ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
ԼԴ/0015/18/21 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
|
Ա. Պողոսյանի |
27 սեպտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման դեմ Հովհաննես Հրաչյայի Հովհաննիսյանի պաշտպաններ Ա.Կոչուբաևի և Մ.Սահակյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 52103021 քրեական գործը։
Նախաքննության մարմնի` 2021 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Հ․Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
2021 թվականի հոկտեմբերի 2-ին Հ․Հովհաննիսյանը ձերբակալվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 130-րդ հոդվածով սահմանված կարգով։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ պաշտպան Ա․Կոչուբաևի բողոքը՝ Հ․Հովհաննիսյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ, մերժվել է։
3․ Հ․Հովհաննիսյանի պաշտպան Տ․Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։
4․ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ Հ․Հովհաննիսյանի պաշտպաններ Ա․Կոչուբաևը և Մ․Սահակյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1 և 2024 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերները փաստարկել են, որ սույն գործով առկա է դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Մասնավորապես՝ ստորադաս դատարանները սխալ են կիրառել ՀՀ Սահմանադրության 27-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 11-րդ, 130-րդ և 358-րդ հոդվածների պահանջները։
6. Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերները նշել են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների շրջանակներում ձերբակալում հնարավոր է իրականացնել միայն մեղադրյալի նկատմամբ, մինչդեռ սույն դեպքում Հ․Հովհաննիսյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ չի ունեցել, քանի որ թեև ձերբակալման հիմքում դրվել է իբրև թե 2021 թվականի հոկտեմբերի 1-ին կայացված՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, սակայն նշված օրը պաշտպանները և Հ․Հովհաննիսյանը մի քանի ժամ գտնվել են քննչական բաժնում և Հ․Հովհաննիսյանին չի տրվել մեղադրյալի կարգավիճակ և վերջինին մեղադրանք չի առաջադրվել։ Ավելին՝ բողոքաբերներն անձի՝ մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելու համատեքստում ընդգծել են Վճռաբեկ դատարանի՝ Ռոբերտ Հակոբյանի գործով 2013 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԱՔԴ/0218/06/12 որոշմամբ արձանագրված գործողությունների հաջորդական իրականացման և դրանց փաստաթղթավորման անհրաժեշտությունը։
Վերոգրյալի հետ միաժամանակ բողոքաբերները գտել են, որ արգելանքի վերցնելու պահին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկացվելը, ձերբակալման որոշմանը ծանոթանալը, ձերբակալվածի իրավունքները, այդ թվում՝ պաշտպան ունենալու իրավունքը բացատրված լինելը՝ քրեադատավարական նորմերի և նախադեպային իրավունքի համատեքստում բավարար չեն հաստատված համարելու, որ անձը ձեռք է բերել մեղադրյալի կարգավիճակ։
6․1․ Բողոքաբերները նշել են նաև, որ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, քանի որ թե՛ առաջին, և թե՛ երկրորդ ձերբակալման ժամանակ Հ․Հովհաննիսյանը կասկածվել է նույն իրավախախտումը կատարելու մեջ, հետևաբար ձերբակալումից ազատված անձին նույն կասկածով կրկին ձերբակալելու արդյունքում խախտվել է նշված հոդվածի իմպերատիվ պահանջը։
6․2․ Վերոգրյալից բացի, բողոքաբերները նշել են նաև, որ դատական ակտը պատճառաբանված չէ և ընդհանրական հղում է պարունակում քննիչի կողմից կայացված որոշման իրավաչափության վերաբերյալ։ Բողոքաբերների գնահատմամբ՝ Հ․Հովհաննիսյանի ձերբակալումը հիմնված է վերացական և գործի նյութերից չբխող հանգամանքների վրա, դատարանի կողմից խախտվել են մրցակցության կանոնները և անդրադարձ չի կատարվել բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին։
7․ Արդյունքում բողոքաբերները խնդրել են բավարարել վճռաբեկ բողոքը՝ կայացնելով Հ․Հովհաննիսյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին նոր դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները և ստորադաս դատարանի իրավական դիրքորոշումները.
8․ Նախաքննության մարմնի` 2021 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Հ․Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով2։
Նախաքննության մարմնի կողմից նույն օրը որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալ Հ․Հովհաննիսյանին ձերբակալելու մասին։ Նշված որոշման օրինակը Հ․Հովհաննիսյանը ստորագրությամբ ստացել է 2021 թվականի հոկտեմբերի 2-ին3։
Ձերբակալման արձանագրության համաձայն՝ Հ․Հովհաննիսյանը փաստացի արգելանքի է վերցվել 2021 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, և ձերբակալման արձանագրությունը կազմվել է նույն օրը՝ ժամը 13։04-ին։ Նշված արձանագրությանը Հ․Հովհաննիսյանը ծանոթացել և պատճենը ստացել է նույն օրը՝ ժամը 13։10-ին, իսկ վարույթն իրականացնող մարմին բերվել է նույն օրը՝ ժամը 13։14-ին։ Նշված արձանագրության մեջ առկա է Հ.Հովհաննիսյանի կողմից կատարված նշումն առ այն, որ համաձայն չէ քննիչի որոշման հետ4։
Հ․Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել 2021 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20։35-ին5։
9․ Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Սույն գործի փաստական տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Ե.Դանիելյանը 2021 թվականի հոկտեմբերի 1-ին որոշում է կայացրել Հ.Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը քննիչ Ե.Դանիելյանը որոշում է կայացրել մեղադրյալ Հ.Հովհաննիսյանին ձերբակալելու մասին: Սույն որոշման մեջ քննիչը նկարագրել է այն դեպքը, որի առթիվ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 52103021 քրեական գործը: Միաժամանակ որոշման մեջ նշվել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին կայացվել է Հ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում: 2021 թվականի հոկտեմբերի 2-ին ժամը 13:04-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի ավագ օպերլիազոր Ն.Աղումյանը կազմել է ձերբակալման արձանագրությունը, Հ.Հովհաննիսյանին պարզաբանվել է, թե նրան ինչ արարք է մեղսագրվում, նրան բացատրվել են համապատասխան իրավունքները, այդ թվում պաշտպան ունենալու իրավունքը: Ընդ որում, դատարանն արձանագրում է, որ ըստ էության Հ.Հովհաննիսյանին ծանոթ է եղել ձերբակալման մասին որոշումը, քանի որ ձերբակալման արձանագրության մեջ առկա է Հ.Հովհաննիսյանի կողմից կատարված նշումն այն մասին, որ «...համաձայն չեմ քննիչի որոշմանը»։ Բացի այդ, ձերբակալման որոշման վրա առկա է գրառում այն մասին, որ Հ.Հովհաննիսյանը ստացել է ձերբակալման մասին որոշման 1 օրինակը 02.10.2021 թվականին: Դատարանն արձանագրում է, որ ձերբակալման արձանագրության վերջում առկա գրառման համաձայն՝ Հ.Հովհաննիսյանը արձանագրությանը ծանոթացել և պատճենը ստացել է 02.10.2021 թվականին, ժամը 13:10-ին: Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել 02.10.2021 թվականին, ժամը 20:35-ին:
Վերոշարադրյալ փաստական տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ Հ.Հովհաննիսյանը արգելանքի վերցվելու պահից արդեն տեղեկացվել է, որ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել իրեն մեղադրյալ ներգրավելու մասին, ծանոթանալով ձերբակալման որոշմանը պատկերացում է կազմել այն մասին, թե ինչ արարք է իրեն մեղսագրվում, նրան բացատրվել են ձերբակալված անձի իրավունքները, այդ թվում՝ պաշտպան ունենալու իրավունքը: Իսկ արգելանքի վերցվելուց ութ ժամ անց Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել: Նման պայմաններում դատարանն արձանագրում է, որ Հ.Հովհաննիսյանի իրավունքները, մասնավորապես պաշտպանության իրավունքը, չեն խախտվել, և ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներում արտացոլված պահանջները պահպանվել են սույն գործի շրջանակներում: Այլ կերպ ասած, նման դեպքերում դատարանը պետք է գնահատման ենթարկի այն հանգամանքը, թե մինչև մեղադրանք առաջադրելը որքանով է անձը տեղեկացված, թե ինչ արարք է իրեն մեղսագրվում, նրան բացատրված են արդյոք մեղադրյալին վերագրվող իրավունքների նվազագույն ծավալը, հնարավորություն ընձեռնվել է արդյոք անձին իրականացնելու իր պաշտպանության իրավունքը: Ինչ վերաբերում է մեղադրանքի առաջադրմանը, մեղադրյալին վերագրվող իրավունքների ամբողջական ծավալի պարզաբանմանը, ապա նշյալի իրականացումը, համաձայն նախադեպային իրավունքի, անհրաժեշտ և պարտադիր նախապայման է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն հարուցելու մասին որոշման կայացման համար: Նշյալի համատեքստում դատարանը գտնում է, որ Հ.Հովհաննիսյանը ձերբակալման մասին որոշման կայացման ժամանակ ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ:
Բացի այդ, դատարանը գտնում է, որ ձերբակալման ինստիտուտին վերաբերող օրենսդրական փոփոխությունները միտված են նրան, որ վարույթն իրականացնող մարմինը, արգելանքի վերցնելով մեղադրյալին, ձերբակալման մասին որոշման կայացումից հետո 18 ժամվա ընթացքում մեղադրյալին դատարան ներկայացնելու հնարավորություն ունենա: Հակառակ պարագայում, եթե մեղադրյալ ներգրավելու մասին որոշման կայացմանը պարտադիր կերպով հաջորդի մեղադրանք առաջադրելու գործընթացը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով, որից հետո նոր միայն վարույթն իրականացնող մարմինը ձերբակալելու մասին որոշում կայացնելու հնարավորություն ունենա, կխախտվի օպերատիվության պահանջը, քանի որ, ըստ էության, ենթադրվում է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման կայացումից հետո ձերբակալման մասին որոշում կայացնելիս արդեն իսկ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման հիմքերի և պայմանների վերաբերյալ որոշակի փաստական տվյալների է տիրապետում (…)»6։
10. Վերաքննիչ դատարանը, 2021 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ, մերժելով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումը դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո, գտնում է, որ այդ հիմնավորումն ամբողջությամբ բխում է դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումն ընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի համար:
Անդրադառնալով վերաքննիչ բողոքում արված այն պատճառաբանությանը, որ հոկտեմբերի 1-ին պաշտպանները և Հ․Հովհաննիսյանը մի քանի ժամ գտնվել են քննչական բաժնում, սակայն Հ․Հովհաննիսյանին չի տրվել մեղադրյալի կարգավիճակ, չի առաջադրվել մեղադրանք, որից հետո 2021 թվականի հոկտեմբերի 2-ին Հ․Հովհաննիսյանի կրկին ձերբակալումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի կարգավորումների շրջանակում իրականացված է եղել ոչ իրավաչափ, քանի որ Հ.Հովհաննիսյանը չի ունեցել մեղադրյալի դատավարական կարգավիճակ, ուստի և Հ.Հովհաննիսյանին քննիչը իրավասու չէր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի կարգավորումների շրջանակում ձերբակալել դատարան ներկայացնելու համար, վերջինի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս ձերբակալել միայն մեղադրյալին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ձերբակալման դեպքում անձը ձեռք է բերում մեղադրյալի կարգավիճակ այն պահից, երբ որոշում է կայացվում նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչից հետո, եթե նա պետք է տարվի դատարան՝ մեղադրանքի առաջադրված լինելը կդիտվի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննության պարտադիր պայման (…)»7։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Հ․Հովհաննիսյանին՝ մեղադրանք առաջադրված չլինելու պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումն իրավաչափ ճանաչելու մասին ստորադաս դատարանների հետևությունները։
12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
(…)
2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:
5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է: (…)»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(…)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «4. Յուրաքանչյուր ձերբակալվածի և կալանավորվածի անհապաղ հաղորդվում են ձերբակալության կամ կալանավորման հիմքերը, ինչպես նաև այն հանցագործության փաստական հանգամանքները և իրավաբանական որակումը, որի կատարման մեջ նա կասկածվում կամ մեղադրվում է»։
Նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Մեղադրյալ է այն անձը, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին (…)»:
Նույն օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն` «1. Մեղադրանքը պետք է առաջադրվի տվյալ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի կողմից որոշումն ընդունելու պահից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, սակայն բոլոր դեպքերում ոչ ուշ, քան մեղադրյալի ներկայանալու կամ նրան բերման ենթարկելու օրը: Մեղադրանք առաջադրելու` սույն հոդվածով սահմանված ժամկետն ընդհատվում է, եթե մեղադրյալը թաքնվում է քննությունից:
2. Քննիչը, հավաստիանալով մեղադրյալի ինքնության մեջ, նրան հայտարարում է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և բացատրում առաջադրված մեղադրանքի էությունը: Այդ գործողությունների կատարումը մեղադրյալի և քննիչի ստորագրությամբ հաստատվում է` որոշման մեջ նշելով մեղադրանքի առաջադրման ամիսը, օրը, ժամը և թվականը: (…)»:
Նույն օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ձերբակալումն անձին արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը՝ օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար:
(…)
3. Ձերբակալումը կատարվում է`
1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա.
2) քննիչի որոշման հիման վրա»:
Նույն օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչը որոշում է կայացնում մեղադրյալին ձերբակալելու մասին: Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, մեղադրյալի տվյալները, ձերբակալման հիմքը և պատճառը, ինչպես նաև հետաքննության այն մարմինը, որին հանձնարարվում է ձերբակալման իրականացումը:
2. Մեղադրյալին սույն հոդվածով նախատեսված հիմքով կարելի է ձերբակալել միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքի դրույթները թույլ են տալիս նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:
3. Հետաքննության մարմնի աշխատակիցը մեղադրյալին ձերբակալելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնում ձերբակալման որոշման պատճենը: Արգելանքի վերցնելուց անմիջապես հետո մեղադրյալը բերվում է քննիչի մոտ: Մեղադրյալին քննիչի մոտ բերելու փաստն ամրագրվում է անձի ձերբակալման արձանագրության մեջ: Արձանագրության մեջ նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, նրան արգելանքի վերցնելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները և հիմքերը, ձերբակալում իրականացրած հետաքննության մարմնի աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ձերբակալված մեղադրյալի հայտարարությունները, ձերբակալված մեղադրյալին քննիչի մոտ բերելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն:
4. Ձերբակալման որոշմանը, որպես դրա բաղկացուցիչ մաս, կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման և ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տևել 36 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան արգելանքի վերցնելու պահից 18 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:
6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալված մեղադրյալն արգելանքի վերցնելու պահից 36 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման»:
13․ Վճռաբեկ դատարանը, Եվրոպական դատարանի դիրքորոշումների հաշվառմամբ, արձանագրում է, որ ցանկացած դեպքում անձին ազատությունից զրկելու ընթացակարգը պետք է համապատասխանի ներպետական օրենսդրության պահանջներին8, իսկ անձին ազատությունից զրկելու օրինականության ապացուցման բեռը կրում են քրեական հետապնդման մարմինները, եթե արգելանքի վերցվելու պահից անձը գտնվել է նրանց իրավասության ներքո և բացակայում է հակառակը հիմնավորող համոզիչ, օբյեկտիվ բնույթ կրող փաստական տվյալ9:
Ձերբակալման և կալանավորման հարաբերակցության վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը 2009 թվականի սեպտեմբերի 12-ի ՍԴՈ-827 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Ձերբակալում» և «կալանավորում» ինստիտուտների` օրենսդրությամբ սահմանված նպատակների և հիմքերի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այդ ինստիտուտներն ունեն ինքնուրույն բովանդակություն, հետապնդում են միմյանցից ըստ էության տարբերվող նպատակներ, ունեն կիրառման միմյանցից էապես տարբերվող հիմքեր: Դրանցից յուրաքանչյուրն օրենսդիրն ընտրել է որպես ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասով մատնանշված առանձին նպատակների հասնելու ինքնուրույն դատավարական միջոց, և կիրառվում է տարբեր հիմքերի առկայությամբ: Հետևաբար, դրանցից յուրաքանչյուրը, առանց որևէ փոխպայմանավորվածության, փոխկապակցվածության և հաջորդականության, ինքնուրույնաբար կարող է կիրառվել, երբ առկա են դրանով հետապնդվող նպատակները և դրա կիրառման համար անհրաժեշտ հիմքերը: (...)»:
Վճռաբեկ դատարանը՝ Ռոբերտ Հակոբյանի գործով, անդրադառնալով անձին ազատությունից զրկելու ինքնուրույն միջոցի՝ խափանման միջոց կալանավորման պայմաններից մեկի՝ անձին մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունենալու քրեադատավարական պահանջին, իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ «(...) կալանավորումը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Այսինքն՝ այն անձի նկատմամբ, ով հաջորդաբար անցել է մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելու հետևյալ փուլերը՝
ա) անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման կայացում,
բ) անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մասին տեղեկացում,
գ) առաջադրված մեղադրանքի էության պարզաբանում,
դ) անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենի և մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկի հանձնում:
Շարադրված հաջորդականությամբ կատարված գործողությունների արդյունքում է, որ անձին օրենքով սահմանված կարգով մեղադրանք է առաջադրվում, և նա ձեռք է բերում մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Ընդ որում, նշված բոլոր գործողությունների կատարումը պետք է հավաստվի համապատասխան փաստաթղթերով և հաստատվի մեղադրյալի և քննիչի ստորագրությամբ, իսկ մեղադրյալի կողմից ստորագրելուց հրաժարվելու դեպքում` քննիչի համապատասխան նշումով:
(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման արդյունքներով դատարանն ի թիվս այլոց պետք է պարզի կալանավորման ինքնուրույն պայմանի առկայությունը, մասնավորապես այն, թե արդյոք անձին տրվել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Նշված հանգամանքը պարզելու նպատակով դատարանը պարտավոր է ստուգել, թե նախաքննության մարմնի կողմից ներկայացվել են արդյոք համապատասխան տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ այն մասին, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել, անձը տեղեկացվել է այդ որոշման մասին, բացի այդ, նրան պարզաբանվել է առաջադրված մեղադրանքի էությունը, և հանձնվել են որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենն ու մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը: Հակառակ պարագայում, անձի կալանավորումը և համապատասխանաբար նաև նրա ազատության և անձնական անձեռնմխելության իրավունքի սահմանափակումը կհամարվի կամայական և անօրինական (...)»10:
14. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված են ենթադրաբար հանցագործություն կատարած լինելու հիմքով անձին ազատությունից զրկելու երկու ինքնուրույն միջոց` ձերբակալումը (17-րդ գլուխ, 128-133-րդ հոդվածներ) և խափանման միջոց կալանավորումը (18-րդ գլուխ, 137-142-րդ հոդվածներ):
15. Ձերբակալումն անձին արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը՝ օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալման առանձնահատկությունն այն է, որ դրա կիրառման նպատակը մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելն է: Ձերբակալման այդ հիմքը պայմանավորված է այն հիմնարար գաղափարով, որ կալանքի հարցը քննող դատարանը պետք է ոչ թե անձին ազատությունից զրկող լինի, այլ պետք է ստուգի արդեն իսկ անազատության մեջ գտնվող անձին ազատությունից զրկելու, ինչպես նաև նրան հետագայում անազատության մեջ պահելու իրավաչափությունը։
Ավելին՝ նշված հիմքով ձերբակալումն իրականացվում է քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա և կիրառվում է միայն մեղադրյալի նկատմամբ, այսինքն՝ այն անձի, ում վերաբերյալ առկա է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի։ Նշվածով պայմանավորված, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված՝ մեղադրյալի ձերբակալման ինստիտուտի գործադրման համար չի պահանջվում, որ մինչև ձերբակալումն անձին առաջադրված լինի մեղադրանք։
Ընդ որում, հատկանշական է, որ վերոգրյալ իրավական դիրքորոշումը համահունչ է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի ձերբակալման ինստիտուտի կիրառման կարգի առանձնահատկություններին, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը՝ Դավիթ Խաչատրյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ․ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կարգով ազատության մեջ գտնվող մեղադրյալի ձերբակալման իրավաչափ նպատակը վերջինիս դատարան ներկայացնելն է՝ կալանավորման անհրաժեշտության հարցը քննարկելու համար։ Հետևաբար, նշված հիմքով անձին ձերբակալելու պայմաններից մեկը վերջինիս օրենքով սահմանված կարգով մեղադրյալի դատավարական կարգավիճակ տրված լինելն է, որը համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի՝ հաստատվում է գործի նյութերում անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման առկայությամբ։ Այլ կերպ, նշված հիմքով ձերբակալումը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ, այսինքն՝ այն անձի, ում նկատմամբ որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված մեղադրյալի ձերբակալման ինստիտուտի գործադրման համար չի պահանջվում, որպեսզի մինչև ձերբակալումը անձին մեղադրանք ներկայացված լինի (...)»1։
16․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- նախաքննության մարմնի` 2021 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Հ․Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով,
- նախաքննության մարմնի կողմից նույն օրը որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալ Հ․Հովհաննիսյանին ձերբակալելու մասին, որում նկարագրված է այն դեպքը, որի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Որոշման մեջ նշվել է նաև, որ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին կայացվել է Հ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում,
- մեղադրյալին ձերբակալելու մասին նախաքննության մարմնի որոշման օրինակը Հ․Հովհաննիսյանը ստորագրությամբ ստացել է 2021 թվականի հոկտեմբերի 2-ին,
- Հ․Հովհաննիսյանը փաստացի արգելանքի է վերցվել 2021 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ն․Աղումյանի կողմից նույն օրը՝ ժամը 13։04-ին կազմվել է ձերբակալման արձանագրություն, որի համաձայն՝ Հ.Հովհաննիսյանին պարզաբանվել է, թե նրան ինչ արարք է մեղսագրվում, նրան բացատրվել են արգելանքի վերցված անձի իրավունքները, այդ թվում՝ փաստաբան հրավիրելու իրավունքը: Ձերբակալման արձանագրության մեջ Հ.Հովհաննիսյանի կողմից նշում է կատարվել առ այն, որ համաձայն չէ քննիչի որոշման հետ։ Նշված արձանագրությանը Հ․Հովհաննիսյանը ծանոթացել և պատճենը ստացել է 2021 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։10-ին,
- Հ․Հովհաննիսյանը վարույթն իրականացնող մարմին բերվել է 2021 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։14-ին,
- Հ․Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել 2021 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20։35-ին12,
- Առաջին ատյանի դատարանը, մերժելով պաշտպանի բողոքը, գտել է, որ Հ.Հովհաննիսյանն արգելանքի վերցվելու պահից տեղեկացվել է, որ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ծանոթանալով ձերբակալման որոշմանը, պատկերացում է կազմել այն մասին, թե ինչ արարք է իրեն մեղսագրվում, նրան բացատրվել են ձերբակալված անձի իրավունքները, այդ թվում՝ պաշտպան ունենալու իրավունքը, իսկ արգելանքի վերցվելուց ութ ժամ անց Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որպիսի պայմաններում Հ.Հովհաննիսյանի իրավունքները, մասնավորապես՝ պաշտպանության իրավունքը, չեն խախտվել13,
- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, ի թիվս այլնի՝ փաստել է, որ ձերբակալման դեպքում անձը ձեռք է բերում մեղադրյալի կարգավիճակ այն պահից, երբ որոշում է կայացվում նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչից հետո, եթե նա տարվի դատարան՝ մեղադրանքի առաջադրված լինելը կդիտվի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննության պարտադիր պայման14։
17․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Հ․Հովհաննիսյանի ձերբակալումն իրավաչափ ճանաչելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելիս, Հ․Հովհաննիսյանի՝ ձերբակալման որոշման կայացման ժամանակ նրա՝ մեղադրյալի կարգավիճակ ունենալու մասին եզրահանգումը կառուցել են գործի հանգամանքների վերլուծության վրա և հանգել են հիմնավորված հետևության:
Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է, մասնավորապես, այն հանգամանքներով, որ Հ․Հովհաննիսյանին ձերբակալելու մասին որոշում կայացնելիս առկա է եղել վերջինին որպես մեղադրյալ ներգրավելու մասին նախաքննության մարմնի որոշումը։ Ավելին՝ ձերբակալվածի կարգավիճակ ստանալու պահին Հ․Հովհաննիսյանը տեղեկացվել է, որ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցավոր արարք կատարելու՝ ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ ենթադրաբար առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։ Բացի այդ, Հ.Հովհաննիսյանին հանձնվել է «Մեղադրյալին ձերբակալելու մասին» քննիչի որոշումը, որում նկարագրված է այն դեպքը, որի առթիվ նախաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ընդ որում, Հ.Հովհաննիսյանն իր անհամաձայնությունն է հայտնել տվյալ որոշման հետ, ինչի մասին ձերբակալման արձանագրության մեջ կատարվել է համապատասխան նշում։ Հ․Հովհաննիսյանին բացատրվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված իրավունքները, այդ թվում՝ փաստաբան հրավիրելու իրավունքը, ինչպես նաև բացատրվել է ձերբակալումը բողոքարկելու իրավունքը և կարգը։
18․ Անդրադառնալով բողոքաբերների այն փաստարկին, որ Ռոբերտ Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման համատեքստում՝ անձին որպես մեղադրյալ դիտարկելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ նրան մեղադրանք առաջադրված լիներ նախքան ձերբակալումը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վկայակոչված որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները սույն գործով կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերում են ոչ թե ձերբակալման, այլ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու ընթացակարգին։
19․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերների պնդումները՝ Հ․Հովհաննիսյանի ձերբակալումը ոչ իրավաչափ լինելու և դրա արդյունքում՝ վերջինի անձնական անձեռնմխելիության և ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման առկայության վերաբերյալ, հիմնավոր չեն։
20․ Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, Հ․Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրված չլինելու պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումն իրավաչափ ճանաչելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են:
21. Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ելնելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքից, զրկված է բողոքաբերների կողմից սույն որոշման 6․1-րդ կետում բարձրացված փաստարկին անդրադառնալու հնարավորությունից։ Վճռաբեկ դատարանը, սահմանափակված լինելով վիճարկվող դատական ակտում քննարկված հարցերի շրջանակով, չի կարող իր վերստուգիչ լիազորությունն իրացնելիս անդրադառնալ վերաքննիչ բողոքում չբարձրացված և Վերաքննիչ դատարանում քննարկման առարկա չդարձված այդ փաստարկին, քանի որ բողոքաբերներն այդ հիմքով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը չեն բողոքարկել վերաքննիչ դատարանում15։
22․ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի բողոքարկվող որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս, թույլ չի տվել դատական սխալ՝ դատավարական օրենքի էական խախտում, որը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը՝ թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
23․ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը մերժել: Հովհաննես Հրաչյայի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
______________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 39-40։
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-4։
4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 5-7։
5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 10։
6 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 17-21։
7 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 30-37։
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mooren v. Germany [GC] գործով 2009 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 11364/03, 72-րդ կետ։
9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Zalyan and others v. Armenia գործով 2016 թվականի մարտի 17-ի վճիռը, գանգատներ թիվ 36894/04 և 3521/07, 302-312-րդ կետեր։
10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ռոբերտ Հակոբյանի գործով 2013 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԱՔԴ/0218/06/12 որոշման 15-16-րդ կետերը:
11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Խաչատրյանի վերաբերյալ 2024 թվականի մարտի 22-ի թիվ ՀԿԴ/0054/06/23 որոշման 12-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
14 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
15 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ռուբիկ Արշալույսյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԱՐԱԴ/0021/01/08 և «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԳԴ3/0001/11/14 որոշումները։
Նախագահող` Դատավորներ` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: