ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 10-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի ծնողներին, ամուսնուն, զավակին, քրոջը կամ եղբորը Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև հաշվառելու համար պետական տուրքը նվազեցվում է 60 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված արտոնությունից օգտվելու համար պահանջվող` Հայաստանի Հանրապետությունում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձանց ծնող, ամուսին, զավակ, քույր կամ եղբայր հանդիսանալու փաստը հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 24
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-149-Ն