Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
19 նոյեմբերի 2014 թվականի N 49
42. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրին (հատուկ գործառնություններ)` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի նիստի N 49 արձանագրային որոշման |
___________________________________________________________________________
ՎԱՐԿ ՀՄ. 3150-ARM (SF)
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Հատուկ գործառնություններ)
(ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՎ
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ
ՄԻՋԵՎ
ԹՎԱԳՐՎԱԾ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ՈՎ
_________________________________________________________________________________
ARM 46416
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Հատուկ գործառնություններ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Վարկառու») և ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ («ԱԶԲ») միջև ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` թվագրված 2014 թվականի սեպտեմբերի 5-ով:
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, ՈՐ`
Ա) Վարկառուն դիմել է ԱԶԲ-ին սույն Վարկային համաձայնագրի 1-ին Առդիրում նկարագրված Ծրագրի նպատակների համար Վարկ տրամադրելու նպատակով,
Բ) Ծրագիրը կիրականացվի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի («ԷԷՀՕ») և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի («ԲԷՑ») կողմից, և այդ նպատակով Վարկառուն ԷԷՀՕ-ի և ԲԷՑ-ի համար մատչելի կդարձնի սույն փաստաթղթում նշված վարկի միջոցները` ԱԶԲ-ին բավարարող ժամկետներով ու պայմաններով, և
Գ) ԱԶԲ-ն համաձայնել է սույն փաստաթղթում և նույն ամսաթվով թվագրված Ծրագրի համաձայնագրում սահմանված ժամկետներով ու պայմաններով ԱԶԲ-ի Հատուկ հիմնադրամների միջոցներից վարկ տրամադրել Վարկառուին, մի կողմից, և ԷԷՀՕ-ին և ԲԷՑ-ին, մյուս կողմից:
ԱՅԴՊԻՍՈՎ Կողմերը համաձայնում են հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ I
Վարկի տրամադրման կարգերը, սահմանումները
Բաժին 1.01. 2006 թվականի հունվարի 1-ով թվագրված՝ ԱԶԲ-ի հատուկ գործառնությունների մասով Վարկի տրամադրման կանոնակարգերի բոլոր դրույթները (Վարկի տրամադրման կանոնակարգեր) սույնով կիրառելի են դառնում սույն Վարկային համաձայնագրի նկատմամբ նույն ուժով և գործողությամբ` այնպես, եթե դրանք ամբողջովին սահմանված լինեին սույն փաստաթղթում, որոնք, սակայն, ենթակա են հետևյալ փոփոխությունների.
ա) Հանել բաժին 2.01(25)-ը և այն շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծրագրի համաձայնագիր» նշանակում է` ԱԶԲ-ի, մի կողմից, և ԷԷՀՕ-ի և ԲԷՑ-ի, մյուս կողմից, միջև Ծրագրի համաձայնագիր:
բ) Վարկի տրամադրման կանոնակարգերի 6.01(ա), 8.01(դ), 8.01(զ), 8.01(է), 9.01(գ) և 9.02(գ) բաժիններում հանդիպող «Ծրագրի իրականացման գործակալություն» բառերը փոխարինել «ԷԷՀՕ» և «ԲԷՑ» բառերով:
Բաժին 1.02. Սույն Ծրագրի համաձայնագրում գործածվելիս Վարկի տրամադրման կանոնակարգերում սահմանված որոշ եզրույթներն ունեն դրանցում ամրագրված համապատասխան իմաստները, եթե սույն փաստաթղթում չեն փոփոխվել, կամ այլ կերպ չի պահանջվում համատեքստով: Սույն Վարկային համաձայնագրում գործածված լրացուցիչ եզրույթներն ունեն հետևյալ նշանակությունը.
ա) «Խորհրդատվական ուղեցույցներ» նշանակում է` Ասիական զարգացման բանկի և դրա Վարկառուների կողմից խորհրդատվական ծառայությունների օգտագործման ուղեցույցներ (2013 թվական՝ ժամանակ առ ժամանակ կատարվող փոփոխություններով).
բ) «Խորհրդատվական ծառայություններ» նշանակում է` Վարկի միջոցներից ֆինանսավորվող ծառայություններ, ինչպես նկարագրված է սույն Վարկային համաձայնագրի 1-ին Առդիրի 2(գ) պարբերությունում.
գ) «ԲԿՊ» նշանակում է` Ծրագրի համար բնապահպանական կառավարման պլան՝ ներառյալ դրա ցանկացած թարմացումը, որն ընդգրկվել է ԲԿՊ-ում.
դ) «Բնապահպանական երաշխիքներ» նշանակում է` ԵՔՀ V գլխի 1-ին Հավելվածում և 4-րդ Հավելվածում սահմանված սկզբունքներ և պահանջներ (ըստ կիրառելիության).
ե) «ԷԷՀՕ» նշանակում է` «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերություն, որը ստեղծվել է Կառավարության` 2003 թվականի մայիսի 2-ի հմ. 779-Ա որոշման համաձայն, կամ` ԱԶԲ-ի համար ընդունելի դրա ցանկացած իրավահաջորդ.
զ) «Ապրանքներ» նշանակում է` Վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա սարքավորումներ կամ նյութեր՝ ներառյալ հարակից ծառայությունները, ինչպիսիք են` փոխադրումը, ապահովագրությունը, տեղադրումը, շահագործումը, վերապատրաստումը և նախնական պահպանումը՝ բացառելով, սակայն, Խորհրդատվական ծառայությունները.
է) «Կառավարություն» նշանակում է` Վարկառուի կառավարություն.
ը) «ԲԷՑ» նշանակում է` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություն, որն ստեղծվել է Վարկառուի` 1998 թվականի հուլիսի 20-ի հմ. 450 որոշման համաձայն, կամ` ԱԶԲ-ի համար ընդունելի դրա ցանկացած իրավահաջորդ.
թ) «ՆԲՈՒ» նշանակում է` Ծրագրի համար նախնական բնապահպանական ուսումնասիրություն՝ ներառյալ Վարկառուի կողմից նախապատրաստված և ներկայացված և ԱԶԲ-ի կողմից ընդունված դրա ցանկացած թարմացում.
ժ) «Վարկի հատկացման ձեռնարկ» նշանակում է` ԱԶԲ-ի Վարկի հատկացման ձեռնարկ (2012 թվական՝ ժամանակ առ ժամանակ կատարվող փոփոխություններով).
ժա) «ԾԿՁ» նշանակում է` Ծրագրի համար ծրագրի կառավարման ձեռնարկ` թվագրված 2014 թվականի հունիսի 6-ով և համաձայնեցված Վարկառուի և ԱԶԲ-ի միջև՝ դրանում ժամանակ առ ժամանակ Վարկառուի և ԱԶԲ-ի համապատասխան վարչարարական ընթացակարգերին համապատասխան կատարվող թարմացումներով.
ժբ) «Գնումների ուղեցույցներ» նշանակում է` ԱԶԲ-ի Գնումների ուղեցույցներ (2013 թվական՝ ժամանակ առ ժամանակ կատարվող փոփոխություններով).
ժգ) «Գնումների պլան» նշանակում է` Ծրագրի համար գնումների պլան՝ թվագրված 2014 թվականի հունիսի 6-ով և համաձայնեցված Վարկառուի և ԱԶԲ-ի միջև՝ Գնումների ուղեցույցների, Խորհրդատվական ուղեցույցների և ԱԶԲ-ի հետ համաձայնեցված այլ պայմանավորվածություններին համապատասխան ժամանակ առ ժամանակ կատարվող թարմացումներով.
ժդ) «Ծրագրի սարքավորումներ» նշանակում է` այն սարքավորումները, որոնք պետք է վերականգնվեն, կառուցվեն և տրամադրվեն Ծրագրի ներքո.
ժե) «ՀԾԿՀ» նշանակում է` Վարկառուի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
ժզ) «Երաշխիքների մոնիթորինգի հաշվետվություն» նշանակում է` Վարկառուի կողմից կազմված և ԱԶԲ ներկայացված յուրաքանչյուր հաշվետվություն, որը նկարագրում է իրականացման առաջընթացը և համապատասխանությունը ԲԿՊ-ին՝ ներառյալ ցանկացած ուղղիչ կամ կանխարգելիչ գործողություն.
ժէ) «ԵՔՓ» նշանակում է` ԱԶԲ-ի Երաշխիքների քաղաքականության փաստաթուղթ (2009 թվական).
ժը) «Օժանդակ Վարկային Համաձայնագիր» նշանակում է` Վարկառուի և ԷԷՀՕ-ի և Վարկառուի ու ԲԷՑ-ի միջև համաձայնագիր, որոնք նշված են սույն Վարկային համաձայնագրի 3.01-ին բաժնում, և
ժթ) «Աշխատանքներ» նշանակում է` շինարարություն կամ կառուցման աշխատանքներ, որոնք ենթակա են ֆինանսավորման Վարկի միջոցներից՝ ներառյալ այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են հողը փորելը կամ քարտեզագրումը և ծրագրին առնչվող ծառայությունները, որոնք տրամադրվում են մեկ պարտավորության կամ շահագործման համար պատրաստ վիճակում հանձնելու պայմանագրի շրջանակում՝ բացառելով, սակայն, Խորհրդատվական ծառայությունները:
ՀՈԴՎԱԾ II
Վարկը
Բաժին 2.01. ԱԶԲ-ն համաձայնում է տարբեր արժույթներով Վարկ տրամադրել Վարկառուին ԱԶԲ-ի Հատուկ հիմնադրամների միջոցներից քսանչորս միլիոն քսաներկու հազար Փոխառության հատուկ իրավունքին համարժեք (ՓՀԻ 24,022,000):
Բաժին 2.02. ա) Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տարեկան 2.0% տոկոսադրույք արտոնյալ ժամանակահատվածում և դրանից հետո` ժամանակ առ ժամանակ Վարկի հաշվից մասհանված և չվճարված գումարի համար:
բ) Վերը` ա) ենթաբաժնում նշված «արտոնյալ ժամանակահատված» եզրույթը նշանակում է` Հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվին նախորդող ժամանակահատված` սույն Վարկային համաձայնագրի 2-րդ Առդիրում ամրագրված մարման ժամանակացույցին համապատասխան:
Բաժին 2.03. Վարկի տոկոսադրույքը կամ ցանկացած այլ գանձում կատարվում է կիսամյակային կտրվածքով` ամեն տարվա նոյեմբերի 15-ին և մայիսի 15-ին:
Բաժին 2.04. Վարկառուն հետ է վճարում Վարկային հաշվից մասհանված Վարկի հիմնական գումարը` սույն Վարկային համաձայնագրի 2-րդ Առդիրում ամրագրված մարման ժամանակացույցին համապատասխան:
Բաժին 2.05. Վարկի հիմնական գումարը հետ վճարելու արժույթը և Վարկի տրամադրման կանոնակարգերի 4.03 (ա) և 4.04-րդ բաժինների նպատակներով տոկոսադրույքի վճարման արժույթը դոլարն է:
ՀՈԴՎԱԾ III
Վարկի միջոցների օգտագործումը
Բաժին 3.01. ա) Վարկառուն Վարկի միջոցներից վերավարկավորելու է ԷԷՀՕ-ին` տասներեք միլիոն վեց հարյուր հազար (13,600,000 ԱՄՆ դոլար) ԱՄՆ դոլարին համարժեք, և ԲԷՑ-ին` քսաներեք միլիոն չորս հարյուր հազար (23,400,000 ԱՄՆ դոլար) ԱՄՆ դոլարին համարժեք գումարով, երկու դեպքում էլ` Օժանդակ Վարկային համաձայնագրերի շրջանակներում, ԱԶԲ-ին բավարարող ժամկետներով ու պայմաններով: Բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ն կարող է այլ համաձայնություն տալ՝ Վարկի միջոցների վերավարկավորման պայմաններն ընդգրկում են՝ i) տոկոսավճարը այն նույն դրույքաչափով, որը կիրառելի է Վարկի նկատմամբ, ii) այն նույն հետվճարման ժամանակահատվածը և արտոնյալ ժամանակահատվածը, ինչ Վարկի ժամանակահատվածի դեպքում է, և iii) ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ը կրում են իրենց վերավարկավորման տեսքով տրամադրված Վարկի միջոցների մասով արտարժույթի փոխանակման ռիսկերը:
բ) Վարկառուն ապահովում է, որ Վարկի միջոցներն օգտագործվեն Ծրագրի ծախսերը ֆինանսավորվելու համար` սույն Վարկային համաձայնագրի և Ծրագրի համաձայնագրի դրույթների համաձայն:
Բաժին 3.02. Վարկի միջոցները հատկացվում ու մասհանվում են սույն Վարկային համաձայնագրի 3-րդ Առդիրի դրույթների համաձայն. այդ Առդիրը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել Վարկառուի և ԱԶԲ-ի միջև համաձայնագրով:
Բաժին 3.03. Բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ն կարող է այլ համաձայնություն տալ, Վարկառուն ձեռք է բերում կամ ապահովում է, որ ծախսային հոդվածները ֆինանսավորվեն Վարկի միջոցներով` Վարկային համաձայնագրի 4-րդ Առդիրի դրույթներին համապատասխան:
Բաժին 3.04. Բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ն կարող է այլ համաձայնություն տալ, Վարկառուն ապահովում է, որ Վարկի միջոցներից ֆինանսավորվող բոլոր ծախսային հոդվածները օգտագործվեն բացառապես Ծրագիրն իրագործելու համար:
Բաժին 3.05. Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների մասով Վարկի հաշվից մասհանումները կատարվում են միայն այն ծախսերի առնչությամբ, որոնք վերաբերում են.
ա) այն ապրանքներին, որոնք արտադրվել և մատակարարվել են, և այն աշխատանքներին ու խորհրդատվական ծառայություններին, որոնք մատակարարվել են այն ԱԶԲ անդամ երկրներից, որոնք ժամանակ առ ժամանակ նշվել են ԱԶԲ-ի կողմից` որպես գնումների թույլատրելի աղբյուրներ, և
բ) այն ապրանքներին, աշխատանքներին և խորհրդատվական ծառայություններին, որոնք բավարարում են համապատասխանելիության այն պահանջները, որոնք ժամանակ առ ժամանակ նշվում են ԱԶԲ-ի կողմից:
Բաժին 3.06. Վարկի տրամադրման կանոնակարգերի 8.02-րդ բաժնի նպատակներով Վարկի փակման ամսաթիվը 2020 թվականի հունիսի 30-ն է կամ որևէ այլ ժամկետ, որի մասին ժամանակ առ ժամանակ կարող են համաձայնության գալ Վարկառուն և ԱԶԲ-ն:
ՀՈԴՎԱԾ IV
Հատուկ պարտավորությունները
Բաժին 4.01. Ծրագիրն իրագործելիս և Ծրագրի սարքավորումները շահագործելիս Վարկառուն կատարում կամ ապահովում է, որ կատարվեն սույն Վարկային համաձայնագրի 5-րդ Առդիրում և Ծրագրի համաձայնագրում ամրագրված բոլոր պարտավորությունները:
Բաժին 4.02. Վարկառուն հնարավորություն է ընձեռում ԱԶԲ-ի ներկայացուցիչներին ստուգելու Ծրագիրը, ապրանքներն ու աշխատանքները և ցանկացած համապատասխան գրառում և փաստաթուղթ:
Բաժին 4.03. ԱԶԲ-ն հրապարակում է աուդիտ անցած՝ Ծրագրի համար տարեկան ֆինանսական հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվությունների մասին աուդիտորների կարծիքները դրանք ստանալուց հետո 30 օրվա ընթացքում՝ տեղադրելով դրանք ԱԶԲ-ի վեբկայքում:
Բաժին 4.04. Վարկառուն ձեռնարկում է իր կողմից անհրաժեշտ բոլոր գործողությունները, որպեսզի հնարավորություն ընձեռի Ծրագրի իրականացման գործակալությանը կատարելու Ծրագրի համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները, և չի ձեռնարկում կամ թույլ չի տալիս այնպիսի գործողություն, որը կխանգարի այդ պարտավորությունների կատարմանը:
Բաժին 4.05. ա) Վարկառուն Օժանդակ Վարկային համաձայնագրի ներքո իր իրավունքները կատարում է այնպիսի եղանակով, որ պաշտպանի Վարկառուի և ԱԶԲ-ի շահերը և իրագործի Վարկի նպատակները:
բ) Օժանդակ Վարկային համաձայնագրով նախատեսված ոչ մի իրավունք կամ պարտավորություն չի փոխանցվում, փոփոխվում, կամ դրանից հրաժարում չի կատարվում, եթե նախապես չի համաձայնեցվել ԱԶԲ-ի հետ:
ՀՈԴՎԱԾ V
Ուժի մեջ մտնելը
Բաժին 5.01. Սույն Վարկային համաձայնագրի ամսաթվից հետո` 90 օրը, սահմանվում է որպես Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Վարկի տրամադրման կանոնակարգերի 9.04-րդ բաժնի նպատակներով:
ՀՈԴՎԱԾ VI
Լիազորության պատվիրակումը
Բաժին 6.01. Սույնով Վարկառուն ԷԷՀՕ-ին և ԲԷՑ-ին նշանակում է որպես իր գործակալների` սույն Վարկային համաձայնագրի 3.02-րդ, 3.03-րդ և 3.05-րդ բաժինների և Վարկի տրամադրման կանոնակարգերի 5.01-ին, 5.02-րդ, 5.03-րդ և 5.04-րդ բաժինների նպատակներով պահանջվող կամ թույլատրվող որևէ գործողություն ձեռնարկելու կամ որևէ համաձայնագիր կնքելու համար:
Բաժին 6.02. Ցանկացած գործողություն, որը ձեռնարկվել է, կամ ցանկացած համաձայնագիր, որը կնքվել է ԷԷՀՕ-ի և ԲԷՑ-ի կողմից` սույն Վարկային համաձայնագրի 6.01-ին բաժնով վերապահված լիազորության համաձայն, ամբողջությամբ պարտադիր է Վարկառուի համար և ունի այն նույն ուժն ու ազդեցությունը` այնպես, ինչպես եթե դա ստանձնած լիներ Վարկառուն:
Բաժին 6.03. Սույն Վարկային համաձայնագրի 6.01-ին բաժնով ԷԷՀՕ-ին և ԲԷՑ-ին տրամադրված լիազորությունը կարող է կասեցվել կամ փոփոխվել Վարկառուի և ԱԶԲ-ի միջև համաձայնագրով:
ՀՈԴՎԱԾ VII
Այլ դրույթներ
Բաժին 7.01. Վարկառուի ֆինանսների նախարարը նշանակվում է որպես Վարկառուի ներկայացուցիչ` Վարկի տրամադրման կանոնակարգի 11.02-րդ բաժնի նպատակներով:
Բաժին 7.02. Վարկի տրամադրման կանոնակարգերի 11.01-ին բաժնի նպատակներով նշվում են հետևյալ հասցեները.
Վարկառու համար`
ՀՀ ֆինանսների նախարարություն
Հայաստանի Հանրապետություն
Երևան, 0010
Մելիք-Ադամյան փողոց 1
Ֆաքսի համար՝
+ 374 60 700358
ԱԶԲ-ի համար`
Asian Development Bank
6ADB Avenue
Mandaluyong City
1550 Metrօ Manila
Philippines
Ֆաքսի համարներ`
+632 636 - 2444
+632 636 - 2428
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ սույն փաստաթղթի Կողմերը, հանդես գալով իրենց կողմից պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով, ապահովում են սույն Ծրագրի համաձայնագրի ստորագրումը վերը նշված օրը և տարում` իրենց համապատասխան անուններից, և առաքումը ԱԶԲ-ի կենտրոնական գրասենյակ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
______________________________________________
ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆ
էՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ
______________________________________________
ԴԵՅՎԻԴ ԴՈՈՒԼ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
ԱՌԴԻՐ 1
Ծրագրի նկարագրությունը
1. Ծրագրի նպատակը Վարկառուի ներքին էլեկտրահաղորդման ցանցի գործառական արդյունավետության բարձրացումն է:
2. Ծրագիրը բաղկացած է.
ա) Վերահսկողական հսկողության ու տվյալների ձեռքբերման և էներգիայի կառավարման համակարգերի ընդլայնումից՝ ներառյալ սարքաշարերի և ծրագրաշարերի տեղադրումը, կապի սարքավորումների, օպտիկական հողանցման հաղորդալարի տեղադրումը, բեռնվածքի բաշխման կենտրոնի բարելավումն ու արդիականացումը և համակարգերի վերաբերյալ վերապատրաստումը.
բ) երկու 220 կիլովոլտ ենթակայանների վերականգնումից (Ագարակ 2 և Շինուհայր)՝ ներառյալ էլեկտրաէներգիայի հնացած տրանսֆորմատորների, ավտոմատ անջատիչների, չափիչ տրանսֆորմատորների, զատիչների, հսկողության և պաշտպանիչ սարքերի փոխարինումը, և
գ) ԷԷՀՕ-ին և ԲԷՑ-ին` ծրագրի կառավարման ու շինարարության վերահսկողության և կարողությունների հզորացման համար աջակցության տրամադրումից:
3. Ակնկալվում է, որ Ծրագիրը կավարտվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:
ԱՌԴԻՐ 2
Մարման ժամանակացույցը
(Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր)
ԱՄՍԱԹԻՎ |
Հիմնական գումարի վճարում |
2019 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2020 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2020 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2021 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2021 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2022 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2022 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2023 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2023 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2024 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2024 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2025 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2025 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2026 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2026 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2027 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2027 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2028 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2028 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2029 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2029 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2030 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2030 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2031 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2031 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2032 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2032 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2033 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2033 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2034 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2034 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2035 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2035 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2036 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2036 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2037 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2037 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2038 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
2038 թվականի նոյեմբերի 15 |
600,550.00 |
2039 թվականի մայիսի 15 |
600,550.00 |
Ընդհանուր |
24,022,000 |
* Վճարման շուրջ պայմանավորվածությունները կարգավորվում են Վարկի տրամադրման կանոնակարգերի 3.04-րդ և 4.03-րդ բաժինների համաձայն:
ԱՌԴԻՐ 3
Վարկային միջոցների հատկացումը և մասհանումը
Ընդհանուր
1. Սույն Առդիրին կից ներկայացված աղյուսակում ամրագրվում են Վարկի միջոցներից ֆինանսավորվող ծախսային հոդվածների Կատեգորիաները և այդպիսի յուրաքանչյուր Կատեգորիայի համար հատկացվող Վարկային միջոցները (Աղյուսակ): (Սույն Առդիրում «Կատեգորիա» բառին արված հղումը համարվում է հղում Աղյուսակի կատեգորիային կամ ենթակատեգորիային):
Վարկային հաշվից մասհանում կատարելու հիմքը
2. Բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ն կարող է այլ համաձայնություն տալ՝ Վարկի միջոցները հատկացվում են Աղյուսակում ամրագրված յուրաքանչյուր ծախսային հոդվածի համար մասհանման տոկոսի հիման վրա:
Վճարման ենթակա տոկոսները
3. 4-րդ Կատեգորիայի համար հատկացված գումարը Ծրագրի իրականացման ընթացքում Վարկի մասով վճարման ենթակա տոկոսների ֆինանսավորման համար է:
Վերահատկացումը
4. Չնայած Աղյուսակում սահմանված Վարկային միջոցների հատկացմանը և մասհանման տոկոսադրույքների մասհանմանը՝
ա) եթե որևէ Կատեգորիայի համար հատկացված Վարկի գումարը, թվում է, բավարար չէ տվյալ Կատեգորիայի բոլոր համաձայնեցված ծախսերը ֆինանսավորելու համար, ապա ԱԶԲ-ն կարող է, Վարկառուին այդ մասին ծանուցում ուղարկելով` i) տվյալ Կատեգորիայի համար վերահատկացում կատարել այն չափով, որն անհրաժեշտ է գնահատված պակասող գումարը լրացնելու համար, մեկ այլ Կատեգորիայի համար հատկացված Վարկի գումարները, որոնք, սակայն, ԱԶԲ-ի կարծիքով անհրաժեշտ չեն այլ ծախսերը փակելու համար, և ii) եթե այդ վերահատկացումը չի կարող լիարժեք կերպով փակել գնահատված պակասող գումարը, ապա` նվազեցնել մասհանման տոկոսադրույքը, որը կիրառվում է այդ ծախսերի համար, որպեսզի հնարավոր լինի շարունակել այդ Կատեգորիայի ներքո կատարվող հետագա մասհանումները մինչև դրա ներքո նախատեսված բոլոր ծախսերի կատարումը, և
բ) եթե Վարկի գումարից որևէ Կատեգորիայի համար հատկացված գումարը, թվում է, գերազանցում է տվյալ Կատեգորիայի համար համաձայնեցված բոլոր ծախսերը, ապա ԱԶԲ-ն կարող է, Վարկառուին այդ մասին ծանուցում ուղարկելով, վերահատկացնել այդ հավելյալ գումարը որևէ այլ Կատեգորիայի:
Հատկացման ընթացակարգերը
5. Բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ն կարող է այլ համաձայնություն տալ, Վարկի միջոցները հատկացվում են Վարկի հատկացման ձեռնարկի համաձայն:
Վարկային հաշվից մասհանումներ կատարելու պայմանը
6. Անկախ սույն Վարկային համաձայնագրի ցանկացած այլ դրույթից՝ Վարկային հաշվից որևէ մասհանում չի կատարվում.
ա) 1-ին Կատեգորիայի և 3Ա Ենթակատեգորիայի ներքո, քանի դեռ Վարկառուի և ԷԷՀՕ-ի միջև Օժանդակ Վարկային Համաձայնագիրը չի լիազորվել, ձևակերպվել և տրամադրվել դրա կողմերի անունից, և այն ուժի մեջ մտնելուն նախորդող բոլոր պայմանները չեն կատարվել պատշաճ կերպով.
բ) 1-ին Կատեգորիայի և 3Բ Ենթակատեգորիայի ներքո, քանի դեռ Վարկառուի և ԲԷՑ-ի միջև Օժանդակ Վարկային Համաձայնագիրը չի լիազորվել, ձևակերպվել և տրամադրվել դրա կողմերի անունից, և այն ուժի մեջ մտնելուն նախորդող բոլոր պայմանները չեն կատարվել պատշաճ կերպով:
3-րդ Առդիրի հավելված
ԱՂՅՈՒՍԱԿ
ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՀԱՆՈՒՄԸ | ||||
ՀՄ. |
Հոդված |
ԱԶԲ-ի ֆինանսավորման համար հատկացված ընդհանուր գումար |
Վարկային հաշվից մասհանման հիմքը | |
Կատեգորիա |
Ենթակատեգորիա | |||
1. |
ՇՀՊՎՀՊ (SCADA/ԷԿՀ ընդլայնում) ** |
7,466,000 |
Հայտարարված ընդհանուր ծախսի 100%* | |
2. |
ՇՀՊՎՀՊ (ենթակայաններ) *** |
12,595,000 |
Հայտարարված ընդհանուր ծախսի 100%* | |
3. |
Խորհրդատվական ծառայություններ |
2,337,000 |
||
3Ա. |
(SCADA/ԷԿՀ ընդլայնում** |
779,000 |
Հայտարարված ընդհանուր ծախսի 100%* | |
3Բ. |
Ենթակայաններ *** |
1,558,000 |
Հայտարարված ընդհանուր ծախսի 100%* | |
4. |
Վճարման ենթակա տոկոսներ |
1,429,000 |
Վճարման ենթակա գումարի 100% | |
5. |
Չհատկացված |
195,000 |
||
Ընդամենը |
24,022,000 |
* Հանած Վարկառուի տարածքում գործող հարկերը և տուրքերը:
** 3-րդ Առդիրի 6.ա) պարբերությունում նկարագրված մասհանման պայմանի համաձայն:
*** 3-րդ Առդիրի 6.բ) պարբերությունում նկարագրված մասհանման պայմանի համաձայն:
ԱՌԴԻՐ 4
Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների գնումը
Ընդհանուր
1. Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների գնումը կարգավորվում է, համապատասխանաբար Գնումների ուղեցույցներով և Խորհրդատվական ուղեցույցներով:
2. Սույն Առդիրում գործածված և Վարկային համաձայնագրում այլ կերպ չսահմանված բոլոր եզրույթներն ունեն այն իմաստները, որոնք ներկայացված են Գնումների ուղեցույցներում և (կամ) Խորհրդատվական ուղեցույցներում, ըստ կիրառելիության:
Ապրանքները և աշխատանքները
3. Բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ն կարող է այլ համաձայնություն տալ, ապրանքները և աշխատանքները ձեռք են բերվում Միջազգային մրցակցային սակարկությունների հիման վրա:
4. Վերոնշյալ գնումների մեթոդը ենթակա է, ի թիվ այլ հարցերի, Գնումների պլանում ամրագրված մանրամասն կարգավորման և շեմային արժեքներին: Վարկառուն կարող է փոխել գնումների մեթոդը կամ շեմային արժեքները միայն ԱԶԲ-ի հետ նախապես համաձայնեցնելով, իսկ փոփոխությունները պետք է սահմանվեն Գնումների պլանի թարմացումներում:
Պայմանագրերի կնքման պայմանները
5. Վարկառուն չի կնքում բնապահպանական ազդեցություն ունեցող աշխատանքների կատարման որևէ պայմանագիր, քանի դեռ.
ա) Վարկառուի բնապահպանության նախարարությունը չի տվել ՆԲՈՒ-ի վերջնական հաստատումը, և
բ) Վարկառուն ԲԿՊ համապատասխան դրույթները չի ներառել աշխատանքների կատարման պայմանագրում:
Խորհրդատվական ծառայությունները
6. Բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ն կարող է այլ համաձայնություն տալ,
Վարկառուն խորհրդատվական ծառայություններ ընտրելու և վարձելու համար կիրառում է որակի և արժեքի վրա հիմնված ընտրությունը:
Արդյունաբերական կամ մտավոր սեփականության իրավունքները
7. ա) Վարկառուն ապահովում է, որ գնվող բոլոր ապրանքները և աշխատանքները (ներառյալ, առանց սահմանափակումների, բոլոր համակարգիչների սարքաշարերը և ծրագրաշարերն ու համակարգերը՝ անկախ այն հանգամանքից դրանք գնվել են առանձին, թե այլ ապրանքների ու ծառայությունների հետ միասին) չխախտեն կամ չոտնահարեն արդյունաբերական կամ մտավոր սեփականության որևէ իրավունք կամ որևէ երրորդ կողմի պահանջ:
բ) Վարկառուն ապահովում է, որ ապրանքների և աշխատանքների գնման համար բոլոր պայմանագրերը պարունակեն համապատասխան հավաստիքներ, երաշխիքներ և, ըստ անհրաժեշտության, երաշխավորություններ կատարողից և մատակարարից` համաձայն սույն կետի ա) ենթապարբերության մեջ ձևակերպված պահանջի:
8. Վարկառուն ապահովում է, որ խորհրդատուների հետ ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող բոլոր պայմանագրերը պարունակեն համապատասխան հավաստիքներ, երաշխիքներ և, ըստ անհրաժեշտության, երաշխավորություններ խորհրդատուներից` ապահովելու համար, որ տրամադրված Խորհրդատվական ծառայությունները չխախտեն կամ չոտնահարեն արդյունաբերական կամ մտավոր սեփականության որևէ իրավունք կամ որևէ երրորդ կողմի պահանջ:
Գնումների վերաբերյալ որոշումների ստուգումը ԱԶԲ-ի կողմից
9. Միջազգային մրցակցային սակարկություններով և Խորհրդատվական ծառայությունների պայմանագրերով գնվող պայմանագրերը ենթակա են ԱԶԲ-ի կողմից նախնական ստուգման, եթե Վարկառուի և ԱԶԲ-ի միջև այլ համաձայնություն ձեռք չի բերվել, և այլ բան սահմանված չէ Գնումների պլանում:
10. Ապրանքների համար կամ աշխատանքների կատարման այն պայմանագրերի դեպքում, որոնք ենթակա են ԱԶԲ-ի կողմից նախնական ստուգման, Վարկառուն փորձում է ստանալ ԱԶԲ-ի նախնական հավանությունը պայմանագրի ժամկետների և պայմանների որևէ փոփոխության կամ դրանցից հրաժարման համար՝ ներառյալ.
ա) պայմանագրի ավարտի համար նախատեսված ժամկետի երկարաձգումը 1 ամիս կամ ավել ժամկետով կամ այնպիսի ժամկետով, որը հավանաբար կպահանջվի Վարկի փակման ամսաթիվը հետաձգելու համար, և
բ) նախնական գնի` ընդհանուր առմամբ ավելի քան 5% բարձրացումը (կասկածից խուսափելու համար նման բարձրացման ժամանակ հաշվի է առնվում տվյալ պայմանագրի նախկին ցանկացած փոփոխություն):
11. Եթե ապրանքների համար կամ աշխատանքների կատարման պայմանագրերը ենթակա են ԱԶԲ-ի կողմից հետստուգման, ապա ԱԶԲ-ն ստուգում է պայմանագրի պահանջվող փոփոխությունը կամ դրանից հրաժարումը և Վարկառուին պատասխանում է այնքան արագ, որքան հնարավոր է գործնականում, բայց պահանջվող փաստաթուղթն ստանալուց ոչ ավելի, քան 1 ամիս հետո:
12. Վարկառուն ԱԶԲ-ին տրամադրում է ժամկետների երկարաձգման, փոփոխությունների կամ հրաժարումների պատճենները (ներառյալ վճարների պատվերները) պայմանագրի փոփոխությունից 1 ամիս հետո:
ԱՌԴԻՐ 5
Ծրագրի կատարումը, ֆինանսական հարցերը
Իրականացման մեխանիզմները
1. Վարկառուն անձամբ երաշխավորում է և երաշխավորում է, որ ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ն ապահովեն, որ Ծրագիրն իրականացվի ԾԿՁ-ում մանրամասն սահմանված մեխանիզմների համաձայն: ԾԿՁ ցանկացած էական փոփոխություն ուժի մեջ է մտնում նման փոփոխությունը Վարկառուի և ԱԶԲ-ի կողմից հաստատվելուց հետո: ԾԿՁ-ի և սույն Վարկային համաձայնագրի միջև ցանկացած հակասության դեպքում գերակայում են սույն Վարկային համաձայնագրի դրույթները:
Համատեղ ֆինանսավորումը
2. Վարկառուն ապահովում է, որ` ա) Ծրագրի համար անհրաժեշտ ամբողջ համատեղ ֆինանսավորումը հատկացվի և տրամադրվի ժամանակին` հնարավորություն ընձեռելով ժամանակին ավարտելու Ծրագրի աշխատանքները, և բ) լրացուցիչ համատեղ միջոցներն արագորեն տրամադրվեն միջոցների ցանկացած պակասուրդի կամ գերազանցված ծախսերի համար:
Ոլորտի զարգացումը
3. Վարկառուն անձամբ երաշխավորում է և երաշխավորում է, որ ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ն ապահովեն, որ ԱԶԲ-ի հետ խորհրդակցեն էլեկտրաէներգիայի քաղաքականության առանցքային զարգացումների և բարեփոխումների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունների մեթոդաբանության մասին հարցերի շուրջ:
Ֆինանսական կատարողականը
4. Վարկառուն ապահովում է, որ ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ը պահպանեն՝ ա) պարտքի սպասարկման գործակիցը ոչ պակաս, քան 1:1 չափով` 2018 թվականից և դրանից հետո, և բ) ինքնաֆինանսավորման գործակիցը` ոչ պակաս, քան 20%-ի չափով` 2018 թվականից և դրանից հետո:
Սույն պարբերության նպատակներով`
(i) «պարտքի մարման գործակից» եզրույթը նշանակում է` կանխիկի հոսքը գործառնություններից` բաժանած պարտքի մարման տարեկան պարտավորությունների վրա՝ ներառյալ տոկոսների և հիմնական գումարի վճարները, որտեղ «կանխիկի հոսքը գործառնություններից» եզրույթում ընդգրկված է ճշգրտված կանխիկի հոսքը գործառնական գործողություններից, ինչպես նշված է ֆինանսական տարվա համար տարեկան աուդիտ անցած կանխիկի հոսքի հաշվետվության մեջ, և
(ii) «ինքնաֆինանսավորման գործակից» եզրույթը նշանակում է` ներքին միջոցներից ստացված կանխիկը` բաժանած տարեկան միջին կապիտալ ծախսերի վրա:
Սակագինը
5. Վարկառուն ապահովում է, որ՝ ա) ոչ ուշ, քան մինչև 2015 թվականի հունիսի 1-ը ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ը սակագինը որոշելու նպատակներով նախապատրաստեն ու ՀԾԿՀ-ի քննարկմանը և հաստատմանը ներկայացնեն Ծրագրի համար իրենց ներդրումային պլանները, և բ) ՀԾԿՀ-ն տարեկան կտրվածքով վերանայի սակագինը և սահմանի այն մակարդակով, որը թույլ է տալիս Ծրագրի ծախսի ամբողջական վերականգնումը, այդ թվում՝ Վարկային հետվճարումը, վճարման ենթակա տոկոսների և փոխարժեքի տատանումները:
Բնապահպանությունը
6. Վարկառուն անձամբ երաշխավորում է և երաշխավորում է, որ ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ն ապահովեն, որ Ծրագրի և Ծրագրի բոլոր սարքավորումների նախապատրաստումը, նախագծումը, շինարարությունը, իրականացումը, շահագործումը և շահագործումից հանելը համապատասխանեն` ա) բնապահպանության, առողջապահության և ապահովության վերաբերյալ Վարկառուի գործող բոլոր օրենքներին ու կանոնակարգերին, բ) Բնապահպանական երաշխիքներին, և գ) ՆԲՈՒ-ում, ԲԿՊ-ում ամրագրված բոլոր միջոցներին ու պահանջներին, և Երաշխիքների մոնիտորինգի հաշվետվության մեջ ամրագրված ցանկացած` ուղղիչ կամ կանխարգելիչ գործողության:
Սոցիալական երաշխիքները
7. Վարկառուն անձամբ երաշխավորում է և երաշխավորում է, որ ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ն ապահովեն, որ Ծրագրի համար պահանջվող` հողային և ճանապարհաուղիների բոլոր իրավունքները տրամադրվեն ժամանակին, և Ծրագիրը չունենա ոչ կամավոր վերաբնակեցման բացասական ազդեցություն կամ բացասական ազդեցություն բնիկ ժողովուրդների վրա՝ բոլորը ԵՔՓ իմաստի շրջանակներում: Եթե Ծրագիրն ունենում է նման բացասական ազդեցություն, ապա Վարկառուն ձեռնարկում է և ապահովում է, որ ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ը ձեռնարկեն բոլոր քայլերը, որոնք պահանջվում են` ապահովելու համար, որ Ծրագիրը համապատասխանի Վարկառուի գործող օրենքներին, կանոնակարգերին և ԵՔՓ-ին:
Երաշխիքների պահանջները կատարելու մարդկային և ֆինանսական ռեսուրսները
8. Վարկառուն մատչելի է դարձնում կամ ապահովում է, որ ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ը ԲԿՊ-ի լիարժեք իրականացման համար մատչելի դարձնեն անհրաժեշտ բյուջետային և մարդկային ռեսուրսները:
Երաշխիքներին առնչվող դրույթները մրցութային փաստաթղթերում և աշխատանքների համար պայմանագրերում
9. Վարկառուն անձամբ երաշխավորում է կամ երաշխավորում է, որ ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ն ապահովեն, որ բոլոր մրցութային փաստաթղթերը և աշխատանքների համար պայմանագրերը պարունակեն դրույթներ, որոնք կատարողներից պահանջում են՝
ա) համապատասխանել ՆԲՈՒ-ում և ԲԿՊ-ում ամրագրված՝ կատարողին վերաբերող միջոցներին (այնքանով, որքանով դրանք վերաբերում են շինարարության ընթացքում բացասական ազդեցության ենթարկված մարդկանց) և Երաշխիքների մոնիտորինգի հաշվետվության մեջ ամրագրված` ցանկացած ուղղիչ կամ կանխարգելիչ գործողության.
բ) ունենալ մատչելի բյուջե այդ բոլոր` բնապահպանական և սոցիալական միջոցների համար.
գ) Վարկառուին գրավոր տեղեկացնել ցանկացած չնախատեսված` բնապահպանական, վերաբնակեցման կամ բնիկ ժողովուրդների ռիսկերի կամ ազդեցությունների մասին, որոնք ծագում են Ծրագրի շինարարության, իրականացման կամ շահագործման ընթացքում, և որոնք չէին դիտարկվել ՆԲՈՒ-ում և ԲԿՊ-ում.
դ) համարժեք կերպով գրանցել ճանապարհների, գյուղատնտեսական նշանակության հողերի և այլ ենթակառուցվածքների վիճակը նյութերի փոխադրումը և շինարարությունն սկսելուց առաջ, և
ե) շինարարության ավարտին վերականգնել արահետները, տեղական այլ ենթակառուցվածքները, գյուղատնտեսական նշանակության հողերը առնվազն այն վիճակով, որ առկա էր մինչև ծրագիրը:
Երաշխիքների մոնիտորինգը և հաշվետվությունների ներկայացումը
10. Վարկառուն կատարում է կամ ապահովում է, որ ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ը կատարեն հետևյալը.
ա) ԱԶԲ-ին ներկայացնեն Երաշխիքների մոնիտորինգի կիսամյակային հաշվետվություններ և դրանցում պարունակվող համապատասխան տեղեկություններ` ստանալուց անմիջապես հետո, հրապարակեն դրանց ազդեցությունները կրած անձանց համար.
բ) Եթե Ծրագրի շինարարության, իրականացման կամ շահագործման ընթացքում ծագեն չնախատեսված` բնապահպանական և (կամ) սոցիալական ռիսկեր և ազդեցություններ, որոնք չեն դիտարկվել ՆԲՈՒ-ում և ԲԿՊ-ում, անմիջապես հայտնեն ԱԶԲ-ին նման ռիսկերի կամ ազդեցությունների առաջացման մասին` մանրամասն նկարագրելով դեպքը և առաջարկվող ուղղիչ գործողության պլանը, և
գ) անմիջապես զեկուցեն ԲԿՊ-ում սահմանված միջոցառումների և պահանջների հետ համապատասխանության իրական կամ հնարավոր խախտումների մասին` խախտման մասին տեղեկանալուց հետո:
Արգելված ներդրումային գործունեության ցանկը
11. Վարկառուն անձամբ երաշխավորում է կամ երաշխավորում է, որ ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ն ապահովեն, որ Վարկի որևէ միջոց չօգտագործվի ֆինանսավորելու համար որևէ աշխատանք, որն ընդգրկված է ԵՔՓ-ի 5-րդ հավելվածում ներկայացված` արգելված ներդրումային գործունեության ցանկում:
Աշխատանքի չափանիշները
12. Վարկառուն անձամբ երաշխավորում է կամ երաշխավորում է, որ ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ն ապահովեն, որ Ծրագրի իրականացման ընթացքում պահպանվեն աշխատանքի` առանցքային միջազգային չափանիշները և Վարկառուի գործող օրենքներն ու կանոնակարգերը: Վարկառուն ապահովում է, որ ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ը Ծրագրով ֆինանսավորվող մրցութային փաստաթղթերում և աշխատանքների համար պայմանագրերում ընդգրկեն հատուկ դրույթներ, որոնցով կատարողներից պահանջվում է` ա) համապատասխանել գործող աշխատանքային օրենսգրքին ու կանոնակարգերին և ընդգրկել աշխատավայրում աշխատանքային անվտանգության գործող չափանիշները, բ) չօգտագործել երեխաների աշխատանքը, գ) խտրականություն չդնել աշխատողների միջև աշխատանքի և զբաղվածության հարցում` ապահովելով, ի թիվս այլ հարցերի, հավասար վարձատրություն տղամարդկանց և կանանց հավասարարժեք աշխատանքի համար, դ) չօգտագործել որևէ հարկադիր աշխատանք և ե) թույլատրել միավորումների ազատությունը և պատշաճ կերպով ճանաչել կոլեկտիվ բանակցությունների իրավունքը: Վարկառուն անձամբ ապահովում է կամ ապահովում է, որ ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ը մոնիտորինգի ենթարկեն այդ հանձնառությունների կատարումը և կանոնավոր հաշվետվություններ ներկայացնեն ԱԶԲ-ին:
Գենդերային քաղաքականությունը և զարգացումը
13. Վարկառուն անձամբ երաշխավորում է և երաշխավորում է, որ ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ն ապահովեն, որ Ծրագրի իրականացման ընթացքում պահպանվեն ԱԶԲ-ի` գենդերային քաղաքականության և զարգացման փաստաթղթին (1998 թվական) համապատասխանող` Ծրագրի օգուտների և Ծրագրի տարածքում կանանց վրա ազդեցությունների մեծացմանն ուղղված գենդերային հավասարության սկզբունքները, այդ թվում` ա) տղամարդկանց և կանանց հավասար վարձատրություն հավասարարժեք աշխատանքի համար, բ) աշխատանքային պայմանների հնարավորության ընձեռում կին աշխատողներին, և գ) անհրաժեշտ գործողությունների ձեռնարկում` Ծրագրի աշխատանքների նախագծման և իրականացման ժամանակ Ծրագրի տարածքում բնակվող կանանց մասնակցությունը խրախուսելու համար:
Արդյունավետ կառավարումը
14. Վարկառուն անձամբ երաշխավորում է և երաշխավորում է, որ ԷԷՀՕ-ն ու ԲԷՑ-ն ապահովեն, որ` եթե նախատեսվում է` ա) Ծրագրի ներքո վերականգնված կամ կառուցված` Ծրագրի որևէ հարմարության սեփականության իրավունքի փոփոխություն, բ) Ծրագրի ներքո վերականգնված կամ կառուցված` Ծրագրի որևէ հարմարության նկատմամբ իրավունքի կամ վերահսկողության որևէ վաճառք, փոխանցում կամ զիջում կամ գ) Ծրագրի ներքո վերականգնված կամ կառուցված` Ծրագրի որևէ հարմարության մասով աշխատանքի և շահագործման նկատմամբ ԷԷՀՕ-ի կամ ԲԷՑ-ի գործառույթների և լիազորության վարձակալություն կամ այլ պայմանագիր և այլ փոփոխություն, ապա պետք է ստանալ ԱԶԲ-ի համաձայնությունը նման պլան իրականացնելուց առնվազն 6 ամիս առաջ, և այդպիսի ցանկացած փոփոխություն պետք է կատարվի օրինական և թափանցիկ ձևով:
Կառավարումը և կոռուպցիան
15. Վարկառուն, ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ը՝ ա) հետևում են ԱԶԲ-ի հակակոռուպցիոն քաղաքականությանը (1998 թվական՝ վերջին փոփոխություններով) և ընդունում են, որ ԱԶԲ-ն իրեն իրավունք է վերապահում հետաքննելու Ծրագրին առնչվող` կոռուպցիայի, խարդախության, գաղտնի համաձայնության կամ հարկադիր որևէ ենթադրյալ գործելակերպ՝ ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով, և բ) համագործակցում են ցանկացած նման հետաքննության հետ և տրամադրում են ամբողջ անհրաժեշտ օգնությունը` այդ հետաքննությունը բավարար կերպով ավարտելու համար:
16. Վարկառուն, ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ն ապահովում են, որ ԱԶԲ-ի համար ընդունելի հակակոռուպցիոն դրույթներն ընդգրկվեն բոլոր մրցութային փաստաթղթերում և պայմանագրերում, այդ թվում՝ Ծրագրին առնչվող՝ կատարումն ապահովող և իրականացնող բոլոր գործակալությունների, կատարողների, մատակարարների, խորհրդատուների և այլ ծառայություններ տրամադրողների գրառումները և հաշիվները աուդիտի ենթարկելու և ուսումնասիրելու` ԱԶԲ-ի իրավունքը նշող դրույթները:
