ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Ռ․ Մարիկյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
ԵԴ/0926/08/22 | ||
|
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ. Թադևոսյանի | |
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
31 մայիսի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Նարեկ Վարազդատի Մալինցյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2022 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության հինգերորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 83104422 քրեական վարույթը։
2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ մերժվել է թվային խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։
3․ Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 23-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 30-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, խաթարել արդարադատության բուն էությունը, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Այսպես, բողոքի հեղինակը նախ փաստել է, որ ստորադաս դատարաններն արձանագրել են, որ նախաձեռնողի կողմից չեն հաղթահարվել միջամտության ենթակա իրավունքի անձեռնմխելիությունը, այն դեպքում, երբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դեռևս 2022 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ արձանագրել է Ն․Մալինցյանի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտելու բավարար և հիմնավոր հիմքերի առկայությունն ու թույլատրել խուզարկություն կատարել նրա աշխատասենյակում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է թվային խուզարկության ենթակա էլեկտրոնային կրիչը։ Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը նշել է, որ վարույթի համար նշանակություն ունեցող առարկաների որոնման թույլտվությունը նշանակում է, որ դատարանը նաև իր համաձայնությունն է հայտնել դրանք ուսումնասիրելու վարույթն իրականացնող մարմնի ողջամիտ ձգտմանը։
Բացի այդ, ըստ բողոք բերած անձի՝ նախաձեռնողի կողմից ներկայացված նյութերում առկա են թվային խուզարկությունը թույլատրելու բավարար հիմքեր։
Արդյունքում բողոքի հեղինակը, ներկայացված միջնորդությունը մերժելու եզրահանգումը ոչ իրավաչափ գնահատելու հետ մեկտեղ, նշել է, որ նախնական դատական վերահսկողությամբ կատարված քննչական գործողության ընթացքում հայտնաբերված էլեկտրոնային կրիչի կամ սարքի թվային խուզարկության դեպքում դատարանի որոշման պարտադիրության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության խնդիր։
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ բավարարելով թվային խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7․ Բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տրամադրելու մասին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 19-ի որոշման նկարագրական-պատճառաբանական մասի համաձայն՝ «(․․․) Վարույթ[ն] իրականացնող մարմինը (․․․) միջնորդել է թույլատրել թիվ 83104422 քրեական վարույթով «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» ՍՊ ընկերության տնօրեն Նարեկ Մալինցյանի աշխատասենյակում՝ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Մաշտոցի փողոց 6 ճաշարան հասցեում, դրան անմիջական հարող մասնավոր տարածքներում՝ ընկերության աշխատակիցներին գործունեության իրականացման համար տրամադրված վայրում՝ «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության, հաշվապահական հաշվառման, իրացման իրական շրջանառության ծավալների, ընկերության կողմից թերհայտարարագրված հարկման բազաների և հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման, ստացված եկամուտների, կատարված ծախսերի, մատուցված ծառայությունների, որպես բաժանորդ հանդես եկող անձանց իրական թվաքանակի և վերջիններիս կողմից վճարված գումարների իրական ծավալների, ընկերության կողմից վարձու աշխատակիցներին վճարված փաստացի եկամուտների վերաբերյալ տեղեկություններ պարունակող (․․․) համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ և սկավառակներ, բջջային հեռախոսներ, տեսաձայնագրող սարքեր, որոնցով կարող են պարզվել ընկերության կողմից թաքցված և առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների մատուցված ծառայությունների արդյունքում հարկային մարմին ներկայացված հաշվարկներով չարտացոլված շրջանառության իրական ծավալները, դրանց նկատմամբ հաշվարկման ենթակա հարկային պարտավորությունների թերհայտարարագրելու հանգամանքները, ծառայությունների մատուցման դիմաց առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի տրամադրման փաստացի որպես բաժանորդ ձևակերպված անձանց շրջանակը, վերջիններիս կողմից վճարված գումարների վերաբերյալ տվյալներ հայտնաբերելու և առգրավելու նպատակով կատարել խուզարկություն»1։
7․1․ Նույն դատական ակտի եզրափակիչ մասի համաձայն՝ «(․․․) Թույլատրել միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը՝ թիվ 83104422 քրեական վարույթով 2022 թվականի օգոստոսի 19-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում մեկ անգամ խուզարկություն կատարել «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» ՍՊ ընկերության տնօրեն Նարեկ Մալինցյանի աշխատասենյակում՝ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Մաշտոցի փողոց 6 ճաշարան հասցեում, դրան անմիջական հարող մասնավոր տարածքներում՝ ընկերության աշխատակիցներին գործունեության իրականացման համար տրամադրված վայրում՝ «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» ՍՊ ընկերության կողմից թաքցված և առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների մատուցված ծառայությունների արդյունքում հարկային մարմին ներկայացված հաշվարկներով չարտացոլված շրջանառության իրական ծավալների, դրանց նկատմամբ հաշվարկման ենթակա հարկային պարտավորությունների թերհայտարարագրելու հանգամանքների, ծառայությունների մատուցման դիմաց առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի տրամադրման փաստացի որպես բաժանորդ ձևակերպված անձանց շրջանակի, վերջիններիս կողմից վճարված գումարների, ստացված եկամուտների, կատարված ծախսերի, մատուցված ծառայությունների, դրանց բնույթի, իրական արժեքների, որպես բաժանորդ հանդես եկող անձանց իրական թվաքանակի և վերջիններիս կողմից վճարված գումարների իրական ծավալների, ընկերության վարձու աշխատակիցներին վճարված փաստացի եկամուտների վերաբերյալ տեղեկություններ պարունակող (․․․) համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ և սկավառակներ, բջջային հեռախոսներ, տեսաձայնագրող սարքեր, հայտնաբերելու և առգրավելու համար։ (․․․)»2։
8․ Թվային խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ խնդրվել է․ «(․․․) [Թ]ույլատրե[լ] թիվ 83104422 քրեական վարույթով սահմանափակել Նարեկ Վարազդատի Մալինցյանի (․․․) մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը և միջնորդության մեջ նշված թվային տվյալները հայտնաբերելու և վերցնելու համար անհրաժեշտության դեպքում համապատասխան փորձագետի մասնակցությամբ 2022թ. օգոստոսի 31-ից մինչև 2022թ. հոկտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում թվային խուզարկության ենթարկել Սյունիքի մարզ, ք.Գորիս, Մաշտոցի փ. ճաշարան 6 հասցեում կատարված խուզարկությամբ վերցված, «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» ՍՊ ընկերությանը պատկանող Seagate տեսակի, 500GB ծավալով, Z6EK73JՕ գործարանային համարով կոշտ կրիչը, (․․․)»3։
9․ Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի նշված միջնորդությունը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ․ «(․․․) [Ի]նչպես միջնորդությամբ, այնպես էլ միջնորդությանը կից (․․․) ներկայացված նյութերով՝ վարույթն իրականացնող մարմինը ձեռք չի բերել և/կամ դատարան չի ներկայացրել պատշաճ ապացույցների համակցություն կամ գոնե ապացույց, որը կհիմնավորեր, որ տեղի է ունեցել ենթադրյալ հանցավոր արարք:
(․․․) [Ն]ման պայմաններում անձի մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքին միջամտությունը չի կարող լինել արդարացված (․․․)»4։
10․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը․ «(․․․) [Մ]իջնորդությամբ ներկայացված հանգամանքներով չի հիմնավորվում անձի սահմանադրական իրավունքների սահմանափակման անհրաժեշտությունը։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անձի մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի միջամտությունը չի կարող լինել արդարացված։
Վերոգրյալի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը մերժելով, կայացրել է ճիշտ դատական ակտ։ (․․․)»5։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում էլեկտրոնային սարքերն ու կրիչները կարող են պարունակել բազմազան և բազմատեսակ տեղեկատվություն, ներառյալ՝ մասնավոր ու ընտանեկան կյանքին վերաբերող։ Ուստի դրանց գաղտնազերծումը միջամտություն է ենթադրում անձի հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչն էլ ուղղակիորեն իր ազդեցությունն է թողնում քրեական դատավարության օրենսդրության խնդիրների պատշաճ իրականացման վրա։ Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զարգացրել է իր նախադեպային իրավունքը՝ արձանագրելով, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի կիրառման ոլորտին են վերաբերում նաև նոր տեխնոլոգիաներն ու, մասնավորապես, համակարգչային սերվերների վրա պահպանված թվային տվյալները6՝ ներառյալ կոշտ սկավառակները7 և թվային կրիչները8։ Գործող քրեադատավարական օրենսդրությամբ օրենսդիրը նախատեսել է նաև իրավակիրառական պրակտիկայում նախկինում հայտնի խուզարկության քննչական գործողության նոր ենթատեսակ՝ թվային խուզարկությունն ու այն ներառել ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների շրջանակի մեջ։
Նկատի ունենալով, որ իրավակիրառ պրակտիկայում կարող են լինել դեպքեր, երբ էլեկտրոնային սարքը կամ կրիչը վերցվի դատարանի կարգադրած մեկ այլ քննչական գործողության կատարման արդյունքում, կարող է հարց առաջանալ, թե նման ձևով վերցված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում թվային տվյալներ որոնելու համար արդյո՞ք անհրաժեշտ է ստանալ դատարանի թույլտվությունը։ Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ էլեկտրոնային սարքում կամ կրիչում պարունակվող թվային տվյալները խուզարկության ենթարկելու քրեադատավարական կարգի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու և իրավունքի զարգացման խնդիր։ Ուստի, անհրաժեշտ է սույն վարույթով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ համանման փաստական հանգամանքներ ունեցող վարույթներով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:
Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի՝ թվային խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը։
12․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Բացառապես դատարանի որոշման հիման վրա [է] կատարվում՝
(․․․)
3) թվային խուզարկությունը․ (․․․)»։
Նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Թվային խուզարկություն[ն] էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է»։
12․1 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննչական գործողությունների կատարման նպատակն ընդհանրապես և թվային խուզարկության նպատակը՝ մասնավորապես, գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկատվության ստացումն ու ճշմարտության բացահայտումն է։ Թվային խուզարկությունը որոնողական գործողություն է, որի նպատակն էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում որևէ տեղեկություն փնտրելն է։ Դրա օբյեկտ կարող են լինել միայն էլեկտրոնային սարքերում և կրիչներում առկա թվային տվյալները։ Խուզարկության այս տեսակը, ինչպես արդեն նշվեց, կարող է իրականացվել բացառապես դատարանի որոշմամբ։
Վերջինի առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բացառապես դատարանի որոշման հիման վրա թվային խուզարկություն կատարելու պահանջը կրում է այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը պետք է դառնա դատական վարույթում քննարկման առարկա։ Այստեղ հարկ է նկատել, որ ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների կառուցակարգի գործադրումն ինքնանպատակ չէ, ու միտված է նախքան քննչական գործողության իրականացման ձևով հիմնական իրավունքին միջամտելը դրա սահմանափակումները հաղթահարելուն, ինչը ներառում է միջամտության նպատակի, միջամտության համար հիմք ծառայող փաստական տվյալների առկայության, դրանց բավարարության և միջամտության համաչափության ստուգումը։
Այս կառուցակարգի իրավակիրառական նպատակի համատեքստում վերլուծության ենթարկելով էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնման համար դատարանի որոշման պարտադիրության պահանջը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թվային խուզարկության ենթակա օբյեկտը վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվելու պայմանները կարող են կանխորոշել թվային խուզարկության համար դատական վերահսկողության շեմը հաղթահարելու անհրաժեշտությունը։
Այսպես՝ առանձնակի արժևորելով քրեական վարույթի շրջանակներում հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության հարցում հետևողականությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ էլեկտրոնային սարքը կամ կրիչը հայտնաբերվել է նախնական դատական վերահսկողության շրջանակներում սանկցավորված քննչական գործողության կատարման արդյունքում (օրինակ՝ բնակարանում տեղի ունեցած խուզարկություն կամ աշխատասենյակում կատարված առգրավում), ու միաժամանակ հանդիսացել է միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունք, ապա թվային խուզարկություն կատարելու համար հավելյալ դատական որոշում ստանալու օբյեկտիվ անհրաժեշտությունը բացակայում է՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.
Նման իրավիճակներում առանց դատարանի լրացուցիչ թույլտվության էլեկտրոնային սարքում կամ կրիչում որոնողական գործողությունների կատարումը ոչ միայն տրամաբանական է, քանի որ դրանք հայտնաբերելու ձգտումը հուշում է, որ որոնողական հետաքրքրություն ներկայացնող տվյալները ողջամտորեն պետք է գտնվեն հենց դրանցում, այլև իրավաչափ է, քանզի էլեկտրոնային սարքը կամ կրիչը որոնելու և վերցնելու քննիչի խնդրանքի բավարարումն ինքնին ներառում է նաև վերջինները հետագայում ուսումնասիրելու նրա ողջամիտ ձգտման հետ համաձայնվելը։ Այսինքն՝ այս դեպքում էլեկտրոնային սարքը կամ կրիչը որոնելու ու վերցնելու խնդրանքի բավարարումն ազատում է դրանք թվային խուզարկության ենթարկելու համար հանրային և մասնավոր շահերը կրկին հավասարակշռելու անհրաժեշտությունից, քանի որ նմանատիպ դեպքերում, դատարանի որոշման հիման վրա կատարված քննչական գործողությամբ հայտնաբերված առարկայի հետագա թվային խուզարկությունը պարզապես կարգադրված քննչական գործողության օբյեկտիվորեն անբաժանելի մասն է, որի միջոցով էլ ապահովվում է դրա լրիվությունը։
12․2․ Նման մոտեցումը լիովին համահունչ է թվային խուզարկության դեպքում դատական վերահսկողության խնդիրներին այն առումով, որ թվային խուզարկության ենթակա առարկաները հայտնաբերելուն հանգեցրած քննչական գործողության կատարման նկատմամբ դատական երաշխիքի վարույթում արդեն իսկ քննարկված և արձանագրված է դրանցում վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվելու հավանականության հիմնավորվածությունը, հետապնդվող իրավաչափ նպատակն ու դրան հասնելու համար հիմնական իրավունքին միջամտելու անհրաժեշտությունը, ինչն անհրաժեշտ նախադրյալ է որպեսզի թվային խուզարկությամբ մասնավոր շահի սահմանափակումը համաչափ լինի հակակշիռ հանրային շահի պաշտպանության նպատակին։ Հետևաբար, նշված դեպքում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության համատեքստում պետք է բավարար համարվի էլեկտրոնային սարքը կամ կրիչը որոնելու ու վերցնելու վարույթն իրականացնող մարմնի խնդրանքը բավարարող դատական ակտը։ Նշվածի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակարգավորման նման մեկնաբանությունը նպատակաուղղված է նաև ապահովելու մինչդատական վարույթում դատարանի կողմից հանրային և մասնավոր շահերի արդյունավետ հավասարակշռման իր գործառույթի պատշաճ ու արդյունավետ իրացումը՝ դատարանին ձերբազատելով կրկնակի քննություն իրականացնելուց և դրա հետևանքով դատարանին անհարկի ծանրաբեռնելուց։
13․ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թվային խուզարկության համար դատական վերահսկողության շեմը հաղթահարելու պահանջի պարտադիրությունը պայմանավորված է կոնկրետ քրեական վարույթի առանձնահատկություններով․ յուրաքանչյուր դեպքում այդ հարցը լուծելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է հաշվի առնի թվային խուզարկության ենթակա էլեկտրոնային սարքը կամ կրիչն իր տրամադրության տակ հայտնվելու հանգամանքները։
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ սույն որոշմամբ առաջադրվող հայեցակարգային մոտեցման տեսանկյունից, անհրաժեշտ է, որպեսզի թվային խուզարկության ենթակա էլեկտրոնային սարքը կամ կրիչը ձեռք բերված լինի նախնական դատական վերահսկողությամբ կատարված քննչական գործողության արդյունքում, ընդ որում, այդպիսիք որոնելու ու վերցնելու նպատակը պետք է ներառված լինի ներկայացված միջնորդության մեջ, իսկ վարույթն իրականացնող մարմինը պետք է գործած լինի բարեխղճորեն։ Մինչդեռ, եթե դրանք հայտնաբերվել են այնպիսի քննչական գործողության իրականացման ընթացքում, որի համար դատարանի որոշում չի պահանջվում (օրինակ՝ դեպքի վայրի զննություն կամ ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկություն), կամ այդպիսիք որոնելու և վերցնելու նպատակը չի հանդիսացել դատարանի որոշման հիման վրա կատարված քննչական գործողությունից ակնկալվող արդյունքը (օրինակ՝ այլ առարկա որոնելու նպատակով խուզարկության ընթացքում հայտնաբերվել և վերցվել է բջջային հեռախոս), կամ այդպիսիք ակնհայտ առնչություն չունեն վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակելու՝ սկզբնական միջնորդության մեջ հիմնավորված հավանականության հետ, ապա դրանցում պարունակվող թվային տվյալների որոնումը կարող է կատարվել բացառապես այդ նպատակով ստացված դատարանի որոշման հիման վրա։
Վերոգրյալի հետ մեկտեղ, քննարկելով դատարանի որոշման հիման վրա բնակարանում զննության արդյունքներով վերցված էլեկտրոնային սարքը կամ կրիչն առանց հավելյալ դատարանի որոշման թվային խուզարկության ենթարկելու հնարավորությանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս դեպքում պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել, քանի որ զննությունն իր էությամբ որոշակի օբյեկտների տեսողական ուսումնասիրություն է9, այսինքն, բնակարանում զննություն թույլատրող դատարանի որոշումն իր իրավական հետևանքների առումով հնարավորություն է տալիս բնակարանում գտնվող առարկաներն ուսումնասիրել միայն արտաքին դիտարկմամբ՝ որևէ տեղեկություն չփնտրելով։
14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- թիվ 83104422 քրեական վարույթի շրջանակներում «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ն․Մալինցյանի՝ Գորիս քաղաքի Մաշտոցի փողոց ճաշարան 6 հասցեում գտնվող աշխատասենյակում և դրան հարող որոշ տարածքներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելով՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, 2022 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ, արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը, որպես միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունք, ի թիվս այլնի, նշել է այդ ընկերության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ հնարավոր տեղեկատվություն պարունակող համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ ու սկավառակներ որոնելը և վերցնելը10։ Արդյունքում, դատարանը նախաքննության մարմնին թույլատրել է խուզարկություն կատարել այն առարկաները հայտնաբերելու նպատակով, որոնք մատնանշված են եղել միջնորդությամբ11,
- նախաքննության մարմինը, Ն․Մալինցյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակելու մասին միջնորդությամբ, Առաջին ատյանի դատարանից հայցել է ստանալ խուզարկությամբ վերցված, «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ «Seagate» տեսակի, «500 GB» ծավալով, «Z6EK73JO» գործարանային համարով կոշտ կրիչը թվային խուզարկության ենթարկելու թույլտվություն12,
- միջնորդությունն Առաջին ատյանի դատարանը մերժել է՝ արձանագրելով, որ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտելու սահմանափակումները հաղթահարված չեն13,
- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին14։
15․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում միջնորդվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կարգադրված խուզարկություն քննչական գործողության կատարման արդյունքում վերցված էլեկտրոնային սարքում պարունակվող թվային տվյալները որոնելու թույլտվություն։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թվային խուզարկության ենթակա էլեկտրոնային սարքը ձեռք է բերվել նախնական դատական վերահսկողությամբ կատարված քննչական գործողության արդյունքում, և միաժամանակ այն որոնելու ու վերցնելու նպատակը ներառված էր ներկայացված միջնորդության մեջ, որպիսի պայմաններում թվային խուզարկություն կատարելու համար հավելյալ դատական որոշում ստանալու օբյեկտիվ անհրաժեշտությունը բացակայում է, քանզի էլեկտրոնային կրիչը որոնելու և վերցնելու քննիչի խնդրանքը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարելն իրավաբանորեն ներառում է նաև վերջինս հետագայում ուսումնասիրելու վարույթն իրականացնող մարմնի ողջամիտ ձգտման հետ համաձայնվելը։
Ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում թվային խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը ենթակա էր մերժման՝ առանց ըստ էության քննարկման առարկա դարձնելու։ Որպիսի պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թվային խուզարկությունը թույլատրելու հիմքերի բավարարության կապակցությամբ բողոքաբերի փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։
16․ Այսպիսով, վերն արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ թվային խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ է։
17․ Ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թեև սխալ է հիմնավորել այն, սակայն կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Նարեկ Վարազդատի Մալինցյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 30-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_____________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 12-24։
2 Տե՛ս նույն տեղում։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 3-6։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 37-44։
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 16-27։
6 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Wieser and Bicos Beteiligungen GmbH v. Austria գործով 2007 թվականի հոկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 74336/01, կետ 45։
7 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Petri Sallinen and others v. Finland գործով 2005 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 50882/99, կետ 71։
8 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Iliya Stefanov v. Bulgaria գործով 2008 թվականի մայիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 65755/01, կետ 42։
9 Տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածը։
10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 7․1-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: