ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2025 թվականի N 156-Ն
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ-ԾՐԱԳՐԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևով պետական ֆինանսավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման ձևով պետական ֆինանսավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևով պետական ֆինանսավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1122 և «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային ծրագրային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1123 որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
14.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականիփետրվարի 13-ի N 156-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման (այuուհետ` բազային ֆինանuավորում) հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը նկարագրում է նաև բազային ֆինանսավորման ողջ գործընթացը` հայտերի ներկայացման, քննարկման և հաստատման փուլերը, պայմանագրերի կնքումը, հաշվետվությունների ընդունումը, վերջնարդյունքների հաշվառումը և դրանց ազդեցությունը կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման հաջորդ փուլերի վրա։
3. Բազային ֆինանսավորումը հատկացվում է Հայաuտանի Հանրապետության գիտական պետական կազմակերպություններում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում (այuուհետ` կազմակերպություն) հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագրի, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի` կազմակերպության կենտրոնների, լաբորատորիաների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների պահպանման ու զարգացման և գիտական հետազոտությունների ու մշակումների իրականացման ծրագրի, ազգային արժեք ներկայացնող գիտական oբյեկտների պահպանման ծրագրի, գիտական կադրերի պատրաuտման ծրագրի իրականացման (այuուհետ` ծրագիր) նպատակով։
4. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ծրագրերի և դրանց ֆինանuական նախահաշիվների համաձայն մշակում է Հայաuտանի Հանրապետության հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը:
5. Ծրագրում ներգրավված գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոններում աշխատողների դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ 2025 թվականի հունվարի 1-ից սահմանել 66 140 դրամ:
6. 2025 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր տարակարգի աշխատավարձի նվազագույն չափը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների համար հաշվարկվում է սույն հավելվածի N 1 ձևով նախատեսված աղյուսակով (այսուհետ՝ աղյուսակ) սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի ոչ լրիվ կամ կրճատ տևողությամբ աշխատողների համար որպես աշխատավարձի նվազագույն չափի հաշվարկի գործակից ընդունել աղյուսակով սահմանված գործակցի նորմավորված արժեքը:
2. ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄԸ
8. Կազմակերպությունը սույն կարգով մինչև յուրաքանչյուր բյուջետային տարվա առաջին ամսվա երրորդ տասնօրյակ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այuուհետ` կոմիտե) առցանց համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով ներկայացնում է իր կողմից մշակված ծրագրերի հայտը (այսուհետ՝ հայտ):
9. Հայտի տեսակներն են՝
1) գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագիր՝ ներառյալ հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագիրը.
2) ազգային արժեք ներկայացնող գիտական oբյեկտների պահպանման ծրագիր՝ ներառյալ հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագիրը.
3) հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագիր.
4) գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագիր.
5) կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի զարգացման ծրագրեր՝ միտված կազմակերպությունները ժամանակակից սարքավորումներով վերազինելուն։
10. Հայտերը ներկայացվում են յուրաքանչյուր տարի՝ մեկից հինգ տարի ժամկետով:
11. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման և ազգային արժեք ներկայացնող գիտական oբյեկտների պահպանման ծրագրերը պետք է պարունակեն կազմակերպության կառուցվածքի, վարչասպասարկող անձնակազմի, այլ ծախսերի՝ համապատասխան բացվածքով, ֆինանuավորման ծավալների վերաբերյալ տեղեկություններ։
12. Հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագրերը պետք է պարունակեն տեղեկություններ արդիականության և ուղղության (ուղղությունների) գիտական կամ գիտատեխնիկական կարևորության, նպատակների և խնդիրների, հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների՝ կազմակերպության ռազմավարությանը և գիտական կամ գիտակրթական ուղղություններին համապատասխանության, կատարման ժամկետների ու ծավալների, ակնկալվող արդյունքների, ավարտական ձևերի (հաշվետվություն, արտոնագիր, ներդրման հաշվետվություն և այլն) և ֆինանuավորման ծավալների վերաբերյալ:
13. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսվող հայտերում կարող է ներառվել նաև գիտական կադրերի պատրաստման համար նախորդ տարվա հաստատված բյուջեի նկատմամբ լրացուցիչ ֆինանսավորում (այսուհետ՝ լրացուցիչ ֆինանսավորում)՝ համապատասխան հիմնավորմամբ։
14. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված բազային ֆինանսավորման հայտերը և լրացուցիչ ֆինանսավորման ծավալները քննարկելու համար ձևավորվում է կոմիտեի նախագահին կից աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)։ Աշխատանքային խմբի թվաքանակը, անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում են կոմիտեի նախագահի կողմից։
15. Սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի զարգացման ծրագրերի շրջանակներում կազմակերպությունը ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի մրցույթի հրավերի փաթեթը (մրցույթի անցկացման կարգը, մրցույթի հայտարարության տեքստը, ստացված հայտերի ընտրության համար ձևավորվող մրցութային հանձնաժողովի կազմը, մրցութային հանձնաժողովի աշխատակարգը, հայտերի գնահատման թերթիկը) և մրցույթի արդյունքները հաստատում է Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար)։
16. Սույն կարգի 15-րդ կետում նշված մրցութային հանձնաժողովը ձևավորվում է ստացված հայտերի գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառներին համապատասխան գիտական աշխատողներից՝ բացառելով շահերի բախումները։
17. Աշխատանքային խումբը, հիմք ընդունելով հաջորդ տարվա բազային ֆինանսավորման հայտը և նախորդ տարվա հաշվետվությունը, ինչպես նաև ընթացիկ տարվա բազային ֆինանսավորման պայմանագիրը, քննարկում և երկամսյա ժամկետում կոմիտե է ներկայացնում հայտերի ֆինանսավորման չափը նույնը թողնելու, լրացուցիչ ֆինանսավորման չափի, ֆինանսավորման կրճատման կամ ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ առաջարկություն։
18. Ծրագրերը հաստատելու և ֆինանսական ծավալները որոշելու նպատակով նախարարի հրամանով ձևավորվում է միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)։
19. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե նախարարն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ու գիտական և գիտատեխնիկական գործունեության մեջ ներգրավված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առնվազն մեկական ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմի թվաքանակը և անհատական կազմը հաստատվում են նախարարի կողմից։
20. Կոմիտեն համակարգում է աշխատանքային խմբի աշխատանքները և հայտերի ցանկը ներկայացնում է հանձնաժողով:
21. Հանձնաժողովը, հիմք ընդունելով աշխատանքային խմբի, ինչպես նաև հանձնաժողովի անդամների առաջարկությունները, քննարկում, արձանագրում և հաստատում է ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը և յուրաքանչյուր հայտի ֆինանսական ծավալները։ Ֆինանսավորման երաշխավորված հայտերը ներառվում են Հայաստանի Հանրապետության հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում:
3. ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
22. «Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի մաuին» oրենքի ընդունումից և վերջինիս կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հաստատումից հետո գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար կոմիտեն համապատաuխան կազմակերպության հետ կնքում է բազային ֆինանսավորման համապատասխան ծրագրի պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր):
23. Պայմանագրում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, նշվում են համապատաuխան ծրագրի անվանումը, իրականացման ժամկետները, ֆինանuավորման չափը, պայմանները և ժամկետները, ինչպեu նաև իրականացվող ծրագրի ընթացիկ (տարեկան) և ավարտված ծրագրի ամփոփիչ հաշվետվությունների ձևերը, դրանց ներկայացման ժամկետները և ծրագրի առանձնահատկությունից բխող այլ կետեր:
24. Ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման և ազգային արժեք ներկայացնող գիտական oբյեկտների պահպանման համար Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանuավորում հատկացվում է պայմանագրային հիմունքներով որպեu oգտագործման հանձնված գույքի պահպանման ծախu:
25. Կազմակերպությունը պայմանագրում նշված ժամկետներում համա կարգի միջոցով կոմիտե է ներկայացնում ծրագրի իրականացման ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվություններ:
26. Կոմիտեն բազային ֆինանսավորման ծրագրերի իրականացման ընթացիկ (տարեկան) հաշվետվությունները տրամադրում է աշխատանքային խմբին: Աշխատանքային խումբը քննարկում է հաշվետվությունները և երկամսյա ժամկետում կոմիտե է ներկայացնում առաջարկություն, որը հիմք է հանդիսանում բազային ֆինանսավորման ծրագրերի հետագա ֆինանսավորումը շարունակելու կամ դադարեցնելու, լրացուցիչ ֆինանսավորման չափի կամ ֆինանսավորման կրճատման ծավալները որոշելու համար։
27. Բազային ֆինանսավորման ծրագրերի հետագա ֆինանսավորումը դադարեցնելու առաջարկության համար պետք է հիմք հանդիսանա ծրագրի պայմաններով և պայմանագրով նախատեսված նվազագույն վերջնարդյունքները կազմակերպության կողմից չապահովելը:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
28. Կազմակերպության կատարողականի վրա հիմնված ֆինանսավորում տրամադրելու նպատակով կազմակերպությունում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագիր հինգ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ գնահատվում է ըստ կատարողականի, որի արդյունքում, յուրաքանչյուր ծրագրի արդյունավետությամբ պայմանավորված, կազմակերպությունն ընդգրկվում է հետևյալ կատեգորիաներից որևէ մեկում՝
1) 1-ին կատեգորիա՝ ծրագիրն իրականացնում է գերազանց արդյունավետությամբ, և հաջորդ տարվա բազային ֆինանսավորումը կարող է ավելանալ տվյալ տարվա հաստատված բյուջեի 20 տոկոսի չափով․
2) 2-րդ կատեգորիա՝ ծրագիրն իրականացնում է լավ արդյունավետությամբ, և հաջորդ տարվա բազային ֆինանսավորումը կարող է ավելանալ տվյալ տարվա հաստատված բյուջեի 10 տոկոսի չափով․
3) 3-րդ կատեգորիա՝ ծրագիրն իրականացնում է բավարար արդյունավետությամբ, և հաջորդ տարվա բազային ֆինանսավորումը չի կարող ավելանալ․
4) 4-րդ կատեգորիա՝ ծրագիրն իրականացնում է ցածր արդյունավետությամբ, և հաջորդ տարվա բազային ֆինանսավորումը կարող է պակասել տվյալ տարվա հաստատված բյուջեի 10 տոկոսի չափով․
5) 5-րդ կատեգորիա՝ ծրագիրն իրականացնում է ոչ բավարար արդյունավետությամբ, քննարկվում է որպես առանձին միավոր ծրագրի հետագա գործունեությունը կամ ֆինանսավորման դադարեցումը։
29. Կատարողականի գնահատման համար նախարարը հաստատում է մասնագիտական փորձագիտական խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կազմի թվաքանակը, անհատական կազմը և աշխատակարգը։
30. Կոմիտեն հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի հինգ տարվա հաշվետվությունները տրամադրում է խորհրդին: Խորհուրդը քննարկում է հաշվետվությունները և մինչև հինգ ամսվա ընթացքում կոմիտե է ներկայացնում եզրակացություն` հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի հաշվետվությունների վերաբերյալ, որը հիմք է հանդիսանում իրականացվող հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի հետագա ֆինանսավորումը շարունակելու կամ դադարեցնելու, լրացուցիչ ֆինանսավորման չափի կամ ֆինանսավորման կրճատման ծավալները որոշելու համար։
31. Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծավալները որոշելու համար հիմք են հանդիսանում կազմակերպության նախորդ հինգ տարվա հաշվետվությունները։ Կոմիտեն անհրաժեշտության դեպքում կազմակերպությունից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։
32. Գնահատման համար հիմք են հանդիսանալու կազմակերպության գիտաչափական տվյալները, հաշվետվության գիտական փորձաքննության (այսուհետ՝ փորձաքննություն) արդյունքները, կադրային ներուժը, միջազգային համագործակցությունը, ենթակառուցվածքի հագեցվածության աստիճանը, գիտական դրամաշնորհները, ներպետական և միջազգային համագործակցությունն արդյունաբերության հետ, գիտական ուղղությունների համապատասխանությունը գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի հետ, ինովացիոն գործունեությունը, սոցիալ-տնտեսական ազդեցությունը, գիտակրթական տարածք ինտեգրվելու մակարդակը (ներպետական և միջազգային), ինչպես նաև կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեության առանձնահատկություններից բխող այլ չափանիշներ։
33. Կոմիտեի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ առաջարկությունների հիման վրա նախարարի հրամանով սահմանվում են կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մեթոդաբանությունը՝ գնահատման չափանիշները, յուրաքանչյուր չափանիշի առավելագույն գնահատականը, կատեգորիաների շեմային միավորներն ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության յուրաքանչյուր բնագավառի և մասնագիտության։
34. Ծրագրի գիտաչափական տվյալների (միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված գիտական հրապարակումներ, հղումներ, մենագրություններ և այլն) ընդհանուր գնահատականը չի կարող գերազանցել տվյալ բնագավառի առավելագույն գնահատականի 40 տոկոսը և չի կարող փոքր լինել տվյալ բնագավառի առավելագույն գնահատականի 20 տոկոսից։
35. Հաշվետվությունների փորձաքննության ընդհանուր գնահատականը կազմում է տվյալ բնագավառի առավելագույն գնահատականի 30 տոկոսը։
36. Եթե կազմակերպությունում առկա են մեկից ավելի հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացվող ծրագրեր, ապա կազմակերպությունը դասակարգվում է տարբեր կատեգորիաների՝ ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների։
Ձև N 1
ԱՂՅՈՒՍԱԿ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ
Պաշտոն |
Գործակից | |
1․ Գիտական պաշտոններ` | ||
1) |
կրտսեր գիտաշխատող-Գ1. |
3.18 |
2) |
գիտաշխատող-Գ2. |
4.17 |
3) |
ավագ գիտաշխատող-Գ3. |
5.19 |
4) |
առաջատար գիտաշխատող-Գ4. |
6.71 |
5) |
գլխավոր գիտաշխատող-Գ5. |
8.36 |
6) |
պատվավոր առաջատար գիտաշխատող-ՊԳ1. |
5.19 |
7) |
պատվավոր գլխավոր գիտաշխատող-ՊԳ2. |
6.71 |
8) |
գիտական խմբի ղեկավար-Ղ1. |
6.2 |
9) |
գիտական ստորաբաժանման ղեկավար (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն)-Ղ2. |
7.21 |
2. Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ՝ | ||
1) |
լաբորանտ-Լ1 կամ ճարտարագետ-Ճ1․ |
2.09 |
2) |
ավագ լաբորանտ-Լ2 կամ ավագ ճարտարագետ-Ճ2․ |
2.71 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
14.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականիփետրվարի 13-ի N 156-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ-ԾՐԱԳՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման (այսուհետ` նպատակային ծրագիր) հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգը նկարագրում է նաև նպատակային ֆինանսավորման ողջ գործընթացը` հայտերի ներկայացման, քննարկման և հաստատման փուլերը, պայմանագրերի կնքումը, հաշվետվությունների ընդունումը:
3. Նպատակային-ծրագրային ֆինանսավորումն իրականացվում է մրցութային հիմունքներով և ուղղված է գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական ծրագրերի կատարմանը։
2. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները (այսուհետ՝ պետական մարմիններ) սույն կարգով մինչև յուրաքանչյուր տարվա առաջին ամսվա երրորդ տասնօրյակ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այuուհետ` կոմիտե) կողմից սահմանված ձևաչափով ներկայացնում են իրենց ոլորտներում առկա ռազմավարական խնդիրների լուծմանը, ինչպես նաև իրենց գործունեության արդյունավետ կազմակերպմանը միտված նպատակային ծրագրերի անվանումները և առաջարկությունների հակիրճ նկարագրությունը (այսուհետ` ծրագրի առաջարկ):
5. Միևնույն պետական մարմինը մեկից ավելի նպատակային ծրագրի առաջարկ ներկայացնելու դեպքում պետք է դրանք շարադրի ըստ առաջնահերթության:
6. Ստացված նպատակային ծրագրերի առաջարկները քննարկելու, խմբագրելու, խմբավորելու, նոր առաջարկներ ավելացնելու, պակասեցնելու և նպատակային ծրագրերի առաջարկների ցանկը (այսուհետ՝ ցանկ) ձևավորելու կամ համալրելու նպատակով կոմիտեն ստեղծում է աշխատանքային խմբեր (այսուհետ՝ աշխատանքային խմբեր)՝ ըստ առանձին ոլորտների:
7. Աշխատանքային խմբերում ներառվում են ստացված հայտերի բնագավառներին համապատասխան գիտական աշխատողներ՝ բացառելով շահերի բախումները, և պետական մարմինների ներկայացուցիչներ՝ պահպանելով գիտական աշխատողների մեծամասնությունը։
8. Աշխատանքային խմբերը վեց ամսվա ընթացքում ձևավորում կամ համալրում են ցանկը: Վերջինս մեկամսյա ժամկետում գրավոր կերպով համաձայնեցվում է պետական մարմինների հետ:
9. Յուրաքանչյուր տարվա չորրորդ եռամսյակի առաջին ամսում համաձայնեցված ցանկում ներառված ծրագրերի առաջարկների ուղղությամբ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով կազմակերպվում է նպատակային-ծրագրային ֆինանսավորման մրցույթ (այսուհետ՝ մրցույթ):
10. Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է կոմիտեի ինտերնետային կայքում: Մրցույթի հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի, հրավերի և մրցույթին մասնակցելու պայմանների մասին:
11. Մրցույթի հրավերը պետք է պարունակի՝
1) մրցութային ծրագրի առաջարկը․
2) մրցույթի անցկացման նպատակը․
3) մրցույթի իրականացման ժամկետները․
4) ակնկալվող արդյունքների պահանջները․
5) հայտի ձևը և դրա լրացման և ներկայացման ընթացակարգը․
6) հայտի ֆինանսական նախահաշվի ձևը։
12. Մրցույթին մասնակցում են գիտական կազմակերպություններն ու բուհերը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ ներկայացնելով նպատակային ծրագրի հայտ (այսուհետ՝ հայտ):
13. Հայտերը ներկայացվում են երկամսյա ժամանակահատվածում` մինչև հինգ տարի ժամկետով։
14. Հայտը պետք է պարունակի՝
1) ընդհանուր տեղեկություններ ռազմավարական հիմնախնդրի, դրա արդիականության, կարևորության և նպատակային ծրագրի իրականացմամբ լուծման հնարավորությունների մասին․
2) տեղեկություններ նպատակային ծրագրի հիմնական թիրախների, իրականացման ժամկետների, նախադրյալների, ֆինանսական ծավալների, ակնկալվող արդյունքների, ավարտական ձևերի (գիտական հրապարակումներ, փորձնական նմուշներ, արտոնագրեր, ներդրման վկայագրեր, հաշվետվություններ և այլն), պետական մարմինների կողմից դրանց կիրառության և պետության կարիքների բավարարմանն ուղղված լինելու մաuին:
15. Եթե մրցույթին ներկայացված հայտը ներառված չէ ցանկում, ապա հայտի հետ պետք է ներկայացվի նաև առնվազն մեկ պետական մարմնի պաշտոնական գրություն իրենց ոլորտներում առկա ռազմավարական խնդիրների լուծմանը, ինչպես նաև իրենց գործունեության արդյունավետ կազմակերպմանը միտված նպատակային հայտի նպատակահարմարության վերաբերյալ։
16. Ներկայացված հայտերի գիտական փորձաքննության նպատակով կոմիտեն ձևավորում է մասնագիտական փորձագիտական խորհուրդ (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի կազմի թվաքանակը, անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում են կոմիտեի նախագահի կողմից։
17. Խորհուրդը ուսումնասիրում և գնահատում է նպատակային ծրագրերի հայտերը, դրանց գիտական հենքը, համապատասխանությունը պետական մարմինների կողմից դրանց կիրառությանը և պետության կարիքների բավարարմանը, ծրագրերի իրականացման նախադրյալները (կադրային կազմ, նյութատեխնիկական բազա), ավարտական ձևերն ու տեխնիկատնտեսական ցուցանիշները և ըստ ֆինանսավորման և իրականացման անհրաժեշտության՝ ձևավորում է վարկանիշային ցանկ՝ գնահատականների նվազման կարգով, և եռամսյա ժամկետում ներկայացնում է կոմիտե:
18. Խորհրդի կողմից ներկայացված առաջարկության և ձևավորված վարկանիշային ցանկի հիման վրա և ելնելով հաջորդ տարվա համար նպատակային ֆինանսավորման համար պետական հատկացումների ծավալից՝ նախարարի հրամանով հաստատվում է նպատակային ծրագրերի ցանկը, որը ներառվում է Հայաuտանի Հանրապետության հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում:
3. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
19. «Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի մաuին» oրենքի և վերջինիս կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո կոմիտեն նպատակային ծրագիր իրականացնող կազմակերպությունների հետ կնքում է պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագիր):
20. Պայմանագրում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, նշվում են համապատաuխան նպատակային ծրագրի անվանումը, իրականացնող կազմակերպության անվանումը, իրականացման ժամկետները, ֆինանuավորման չափը, վճարման պայմանները և ժամկետները, ինչպեu նաև ընթացիկ (տարեկան) ու ամփոփիչ հաշվետվությունների ներկայացման ժամկետները:
21. Նպատակային ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պայմանագրում նշված ժամկետներում կոմիտեի կողմից սահմանված ընթացակարգով ներկայացնում է նպատակային ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:
22. Կոմիտեն ընթացիկ (տարեկան) ու ամփոփիչ հաշվետվությունները 15-օրյա ժամկետում տրամադրում է խորհրդի քննարկմանը, և վերջինս եռամսյա ժամկետում տալիս է եզրակացություն՝ նպատակային ծրագրերի իրականացման ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվությունների վերաբերյալ, որը հիմք է հանդիսանում իրականացվող նպատակային ծրագրերի հետագա ֆինանսավորումը շարունակելու կամ դադարեցնելու համար, իսկ ավարտվող նպատակային ծրագրերի պարագայում՝ ամփոփիչ հաշվետվությունն ընդունելու համար։
23. Իրականացվող նպատակային ծրագրերի ֆինանսավորումը շարունակվում է խորհրդի կողմից ընթացիկ (տարեկան) հաշվետվությունների վերաբերյալ դրական եզրակացության հիման վրա: Իրականացվող նպատակային ծրագրի ընթացիկ հաշվետվության վերաբերյալ խորհրդի բացասական եզրակացության հիման վրա նպատակային ծրագրի ֆինանսավորումը դադարեցվում է:
24. Նպատակային ծրագրերի ընթացիկ հաշվետվության վերաբերյալ խորհրդի բացասական եզրակացության համար պետք է հիմք հանդիսանա գիտական ծրագրի իրականացման արդյունքում նախանշված վերջնարդյունքները չապահովելու հանգամանքը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
14.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականիփետրվարի 13-ի N 156-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման (այսուհետ` դրամաշնորհային ֆինանսավորում) հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգը նկարագրում է նաև դրամաշնորհային ֆինանսավորման ողջ գործընթացը` հայտերի ներկայացման, քննարկման, գիտական փորձաքննության (այսուհետ՝ փորձաքննություն) և հաստատման փուլերը, պայմանագրերի կնքումը, հաշվետվությունների ընդունումը, վերջնարդյունքների հաշվառումը։
3. Դրամաշնորհային ֆինանսավորումն ուղղված է գիտական հետազոտությունների կամ գիտատեխնիկական մշակումների հանգեցնող, գիտնականների և հետազոտական խմբերի (կոլեկտիվների) նախաձեռնությամբ հետազոտական նախագծերի (այսուհետ` հետազոտական նախագիծ) իրականացմանը։
4. Հետազոտական նախագծերի ֆինանսավորման նպատակով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (այuուհետ` կոմիտե) կազմակերպում է մրցույթ (այսուհետ՝ մրցույթ)՝ ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների:
5. Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է կոմիտեի ինտերնետային կայքում: Մրցույթի հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի, հրավեր ստանալու և մրցույթին մասնակցելու պայմանների մասին:
6. Մրցույթի հրավերը պետք է պարունակի՝
1) մրցութային ծրագրի անվանումը․
2) մրցույթի անցկացման նպատակը․
3) մրցույթի իրականացման ժամկետները․
4) հետազոտական խմբին (կոլեկտիվին), ղեկավարին և անդամներին ներկայացվող որակավորման պահանջները․
5) հետազոտական նախագիծն իրականացնելու համար գիտական կազմակերպությանը կամ բարձրագույն ուսումնական հաստատությանը (այսուհետ` կազմակերպություն) ներկայացվող պահանջները․
6) ակնկալվող արդյունքների պահանջները․
7) հայտի լրացման և ներկայացման կարգը, ինչպես նաև տեղեկություններ՝
ա. հայտով ներկայացվող հետազոտական նախագծի նպատակի հիմնավորման, խնդիրների, դրանց լուծման նախադրյալների և ուղիների, հետազոտական նախագծի կատարման ժամկետների, դրա կատարման նպատակով առկա և ձեռք բերվող սարքավորումների, նյութերի, միջոցների, նախատեսվող արշավախմբերի, գիտագործնական միջոցառումների անհրաժեշտության ու դրանց համար անհրաժեշտ գումարների մասին,
բ. կազմակերպության կարողությունների վերաբերյալ՝ ներառյալ համապատասխան լաբորատորիայի, սարքերի, սարքավորումների, միջոցների, նյութերի և այլնի մասին․
8) հայտի ֆինանսական նախահաշվի ձևը․
9) հայտերի ընտրության, փորձաքննության ձևը․
10) մրցույթի արդյունքների հրապարակման հավանական ժամկետը․
11) գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի առանձնահատկություններից բխող այլ տեղեկատվություն:
7. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծում գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման համար հատկացումները որպես դրամաշնորհներ նախատեսվում են ուղղել մրցութային կարգով ընտրված ու կոմիտեի կողմից հաստատված հետազոտական նախագծերի ֆինանսավորմանը:
2. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
8. Մրցույթին մասնակցելու նպատակով գիտնականների և հետազոտական խմբերի (կոլեկտիվների) կողմից հետազոտական նախագծի հայտը (այսուհետ՝ հայտ) ներկայացվում է կոմիտեի առցանց համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով՝ ըստ մրցույթի հրավերով սահմանված կարգի:
9. Հետազոտական նախագծերի իրականացման նպատակահարմարության և ֆինանսական ծավալների վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններ ստանալու նպատակով կոմիտեն ձևավորում է հետազոտական նախագծերի հայտերի երաշխավորման ու հաշվետվությունների ընդունման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)։
10. Կոմիտեն հանձնաժողովի միջոցով կազմակերպում է հայտերի փորձաքննություն՝ ըստ մրցույթի հրավերով սահմանված կարգի, վերջինով նախատեսված լինելու պարագայում՝ ներգրավելով անկախ փորձագետների:
11. Փորձաքննության ժամանակ գնահատվում է հայտը՝ գիտական և գիտատեխնիկական նորույթը և արդիականությունը, գիտնականների և հետազոտական խմբի (կոլեկտիվի) ձեռքբերումները տվյալ բնագավառում և նրանց մասնագիտական որակավորման համապատասխանությունը հետազոտական նախագիծ իրականացնելու համար, երիտասարդ (մինչև 35 տարեկան) մասնագետների ընդգրկվածությունը, հետազոտական նախագծի իրականացման նախադրյալները, փուլերը և ժամկետները, պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունը և մրցույթի առանձնահատկություններից բխող այլ հարցեր:
12. Փորձաքննության արդյունքների հիման վրա կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության յուրաքանչյուր մասնագիտության համար 15 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է հայտերի վարկանիշային ցանկ` փորձաքննության վերջնական գնահատականների նվազման կարգով, և ներկայացնում է հանձնաժողովին:
13. Հանձնաժողովը հաստատում է հայտերի վարկանիշային ցանկը և տալիս է առաջարկություն հետազոտական նախագծի ֆինանսավորման նպատակահարմարության և ծավալների մասին:
14. Կոմիտեն, ելնելով Հայաստանի Հանրապետության՝ տվյալ տարվա պետական բյուջեով գիտական դրամաշնորհային ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների չափից, երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանն է ներկայացնում հետազոտական նախագծերի ցանկը:
15. Կոմիտեն հայտի ղեկավարին է տրամադրում նրա հայտի փորձաքննության վերջնական գնահատականն ու գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ մասնագիտության շեմային գնահատականը:
3. ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
16. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում են պայմանագրեր՝
1) կոմիտեի, կազմակերպության և սույն կարգի 12-րդ կետում նշված ցանկում ընդգրկված հետազոտական նախագծի ղեկավարի միջև.
2) հետազոտական նախագծի ղեկավարի և կատարողների միջև:
17. Պայմանագրերում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, նշվում են նաև համապատասխան հետազոտական նախագծի անվանումը, ղեկավարի անունը, ազգանունը, կազմակերպության անվանումը, որտեղ պետք է իրականացվի հետազոտական նախագիծը, վերջինիս իրականացման ժամկետներն ու պայմանները, ֆինանսավորման չափը, հաշվետվության ներկայացման ժամկետները, ինչպես նաև մրցույթի առանձնահատկություններից բխող այլ կետեր:
18. Հետազոտական նախագծի իրականացման մասին պայմանագրով նախատեսված ժամկետներում կազմվում են ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվություններ: Վերջիններս գնահատվում են` հաշվի առնելով արդյունքների նորույթը և դրանց նշանակությունը, հրապարակումների կամ այլ վերջնական արդյունքների գիտական մակարդակը, դրանցում կատարողների ներգրավվածության աստիճանը:
19. Գիտական թեմայի ընթացիկ (տարեկան) հաշվետվությունները ներկայացվում են իրականացման ժամկետի սկզբից հաշված յուրաքանչյուր 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, եթե մրցույթի հրավերի փաթեթով այլ պայմաններ նախատեսված չեն:
20. Կոմիտեն ընթացիկ (տարեկան) կամ ամփոփիչ հաշվետվությունները հնգօրյա ժամկետում ներկայացնում է հանձնաժողով: Հանձնաժողովը հաշվետվությունները ստանալուց հետո 15-օրյա ժամկետում քննարկում է ընթացիկ (տարեկան) կամ ամփոփիչ հաշվետվությունները և կոմիտե է ներկայացնում հետազոտական նախագծի հետագա ֆինանսավորման նպատակահարմարության (ընթացիկ հաշվետվություն) կամ ընդունման (ամփոփիչ հաշվետվություն) մասին առաջարկություն:
21. Հանձնաժողովի առաջարկության հիման վրա կոմիտեն որոշում է ընդունում հետազոտական նախագծի հետագա ֆինանսավորման կամ դրա դադարեցման մասին:
22. Հետազոտական նախագծերի ընթացիկ հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի բացասական եզրակացության համար պետք է հիմք հանդիսանա նախագծով նախատեսված գիտական ծրագրի իրականացման արդյունքում նախանշված վերջնարդյունքները հետազոտական խմբի կողմից չապահովելու հանգամանքը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
14.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 փետրվարի 2025 թվական:
