Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.03.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
20.03.2024
Дата вступления в силу
20.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Սյունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Ն. Օհանյան

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

ՍԴ3/0007/01/22

նախագահող դատավոր՝

 Ն. Հովակիմյան

դատավորներ՝

 Կ. Մարդանյան

 Ռ. Բարսեղյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ավետիսյանի

 

Դ. խաչատուրյանի

Ա. պողոսյանի

 

Ս. Օհանյանի

20 մարտի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 13-ի որոշման դեմ մեղադրյալ Անդրանիկ Արայիկի Ղազարյանի պաշտպան Տիգրան Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի մայիսի 2-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով) և 268-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով) նախատեսված արարքների հատկանիշներով հարուցվել է թիվ 51151721 քրեական գործը:

2021 թվականի մայիսի 2-ին Անդրանիկ Արայիկի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2021 թվականի մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում թիվ 51151721 քրեական գործի նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է թիվ 45100421 քրեական գործը, որը միացվել է թիվ 51151721 քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է 51151721 համարով:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի մայիսի 8-ի որոշմամբ Անդրանիկ Ղազարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի մայիսի 9-ի որոշմամբ Արման Ավագյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ Անդրանիկ Ղազարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ թիվ 51151721 քրեական գործից անջատվել է Անդրանիկ Ղազարյանի և Արման Ավագյանի վերաբերյալ մասը, որին շնորհվել է 45101921 համարը:

2022 թվականի հունվարի 3-ին թիվ 45101921 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճռով Անդրանիկ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող` 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), 266-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասին), 268-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասին) և 235-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասին):

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ, Անդրանիկ Ղազարյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով՝ հանցագործության առարկայի բռնագրավմամբ, 266-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, 268 հոդվածի 3-րդ մասով` ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով, իսկ 235-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Գործող ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի կանոնների կիրառմամբ` հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը գումարվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով նշանակված 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքից 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամը, ու վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ հանցագործության առարկայի բռնագրավմամբ, և տուգանք` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2.1. Նույն դատավճռով դատապարտվել է նաև Արման Ավագյանը:

3. Մեղադրյալ Անդրանիկ Ղազարյանի և նրա պաշտպան Տիգրան Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Անդրանիկ Ղազարյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարում է արդարադատության բուն էությանը։

Բողոքաբերը նշել է, որ Անդրանիկ Ղազարյանը թմրամիջոցը ձեռք է բերել իր օգտագործման համար, այլ ոչ թե իրացնելու նպատակով, մինչդեռ արարքը սխալ է որակվել և իր պաշտպանյալը մեղավոր է ճանաչվել ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ Ա.Ղազարյանին մաքսանենգության հանցակցության համար ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել են վերջինիս կողմից մինչդատական վարույթի ընթացքում տրված ցուցմունքները: Սակայն հետագայում` դատաքննության ընթացքում, նրա կողմից տրվել են արժանահավատ ցուցմունքներ առ այն, որ ինքը «Տելեգրամ» բջջային հավելվածի միջոցով հաղորդագրություն է ուղարկել թմրամիջոց ձեռք բերելու իր ցանկության մասին, ստանալով էլեկտրոնային դրամապանակի հաշվեհամարը, վճարահաշվարկային տերմինալի միջոցով դրան փոխանցել է 235.000 ՀՀ դրամ գումար, որից հետո նշված էջից տեղեկանալով իր պատվիրած թմրամիջոցի գտնվելու վայրի մասին, գնացել է և վերցրել այն՝ տեղյակ չլինելով, որ թմրամիջոցը Պարսկաստանից էր նետվել: Մինչդեռ դատարանն արժանահավատ չի համարել Ա.Ղազարյանի վերոնշյալ ցուցմունքը, վերջինիս ենթարկել է քրեական պատասխանատվության և նշանակել պատիժ՝ հիմք ընդունելով միայն Ա.Ղազարյանի կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները։ Այնինչ` խոստովանական ցուցմունքը չի կարող անձին դատապարտելու հիմք հանդիսանալ, եթե այն չի հիմնավորվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված բավարար ապացույցներով։

Բողոքաբերի համոզմամբ` իր պաշտպանյալի արարքը չի կարող որակվել որպես մաքսանենգության հանցակցություն նաև այն պատճառով, որ ենթադրյալ հանցագործության կատարման վերաբերյալ առկա է չփարատված կասկած, հիշյալ ենթադրյալ հանցագործության կատարողը հայտնի չէ և չի ենթարկվել քրեական պատասխանատվության:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 13-ի որոշումը և Անդրանիկ Ղազարյանին արդարացնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-399 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին) և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասին):

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Անդրանիկ Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ նա «ԻԻՀ-ում բնակվող ոմն Համզային նախապես խոստանալով ձեռք բերել թմրամիջոցներ` օժանդակել է վերջինիս ՀՀ պետական սահմանի վրայով նետելու միջոցով` մաքսանենգ եղանակով, ԻԻՀ-ից ՀՀ ապօրինի տեղափոխել խոշոր չափերի՝ առնվազն 15.989 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, ձեռք է բերել նշված թմրամիջոցը, ապօրինի պահել և դրա մի մասը իրացրել է Երևան քաղաքի բնակիչ Արման Սամվելի Ավագյանին:

Այսպես` Անդրանիկ Ղազարյանն իր ծանոթ ԻԻՀ քաղաքացի ոմն Համզայի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, նախապես խոստանալով ձեռք բերել մաքսանենգության առարկա հանդիսացող և ՀՀ պետական սահմանի վրայով ՀՀ նետված «մեթամֆետամին» տեսակի առնվազն 15.989 գրամ չափով թմրամիջոցը՝ այն ձեռք բերելու նպատակով 2021 թվականի ապրիլի 30-ին վճարային տերմինալի միջոցով ոմն Համզայի կողմից տրամադրված բանկային քարտի հաշվեհամարին փոխանցել է 235.000 ՀՀ դրամ գումար, այնուհետև 2021 թվականի մայիսի 1-ին գնալով ԻԻՀ քաղաքացի Համզայի կողմից մատնանշված` Մեղրիի մաքսակետ-Երևան միջպետական ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրի հատված, վերցրել է նրա կողմից նախապես ՀՀ պետական սահմանի վրայով ավտոճանապարհի հարակից տարածք նետված առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 15.989 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը, որի մի մասը տեղավորել է «PARLAMENT» տեսակի ծխախոտի տուփում, իսկ մյուս մասը` առանձնապես խոշոր չափերով՝ 15.77 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը, թաքցրել հագուստի թևքում: Նույն օրը, ընկերոջ` Արման Սամվելի Ավագյանի հետ վերջինիս պատկանող «Հոնդա Էլիսոն» մակնիշի 35 ZR 557 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Երևան մեկնելիս իր մոտ գտնվող «PARLAMENT» տեսակի ծխախոտի տուփում պահվող «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից օգտագործման նպատակով քրեական գործով չպարզված քանակությամբ Անդրանիկ Ղազարյանը ապօրինի իրացրել է Արման Սամվելի Ավագյանին, իսկ մնացած զգալի չափերով` 0,219 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը պահել «Հոնդա Էլիսոն» մակնիշի 35 ZR 557 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահում: 2021 թվականի մայիսի 2-ին` ժամը 03:30-ին, Անդրանիկ Ղազարյանը Սիսիան համայնքի Շաքի բնակավայրից թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ՍՄՎ Սիսիանի բաժին, որտեղ կատարված անձնական խուզարկությամբ վերջինիս հագուստի ձախ թևքից հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերով` 15,77 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը, իսկ 0.219 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը՝ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «Հոնդա Էլիսոն» մակնիշի 35 ZR 557 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահից:

Բացի այդ, Անդրանիկ Ղազարյանը իր հագուստի վրա` գոտկատեղում, ապօրինի կերպով կրել է գործարանային արտադրության սառը զենք հանդիսացող դանակ, ինչը 2021 թվականի մայիսի 5-ին թմրամիջոց պահելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժին բերման ենթարկվելուց հետո անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության ՍՄՎ Սիսիանի բաժնի ծառայողների կողմից»1։

8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն. «(...) Վերլուծելով ու գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները և գործի նյութերն իրենց համակցությամբ, դրանց գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչպես նաև դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը հաստատված է համարում, որ

- Անդրանիկ Արայիկի Ղազարյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-399 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 1-ին մասին), 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 396 հոդվածի 3-րդ մասին) և 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասին) ու որակվում են որպես Հայաստանի Հանրապետության պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության օժանդակում, թմրամիջոց ապօրինի իրացնել, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերել ու պահել և ապօրինի կերպով սառը զենք կրել: (...)»2:

9. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ ամբաստանյալ Անդրանիկ Ղազարյանի մեղավորության մասին Դատարանի հետևությունը հիմնավոր է, այն բխում է դատաքննությամբ հետազոտված հավաստի և գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների համակցությունից:

(...)

Պաշտպանական կողմի պնդումն այն մասին, թե գործով ձեռք բերված բավարար ապացույցներով չի հիմնավորվել Անդրանիկ Ղազարյանի մեղավորությունը Քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման մեջ, հիմնավոր չէ, դա հերքվել են դատաքննությամբ հետազոտված բավարար ապացույցների համակցությամբ: Ուստի պաշտպանական կողմի պահանջը՝ Քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Անդրանիկ Ղազարյանին անմեղ ճանաչելու մասին, ենթակա չէ բավարարման:

Դատարանը վերլուծելով ամբաստանյալների նախաքննական և դատաքննական ցուցմունքները, դրանք համակցության մեջ գնահատելով դատաքննությամբ հետազոտված մյուս ապացույցների հետ, հիմնավոր հետևության է եկել այն մասին, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալների տված ցուցմունքներն արժանահավատ չեն: Անհիմն է պաշտպանի փաստարկն այն մասին, թե Դատարանը Անդրանիկ Ղազարյանին ենթարկել է քրեական պատասխանատվության և նշանակել պատիժ՝ հիմք ընդունելով միայն վերջինիս կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները: Անդրանիկ Ղազարյանի կատարած արարքները՝ նախատեսված Քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, հիմնավորվել են ոչ միայն նրա նախաքննական ցուցմունքներով, այլև գործով մյուս ամբաստանյալ Արման Ավագյանի նախաքննական ցուցմունքներով, վերջիններիս առերես հարցաքննության արձանագրությամբ, վկա Արսեն Հովհաննիսյանի ցուցմունքներով և դատաքննությամբ հետազոտված մյուս ապացույցներով: (...)»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն Անդրանիկ Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Անդրանիկ Ղազարյանի արարքներում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներում Անդրանիկ Ղազարյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:

Մասնավորապես, Անդրանիկ Ղազարյանի մեղավորությունը հաստատվել է, իսկ պաշտպանի փաստարկները հերքվել են ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում՝ Անդրանիկ Ղազարյանի և Արման Ավագյանի նախաքննական ցուցմունքներով, վերջիններիս առերես հարցաքննության արձանագրությամբ, վկա Արսեն Հովհաննիսյանի ցուցմունքներով։ Ուստի, Անդրանիկ Ղազարյանի արարքներում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները կառուցվել են գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ վերլուծությունների հիման վրա:

13. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները կատարելու մեջ Անդրանիկ Ղազարյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

14. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով Անդրանիկ Ղազարյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին:

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(...)

12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից. (...)»:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն4` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

15. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը կատարվել է 2021 թվականի մայիսի 5-ին5: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Անդրանիկ Ղազարյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին6: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկվել է, և Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2023 թվականի փետրվարի 13-ին7: Նշված որոշման դեմ պաշտպան Տ.Ղազարյանի վճռաբեկ բողոքի հիման վրա քրեական գործի նյութերը Վճռաբեկ դատարանում ստացվել են 2023 թվականի մայիսի 10-ին8:

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Անդրանիկ Ղազարյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:

18. Արդյունքում, Անդրանիկ Ղազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող` 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), 266-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասին), 268-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասին) և 235-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասին), հանցանքների համակցությամբ նշանակված վերջնական պատժից պետք է հանել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված տուգանքը և նրա նկատմամբ վերջնական պատիժ թողնել 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը՝ հանցագործության առարկայի բռնագրավմամբ:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը մնացած մասերով պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Անդրանիկ Արայիկի Ղազարյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 13-ի որոշումը մասնակիորեն փոփոխել:

2. Անդրանիկ Արայիկի Ղազարյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

3. Անդրանիկ Արայիկի Ղազարյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 393-րդ հոդվածի 1-ին մասով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով հանցանքների համակցությամբ նշանակված վերջնական պատժից հանել 334-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված տուգանքը և նրա նկատմամբ վերջնական պատիժ թողնել 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը՝ հանցագործության առարկայի բռնագրավմամբ:

4. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 13-ի որոշումը մնացած մասերով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

_____________________________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 99-101:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 47-71:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 50-73:

4 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 104:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դ. խաչատուրյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան