ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի փետրվարի 14-ի ՀՕ-101 օրենքի 10-րդ հոդվածը`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» և «ժ» կետերով.
«թ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող կառույցների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Սույն կետում նշված շենքերի և շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում` համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք` այդ հողամասերի համար:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը) ազատվում է նաև իրեն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` սույն հոդվածի «թ» կետով սահմանված շենքերի ու շինությունների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի համար 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հողի հարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք ազատվում են նաև այդ հողամասերի համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված հողի հարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված և չվճարված տույժերի գումարների վճարումից: Հողամասից կամովին հրաժարված ֆիզիկական անձանց հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանվող արտոնությունը տարածվում է նաև 2011 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 29 |