գնահատողին ներկայացվող պարտադիր պահանջներն ու սահմանափակումները

 

1. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձը պատվիրատուի պահանջի դեպքում, որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր է իր հաշվին ապահովագրել պատվիրատուին հնարավոր դրամական վնասից, որը կարող է առաջանալ անշարժ գույքի գնահատման մասնագիտական խախտումների պատճառով՝ անշարժ գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով:

2. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձն իրավունք չունի իրականացնելու սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված անշարժ գույքի գնահատում, եթե տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող իրավաբանական անձի հիմնադիր մասնակից է կամ բաժնետեր, ինչպես նաև` դրա նկատմամբ ունի գույքային այլ պարտավորություններ կամ պահանջներ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումը վերաբերում է նաև գնահատողին:

4. Գնահատողի կողմից սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված սահմանափակման խախտումը գնահատողի որակավորման վկայականն ուժը կորցրած ճանաչելու հիմք է, իսկ իրականացված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը իրավական հիմք չունի:

5. Անշարժ գույքի գնահատման գործընթացին պատվիրատուի կամ շահագրգիռ այլ անձանց միջամտությունը, որի հետևանքով կարող է թերագնահատվել կամ գերագնահատվել անշարժ գույքի արժեքը, հանգեցնում է պատվիրատուի հետ պայմանագրի վաղաժամկետ լուծմանը և այդ պահի դրությամբ անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձի կատարած ծախսերի հատուցմանը պատվիրատուի կամ շահագրգիռ այլ անձանց կողմից:»:

 

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ընթացքում» և «շուկայական գնի» բառերը փոխարինել համապատասխանաբար «արդյունքում» և «արժեքի» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20. Անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման ստուգման կարգը, կազմակերպումն ու իրականացումը

 

1. Գնահատողի մասնագիտական որակավորումը (այսուհետ` որակավորում) կազմակերպում և իրականացնում է լիազոր մարմինը՝ որակավորման քննությունների միջոցով:

2. Որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ներկայացուցիչներ և առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գնահատողներ` իրենց համաձայնությամբ:

3. Որակավորման կարգով սահմանվում են որակավորման ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները, ստուգման համար հայտատուին առաջադրվող հարցերի կամ խնդիրների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, ստուգման անցկացման համար նախատեսված ժամանակը, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Ստուգման համար թեմատիկ հարցաշարերը և առաջադրվող հարցերը կամ խնդիրները նախապատրաստում է լիազոր մարմինը: Թեմատիկ հարցաշարերը ենթակա են պարտադիր հրապարակման լիազոր մարմնի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան ստուգման օրվանից երեք ամիս առաջ:

Որակավորման ստուգումն իրականացվում է տեխնիկական միջոցներով: Հայտատուն նախօրոք ծանոթացվում է տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին:

Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին հայտատուն պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

Որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց: Ստուգումների ընթացքը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:

Ստուգումների արդյունքների մասին հայտատուն պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգման ավարտից անմիջապես հետո:

4. Որակավորման հանձնաժողովը լիազոր մարմնին առաջարկություններ է ներկայացնում հայտատուին մասնագիտական որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ:

5. Գնահատողի վերաորակավորումն իրականացվում է երեք տարին մեկ անգամ:

6. Գնահատողի որակավորում ունեցող անձանց անվանացանկերը յուրաքանչյուր տարի հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում:»:

 

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Վկայականի գործողությունը դադարեցվում է`

1) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

2) եթե առկա է գնահատողին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ.

3) գնահատողի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում.

4) գնահատողի դիմումի համաձայն.

5) որակավորման վկայականի ժամկետը լրանալու դեպքում.

6) եթե գնահատողը գնահատման հաշվետվությունում սույն օրենքով, գնահատման ստանդարտով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների խախտում (խախտումներ) կատարելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, առնվազն չորս այլ հաշվետվություններում ևս խախտումներ է կատարել.

7) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը դադարեցվում է մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացված լիազոր մարմնի որոշմամբ:

Վկայականի ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը համարվում է դադարեցված լիազոր մարմնի որոշման օրվան հաջորդող օրվանից:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված գնահատողի մահվան կամ նրան մահացած ծանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված վկայականի` սույն օրենքով նախատեսված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմելու միայն վկայականի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված, եթե լիազոր մարմնի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում չի կայացվել, բացառությամբ, եթե դիմումատուի անշարժ գույքի գնահատման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնում հարուցված է վարչական վարույթ:

Վարչական վարույթի առկայության դեպքում վկայականի գործողությունը դադարեցված է համարվում վարչական վարույթի ավարտման օրը:

8. Լիազոր մարմնի կողմից վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշումն այն կայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է գնահատողին:»:

 

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23.  Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, որակավորում իրականացնող լիազոր մարմինը

 

1. Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորում իրականացնող լիազոր մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Լիազոր մարմինը`

1) հաստատում է գնահատողների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ներկայացուցիչներ և առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գնահատողներ` իրենց համաձայնությամբ, ռոտացիոն կարգով` երեք տարի ժամկետով.

2) հաստատում է գնահատողների որակավորման կարգը, թեմատիկ հարցաշարերը, որակավորման հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը.

3) հաստատում է որակավորման վկայականի ձևը.

4) որակավորման հանձնաժողովի միջոցով կազմակերպում և անցկացնում է գնահատողների մասնագիտական որակավորման քննությունները.

5) համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա, այն կայացնելուն հաջորդող երեք օրվա ընթացքում, ընդունում է որոշում որակավորման վկայականի կամ կրկնօրինակի տրամադրման, վերաձևակերպման և գործողության դադարեցման վերաբերյալ: Եթե նշված ժամկետում որոշում չի կայացնում, ապա հանձնաժողովի որոշումը համարվում է լիազոր մարմնի որոշումը.

6) մասնագիտական հանձնաժողովի միջոցով իրականացնում է հսկողություն անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց և գնահատողների կողմից սույն օրենքի, գնահատման ստանդարտների և օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ, այդ թվում`

ա. շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա կամ լիազոր մարմնի հաստատած ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցի և կարգի համաձայն՝ անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից և գնահատողներից պահանջում է հաշվետվություններ և կատարում դրանց մասնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվում են համապատասխան եզրակացություններ,

բ. խախտումներ արձանագրելու դեպքում անշարժ գույքի գնահատման գործունեության սուբյեկտներին երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով ուղարկում կամ հանձնում է տվյալ գնահատման հաշվետվության վերաբերյալ մասնագիտական եզրակացության պատճենը,

գ. յուրաքանչյուր տարի պաշտոնական կայքում հրապարակում է գնահատողի որակավորում ունեցող անձանց անվանացանկերը.

7) իրականացնում է անշարժ գույքի գնահատմանն առնչվող օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:»:

 

Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածում «գնահատողները» բառին նախորդող «անշարժ գույքի» բառերը հանել:

 

Հոդված 17. Անցումային դրույթներ

 

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գնահատման գործունեություն իրականացնող անձինք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում, պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել գնահատողի հետ կնքած աշխատանքային պայմանագրի, այն լուծելուց հետո` նաև պայմանագիրը լուծելու մասին փաստաթղթի պատճենը:

 

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-336-Ն