ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2025 թվականի N 107-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» N 786-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»
3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները` համաձայն հավելվածի:».
4) որոշման 1-ին և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
5) որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված)՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ»,
բ. 1-ին բաժնի 1-ին կետում «ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի» բառերը փոխարինել «ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի» բառերով,
գ. 1-ին բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․ Խորհուրդն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է:»,
դ. 2-րդ բաժնի 6-րդ կետում «25» թիվը փոխարինել «29» թվով,
ե. 2-րդ բաժնի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8․ Խորհրդի կազմում ընդգրկվում են՝
1) մեկական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից (այսուհետ՝ լիազոր մարմին), լիազոր մարմնի միասնական սոցիալական ծառայությունից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից.
2) ութ ներկայացուցիչ (համաձայնությամբ)՝ հասարակական կազմակերպություններից (այսուհետ՝ կազմակերպություններ), որոնք ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում վերջին հինգ տարվա ընթացքում ունեն առնվազն երեք տարվա գործունեության փորձ։ Կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են երեք տարի ժամկետով: Կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում կարող են հանդես գալ միայն մեկ կարգավիճակով՝ որպես կազմակերպության ներկայացուցիչ, և միաժամանակ չեն կարող հանդես գալ որպես աջակցության կենտրոնի կամ ապաստարանի ներկայացուցիչ։ Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է առաջադրել մեկ ներկայացուցչի թեկնածություն.
3) տասնմեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)՝ աջակցության կենտրոններից և ապաստարաններից, որոնք ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում վերջին հինգ տարիների ընթացքում ունեն առնվազն երեք տարվա գործունեության փորձ և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց մատուցել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սոցիալական ծառայություններ կամ ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում` այդ անձանց ընտանիքների անդամներին տրամադրել են սոցիալական աջակցություն: Աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են երեք տարի ժամկետով: Աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչները խորհրդի կազմում կարող են հանդես գալ միայն մեկ կարգավիճակով՝ որպես աջակցության կենտրոնի կամ ապաստարանի ներկայացուցիչ։ Յուրաքանչյուր աջակցության կենտրոն և ապաստարան կարող է առաջադրել մեկ ներկայացուցչի թեկնածություն։»,
զ. 2-րդ բաժնի 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9․ Խորհրդի կազմում կազմակերպությունների, աջակցության կենտրոնների, ապաստարանների ներկայացուցիչներ ընդգրկելու համար խորհրդի գործավարության իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումը լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն։
10. Հայտարարության մեջ ներառվում են հետևյալ տվյալները`
1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հայտերն ընդունող պատասխանատու անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
2) հայտերի` առձեռն հանձնելու դեպքում ընդունման օրերը և ժամերը.
3) հայտեր ներկայացնող կազմակերպությանը, աջակցության կենտրոնին, ապաստարանին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը»,
է. 2-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10․1-10․10-րդ կետերով.
«10․1․ Հայտերը ներկայացվում են հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած` 10 օրվա ընթացքում։
10․2․ Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հայտին կից լիազոր մարմնին պետք է ներկայացվեն նաև հետևյալ տվյալները՝
1) կազմակերպության, ապաստարանի, աջակցության կենտրոնի անվանումը, գտնվելու կամ գործունեության իրականացման վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն.
2) առաջադրվող ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն).
3) կազմակերպության, ապաստարանի, աջակցության կենտրոնի գործունեության ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը.
4) տեղեկություններ սույն կարգի 8-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ոլորտում առկա փորձի, դրա տևողության, իրականացրած ծրագրերի վերաբերյալ.
5) առաջադրվող ներկայացուցչի կենսագրական տվյալները։
10․3․ Հայտը և կից փաստաթղթերը (այսուհետ միասին՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և տեսաներածված:
10․4․ Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ կազմակերպությունը, ապաստարանը, աջակցության կենտրոնը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով:
10․5․ Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ուսումնասիրվում:
10․6․ Կազմակերպությունների, ապաստարանների, աջակցության կենտրոնների ներկայացուցիչների ընդգրկումն իրականացվում է երկու փուլերով: Առաջին փուլում լիազոր մարմինն ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը:
10․7․ Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է (իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով) մեկ աշխատանքային օրվա ընթացքում և նրան տրամադրվում է երեք աշխատանքային օր թերությունները շտկելու համար: Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հայտին ընթացք չի տրվում:
10․8․ Եթե սույն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանում են առավելագույնը ութ կազմակերպություն, ապա այդ կազմակերպություններն ընդգրկվում են խորհրդի կազմում։ Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են ութից ավելի կազմակերպություն, ապա խորհրդում ընդգրկելու համար նախապատվությունը տրվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առավել երկար գործունեություն ծավալած առնվազն մեկ հասարակական կազմակերպության:
10․9․ Եթե սույն որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանում են առավելագույնը 11 աջակցության կենտրոն, ապաստարան, ապա այդ աջակցության կենտրոնները, ապաստարաններն ընդգրկվում են խորհրդի կազմում: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են 11-ից ավելի աջակցության կենտրոն, ապաստարան, ապա խորհրդում ընդգրկելու համար նախապատվությունը տրվում է սույն որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ոլորտներում առավել մեծ փորձառություն ունեցող (առավել երկար գործունեություն ծավալած և առավել շատ ծրագրեր իրականացրած) մեկական աջակցության կենտրոնի, ապաստարանի:
10.10․ Եթե խորհրդի կազմում կազմակերպությունների, աջակցության կենտրոնների, ապաստարանների ներկայացուցիչներ ընդգրկելու համար լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության արդյունքում սույն որոշման 8-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված չափանիշներին համապատասխան կազմակերպությունների, աջակցության կենտրոնների, ապաստարանների՝ սույն որոշման 2-րդ բաժնի 6-րդ կետում նախատեսված առավելագույն թվին համապատասխան ներկայացուցիչներ չեն դիմում, ապա խորհուրդը կազմավորվում է ըստ փաստացի դիմած և ընդգրկված ներկայացուցիչների քանակի։»,
ը. 3-րդ բաժնի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Խորհրդի գործունեության նպատակն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարական միջոցառումների, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն է»,
թ. 3-րդ բաժնի 12-րդ կետը «օրինականության,» բառից հետո լրացնել «կոլեգիալության,» բառով,
ժ. 3-րդ բաժնի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13․ Խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ուսումնասիրում, քննարկում և ներկայացնում է առաջարկներ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում պետական միասնական քաղաքականության, այդ թվում՝ ոլորտային իրավական ակտերի վերաբերյալ.
2) քննարկում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն առնչվող առանձին հարցերը, հրատապ խնդիրները և ներկայացնում դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններ.
3) ներկայացնում է ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ հանրությանն իրազեկելու միջոցառումներ իրականացնելու առաջարկություններ.
4) քննարկում է տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից կատարված հետազոտությունների արդյունքները և դրանց հիման վրա ներկայացնում է առաջարկություններ.
5) ներկայացնում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված և ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ.
6) ուսումնասիրում և քննարկում է պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին ուղղված ծրագրերի մասին հրապարակված հաշվետվությունները.
7) առաջարկություններ է ներկայացնում լիազոր մարմնին ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների՝ ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման վերաբերյալ․
8) իր գործունեության մասին ներկայացնում է տարեկան հաշվետվություն, որը, ոչ ուշ, քան մինչև հաջորդող տարվա փետրվարի 2-րդ տասնօրյակը տեղադրում է լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում»,
ժա. 4-րդ բաժնի 14-22-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14․ Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն կեսի նախաձեռնությամբ հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
15․ Խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով խորհրդի նիստերը կարող են իրականացվել նաև հեռավար եղանակով։ Խորհրդի նիստերը հեռավար տարբերակով անցկացնելու դեպքում խորհրդի նախագահի որոշմամբ ընտրվում է տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցի տեսակը։
16․ Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրվում է խորհրդի անդամներին՝ խորհրդի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ: Էլեկտրոնային փոստի միջոցով իրականացված ծանուցումը համարվում է պատշաճ, եթե առկա է համապատասխան փաստաթղթերն ուղարկելու և այն հասցեատիրոջ կողմից ստանալու փաստը հաստատելու հնարավորություն: Խորհրդի անդամներն արտահերթ նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին տեղեկացվում են խորհրդի նիստի անցկացման օրվանից առնվազն մեկ օր առաջ: Սույն կետով նախատեսված ծանուցումները սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմիններին ուղարկվում են նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության պաշտոնական համակարգի միջոցով։
17. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի նախագահի և խորհրդի անդամի կողմից համապատասխան տեղեկություն տրամադրելու միջոցով: Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը: Վերջինիս բացակայության դեպքում խորհրդի նիստերը վարում է նրա կողմից լիազորված խորհրդի անդամներից մեկը:
18. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարական միջոցառումների, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ հարցերի քննարկման և առաջարկությունների ներկայացման համար խորհրդի նախագահը և անդամները խորհրդում քննարկելու նպատակով խորհրդի յուրաքանչյուր հերթական նիստին տեղեկատվություն են տրամադրում ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում նախատեսվող օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ:
19․ Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:
20․ Խորհուրդն իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, որոնք կարող են լինել առաջարկությունների, եզրակացությունների, վերլուծությունների, հաշվետվությունների, ուղերձների, հաղորդումների ձևով և կրում են խորհրդատվական բնույթ: Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ խորհրդի տվյալ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
21․ Խորհրդի նիստերին խորհրդի նախագահի հրավերով կարող են մասնակցել նաև այլ հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների՝ խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ, ինչպես նաև այլ կազմակերպությունների, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
22. Խորհրդի նիստերին խորհրդի նախագահի հրավերով խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչը (համաձայնությամբ)։»,
ժբ. 4-րդ բաժնի 23-24-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
ժգ. 4-րդ բաժնի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25․ Խորհուրդն իր աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով կարող է ձևավորել աշխատանքային խմբեր, որոնց կազմում կարող են ընդգրկվել խորհրդի անդամ չհանդիսացող այլ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ), ինչպես նաև առանձին առաջադրանքների իրականացման նպատակով խորհուրդը կարող է ներգրավել մասնագետներ, փորձագետներ և խորհրդատուներ:»,
ժդ․ 4-րդ բաժնի 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) համակարգում է խորհրդի, աշխատանքային խմբերի, ինչպես նաև մասնագետների, փորձագետների և խորհրդատուների աշխատանքները.»,
ժե. 4-րդ բաժնի 28-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ․ խորհրդի որոշումների վերաբերյալ ներկայացնելու հատուկ կարծիք. Եթե խորհրդի որևէ անդամ խորհրդի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք և այն գրավոր տրամադրում է խորհրդին, ապա հատուկ կարծիքը կցվում է խորհրդի տվյալ որոշմանը,»,
ժզ. 4-րդ բաժնի 28-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ», «դ» և «ե» պարբերություններով.
«ա. անձամբ մասնակցել խորհրդի աշխատանքներին,
բ. անձամբ մասնակցել խորհրդի նիստերին,
գ. կատարել խորհրդի որոշումները,
դ. քվեարկել խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,
ե. խորհրդում քննարկվող հարցերի վերաբերյալ խորհրդի որոշմամբ նախատեսված ժամկետներում ներկայացնել գրավոր դիրքորոշում, հաշվետվություն, եզրակացություն, առաջարկություն, իրենց իրավասության շրջանակում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ այլ տեղեկություններ: Խորհրդի անդամի կողմից ներկայացված գրավոր դիրքորոշումը, հաշվետվությունը, եզրակացությունը, առաջարկությունը, իրենց իրավասության շրջանակում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները պետք է դիտարկվեն որպես սույն կարգի 8-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված մարմինների, կազմակերպությունների, աջակցության կենտրոնների և ապաստարանների պաշտոնական դիրքորոշում»,
ժէ. 4-րդ բաժնի 29-րդ կետի 2-րդ ենթակետը «էլեկտրոնային հարցման» բառերից հետո լրացնել «կամ հեռավար» բառերով,
ժը. 4-րդ բաժնի 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ և 9-րդ ենթակետերով.
«8) ապահովում է խորհրդի աշխատանքների լուսաբանումը.
9) ապահովում է խորհրդի տարեկան հաշվետվությունների նախագծերի կազմումը:»,
ժթ. 4-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29․1-ին կետով.
«29.1․ Խորհրդի գործունեությունը հրապարակային է՝ բացառությամբ խորհրդի նախագահի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի։»,
ի. 5-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«V. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
30. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
31. Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են սույն կարգի 28-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, խորհրդի անդամի կողմից խորհրդի կազմից դուրս գալու մասին դիմումը խորհրդի նախագահին ներկայացնելու, ինչպես նաև զբաղեցրած պաշտոնից ազատվելու դեպքում:
32. Սույն կարգի 28-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով նախատեսված դեպքերում խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարել, եթե խորհրդի անդամն անհարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում առնվազն 2 անգամ չի մասնակցել խորհրդի նիստերին և աշխատանքներին, և այդ կապակցությամբ չի ներկայացրել գրավոր պատճառաբանված բացատրություն:
33. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը կարող է դրվել քվեարկության խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:
34. Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման որոշումն ընդունվում է խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկությանը չի մասնակցում խորհրդի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը։
35․ Խորհրդի անդամի լիազորությունները դադարելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում սույն որոշմամբ սահմանված կարգի համաձայն խորհրդի կազմում ընդգրկվում է նոր ներկայացուցիչ (առաջադրվում է նոր անդամի թեկնածություն):»:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ խորհրդի ներկայացուցիչների ընտրությունը և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1685-Ա որոշման մեջ փոփոխությունները և լրացումները նախատեսող Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 փետրվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|