ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԳԴ3/0011/01/21 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի Լ. Թադևոսյանի | |
Դ. խաչատուրյանի Ա. Պ ողոսյանիՍ. Օհանյանի |
29 նոյեմբերի 2023 թվական ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Արմեն Սերյոժայի Ալավերդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի հունիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 31101621 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հունիսի 29-ի որոշմամբ Արմեն Սերյոժայի Ալավերդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հունիսի 29-ի որոշմամբ մեղադրյալ Արմեն Ալավերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2021 թվականի սեպտեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
2. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2022 թվականի մարտի 18-ի դատավճռով Արմեն Ալավերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ, հաշվակցելով անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օրը, ամբաստանյալ Արմեն Ալավերդյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ամբաստանյալ Արմեն Ալավերդյանի պաշտպան Վարդան Ղաջոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով բեկանվել և փոփոխվել է. Ա.Ալավերդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել: Վերջինիս նկատմամբ սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով, իսկ նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք1, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:
Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Արմեն Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա «(...) 2021 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իր՝ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի 1-ին փողոցի 9-րդ տան բակում խմելու ջրի ծորակը փակելու շուրջ վիճաբանության մեջ է մտել համագյուղացի Արկադի Ֆրիդոնի Հակոբյանի հետ, որի ընթացքում գնացել է տուն, հյուրասենյակի սեղանի վրայից վերցրել է խոհանոցային դանակ և որից հետո վերադարձել տան բակ, մոտեցել է Արկադի Հակոբյանին և առողջության ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հիշյալ դանակով հարվածել է Արկադի Հակոբյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով որովայնի առաջնային պատի աջ կեսի կտրած–ծակած թափանցող վնասվածք, հեմիպերետոնեում լյարդի պարենխիմիայի վնասվածք, հետորովայնի ամազային տարածության ամբողջականության հեմատուրիա, երիկամի վնասվածք հարցականով ծանր մարմնական վնասվածքներ»2:
6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(…) [Դ]ատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող հանգամանքները, այն, որ նա դատվածություն չունի, բնութագրվում է դրական, տուժողը հաշտվել է նրա հետ:
(...)
Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ա.Ալավերդյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական, ճշմարտացի ցուցմունքներ և զղջացել կատարած արարքի համար, բնութագրվում է դրական, ծառայել է ՀՀ ՊՆ-ում 2020 թվականի 28.09 -25.12-ը ներառյալ, որպիսի հանգամանքների համակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հաշվի է առնում որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ևս մեկ հանգամանք:
(...)
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը արձանագրում է այն հանգամանքը, որ Ալավերդյանը ինքնակամ չի ներկայացել /հիմք բերման ենթարկելու մասին 26.06.2021 թվականի արձանագրություն/, դեպքից հետո չի այցելել տուժողին, չի ցուցաբերել որևէ նյութական կամ բարոյական օգնություն:
Դատարանը, պատժի անհատականացման սկզբունքի տեսանկյունից ամբաստանյալ Ա.Ալավերդյանի կատարած արարքի հանրային վտանգավորությունը պատշաճ գնահատելիս, ի թիվս վերոգրյալ հանգամանքների՝ հաշվի է առնում.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,
բ) ամբաստանյալի մոտ դանակի առկայության և հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելու հանգամանքը, ինչը կանխորոշում է ամբաստանյալին վերագրվող հանցագործության բարձր հանրային վտանգավորությունը,
գ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,
դ) պատճառված մարմնական վնասվածքների քանակը և տեղակայումը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը մեկ անգամ հարվածել է տուժող Ա.Հակոբյանի կենսականորեն կարևոր օրգանին՝ վերջինիս որովայնի հատվածին:
Հետևաբար, դատարանը գտնում է, որ իր կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի համար ամբաստանյալ Ա.Ալավերդյանը ենթակա է պատժի ազատազրկման ձևով՝ 3 (երեք) տարի ժամկետով, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Ա.Ալավերդյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
(...)
Դատարանն ընդգծում է, որ կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավորի անձի և կատարված արարքի վտանգավորության աստիճանը, ուստի դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերը բացակայում են, նշանակված պատիժն ամբաստանյալ Ա.Ալավերդյանը պետք է կրի, իսկ վերջինիս անձը բնութագրող տվյալները, ինչպես նաև առկա մեղմացնող հանգամանքները հիմք են հանդիսանում բացառապես հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափ սահմանելու համար: (…)»3:
7. Վերաքննիչ դատարանը, փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) [Ա]նդրադառնալով պաշտպանի փաստարկներին՝ ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայության մասին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանի կողմից որպես ամբաստանյալ Ա.Ալավերդյանի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ նշվել են ինքնակամ չներկայանալը, դեպքից հետո տուժողին չայցելելը, տուժողին նյութական կամ բարոյական օգնություն չցուցաբերելը, որպիսի հանգամանքներ՝ որպես պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող, ներառված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածում: Հետևաբար պատիժ նշանակելիս Դատարանը չէր կարող այդպիսիք գնահատել որպես ամբաստանյալ Ա.Ալավերդյանի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ և հաշվի առնել պատիժ նշանակելիս և նշանակված պատժի կրման հարցը լուծելիս:
Դատարանն անդրադառնալով ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներին փաստել է, որ վերջինս բնութագրվում է դրական, դատվածություն չունի, տուժողի հետ հաշտվել է, ծառայել է ՀՀ ՊՆ-ում 2020 թվականի 28.09-25.12-ը, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել գործի բացահայտմանը և զղջացել է կատարած արարքի համար:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում, բացի Դատարանի կողմից մատնանշված՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներից, առկա են նաև այլ հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնվեն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:
Այսպես. Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք նշել է այն, որ վերջինս ծառայել է ՀՀ ՊՆ-ում 2020 թվականի 28.09-25.12-ը, սակայն չի նշել, թե կոնկրետ ինչ ծառայություն է իրականացրել:
Այսպես՝ համաձայն՝ ՀՀ ՊՆ կողմից տրված 02.02.2022 թվականի Վ/57 տեղեկանքի՝ 28.09.2020 թվականից – 25.12.2020 թվականը ամբաստանյալը կամավորական հիմունքներով ծառայել է ՀՀ ՊՆ 75937 զորամասում, ՀՀ ՊՆ կողմից տրված 20.04.2021 թվականի թիվ 462 տեղեկանքի՝ 2021թ. մարտի 22-ից մինչև ապրիլի 22-ը մարտական հերթապահություն է իրականացրել ՀՀ ՊՆ 16936 զորամասի կազմում: Այսինքն մասնակցել է 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին, պատերազմի դադարից հետո շարունակել է իրականացնել մարտական հերթապահություն, որպիսի հանգամանքն էական նշանակություն ունի ամբաստանյալի կողմից պատժի կրման հարցը լուծելիս:
Սույն գործով նշանակված պատժի կրման հարցը լուծելիս հարկ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ Արմեն Ալավերդյանը դանակով մեկ անգամ տուժողին հարվածելուց հետո կամովին դադարեցրել է իր հանցավոր գործողությունները՝ ունենալով այն շարունակելու ռեալ հնարավորություն, դեպքից հետո դանակը կամովին ներկայացրել է նախաքննության մարմնին, փորձել է տուժողի հետ հաշտության եզրեր գտնել իր բարեկամների միջոցով, սակայն չի ստացվել, դատաքննության ընթացքում ներողություն է հայցել տուժողից, այսինքն դրսևորել է հետհանցավոր դրական վարքագիծ, ինչը վկայում է նրա անկեղծ զղջման մասին:
Վերը նշված հանգամանքները գնահատելով Դատարանի կողմից մատնանշված՝ պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների ամբողջության մեջ, հաշվի առնելով պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև ամբաստանյալի տարիքը /55 տարեկան է/, այդ ամենը հաշվի առնելով կատարած արարքի բնույթի և վտանգավորության աստիճանի համատեքստում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա են բավարար տվյալներ գալու համոզման, որ տվյալ դեպքում ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով կարելի է հասնել պատժի նպատակների իրագործմանը՝ այն է, սոցիալական արդարության վերականգմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:
(...)
Դատարանը, Արմեն Ալավերդյանի նկատմամբ չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է, որը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկվող դատական ակտը պատժի կրման մասով բեկանելու և փոփոխելու հիմք է։ (...)»4:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն եկել է եզրահանգման, որ Ա.Ալավերդյանը նշանակված ազատազրկման ձևով պատիժը պետք է փաստացի կրի: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, Ա.Ալավերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ չի գնահատել վերջինիս արարքի բնույթը և դրա հանրային վտանգավորության աստիճանը:
Բողոք բերած անձն ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված քրեաիրավական նորմը կիրառելիս դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին, ինչը տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից չի ապահովվել: Ուստի, ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, ինչն էլ հիմք է կայացված դատական ակտը պատժի մասով բեկանելու և փոփոխելու համար։
9. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի հունիսի 30-ի որոշումն ամբողջությամբ բեկանել՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի մարտի 18-ի դատավճռին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք ամբաստանյալ Արմեն Ալավերդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»։
Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու հարցերին անդրադարձել է Արմեն Շահբազյանի գործով որոշման շրջանակներում՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Քննարկվող հանցագործության հանրային առավել բարձր վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ համապատասխան հակաիրավական արարքի արդյունքում մարդուն պատճառվում է վնաս, որը խիստ բացասական է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա, այլև նրանով, որ կարող է առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև տուժողի մահ։ Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի (…):
(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակներով։ Մասնավորապես, հանցավորը տուժողի առողջությանը ծանր վնաս կարող է պատճառել՝ իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով (ձեռքով կամ ոտքով հարվածելով, հրել-վայր գցելով, մարմնի որևէ մաս ջարդելով և այլն), տարբեր գործիքներ, իրեր կամ առարկաներ (դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն) օգտագործելով, զանազան մեխանիզմներ, միջոցներ կամ նյութեր (հրազեն, թույն, թմրանյութ և այլն) կիրառելով, տարերային աղետի իրադրությունը կամ առավել վտանգի աղբյուրն օգտագործելով և այլն։ Քննարկվող հանցագործության կատարման նշված եղանակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը։ Այսպես՝ տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան։ Այլ խոսքով՝ հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այդ թվում՝ գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա։ Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս։
(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը։ Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը։ (…)»5:
12. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն:
Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն), կյանքի համար վտանգ ներկայացնող վնասի պատճառումը, հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը։ Հետևաբար, նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը6:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Արմեն Ալավերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա 2021 թվականի հունիսի 26-ին, իր տան բակում, խմելու ջրի ծորակը փակելու շուրջ վիճաբանության մեջ է մտել համագյուղացի Արկադի Հակոբյանի հետ, որի ընթացքում գնացել է տուն, հյուրասենյակի սեղանի վրայից վերցրել է խոհանոցային դանակ և վերադառնալով տան բակ, Ա.Հակոբյանի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հիշյալ դանակով հարվածել է վերջինիս՝ նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ7,
- Առաջին ատյանի դատարանը, գնահատելով կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման հանգամանքները, եղանակն ու գործիքը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` գտել է, որ նրա նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը` ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, որը նա պետք է կրի8:
- Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ և հաշվի առնելով Ա.Ալավերդյանի կողմից կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցագործության կատարման ընթացքում և դրանից հետո դրսևորած դրական վարքագիծը, տուժողի դիրքորոշումը, 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին նրա մասնակցությունը և պատերազմի դադարից հետո մարտական հերթապահություն իրականացնելը, արձանագրել է, որ Ա.Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցում Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ9։
14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը նախ իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշման հետ, որ Առաջին ատյանի դատարանի կողմից որպես ամբաստանյալ Ա.Ալավերդյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դիտված` ինքնակամ չներկայանալը, դեպքից հետո տուժողին չայցելելը, տուժողին նյութական կամ բարոյական օգնություն չցուցաբերելը, ներառված չեն պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների սպառիչ ցանկը սահմանող` ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածում և հետևաբար` Առաջին ատյանի դատարանը չէր կարող դրանք գնահատել որպես ամբաստանյալ Ա.Ալավերդյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ:
14.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը որպես ամբաստանյալ Ա.Ալավերդյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ վերջինս դանակով մեկ անգամ տուժողին հարվածելուց հետո կամովին դադարեցրել է իր հանցավոր գործողությունները՝ ունենալով այն շարունակելու ռեալ հնարավորություն10: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը չի կարող համարվել պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, քանի որ այն ողջամտորեն չի նվազեցնում ամբաստանյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը:
15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող հետևյալ գործոնները.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,
գ) հանցագործության գործիքը, մասնավորապես՝ հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելը,
դ) հանցագործության եղանակը և իրադրությունը՝ այն, որ Ա.Ալավերդյանն իր տան բակում վիճաբանության մեջ մտնելով համագյուղացի Ա.Հակոբյանի հետ, այդ ընթացքում գնացել է տուն, հյուրասենյակի սեղանի վրայից վերցրել է խոհանոցային դանակ և վերադառնալով տան բակ, առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, հիշյալ դանակով հարվածել է Ա.Հակոբյանին` պատճառելով ծանր վնասվածքներ։
ե) հասցված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը հարված է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում` որովայնին և նրա առողջությանը պատճառել ծանր մարմնական վնասվածքներ:
16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեր վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերը շարադրված` ամբաստանյալ Ա.Ալավերդյանի անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ա.Ալավերդյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ: Ուստի, նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները բավարար չեն կարող համարվել ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանական չկիրառելու համար:
17. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն: Նշանակված պատիժը ամբաստանյալի կողմից փաստացի չկրելու պայմաններում պատժի նպատակների իրացվելիության վերաբերյալ հետևությունը պետք է հիմնված լինի գործի կոնկրետ հանգամանքների վրա։
18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում:
Մինչդեռ, սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի հունիսի 30-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մարտի 18-ի դատավճռին` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արմեն Սերյոժայի Ալավերդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի մարտի 18-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 84-85:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 140-160:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 48-59:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը:
6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15 որոշումները:
7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան Լ. Թադևոսյան |
Դ. խաչատուրյան Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: